Ապրիլ 24, 2016 09:14 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդումների ընթացքում անդրադարձանք օդի աղտոտվածությանը և դրա հետևանքներին: Այսօր խոսելու ենք օդի աղտոտվածության հետևանքներից համարվող թթվային անձրևների մասին: Ընկերակցեք մեզ:

Անձրևն աստվածային պարգև է, որը ոչ միայն բնության, այլ նաև մարդուն է թարմացնում:

Անձրևի կաթիլներն ասես շղթայի պես կապում են երկինքն ու երկիրը և ի ցույց են դնում աստվածային զորությունը: Անձրևից հետո, ամենուրեք թարմություն է բուրում և կյանքը սկսում է եռալ: Անձրևի շնորհիվ, երկիր մոլորակը զարդարել են խիտ անտառները, կանաչավուն մարգագետինները և գեղեցիկ ցանքսատարածքները: Անձրևի նշանակության մասին կարելի է ասել, որ տարեկան 120 հազար խորանարդ կիլոմետր անձրևի բացակայության դեպքում, երկիրը չոր անապատի կվերածվեր: Սակայն այսօր, մարդկանց անտարբերության պատճառով, աստվածային այս բարիքը երբեմն վնասակար երևույթի է վերածվում, որը կոչվում է թթվային անձրև:

Առաջին անգամ, թթվային անձրև տերմինն օգտագործել է Ռոբերտ Անգոս Սմիթը, 1852 թվականին Մանչեստերի համալսարանի գրականության ֆակուլտետում ունեցած ելույթում: Նա նշել է, որ թթվային անձրևներն առաջանում են մթնոլորտում արդյունաբերական արտանետումների, այդ թվում խոշոր ծավալով քլորաջրածնի գոյության, ինչպես նաև քարածխի օգտագործման պատճառով: Նա ընդգծել է, որ թթվային անձրևները վտանգավոր ազդեցություն են գործում բույսերի, հողերի և երկրագնդի վրա:

1987 թվականին ևս Մուտա և Միլո անուններով գիտնականները հայտարարեցին, որ թթվային անձրևների թթվայնության մեջ հիմնականում դերակատար են ածխածնի երկօքսիդը և ծծմբական ու ազոտական թթուները, որովհետև հեղուկ վիճակում հայտնվում են ազոտի և ծծմբի իոնների տեսքով, որոնք թթվայնացնում են անձրևը:

Չնայած երկար տարիներ է անցնում այն օրից, երբ մարդիկ գիտակցել են թթվային անձրևների վնասները, սակայն դեռ շարունակվում է այդ երևույթը: Հանածո վառելիքի օգտագործման և զտարանների, էլեկտրակայանների, մետաղաձուլման օբյեկտների և տրանսպորտային միջոցների միլիոնավոր տոննա ծծմբի և ազոտի երկօքսիդի արտանետումները օդի խոնավության հետ փոխազդվելով, ծծմբական ու ազոտական թթուների են վերածվում և անձրևների հետ երկիր են վերադառնում: Այդ թթուները ուժգին քամիների հետ կարող են օրեր մնալ օդում և հարյուրավոր կիլոմետր ճանապարհ անցնել և երկրից երկիր հասնել: Օրինակ Սկանդինավյան երկրների տեղումներն ավելի հեռու երկրներից են ակունք առել: Շվեդիայում և Նորվեգիայում անձրևները պարունակում են տասնյակ և հարյուր հազարավոր տոննա օքսիդներ, որոնք արտանետվել են Բրիտանիայի Շեֆիլդ և Բիրմինգհեմ քաղաքների ծխնելույզներից և հասնելով Սկանդինավյան բարձունքներ անձրևի տեսքով երկիր են վերադառնում:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ երկրների օդում գոյություն ունեցող ծծմբի ավելի քան 75 տոկոսը դրսից է ակունք առնում: Իրականում Բրիտանիայի, Գերմանիայի և արևմտյան Եվրոպայի մյուս երկրների արդյունաբերական ու բազմաբնակիչ շրջաններն են այդ ծծումբների աղբյուրը հանդիսանում: Ամեն տարի Նորվեգիայի տարածքներում 56 հազար տոննա ծծումբ է ավելանում և գիտնականները պարզել են, որ այդ ծծմբի երեք չորրորդը դրսից է ներմուծվում: Փորձագտների կարծիքով, Կանադայում տեղացող թթվային անձրևներն ակունք են առնում Հյուսիսային Ամերիկայից: Ասիայում ևս նման իրավիճակ է տիրում: Կանխատեսումների համաձայն, մինչև 2020 թվականն այս մայրցամաքում կրկնապատկվելու է թթվային անձրևների պատճառ դարձող գազերի արտանետումների ծավալը:

**************

Թթվային անձրևները հիմնականում արդյունաբերական ու զարգացած երկրներում են լինում և այդ երկրների ժողովուրդները տառապում են այդ անձրևներից: Այդ իսկ պատճառով մարդիկ խիստ դիմադրություն են ցուցաբերում կենսաբանական այս չափազանց վտանգավոր երևույթի նկատմամբ: Արևմտյան որոշ երկրներում ժողովրդական կառույցներ ու խմբեր են ձևավորվել թթվային աղտոտվածության տարածումը կանխելու նպատակով: Իհարկե զարգացող երկրներում ևս տարածվում է այդ երևույթը: Զամբիայում, Հարավաֆրիկյան հանրապետությունում, Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում և ընդհանրապես այն երկրներում, որտեղ քարի արդյունաբերության խոշոր օբյեկտներ կան, թթվային աղտոտվածությունը գրեթե լուրջ խնդիր է համարվում:

Թթվային անձրևները շատ վատ հետևանքներ են թողել շրջակա միջավայրում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ թթվային անձրևներից հիմնականում տուժում են անտառները, հատկապես բարձրադիր շրջաններում: Թթվային անձրևների հետևանքով անտառների ծառերը կորցնում են իրենց տերևները և գարնանն էլ չեն կանաչում: Թթվային անձրևն անցնելով ծառերի արանքից, նաև անտառների գետնին աճող բույսերի ոչնչացման պատճառ է դառնում: Որովհետև հողը թթվելով, ոչնչանում են սննդարար նյութերը: Թթվային անձրևները մեծ վնաս են պատճառում ցանքսատարածքներին: Լաբորատորիայում անցկացված ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ թթվային անձրևների պայմաններում աճած մշակաբույսերը տարբեր են լինում: Որոշ տեսակների բերքն ավելանում է, իսկ որոշներինը պակասում: Համենայնդեպս հիմնականում թթվային անձրևերի հետևանքով ոչնչանում են բույսերի արմատները: Այդ անձրևները խոցելի են դարձնում տերևների մոմային շերտը, որը բույսին պաշտպանում է կլիմայական փոփոխություններից: Այդպիսով բույսը տկարանում է և ուժգին քամիների, անձրևների և անգամ կարճատև երաշտի հետևանքով անկարող է դառնում աճել ու ծլարձակել և ոչնչանում է:

**************

Թթվային անձրևները վնասում են նաև կենդանիներին: Թթվային անձրևից հետո առաջացած հեղեղը լվանում է իր ճանապարհը և թափվում լճեր: Հողի էրոզիայի պատճառով հողից անջատված թունավոր մետաղները, այդ թվում ալյումինը լճեր հասնելով, ձկների շնչառական օրգան են մտնում և նրանց մահվան պատճառ դառնում: Թթվային նյութերով աղտոտված շրջաններում, գարնանն ահավոր աղտոտված են լինում լճերը: Որովհետև հալվող ձյուների մեջ պարունակվող թթվային նյութերը լճեր են մուտք գործում: Թթվային լճերի ջուրը ընդհանրապես պարզ ու զուլալ է լինում: Որովհետև այդ լճերում ոչնչացել է բուսական ու կենդանական կյանքը: Մյուս կողմից մարդիկ սնվում են այդ լճերի թունավորված ձկներով, այդպիսով անուղղակի կերպով վտանգվում է մարդկանց առողջությունը:

Սնվելով թռչուններով, որոնց կերն են եղել ծովի թունավորված կենդանիները նույնպես լուրջ խնդիրներ են առաջացնում մարդու առողջության համար: Այդ հիվանդություններից են՝ շնչարգելությունը, թոքերի բորբոքումը և գրիպը:

Թթվային անձրևները քայքայում են նաև շինությունները: Պատմական կոթողներն ու հուշարձանները խիստ վնասվում են այդ անձրևներից: Թթվային անձրևների հետևանքով քայքայվել են հանրահայտ շինություններ, այդ թվում Աթենքի Պարթենոնը, Նյու Յորքի Ազատության արձանը, Լոնդոնի Ս. Պողոսի մայր տաճարը, Հնդկաստանի Թաջ Մահալը, Տրայանոսի սյուները Հռոմում և Քյոլնի հին եկեղեցին: Այդ շինությունների արտաքին մասը ծածկված է կրաքարով, որն էլ քիմիական փոխազդեցությունների հետևանքով վերածվում է փոշենման նյութի և թափվում է: Իհարկե միայն շինությունների արտաքին հատվածը չէ որ տուժում է, այլև ամբողջ շինությունն է քայքայման ենթարկվում:

«Աշխարհի բնապահպանական հեռանկարը» խորագրով, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի առաջին զեկույցի համաձայն, աշխարհում տարածված են նման բնապահպանական խնդիրները և բոլորի հիմքում ընկած են մարդկային գործողությունները: Այդ սպառնալիքները սահման չեն ճանաչում և վտանգում են մարդկանց առողջությունն ու բարեկեցությունը: Ցավոք պետություններն այդ խնդիրներին ուշադրություն դարձնելու փոխարեն, երբեմն մերժում են այդ երևույթների դեմ պայքարի մասին հանձնառությունները: Ազգային շահերի պատրվակով արդյունաբերական երկրները, անտեսում են իրենց պարտավորությունները և զարգացող երկրները չեն կարողանում վճարել թթվային աղտոտվածության կանխման ծանր ծախսերը: Այդ պատրվակներից ոչ մեկը չեն կանխում բնապահպանական այս վտանգավոր երևույթի ծանր հետևանքները: Ժամանակն է հասել մարդկային հասարակությունը լրջորեն խորհի իր ապագայի մասին:

***********

Հաջորդ հաղորդման ընթացքում կանդրադառնանք օդի աղտոտվածության մյուս հետևանքներին: