Ապրիլ 24, 2016 08:24 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական զրույցը: Այսօր խոսելու ենք ջրաճահճային տարածքների նշանակության մասին: Ընկերակցեք մեզ:

Ջրաճահճային է կոչվում այն տարածքը, որը պատված է քիչ խորությամբ ջրով: Աշխարհում տարբեր բացատրություններ կան ջրաճահճային տարածքների մասին: Սակայն ընդունված է Ռամսարի կոնվենցիա անունով հայտնի ջրաճահճային տարածքների պահպանման միջազգային կոնվենցիայի բացատրությունը: Ռամսարի միջազգային կոնվենցիայի համաձայն, խոնավ տարածքներ են ճանաչվում բնական կամ արհեստական, ժամանակավոր կամ մշտական ճահիճները, տորֆավայրերը կամ ջրատարածքները, որոնք լճացած են կամ հոսուն։ Այդ թվում են ծովային ջրատարածքները, որոնց բարձրությունը տեղատվության ժամանակ չի գերազանցում վեց մետրը: Նկատի առնելով այս բացատրությունը ջրաճահճային տարածքներում են ընդգրկվում գետերը, լճակները, ափամերձ տարածքները, մանգլենի անտառները, ճահիճները և անգամ կորալային խութերը:

Տվյալների համաձայն, Ռամսարի կոնվենցիայում գրանցվել է 2186 ջրաճահճային տարածք 209 միլիոն հեկտար տարածությամբ: Կոնվենցիայի ցուցակը գլխավորում են Բրիտանիան 170, Մեքսիկան 142, Իսպանիան 74, Շվեդիան 66 և Ավստրալիան 65 ջրաճահճային տարածքներով: Կանադան ևս զբաղեցնելով 130 հազար քառակուսի կիլոմետր ջրաճահճային տարածք, այդ հարցում ռեկորդակիր է համարվում: Իրանի իսլամական հանրապետությունն ունի Ռամսարի կոնվենցիայում գրանցված 22 ջրաճահճային տարածք: Կոնվենցիայում ջրատարածքը գրանցելու նախապայմաններից մեկն այն է, որ այդ տարածքը նվազագույնը 20 հազար թռչնի բնադրավայրը լինի:

Երկրի մակերեսի 6 տոկոսը կազմող ջրաճահճային տարածքները մեծ դերակատարություն ունեն ձկների, բույսերի, կենդանիների և մարդկանց գոյության պահպանման հարցում: Ջրաճահճային տարածքներում մեծ նշանակություն ունի կենդանիների և բույսերի բազմազանությունը: Ջրաճահճային տարածքներում ապրում են տարբեր տեսակի թռչուններ, սողուններ, կաթնասուններ, երկկենցաղներ, ձկներ ու անողնաշարավորներ: Աշխարհում գոյություն ունեցող 20 հազար տեսակի ձկների ավելի քան 40 տոկոսն ապրում է ջրաճահճային տարածքների քաղցր ջրերում: Ջրաճահճային տարածքները բարենպաստ վայր են բնական ձևով մանրաձկներ բուծելու համար: Մյուս կողմից, սնուցիչներով հարուստ ջրահավաք ավազանների ջուրն այս տարածքներում կուտակվելը և ջրանցքների միջոցով ծով փոխադրվելը գրավում է ձկներին:

**************

Ջրաճահճային տարածքներում ապրում են նաև ջրլող թռչուններ: Այդ թվում են տարբեր տեսակի ձկնկուլները, արագիլը, հավալուսնը, կռունկը, ջրագռավը, բադը և փարփարը: Ջրաճահճային տարածքները որոշ կենդանիների մշտական բնակության, իսկ որոշ կենդանիների ժամանակավոր բնակության և սնվելու վայրն են հանդիսանում:

Իրանի ջրաճահճային տարածքների մեծ մասը չվող և ջրլող թռչունների բնադրման և վերարտադրման վայրն է: Այդ տարածքներում նրանց ներկայությունը ոչ միայն տնտեսական մեծ շահեր ունի, այլև բնական չափազանց գեղեցիկ տեսարաններ է ստեղծում: Չվող և ջրլող թռչունները մեծ դեր ունեն ջրամբարներում և ջրավազաններում բույսերի վնասատուների տարածումը կանխելու հարցում: Հարյուր հազարավոր թռչունների կղանքը պարարտանյութ է, որն ազդելով հողի միկրոօրգանիզմների վրա, բերրի է դարձնում հողը:

Այդ տարածքներում թռչունները ոչնչացնում են վնասատու միջատներին ու կրծողներին և այդպիսով օգնում են շրջակա միջավայրի առողջապահությանը:

Ջրաճահճային տարածքները բուսական ծագմամբ գենետիկական նյութերի ամբարման վայր են համարվում: Ջրաճահճային տարածքները դերակատար են կլիմայի մեղմացման, հեղեղների վերահսկման, ափամերձ տարածքների էրոզիայի կանխման հարցում: Այդ տարածքները նաև բնական հողմարգել պատնեշ են հանդիսանում: Շրջակա միջավայրի փորձագետների կարծիքով, ջրաճահճային տարածքների էկոլոգիական արժեքը տասն անգամ գերազանցում է անտառներին և երկու հարյուր անգամ ցանքսատարածքներին:

Բուսական և կենդանական բազմազանություն ունենալուց բացի, ջրաճահճային տարածքները չափազանց բերրի և արգասավոր տարածքներ են: Այդ տարածքներում ամենաշատը բրինձ է աճեցվում:

Ջրաճահճային տարածքները ջրի ապահովման և ձկնաբուծության վայր են համարվում: Ձկնաբուծություննից բացի, ջրաճահճային տարածքները մեծ նշանակություն ունեն գյուղատնտեսության, փայտի մշակման, էներգիայի ապահովման, նստվածքային և բուսական նյութերի արտադրման, ինչպես նաև զբոսաշրջության առումով:

Գիտնականներն ու տնտեսագետները հետազոտություն են անցկացնում տարբեր էկոհամակարգերի, այդ թվում ջրաճահճային հանդակների մասին: Վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ էկոհամակարգերից տարեկան շուրջ 33 տրիլիոն դոլար արժող ծառայություններ են ստեղծվում, որի շուրջ 5 տրիլիոն դոլարն առաջանում է ջրաճահճային տարածքների միջոցով: Որոշ փորձագետների համոզմամբ, ջրաճահճային տարածքները ոչ պակաս նշանակություն ունեն նավթահորերից ու ոսկու հանքերից:

*************

Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի գլխավոր քարտուղար` Բրաոլիո Ֆերիերա Դի Սուզա Դիազը 2015 թվականի փետրվարի 2-ին, ջրաճահճային հանդակների միջազգային օրվա առիթով «Ջրաճահճային տարածքները մեր ապագայի համար» խորագրով իր ուղերձում անդրադարձել է այդ տարածքների նշանակությանը և ասել է.«Ջրաճահճային տարածքներն արժեքավոր էկոհամակարգեր են և դրանց կարևորագույն նշանակությունը ջրի անվտանգության բարձրացումն ու բարելավումն է: Այդ տարածքներն ապահովում են քաղցր ջուրը և մաքրում ու զտում են ջուրը: Ջրաճահճային տարածքները նաև սնունդ են ապահովում մարդու համար, որովհետև այդ տարածքներում ձկնաբուծություն է կատարվում և բրինձ է աճեցվում և այդպիսով ապահովվում է աշխարհում մարդկանց անհրաժեշտ սննդի 20 տոկոսը:

Կլիմայական հատուկ պայմաններում ջրաճահճային տարածքները նաև կարող են կանխել հեղեղը և երաշտը: Այդ տարածքները կանխում են կլիմայական կտրուկ փոփոխությունները, հատկապես որ անտառներից երկու անգամ ավելին են կլանում ածխածնի երկօքսիդը:

Ուստի կարելի է ասել, որ ջրաճահճային հանդակները Աստծո ամենաարժեքավոր բարիքներից են այս աշխարհում: Սակայն ցավոք մարդկանց միջամտությունների և առաջացրած աղտոտվածության պատճառով, վտանգվել է այդ տարածքների գոյությունը:

Ջրաճահճային տարածքները հիմնականում տուժել են մարդու այն մտածելակերպի պատճառով, որ այդ տարածքներն անօգտագործելի են: Մարդիկ ոչնչացրել են ջրաճահճային տարածքները և դրանք վերածել են ցանքսատարածքների ու արդյունաբերական գոտիների:

Տվյալների համաձայն, 1900 թվականից մինչ օրս ոչնչացել են ջրաճահճային տարածքների շուրջ 64 տոկոսը և ցավոք դեռ շարունակվում է այդ ընթացքը:

Ներկայիս դարաշրջանում մարդը միջամտելով բնության մեջ ոչնչացրել է բնապաշարները, վտանգել է բուսական ու կենդանական տարբեր տեսակների կյանքը և խափանել է կենդանի օրգանիզմների հաշվեկշիռ գոյությունը երկրագնդում:

Միայն զարգացող երկրներում չէ որ ոնչնչանում են ջրաճահճային հանդակները: Արդյունաբերական երկրներում ևս գյուղատնտեսությունը զարգանալով, ոչնչացել են ջրաճահճային տարածքները: Իհարկե կան երկրներ, որոնք գիտականորեն ուսումնասիրել են ջրաճահճային տարածքների նշանակությունը և գիտակցել են դրանց կարևորությունը:

Օրինակ վերջին տարիների ընթացքում Ճապոնիայում վերականգնվել են ցանքսատարածքների վերածված և միջազգային նշանակություն ունեցող Կուշիրոյի ջրաճահճային տարածքները:

Անշուշտ ջրաճահճային տարածքների ոչնչացումը մեծ վնասներ է պատճառել շրջակա միջավայրին:

Հարգելի ունկնդիրներ սպառվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: Մինչ նոր հանդիպում եթերում, մնացեք բարյավ: