Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
ՀՀ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում դոկտոր Մասուդ Փեզեշքիանը վստահություն է հայտնել, որ նոր շրջանում կամրապնդվի երկու երկրի միջև վերջին տարիների հարաբերություններում ձևավորված դինամիկ և արգասաբեր ընթացքը և առավել կընդլայնվեն երկու երկրի միջև կառուցողական համագործակցությունները։
Այս միտումը մի կողմից կնպաստի երկու երկրների շահերի ապահովմանը, մյուս կողմից՝ մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների օգնությամբ և համագործակցությամբ։
ԻԻՀ նախագահի ուղերձում ասված է․
«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան,
Ցանկանում եմ հղել Ձեզ իմ ամենաանկեղծ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետութան խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձերդ Գերազանցության գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Հայաստանի ժողովրդի կողմից Ձեր կառավարությանը վերահաստատված վստահությունը վկայում է ժողովրդի կամքի և ցանկության մասին՝ շարունակելու Կովկասում խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքական ուղղությունը:
Վստահ եմ, որ Ձեր կառավարման նոր շրջանում երկու երկրների միջև առավել ծավալուն և առավել կառուցողական համագործակցության շնորհիվ ավելի կուժեղանա և կամրապնդվի վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններում ձևավորված դինամիկ և արգասաբեր ընթացքը. ընթացք, որ կնպաստի երկու երկրների շահերի ապահովմանը և տարածաշրջանում խաղաղության, կայունության ու զարգացման ամրապնդմանը։
Ձերդ գերազանցությանը, Հայաստանի բարեկամ և հարևան պետության կառավարությանն ու ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, երջանկություն, փառք ու պանծանք»,- ասված է ուղերձում։