Շաբաթվա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Երեւանում հանդիպել է Հայաստանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետին: Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետ, գեներալ - լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և Իրանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը՝ պաշտպանության ոլորտում, և երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման կարևորությունը: Քննարկման շրջանակում են եղել նաև տարածաշրջանային խնդիրներ:
----------------------------
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած պատվիրակությանը։ Մարզպետը ողջունել է դեսպանին և կարևորել է երկկողմ համագործակցության ընդլայնումը:
Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել Հովհաննես Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ շատ ողջունելի է համարում մարզային իշխանությունների պատրաստակամությունը համագործակցելու և համատեղ նախագծեր կյանքի կոչելու առումով։
Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առնչությամբ, ինչը հնարավորություն կտա համագործակցության ոլորտներն հստակեցնելու և գործնական քայլեր իրականացնելու։
----------------------------
Հայաստանի Կառավարությունն ընդունեց «Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին» որոշում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, Իրանում Հայաստանի առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել ՀՀ տնտեսական շահերն առևտրին և տնտեսական համագործակցությանն առնչվող տարբեր ոլորտներում, դյուրացնել հայկական և իրանական տնտեսավարող սուբյեկտների կողմից առևտրատնտեսական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը, ինչպես նաև օժանդակել երկու երկրների միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացմանը:
Առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը հնարավորություն կտա նաև առավել օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ Իրանի տնտեսական իրավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ նմանատիպ տեղեկություններ հաղորդել ԻԻՀ շահագրգիռ մարմիններին:
Առևտրական կցորդի հիմնական պարտականություններից է նաև տեղում կազմակերպվող գործարար համաժողովներին մասնակցությունը և Հայաստանի գործարար միջավայրի ներկայացումը, Հայաստանում ներդրումային գործունեությամբ հետաքրքրվող ԻԻՀ ձեռնարկատերերին և ընկերություններին համապատասխան տեղեկատվության տրամադրումը և այլն: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` ՀՀ-ի առևտրաշրջանառությունն ԻԻՀ-ի հետ 2020 թվականին կազմել է 400,2 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ արտահանումը Հայաստանից Իրան կազմել է 84,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 315,4 մլն ԱՄՆ դոլար։ Ներկայումս երկուստեք քննարկվում է Հայաստանում համատեղ ընկերություններ կամ իրանական ընկերությունների մասնաճյուղեր հիմնելու հետ կապված հարցերը։ Այդ գործընթացներում կարևորվում է նաև տրանսպորտային խոչընդոտների վերացումը և ֆինանսական փոխանցումների դյուրացմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը։ Ըստ հիմնավորման՝քննարկումներ են ընթանում առևտրական ներկայացուցիչների և կցորդների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ։
---------------------------
Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև բարիդրացիական հարաբերությունների hաստատման նախաձեռնությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման հարցում:
«Հուսալի հիմք է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ձեռքբերված համաձայնությունները: Մենք պատրաստ ենք հետագայում աջակցել այդ գործընթացին: Դեռ պետք է հաղթահարել շատ դժվարություններ, խոչընդոտներ: Շեշտը դնում ենք կայունության, ամուր տնտեսական զարգացման վրա: Հուսով ենք, որ կշարժվենք հարաբերությունների կարգավորման, վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ»,- նշել է նա:
---------------------------------
Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանն անդրադարձել է Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի որոշ դրույթներին։
---------------------------------
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին Այվազյանն անդրադարձավ ՀՀ Ազգային ժողովում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի հարցին:
«Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է: Միայն քաղաքական, բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները, որը կորոշի ԼՂ-ի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում»,- ասաց Այվազյանը:
--------------------------------
Այն դեպքում, երբ Սպիտակ տան պաշտոնյաները շարունակում են օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ղարաբաղի հայությանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքում է թե տարածաշրջանում բացակայում է հավասարակշռությունը, խնդրելով, որ ԱՄՆ պետքարտուղարը զանգահարի իրեն:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «ԱՄՆ նոր վարչակազմը հավասարակշռված քաղաքականություն չի վարում Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ»:
Բաքվում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին․ հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» համաժողովում Իլհամ Ալիևն ասել է.«Ես չեմ ասում, որ Բաքուն սպասում է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազանգին, սակայն ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն պետք է տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկի և հակամարտ կողմերի նկատմամբ հավասարակշռված քաղաքականություն վարի»:
Իլհամ Ալիևի խոսքերից պարզվում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից հավասարակշռություն ստեղծվելու պատրվակով, Բաքուն սպասում է ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյայի հեռախոսազանգին:
Ադրբեջանի նախագահի վերջերս արած հայտարարությունները վկայում են միջազգային հարաբերություններում նրա անձի թուլության ու անկարողության մասին: Իհարկե չպետք է բացառել, որ Բաքվում Սիոնիստական ռեժիմի դիվանագետներն են մշակել Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մի մասը:
Բաքվի ղեկավարներն ակնկալում են, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի խորհրդակցությունները շարունակվելով, նոր պայմաններ ստեղծվեն տարածաշրջանային ու համաշխարհային ուժերի միջև հավասարակշռություն ստեղծվելու համար: Բայց հաշվի առնելով Հայաստանի հետ ԱՄՆ-ի պաշտոնյաների հաճախակի բանակցությունները, թվում է, որ Ադրբեջանի հանրապետությունը կորցրել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հավասարակշռություն ստեղծվելու հնարավորությունը:
Ավելի վաղ շատ փորձագետներ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը Ադրբեջանի վնասին էին համարում: Որպես օրինակ՝ տարածաշրջանի և աշխարհի հարցերի անվանի փորձագետ Հասան Բեհեշթիփուրը համոզված է,«Անցած տարիներին Մինսկի խմբի գործունեությունը ցույց է տվել, որ այդ խմբի համանախագահները ցանկանում են Ղարաբաղում շարունակվի ոչ պատերազմ և ոչ խաղաղություն իրավիճակը,որպեսզի թե՛ վաճառեն իրենց զենքերը և թե՛ տարածաշրջանում իրենց ներկայության համար պատրվակ ունենան»:
Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներն ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի գործունեության միջոցով հավասարակշռման քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը:
Այս միջնորդական խմբի ներկայացրած խաղաղության նախագծերը նույնպես ունեցել են աննախադեպ բացասական հետևանքներ Ադրբեջանում Հայաստանում կամ երկու երկրներում:
Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ չնայած Հայաստանի դեմ պատերազմում տարած հաղթանակին,այդ երկիրը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:
Թվում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում որոշ լուսանցքային պետություններ, հատկապես Թուրքիան կարողացել են քաղաքական աջակցություն ցուցաբերելով Ալիևի կառավարությանը, Ադրբեջանում աննախադեպ հաջողություն գրանցել՝ ներառյալ ռազմական ուժեր տեղակայել և տարանցիկ ուղի ունենալ: