Ապրիլ 24, 2016 08:49 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ երկու զրույցների ընթացքում խոսել ենք ջրաճահճային տարածքների նշանակության և դրանց ոչնչացման հետևանքների մասին: Այսօր կանդրադառնանք այդ տարածքների պահպանության ուղղությամբ ձեռնարկված միջազգային քայլերին: Ընկերակցեք մեզ:

Արդյունաբերական հեղափոխությունը և առաջադիմության ձգտելն այնպես են դասավորել մարդկանց կյանքը, որ մարդիկ հիմնովին մոռացել են շրջակա միջավայրի և բնապաշարների սակավության մասին: 60-ական թվականների վերջերը Ռաշել Քարսոն անունով մի մարդ գրի է առնում «Լուռ գարուն» գիրքը, որտեղ իր հզոր գրչով պատկերում է ԱՄՆ-ի այդ ժամանակաշրջանի շրջակա միջավայրը: Քարսոնն իր գրքում անդրադարձել է բուսական վնասատուների անհաշիվ օգտագործման վտանգավոր հետևանքներին, սակայն հենց դա էլ խորհել պարտադրեց բնության սիրահարներին: Այնուհետև շատերին հետաքրքրեց շրջակա միջավայրի հարցը և ոմանք քայլեր ձեռնարկեցին ավերածությունները վերականգնելու համար: Այդ ժամանակաշրջանում միջազգային շրջանակներում քննարկվում էին շրջակա միջավայրի հետ առնչվող հարցեր և ձևավորվեց այդ կապակցությամբ առաջին միջազգային պայմանագիրը, որը վերաբերում էր ջրաճահճային տարածքներին: Եվ ուշագրավն այն է, որ պայմանագրի ձևավորման նախաձեռնողն էր Իրանի ժամանակի կառավարությունը:

Բնության պահպանումը կարևորող ամենահին միջազգային դաշինքն է Ռամսարի կոնվենցիան, որը ստորագրվել է 1971 թվականի փետրվարի 2-ին, Իրանի Ռամսար քաղաքում և իր անվանումը ստացել է այդ քաղաքից: Այդ կոնվենցիայի պաշտոնական անվանումն է «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրի մասին կոնվենցիա»: Այն նաև կոչվում է ջրաճահճային հանդակների կոնվենցիա: Ռամսարի համագումարից հետո փաստաթուղթ ձևավորվեց ջրաճահճային տարածքների պահպանման մասին: Սովորաբար կոնվենցիաները ծրագրեր են առաջարկում և պետությունները կամավոր են մասնակցում այդ ծրագրերին: Իսկ եթե անդամակցող պետությունների թիվը գերազանցում է ճշտված սահմանը, այդ ծրագրի իրագործումը դառնում է պարտադիր: Այդպես էլ եղավ Ռամսարի կոնվենցիայի դեպքում: 1975 թվականի վերջերին, երբ Հունաստանի ժամանակի կառավարությունը ստորագրեց Ռամսարի կոնվենցիան, դրա իրագործումը դարձավ պարտադիր այն ստորագրած պետությունների համար: Այդպիսով 1975 թվականին օրինական բնույթ կրեց կոնվենցիայի իրագործումը և կենտրոնավայրը դարձավ Շվեյցարիայի Գլանդ քաղաքը:

*************

Ռամսարի կոնվենցիան 160 անդամ պետություններին պարտավորեցնում է պահպանել միջազգային նշանակության խոնավ տարածքները: Վիճակագրության համաձայն, 2008 թվականից մինչ օրս շուրջ 160 միլիոն հեկտար տարածությամբ ավելի քան 1700 տարածք է գրանցվել այդ կոնվենցիայում: Կոնվենցիան կարևորում է ջրաճահճային տարածքների պահպանումը և ջրլող թռչունների համար բնադրավայրերի ստեղծումը:

Տարիների ընթացքում ընդլայնվել են կոնվենցիայի կետերը և դրա մեջ ընդգրկվել են ջրաճահճային տարածքների պահպանման և ճիշտ օգտագործման բոլոր կողմերը: Ռամսարի կոնվենցիայի համաձայն, ջրաճահճային տարածքներն այն էկոհամակարգերի շարքում են դասվում, որ մեծ նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանման և մարդկային հասարակության բարեկեցության առումով:

Ռամսարի կոնվենցիան բաղկացած է նախաբանից և 12 հոդվածներից: Կոնվենցիան հնարավորություն է տալիս երկրներին մասնակցել ջրաճահճային տարածքների պահպանման աշխատանքներին և խորհրդակցություններ անցկացնել այդ ուղղությամբ: ՄԱԿ-ում այս կոնվենցիայի համար նախատեսված հիմնադրամի միջոցով պետությունները կարող են վարկ ստանալ իրենց ջրաճահճային ջարածքների պահպանման համար կամ էլ օգտվել գիտական խորհրդատվությունից և այլ երկրների փորձից: Կոնվենցիայում միջազգային նշանակության խոնավ տարածքների ցանկ է պատրաստվել: Կոնվենցիային անդամակցող երկրները պարտավոր են ներկայացնել իրենց ջրաճահճային խոնավ տարածքները և նրանց բարեկարգման ծրագրերն այնպես մշակել, որ դյուրացվի այդ տարածքների պահպանումն ու ճիշտ օգտագործումը: Կոնվենցիային անդամակցող երկրները պետք է ձգտեն ավելացնել այդ խոնավ տարածքներում ապրող ջրլող թռչունների թիվը:

*********

Ռամսարի կոնվենցիայում հատուկ պայմաններ կան որևէ խոնավ տարածքի գրանցման համար: Էկոլոգիական, կենդանաբանության, բուսաբանության և հիդրոլոգիական առումով ջրաճահճային տարածքը պետք է հատուկ դիրք զբաղեցնի: Օրինակ պետք է յուրահատուկ էկոհամակարգ կամ էլ մեծ կենսաբազմազանություն ունենա: Իհարկե ջրաճահճային տարածքների տարածությունն այնքան էլ նշանակություն չունի Ռամսարի կոնվենցիայում գրանցվելու համար: Կան հազարավոր հեկտար տարածությամբ խոնավ տարածքներ, որոնք չեն գրանցվել Ռամսարի կոնվենցիայում, կան նաև մի քանի հազար խորանարդ մետր տարածությամբ տարածքներ, որոնք գրանցվել են այդ կոնվենցիայում: Ուրեմն կարևորն այն է, թե ջրաճահճային տարածքն ինչ ազդեցություն է թողնում տարածաշրջանի էկոհամակարգի վրա:

Ռամսարի կոնվենցիայում գրանցված որոշ ջրաճահճային տարածքներ, սխալ օգտագործման, պատերազմի, բնապահպանական աղետների և երաշտի պատճառով վտանգի մեջ հայտնվելու դեպքում, կգրանցվեն «Մոնտրոյի ցուցակում»: Ռամսարի կոնվենցիան անդամ պետություններին կոչ է անում գիտական ու ֆինանսական օգնություններով աջակցել այն երկրներին, որոնց ջրաճահճային տարածքները ոչնչացման եզրին են կանգնած:

Չնայած Ռամսարի կոնվենցիան լավ ձեռքբերումներ է ունեցել ջրաճահճային տարածքների պահպանման հարցում, այնուամենայնիվ դեռ շատ խոնավ տարածքներ ոչնչանալու սեմին են գտնվում:

Ռամսարի կոնվենցիայի 12-րդ համագումարում, կոնվենցիայի գլխավոր քարտուղար` Քրիստոֆեր Բրիգզը հայտարարել է, որ ոչնչացել է աշխարհի ջրաճահճային տարածքների մեկ տոկոսը: Նա նշել է, որ մյուս բնական էկոհամակարգերի համեմատությամբ, ջրաճահճային տարածքների ոչնչանալու գործակիցը մտահոգիչ է և կոնվենցիային անդամակցող պետությունների կողմից լուրջ քայլեր չձեռնարկվելու դեպքում, տուժելու է ժողովուրդը: Մինչև 2012 թվականի սկիզբը հայտարարված տվյալներով, 27 երկրների 48 խոնավ տարածքներ գրանցված են Ռամսարի կոնվենցիայի Մոնտրոյի ցուցակում: Այդ ցուցակում առաջնային տեղ են զբաղեցնում Հունաստանը 7, Իրանը 6 և Չեխիան 4 ջրաճահճային տարածքներով: Իսկ էկոլոգիական պայմանների բարելավման բերումով, 20 երկրի 32 խոնավ տարածքների անունը դուրս է եկել Մոնտրոյի ցուցակից:

************

Չնայած Ռամսարի կոնվենցիան նոր առիթ ընձեռեց ջրաճահճային տարածքների պահպանման համար, սակայն իրողությունն այն է, որ կոնվենցիայի նպատակների իրագործման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցությունների շրջանակում բոլոր երկրները ձգտեն բնապահպանական դաշինքների, կոնվենցիաների, համաձայնագրերի և օրենքների իրագործմանը: Եթե նպատակ է դրվել պահպանել միջազգային նշանակության ջրաճահճային տարածքները, անդամ պետությունները պետք է ավելի լրջորեն հետևեն կոնվենցիայի կետերի իրագործմանը և մյուս երկրները ևս անհապաղ պետք է անդամակցեն կոնվենցիային: Հակառակ դեպքում, ամեն օր աշխարհում կոչնչանան ավելի շատ ջրաճահճային տարածքներ: Իհարկե այդ հարցում կարևոր է նաև հասարակական կազմակերպությունների դերը ժողովրդին ու երկրներին իրազեկելու հարցում:

Ջրաճահճային տարածքները կենսական նշանակություն ունեն շրջակա միջավայրի համար: Այդ տարածքները կարող են մեղմել կլիմայական պայմանները, թռչունների համար բնադրավայր հանդիսանալ, վերահսկել հեղեղները, սնուցել ստորերկրյա ջրային ռեսուրսները, կանխել աղի ջրերի ներթափանցումը, պահպանել առափնյա ճանապարհները, վերահսկել հողի էրոզիան, պահել նստվածքներն ու սննդարար նյութերը:

Ուստի հարկավոր է աշխարհի յուրաքանչյուր ծայրում նախագծերն իրագործվեն բնության պահպանման ուղղությամբ: Հակառակ դեպքում, ամեն օր կոչնչանա մեր գեղեցիկ աշխարհը և միգուցե կգա մի օր, որ այս աշխարհի մեծ մասն անապատ կդառնա և հնարավոր չի լինի ապրել այնտեղ:

***************

Բարեկամներ սպառվեց հաղորդման հատկացված եթերաժամը: Հաջորդ շաբաթ կքննարկենք շրջակա միջավայրի հետ կապված մեկ այլ թեմա: Մինչ նոր հանդիպում եթերում, մնացեք բարյավ: