Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (14) Հողը գոյատևման կարևոր գործոն
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական զրույցը: Այսօր խոսելու ենք շրջակա միջավայրը կազմող գործոններից մեկի՝ հողի մասին: Ընկերակցեք մեզ:
Օդից ու ջրից հետո, հողը շրջակա միջավայրը կազմող կարևորագույն գործոններից է համարվում: Հողում ապրում են տարբեր տեսակի կենդանի օրգանիզմներ, այդ թվում մարդիկ և բույսեր: Հողն է ապահովում այդ կենդանի օրգանիզմների սնունդը: Այդ իսկ պատճառով հողը համարվում է երկրների արտադրության և ինքնաբավության գլխավոր տարրը: Հողի բացակայության դեպքում, կյանքը չի գոյատևի այս երկրագնդում: Հողը կապող կամուրջ է կայուն զարգացման, մարդու առողջության պահպանման և էկոհամակարգի միջև: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն՝ ՖԱՕ-ի գլխավոր տնօրեն՝ Խոզե Գրազիանո Դասիլվայի խոսքով, առողջ հողը ոչ միայն հիմք է հանդիսանում սննդամթերքի, վառելիքի, մանրաթելերի ու դեղորայքի համար, այլև անհրաժեշտ է նաև էկոհամակարգի համար և առանցքային դեր ունի ածխածնի ցիկլում, ջրի ամբարման ու զտման գործընթացում և երաշտի ու հեղեղի դիմաց ճկունության դրսևորման հարցում:
Հողը մաքրման ու զտման հատկություն ունի: Այդ հատկությունն առաջանում է հողի ֆիզիկական հատկությունների, այդ թվում հողի ծակոտիներից ջրի ներթափանցման, քիմիական հատկությունների, այդ թվում կլանման, գոլորշիացման և կենսական հատկությունների, այդ թվում օրգանական նյութերի կազմալուծման ու քայքայման արդյունքում:
Հողը հիմնականում բաղկացած է՝ հանքային և օրգանական նյութերից, ջրից ու օդից: Սերտ կապ գոյություն ունի այդ տարրերի միջև: Հողը բաղկացած է 45 տոկոս հանքային նյութերից, 5 տոկոս օրգանական նյութերից և 50 տոկոսն էլ անցքեր են, որ լցված են օդով կամ ջրով: Նման հողը նպաստավոր է բույսի աճման համար: Իհարկե հողի մեջ ջրի և օդի չափաբաժինը փոփոխական է: Բնական պայմաններում հողի մեջ ապրում են կենդանի օրգանիզմներ, որոնք հողի չնչին մասն են կազմում: Որոշ գիտնականներ հողը համարում են ամենակարևոր վերականգնվող ռեսուրսը, որովհետև ըստ նրանց, հողը անձրևի պես չի մաղում երկնքից, այլև ժամանակի ընթացքում առաջանում է բնական երևույթներից, կենդանի օրգանիզմներից ու երկրից: Մեկ սանտիմետր բերրի հողի արտադրման համար 300-1000 տարի ժամանակ է պահանջվում և եթե հաշվարկենք, թե գյուղատնտեսական հողը 25 սանտիմետր խորություն ունի, շուրջ 20 հազար տարի ժամանակ կպահանջվի այդ հողի ստեղծման համար, սակայն հողի ոչնչացման տեմպը շատ ավելի արագ է:
****************
Մարդու կյանքը կախված է հողից, որի ճիշտ կառավարումը երկրների ինքնաբավության կհանգեցնի: Պատմության ընթացքում պարզ է դարձել, որ երաշտը և հեղեղը հողի և ի վերջո քաղաքակրթությունների ոչնչացման են հանգեցրել: Պատմության ընթացքում, մեծ քաղաքակրթությունները ձևավորվել են տարածաշրջաններում, որտեղ լավ հող է ունեցել: Միջագետքի և Նեղոսի հովտում գոյություն ունեցած մեծ քաղաքակրթությունների անկումը ևս տեղի է ունեցել այդ տարածքներում հողի ոչնչանալու հետևանքով:
Սակայն աստվածային այս բարիքը երկրում տարածված լինելով միշտ անտեսվել է և էրոզիայի է ենթարկվել: Հողերի էրոզիայի տակ հասկացվում է պրոցեսների ամբողջությունը, որ կապված է հողի մասնիկների պոկման, տեղափոխման և նստեցման հետ, որը տեղի է ունենում բնական գործոնների, հատկապես մարդկանց միջոցով։
Ուրբանիզացիայի տարածման, քաղաքային ու արդյունաբերական աղբերի ավելանալու, հողի միջոցով քիմիական նյութերի կլանման, հանքային հորատումների, անասունների անխնա արածելու, թունաքիմիկատերի և պեստիցիդների օգտագործման հետևանքով աղտոտվում է հողը և էրոզիայի է ենթարկվում:
Վերջին 50 տարիներին, որոշ ասիական երկրներում, հողի ոչնչանալու հետևանքով տուժել են գյուղատնտեսական արտադրանքների 1-7 տոկոսը: Կատարված հաշվարկումների համաձայն, էրոզիայի պատճառով աշխարհում տարեկան ոչնչանում է քանի միլիոն հեկտար գյուղատնտեսական տարածք:
Հողի և բուսականության ոչնչացումը, ածխածնի երկօքսիդի տարածմամբ, օդի ջերմաստիճանի բարձրացման և այլ մթնոլորտային վնասակար երևույթների է հանգեցնում, որոնք մեծ մարտահրավեր են ուղղված մարդկության: ՄԱԿ-ի Պարենի և գուղատնտեսության կազմակերպություն՝ ՖԱՕ-ի հաշվարկումների համաձայն, աշխարհում հողերի մեկ երրորդը ոչնչանում է էրոզիայի, հողային ջրամբարտակների կառուցման, օրգանական և սննդարար նյութերի նվազման, թթվայնացման աղտոտման և սխալ կառավարման հետևանքով: Այդպիսով 2050 թվականին, մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական հողատարածքները 1960 թվականի համեմատությամբ մեկ չորրորդի է նվազելու: ՖԱՕ-ի գլխավոր տնօրենն իր ելույթներից մեկում ասել է.«Այսօր ավելի քան 805 միլիոն մարդ աշխարհում տառապում է սովից ու թերսնումից: Մյուս կողմից, բնակչության թվի աճով, սննդամթերքի արտադրումը ևս պետք է ավելանա 60 տոկոսով, ինչը կրկին կախված է հողից: Ցավոք հողային ռեսուրսների 33 տոկոսը ոչնչանում է մարդկանց կողմից գործադրվող ճնշումների պատճառով:
*************
Հողի էրոզիայի ընթացքը վկայում է այն մասին, որ հավանաբար հողն ավելի շուտ կվերջանա նավթային ռեսուրսներից: Ներկայումս հյուսիսային Ամերիկայի բարձր լեռնաշղթաներն ընդարձակ անապատի են վերածվել: Ցանքսատարածքներն ու արոտավայրերը պատվել են մեռած հողով և բնակիչները ութամյա փոթորիկներից հետո, հարկադրված լքել են այդ տարածքը: Վերջին տարիների ընթացքում նման փոթորիկներ են տեղի ունեցել Չինաստանում, որոնց հետևանքով ավերվել են Դեղին գետի շրջակա բերրի տարածքները:
Հաիթիում պարարտ հողերի մեկ երրորդը զրկվել է իր արգասաբեր հատկությունից և խիստ վնասվել է այդ երկրի գյուղատնտեսությունը:
Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում, հողերի մեծ մասը էրոզիայի է ենթարկվել: Ավստրալիայում, Միջին Արևելքում և Հնդկաստանում սխալ ոռոգման հետևանքով հողատարածքները հագեցած են աղով: Ասիայի մյուս շրջաններում, այդ թվում՝ Ղազախստանում, Ուզբեկստանում և Չինաստանի հյուսիսում, անապատները տարեկան 3600 քառակուսի կիլոմետր ընդարձակվում են:
Արևադարձային անտառներով պատված Ասիայի հարավ-արևելյան շրջաններում մեծ է էրոզիայի վտանգը: Այդ տարածքը հետզհետե կորցնում է իր կենսաբազմազանությունը: Փորձագետների կանխատեսումների համաձայն, մինչև 2100 թվական, 75 տոկոսով կոչնչանան այդ տարածքի անտառները և հավանաբար այդ տարածքը նոր Հաիթիի կվերածվի:
Հողի ոչնչացումը կանխելու համար 2002 թվականին, հողի գիտությունների միջազգային միության առաջարկության հիմամբ, դեկտեմբերի 5-ը անվանվել է հողի համաշխարհային օր, որպեսզի պետությունները, օրենսդիրներն ու մասնավոր բաժնի ակտիվիստները լրջորեն խորհեն հողի որակի բարելավման մասին: Համաշխարհային այդ օրվա ամենամյա նշումը պատճառ է դառնում, որ երկրներն ավելի ուշադիր լինեն հողի նկատմամբ և կայուն օգտագործեն այն: Ամեն տարի այդ օրը կազմակերպվում են համագումարներ ու նիստեր և ժողովրդի տարբեր խավերին իրազեկում են հողի նշանակության մասին:
2015 թվականը ՄԱԿ-ը անվանակոչել է հողերի համաշխարհային տարի: Այդ ուղղությամբ, այդ կազմակերպության կողմից քայլեր են ձեռնարկվել բարձրացնել ժողովրդի իրազեկվածության մակարդակը կենսական նշանակություն ունեցող այդ ռեսուրսի ճիշտ օգտագործման կապակցությամբ:
ՖԱՕ-ն և ՅՈՒՆԵՍԿՕ-ն հողի հետ առնչվող 120 նախագծեր են իրականացրել ողջ աշխարհում: ՖԱՕ-ի զեկույցի համաձայն, ներկայումս հողի մասին տվյալները ժամանակավրեպ են կամ որոշակի շրջանին են վերաբերում: Այդ իսկ պատճառով, ՖԱՕ-ի առաջնահերթություններից է հողերի մասին տեղեկությունների ամբողջական համակարգ ստեղծել: Համաշխարհային այդ քայլի արդյունքում հնարավոր կլինի գալիք տարիներում բարձրացնել մարդկանց սննդային անվտանգությունը և պակասեցնել հողի ոչնչացման հետևանքները, այդ թվում փոշին, հեղեղը և անապատների առաջացումը, ինչպես նաև կարգավորել միջազգային հանրության համար առաջացած շատ խնդիրներ:
**********
Հարգարժան բարեկամներ, սպառվեց հաղորդմանը հատկացված եթերաժամը: Մյուս զրույցում կխոսենք անապատացման խնդրի մասին: Մինչ նոր հանդիպում եթերում ամենայն բարիք Ձեզ: