Մեկնաբանություն- Փաշինյանի պահպանումը հետևյալ հարցադրմամբ․ Արդյո՞ք Հայաստանը կդառնա Կովկասի Ուկրաինան։
https://parstoday.ir/hy/news/armenia-i246460-Մեկնաբանություն_Փաշինյանի_պահպանումը_հետևյալ_հարցադրմամբ_Արդյո_ք_Հայաստանը_կդառնա_Կովկասի_Ուկրաինան
Թեև Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը երաշխավորել է նրա իշխանության շարունակումը, միաժամանակ բարձրացրել է կարևոր հարցեր երկրի քաղաքական, տնտեսական և անվտանգության ապագայի վերաբերյալ։
(last modified 2026-06-10T13:31:13+00:00 )
Հունիս 10, 2026 16:58 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Փաշինյանի պահպանումը հետևյալ հարցադրմամբ․ Արդյո՞ք Հայաստանը կդառնա Կովկասի Ուկրաինան։

Թեև Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը երաշխավորել է նրա իշխանության շարունակումը, միաժամանակ բարձրացրել է կարևոր հարցեր երկրի քաղաքական, տնտեսական և անվտանգության ապագայի վերաբերյալ։

 Նախնական արդյունքներով, որ իշխող կուսակցությունը կարողացել է պահպանել իր դիրքերը՝ հավաքելով ձայների գրեթե 50 տոկոսը։ Այս հանգամանքը, կառավարության կողմնակիցների տեսանկյունից, համարվում է Փաշինյանի ներքին և արտաքին քաղաքականության հավանության նշան, սակայն քննադատներն այն գնահատում են որպես ընդդիմադիր ճակատի մասնատվածության և թուլության արդյունք, այլ ոչ թե վարչապետի լայնածավալ ժողովրդականության։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Quds Online-ին, ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո Փաշինյանը իրադարձությունը որակել է որպես «պատմական հաղթանակ», հավելելով, որ դա Հայաստանի Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի հաստատմանն ուղղված քայլ է։ Այս դիրքորոշումը արագորեն ողջունվել է Եվրամիության և որոշ արևմտյան երկրների կողմից, իսկ միջազգային դիտորդները նույնպես ընտրական գործընթացը գնահատել են որպես մրցակցային։
Այնուամենայնիվ, Հայաստանում քաղաքական մթնոլորտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Փաշինյանի իշխանության շարունակական լինելը պարտադիր չէ, որ նշանակի ներքին վեճերի ավարտ։ Նախընտրական հարցումների համաձայն՝ երկրում առկլա է եղել դժգոհություն կառավարության գործունեությունից, և շատ հակառակորդներ կառավարության արտաքին քաղաքականությունը համարում են երկրի ապագայի վերաբերյալ մտահոգությունների աճի հիմնական պատճառը։ Նրանց տեսանկյունից, Արևմուտքի հետ աճող մերձեցումը և Ռուսաստանի հետ համագործակցության մակարդակի աստիճանական նվազումը կարող են խախտել Հայաստանի արտաքին քաղաքականության ավանդական հավասարակշռությունը։
Վերջին տարիներին Փաշինյանի կառավարությունը փորձել է ընդլայնել իր հարաբերությունները Եվրամիության հետ։ Այս համատեքստում կարելի է գնահատել նաև եվրոպացի պաշտոնյաների հետ համատեղ հանդիպումների անցկացումը և Երևանի ու Բրյուսելի միջև ռազմավարական համագործակցության ծրագրերի մշակումը։ Սակայն քննադատները կարծում են, որ Արևմուտքի քաղաքական աջակցությունը դեռևս չի կարողացել արդյունավետ այլընտրանք ապահովել Հայաստանի ավանդական անվտանգության երաշխիքներին, հատկապես այն իրավիճակում, երբ Հարավային Կովկասի տարածաշրջանը շարունակում է բախվել անվտանգության մարտահրավերների և աշխարհաքաղաքական մրցակցության։
Որոշ վերլուծաբաններ զգուշացնում են, որ Հայաստանը կարող է դառնալ մեծ տերությունների մրցակցության ասպարեզ։ Այս մտահոգությունը բխում է այն փաստից, որ Երևանը հեռանում է Ռուսաստանից՝ իր վաղեմի ռազմավարական և տնտեսական գործընկերոջից, մինչդեռ դեռևս պարզ չէ, թե որքանով է Արևմուտքը պատրաստ ընդունել Հայաստանին աջակցելու քաղաքական և անվտանգության ծախսերը։
Մյուս կողմից, Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է եվրոպական կառույցների հետ Հայաստանի ավելի խորը ինտեգրման հետևանքների մասին։ Մոսկվան կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությանը միաժամանակյա անդամակցությունը և Եվրամիության հետ լայն ինտեգրման ուղղությամբ շարժվելը համատեղելի չեն երկարաժամկետ հեռանկարում։ Ըստ որոշ գնահատականների՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը կարող է էական ազդեցություն ունենալ երկրի տնտեսական աճի վրա։
Ընդհանուր առմամբ, վերջին ընտրությունները, չնայած դրանք ապահովեցին Փաշինյանի քաղաքական գոյատևումը, չպատասխանեցին Հայաստանի ապագայի վերաբերյալ հիմնարար հարցերին։ Երևանի կառավարությունն այժմ գտնվում է մի իրավիճակում, երբ պետք է որոշում կայացնի արտաքին հարաբերություններում ավանդական հավասարակշռությունը պահպանելու և Արևմուտքի հետ համագործակցությունը խորացնելու միջև։ Այս ռազմավարության հաջողությունը կամ ձախողումը կորոշի ոչ միայն Փաշինյանի կառավարության ճակատագիրը, այլև Հայաստանի տեղը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հավասարումներում. մի ուղի, որը որոշ դիտորդներ համարում են զարգացման հնարավորություն, իսկ մյուսները՝ նոր կախվածությունների և լարվածության ցիկլի նախերգանք։