Մի գավաթ անդորր(253.Սթրես և դեպրեսիա)
Հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ շատ ենք լսում«Սթրեսի մեջ եմ» կամ «Դեպրեսիա ունեմ» արտահայտությունները, երբեմն էլ լիարժեք չտարբերակելով կամ նույնացնելով: Այս թողարկման ընթացքում կխոսենք սթրեսի և դեպրեսիայի մասին:Ընկերակցեք մեզ:
Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են «դեպրեսիա», «ընկճվածություն» բառերը, բայց դեպրեսիան ավելին է, քան պարզապես տխրության զգացումը: Դա հիվանդություն է:
Դեպրեսիայով տառապող մարդուն «ժպտա մի քիչ» կամ «բարձրացրու տրամադրությունդ» ասելով հաստատ չենք կարող օգնել, սակայն կան բազմաթիվ բուժումներ որոնք կարող են այս հիվանդության ժամանակ արդյունավետ լինել։
Դեպրեսիան տրամադրության խանգարում է, որը հանդիպում է աշխարհի միլիոնավոր մարդկանց մոտ: Այս հիվանդությունն իր ազդեցությունն է թողնում անհատի կյանքի, մարմնի, տրամադրության և մտքերի վրա:
Դեպրեսիան հուզական և մտավոր պրոցեսների դանդաղումն է և շարժողական ակտիվության նվազումը:
Դեպրեսիան տրամադրության անկման այն ձևն է, որի ժամանակ տեղի է ունենում խզում հուզական վիճակի և իրականության միջև։
Դեպրեսիայի ժամանակ տրամադրության և ինքնազգացումի անկումից բացի, դիտվում են մտածողության դանդաղում, ուշադրության անկայունություն, շարժումների դանդաղում (արգելակում), ինքնագնահատման անկում, հյուծվածություն, հոռետեսություն։ Հիվանդը կորցնում է հետաքրքրությունը, ինքնավստահությունը, խանգարվում է քունը։ Առաջանում է մեղքի և մեղավորության զգացում, ինչը կարող է անգամ ինքնասպանության հանգեցնել։
Ճնշված մարդը, որպես կանոն, հոգեկան տառապանք է ապրում, ինչը հետևանք է իրական կամ երևակայական կորստի գիտակցման: Անձն իրեն հուզականորեն անվտանգ վիճակում չի զգում, նրան անընդհատ համակում է անօգնականության զգացումը: Ճնշված անձը կորցնում է սեփական անձի արժեքավորության, ինքնահարգանքի զգացումը: Նրա մեջ ձևավորվում է թերարժեքության բարդույթ:
Որպես հիվանդություն, հիվանդագին վիճակ՝դեպրեսիան կարող է ծանր կամ թեթև ընթացք ունենալ: Ծանր դեպրեսիայի ժամանակ դրսևորվում են ստորև նշված բոլոր ախտանշանները:
Դեպրեսիա կարող են առաջացնել ալկոհոլի, թմրանյութերի չարաշահումը, որոշակի (ծանր, վատ ելք ունեցող) հիվանդությունների հետ կապված երկարատև, հուսահատ վիճակը, որոշ դեղամիջոցների ազդեցությունը և այլն:
Ընկճված վիճակին բնորոշ են տրամադրության վատացումը, օրվա ընթացքում նրա փոփոխությունը (առավոտյան՝ մռայլ, երեկոյան աստիճանաբար մեղմանում է), մտածողության և շարժումների դանդաղումը: Հիվանդները գանգատվում են ախորժակի բացակայությունից, ուտելիքը թվում է անհամ, անհոտ կամ տհաճ: Երբեմն հաշված օրերի ընթացքում արագ նիհարում են, հյուծվում և շուտ հոգնում, նվազում սիրո զգացումը։ Քունը խանգարվում է, մարդիկ դառնում են ալարկոտ, ծույլ, անտրամադիր:
Թախիծը, տխրությունը, «հոգեկան ցավը», անելանելիության ճնշվածությունը կրծքավանդակի, սրտի շրջաններում առաջացնում են ճնշող ցավի զգացողություն:
***
Իսկ ինչ վերաբերում է սթրեսին՝
Սթրեսն օրգանիզմի պաշտպանական ռեակցիա կարելի է համարել։
Սթրեսը օրգանիզմի ընդհանուր և առանձնահատուկ հարմարվողական հակազդումն է զանազան արտաքին և ներքին ազդեցությունների նկատմամբ, ինչպես նաև օրգանիզմի նյարդային համակարգի համապատասխան վիճակը:
Սթրեսային վիճակը սովորաբար բնորոշվում է թուլությամբ, բնականոն ֆունկցիաների խանգարմամբ, այն նաև նյութափոխանակության խանգարում է, որը բխում է առկա գրգռիչ գործոններից: Սթրեսը կործանարար գործոն է և խիստ բացասական հետևանքներ է ունենում մարդու օրգանիզմի համար` հանգեցնելով զանազան բարդ հիվանդությունների: Ժամանակակից բժշկությունը հակված է կարծելու, որ բոլոր բարդ հիվանդությունների հիմքը սթրեսը և նրա կուտակումներն են:
Հոգեբաններն ասում են,որ գոյություն ունի սթրեսի դրական և բացասական ձևեր։
Մեկնաբանելով սթրեսի «նուրբ» կողմերը հոգեբան Սոնա Հարությունյանն ասում է․-․-« Առանց սթրեսի կյանքն անհետաքրքիր կլիներ։ Այս հակասական կարծիքի բացատրության համար կա գիտական հետազոտություն։ Պարզվում է` սթրեսը կարող է նաև դրականապես ազդել մարդու օրգանիզմի վրա»։
Սթրեսի տեսակներ կան, որոնք օգնում են մտածել, մշակել խնդիրների լուծման տարբերակներ։ Հոգեբանի խոսքով` մարդիկ հաճախ սթրեսն ասոցացնում են բացասական կամ տհաճ զգացողության հետ։
«Իրականում սթրեսը դրական կողմեր էլ ունի։ Այն իր տեսակներով լինում է դրական և բացասական ։ Օրինակ` երբ ձեզ անսպասելի լավ լուր են հայտնում, ձեզ մոտ առաջանում է էուսթրես։ Իսկ դիսթրես կարող է առաջանալ տհաճ լուրեր իմանալիս»,-ասում է նա։
Էուսթրեսի որոշակի քանակը, մասնագետի խոսքով, ապահովում է որոշակի լարվածություն, բայց չի խանգարում մարդուն, ընդհակառակը, մոբիլիզացնում է նրա հնարավորությունները, թույլ է տալիս ավելի արդյունավետ գործել տվյալ իրավիճակում ու ավելի լավ արդյունքի հասնել։
Բայց սթրեսի երկու տեսակներն էլ ֆիզիոլոգիական տեսանկյունից նույն մեխանիզմով են ընթանում։
«Ընդունված է համարել, որ սուր սթրեսի տևականությունը 48 ժամ է։ Դրանից հետո, եթե ամեն օր կրկնվում է նույն միտքը, որը լուծում չի ստանում, այն ձեր կենսագործունեության վրա իր ազդեցությունն է ունենում և սկսում է ազդել ուշադրության, հիշողության վրա, դառնում եք նյարդային»,-ասում է հոգեբանը։
Սթրեսի պակաս չունեցող մասնագիտություններից է լրագրությունը։ Առհասարակ, սթրեսներ հաճախ են ապրում այն մարդիկ, ովքեր հաճախակի շփումներ են ունենում հանրության լայն շրջանակների հետ։
Այժմ լսենք հոգեբան Տաթև Նահապետյանին․․․․
Ամփոփելով մեր այսօրվա զրույցը
Հաղորդման վերջին հատվածում Ձեր ներկայացնում եմ դեպրեսիայի հիմնական տեսակները և սթրեսի ախտանշանները։
Դեպրեսիայի տեսակներն են՝
Հիմնական դեպրեսիկ խանգարում: Սա ազդում է մարդու մտածելակերպի, զգացմունքների և պահվածքի վրա: Այս դեպրեսիան մարդուն անընդունակ է դարձնում և շեղում նրա նորմալ գործունեությունը:
Դիսթիմիկ խանգարում կամ դիսթիմիա: Այս տեսակը երկարատև է, բայց այն մարդուն անընդունակ չի դարձնում: Նրանք, ովքեր տառապում են դիսթիմիայով, կարող են զգալ նաև հիմնական դեպրեսիա:
Մոլական-դեպրեսիկ հոգեկան խանգարում: Այս հոգեկան խանգարումն արտահայտվում է տրամադրության կտրուկ փոփոխմամբ`շատ բարձրից մինչև շատ անկումային տրամադրություն:
Հայտնի են նաև դեպրեսիայի հետևյալ տեսակները` հոգեկան դեպրեսիա, հետծննդաբերական դեպրեսիա, և սեզոնային դեպրեսիա: Այն մարդիկ, ովքեր տառապում են հոգեկան դեպրեսիայով՝ ունեն որոշակի հոգեկան խանգարում: Հետծննդաբերական դեպրեսիան առաջ է գալիս կանանց մոտ՝ ծննդաբերությունից հետո: Սեզոնային դեպրեսիան սկսվում է ձմռանը, երբ նկատվում է արևի լույսի պակաս:
Ի՞նչն է հանգեցնում դեպրեսիայի
Կան մի շարք հանգամանքներ, որոնք դեպրեսիայի պատճառ են դառնում: Դրանք են` ժառանգականությունը, բիոլոգիական և շրջապատից բխող հանգամանքները, կյանքի կարևոր իրադարձությունները, ինչպիսիք են` սիրելիի կորուստը, աշխատանքից ազատվելը և ֆիզիկական հիվանդությունը:
Սթրեսի ախտանիշներն են...
• գլխացավ,
• ուժասպառություն,
• հավատի, ինքնագնահատանքի նվազում,
• հիշողության տատանումներ,
• տրամադրության անկում,
• հոգնածություն:
Սթրեսային վիճակի կարող են հանգեցնել...
• թրավմաները կամ անելանելի վիճակները,
• առօրեական կենցաղի խնդիրները,
• ընդհարումները,
• արգելքները,
• ճնշման զգացողությունը,
• սեփական անձի նկատմամբ չափազանց պահանջկոտությունը,
• աղմուկը,
• մշտական մեղադրանքները,
• ինքնաքննադատությունը և ինքնադատապարտումը,
• լարված աշխատանքը,
• ֆինանսական դժվարությունները,
• ուժեղ դրական հույզերը,
• վեճերը,
• տեղափոխությունները:
Սթրեսային վիճակին ավելի հակված են...
• կանայք,
• մեծահասակները և երեխաները,
• մարդիկ, ովքեր ունեն ցածր ինքնագնահատանք,
• էքստրավերտները,
• նևրոտիկները,
• ալկոհոլիկները: