Ապրիլ 24, 2016 08:29 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ համարում խոսեցինք շրջակա միջավայրի պահպանման հարցում ջրաճահճային տարածքների դերակատարության մասին: Այսօր կքննարկենք ջրաճահճային տարածքների ոչնչացման ազդեցությունը շրջակա միջավայրում: Ընկերակցեք մեզ:

Նախորդ զրույցում նշեցինք, որ ժողովուրդը պատկերացնում է, որ ջրաճահճային տարածքներն անհասանելի խոնավ վայրեր են, որտեղ աճում են միջատները և տարածվում են տարբեր հիվանդություններ, այդ թվում մալարիան, որը կոչվում է նաև ճահճային տենդախտ: Ուստի ջրաճահճային տարածքները սովորաբար կոչվում են ճահիճ: Այդ իսկ պատճառով ջրաճահճային տարածքները ցանքսատարածքների վերածելը ոչ միայն գյուղական համայնքների և պետական կառույցների նպատակն է, այլև տնտեսական զարգացման ցուցանիշ է համարվում: Այդ գործընթացն այսօր էլ շարունակվում է և կայուն զարգացում ու կենսաբազմազանություն հասկացությունները չեն կարողացել փոխել ավանդական մոտեցումները:

Իհարկե ջրաճահճային տարածքները ոչնչանում են ոչ միայն զարգացող երկրներում: Արդյունաբերական երկրներում ևս գյուղատնտեսությունը զարգանում է ջրաճահճային տարածքների ոչնչացման հաշվին և այդ առումով միևնույն կեցվածքն են դրսևորել թե զարգացած և թե զարգացող երկրները:

Գաղութարարության շրջանից մինչ օրս ԱՄՆ-ը կորցրել է 87 միլիոն հեկտար ջրաճահճային տարածք, իսկ մնացյալը ևս հայտնվել են արդյունաբերական զարգացման վտանգավոր ազդեցության տակ: Չնայած ԱՄՆ-ում մաքուր ջրի վերաբերյալ ակտը վերահսկում է հողահանման, հողաթփման և ջրաճահճային տարածքները լցնելու աշխատանքները, սակայն թվում է, թե ուշ է կորցրած առիթները վերագտնելու համար: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ջրաճահճային տարածքը վերականգնելու դեպքում, այլևս այն չի ունենալու այդ տարածքին բնորոշ նախնական հատկանիշները և ուղղակի արհեստական լիճ է համարվելու: Ուստի ջրաճահճային տարածքը պետք է պահպանվի իր գոյության ընթացքում:

Ջրաճահճային տարածքի ոչնչանալը նախանշան է երկրամասը կորցնելու: Այդ տարածքների ոչնչանալը նաև վկայում է սխալ կառավարման և ապրելակերպի մասին: Ջրաճահճային տարածքը ոչնչանալով, ոչնչանում է երկրի պոտենցիալների մի մասը: Այդպիսով վերանում են աշխատանքեր, ոչնչանում է գյուղատնտեսության ու ձկնաբուծության և զբոսաշրջության արդյունաբերությունը, ոչնչանում են սննդի մնայուն աղբյուրները, մեծանում է արտագաղթը և տարածվում են մաշկի ու շնչառական հիվանդություններ:

Որևէ ջրաճահճային տարածք ցամաքելու դեպքում, ցամաքելու են այդ տարածքի մոտակայքում գտնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները և երբ այդ տարածքը կորցնում է իր գործառույթը, դա նշանակում է, որ երկար ժամանակ և մեծ գումարներ պետք է ծախսել տարածքը փոխակերպելու համար: Զգուշացումների նկատմամբ անտարբեր լինելու և քայլեր ձեռնարկելու մեջ հապաղելու դեպքում կկորսվեն ավելի մեծ տարածքներ:

*******************

Փորձագետների կարծիքով ջրաճահճային տարածքների կարևոր գործառույթներից է ավազահողմի ու փոշու կանխումը: Որովհետև այդ տարածքները բարձրացնում են օդի խոնավության մակարդակը և կանխում են աերոզոլի առաջացումը, իսկ ջրաճահճային տարածքների ոչնչանալու դեպքում ավելանալու են աերոզոլները:

Ջրաճահճային տարածքները պարունակում են աղեր ու նստվածքներ, որոնք կարող են վերածվել աերոզոլի, այդ տարածքների ցամաքելու դեպքում:

ԱՄՆ-ի մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային վարչություն NOAA-ի կողմից Իրաքում անցկացված ուսումնասիրությունների համաձայն, վերջին տարիների ընթացքում ավազահողմի, հատկապես Իրանում փոշու ավելանալու պատճառներից մեկը Իրաքի արևելյան շրջաններում, հատկապես Ալջեզիրայի շրջանում անապատների տարածվելն է: Ալջեզիրան գտնվում է Բաղդադի մոտակայքում Տիգրիս և Եփրատ գետերի միջև: Հնագույն ժամանակներում այդ շրջանում եղել են բազմաթիվ ջրաճահճային տարածքներ: Սակայն 1990-91 թվականներին սկսված երաշտի, տեղումների սակավության, խոնավության մակարդակի նվազման, ինչպես նաև բնապահպանական գործոնների, այդ թվում Սիրիայի կողմից Եփրատի վերին հոսանքում իրականացված ջրային բաժանումների, Տիգրիսի տարբեր հատվածներում Թուրքիայի կողմից ջրամբարտակների կառուցման, գյուղատնտեսության նպատակով իրաքցիների կողմից գետերի, լճերի և ջրաճահճային տարածքների անխնա օգտագործման պատճառով ցամաքել են անապատային տարածքներում, հատկապես Ալ-Ջեզիրայի շրջանում գտնվող բոլոր ջրաճահճային տարածքները: Մյուս կողմից, երաշտի, անասուններին արածեցնելու և ամենակարևորը Իրաքի դեմ ԱՄՆ-ի պատերազմի հետևանքով կատարելապես ոչնչացել է այդ տարածքների բուսականությունը և եղեգնուտները: Այդպիսով մանրափոշիները Շամալ կոչվող մուսոնային ուժեղ քամիների հետ փոխադրվում են Միջին Արևելքի երկրներ:

***********

Փորձագետների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Միջին Արևելքում աերոզոլների ճգնաժամը սրվել է այն ժամանակ, երբ Հուր ոլ-Ազիմ ջրաճահճային տարածքում մեծացան մարդկային միջամտությունները: Հուր ոլ-Ազիմը Իրանի ու Իրաքի մշտական ջրաճահճային տարածքներից է, որը գտնվում է երկու երկրի սահմանային գոտում: Այն միակն է, որ մնացել է Միջագետքի մեծ ջրաճահճային տարածքներից:

Միջագետքի ջրաճահճային տարածքը բաղկացած է Կենտրոնական, Հուր Ալհեմարի և Հուր Ալհովեյզեի կամ Հուր Ալազիմի շրջաններից: Այդ երեք շրջաններից երկուսը` Կենտրոնական Հուրը և Հուր Ալհեմարը գտնվում են Իրաքում, իսկ մեկ երրորդը` Իրանում: Հովեյզեի կամ Հուր Ալազիմի մեծ ջրաճահճային տարածքն զբաղեցնում է շուրջ 118 հազար հեկտար տարածք և գտնվում է Խուզիստան նահանգի արևեմուտքում, Քարխա գետի վերջնամասում և Դաշթե Ազադեգան սահմանային շրջանում: Ջրաճահճային այդ տարածքը կանխում է հողմի տարածվելը: Այդ իսկ պատճառով Հուր Ալազիմի ցամաքելը թե Իրանում և թե Իրաքում ավազահողմի առաջացման է հանգեցրել: Այդպիսով շրջակա միջավայրի մեծ թվով մասնագետներ գտնում են, որ աերոզոլների առաջացման պատճառն են հանդիսանում Իրան-Իրաք սահմանային շրջաններում Միջագետքի ջրաճահճային տարածքների ոչնչանալը:

Անցյալ 40 տարիների ընթացքում ոչնչացել է այդ ջրաճահճային տարածքների 90 տոկոսը և այսօր ավազուտի է վերածվել: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջերս Իրանի հարավային և արևմտյան շրջաններում աերոզոլների մեջ նկատելի է եղել քաղցր ու աղի ջրերում գոյություն ունեցող Դիաթոմ անունով ջրիմուռը և Օստրաքոդ անունով մի տեսակ զեոպլանկտոն: Այս բոլորը վկայում են, որ այս աերոզոլները ջրաճահճային ծագում ունեն և ոչ թե անապատային: Արբանյակային պատկերները վկայում են, որ այդ աերոզոլների մեծ մասն առաջացել են ոչ շատ հեռու անցյալում Միջին Արևելքի ամենամեծ ջրաճահճային տարածքում, իսկ այսօր չոր անապատ դարձած Միջագետքի ոչնչացած տարածքում:

 ***************

Չնայած հանրային կարծիքը Միջագետքի ոչնչացման աղետը վերագրում է 90-ական թվականներին Սադդամ Հուսեյնի իշխանությանը, սակայն ՄԱԿ-ի հրապարակած զեկույցը վկայում է, որ Թուրքիայի կառավարությունը փակելով Տիգրիս և Եփրատ գետերի հոսքը և ջրամբարտակներ կառուցելով, ամենամեծ դերն է ունեցել Իրաքում և Սիրիայում ջրաճահճային տարածքների և լճերի ցամաքելու հարցում:

Փորձագետների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերջին տարիների ընթացքում Իրաքի և Թուրքիայի կողմից Տիգրիս և Եփրատ գետերի վրա մեծ ջրամբարտակների կառուցումը տարածաշրջանում ավազահողմի առաջացման պատճառ են դարձել: Ջրամբարտակների և դրենաժային ցանցերի կառուցումը աշխարհի լավագույն ջրաճահճային տարածքներից մեկը, որը ժամանակին առասպելական դրախտ էր կոչվում և հայտնի էր իր կենսաբազմազանությամբ, վերածեց չոր անապատի: Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիր` UNEP-ն զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է այդ իրողությանը և գրել է.«Նոր հազարամյակում Միջագետքի ջրաճահճային տարածքների ոչնչացումը բնապահպանական ամենամեծ աղետներից մեկն է համարվում: ՅՈՒՆԵՊ-ը հայտարարել է, որ այդ տարածքների ոչնչացման հետևանքներն ընդմիշտ մնալու են աշխարհում: Միջին Արևելքում Միջագետքի ջրաճահճային տարածքների 90 տոկոսի ոչնչացումը ճգնաժամ է, որ կարող է հանգեցնել տարածաշրջանում պատերազմի, աղտոտվածության մակարդակի բարձրացման, տեղական համայնքներին ուղղված սպառնալիքի, հնագիտական վայրերի ավերման, կենդանական ու բուսական միջավայրերի ոչնչացման, էկոլոգիական միգրանտների թվի ավելացման, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման:

Ուստի այսօրվա մարդը պետք է ընդունի այն իրողությունը, որ ջրաճահճային տարածքի ոչնչանալով միայն այդ տարածքի անունը չէ որ կրճատվում է գրքերից, այլև դա անդառնալի ողբերգություն է, որի հետևանքով մահանում են հազարավոր շնչավոր էակներ և վտանգվում է կյանքը երկրագնդում: Միջագետքի դեպքերը զգուշացնում են ավելի մեծ ուշադրություն դարձնել երկիր մոլորակի նկատմամբ:

Հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք այն մասին, թե միջազգային հանրությունն ինչ քայլեր է ձեռնարկել ջրաճահճային տարածքների ոչնչացումը կանխելու ուղղությամբ: