Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (80)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք իրանցի աշխարհահռչակ դեմքերի մասին զրուցաշարի հերթական թողարկումը: Այսօր շարունակելու ենք նախորդ թողարկումներում սկսած մեր զրույցը՝ լուսնային 6-րդ դարի՝ փրկչական 12-րդ դարի իրանցի անվանի փիլիսոփա, հեքիմ ու միստիկ, Շեյխ-էլ-Էշրաղ անունով հայտնի Շեյխ Շահաբեդդին Աբոլֆոթուհ Յահյա Իբն Հաբաշ Սոհրեվարդիի մասին: Նա անհերքելի դերակատարություն է ունեցել իսլամական փիլիսոփայության, միստիցիզմի ու իմաստասիրության տարածման գործում: Նա եղել է իսլամական փիլիսոփայու
Ասացինք, որ փիլիսոփա, միստիկ և իսլամական փիլիսոփայության մեջ լուսավորության կամ Էշրաղի իմաստասիրության հիմնադիր Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդին ծնվել է լուսնային հիջրեթի 549 թվականին՝ Զանջանի մերձակա Սոհրեվարդ գյուղում և լուսնային հիջրեթի 587 թվականին՝ 38 տարեկանում, Հալեպի մի խումբ կրոնագետների դավադիր քայլի հետևանքով սպանվել է Սալահեդդին Այուբիի հրամանով: Նրա կարճատև կյանքի արդյունքը նրանից հիշատակ մնացած ստեղծագործություններն են: Իրանցի փիլիսոփայի ստեղծագործությունների մի բաժինը առակներ ու առեղծվածային բովանդակությամբ պատումներ են, որոնք բանասերների համոզմամբ Սոհրեվարդու իրական ու առանց քողի դիմագիծն են ցույց տալիս: Այս կարգի ստեղծագործությունները, որոնք գրված են ակնարկների ու սիմվոլների գեղեցիկ ու նուրբ լեզվով պարունակում են Սոհրեվարդու հոգևոր ու ներքին ապրումները: Նախորդ երկու հաղորդման ժամանակ անդրադարձանք ակնարկների ու առակների միջոցով արտահայտվելու պատճառներին ու նաև պարսից գրականության մեծությունների, այդ թվում Մոլավիի, Աթթարի ու Հաֆեզի վրա Շեյխ Էշրաղի թողած ազդեցությանը և ներկայացրեցինք նրա «Գաբրիելի փետուրի երգը» և «Մրջյունների զրույցը» աշխատությունները: Այսօր զրուցելու ենք նրա պարսկերեն լեզվով գրված աշխատություններից «Ֆի Հաղիղաթ-ալ-էշղ»-ի մասին:
Գրաքննադատների համոզմամբ «Ֆի Հաղիղաթ-ալ-էշղ»-ը մինչ այժմ սիրո մասին գրված ամենագեղեցիկ ստեղծագործություններից է: Դրա ոճը սահուն ու գեղեցիկ է և ներկայացված է սիմվոլիկ կաղապարում: Թեև պատմության առանցքը Հովսեփն ու Զոլեյխան ու Հակոբն են, սակայն դա ունի բացարձակ միստիկական ու փիլիսոփայական բնույթ: Այսինքն աշխատության փիլիսոփայական կորիզը շաղախված է միստիկական հայացքներով ու խոսքով, ինչը Սոհրեվարդին պոետիկ ու գրական հատուկ արտահայտչաձևերով ներկայացվել է սիմվոլիկ կերպով:
«Ֆի Հաղիղաթ-ալ-էշղ»-ը հիմնականում տարբերվում է նրա սիմվոլիկ մյուս ստեղծագործություններից: Սոհրեվարդու աշխատություններից որոշներն անդրադառնում են մարդու օտարությանն ու կարոտին և երկրային այս աքսորավայրում նրա խորթությանը: Սակայն այս աշխատության թեման սերն է: Դա հատկացված է սիրո, ինչպես նաև նրա երկու եղբայրների՝ տխրության ու գեղեցկության ստեղծմանը: Իրականության մեջ կարելի է ասել, որ «Ֆի Հաղիղաթ-ալ-էշղ»-ը Ղուրանի «Յուսեֆ» սուրայի պոետիկ ու նրբաճաշակ մեկնաբանությունն է: Սոհրեվարդին այս պատմությանն ու մեկնաբանությանը հասնելու համար նախ կիսով կենտրոնացել է իսլամական ու իրանական գրական ու միստիկական ավանդույթների վրա և ներկայացրել է «մտքի», «գեղեցկության» ու «սիրո» արարման պատմությունը և ապա օգտվել է դրանից: Սոհրեվարդու այս աշխատության գլխավոր եզրակացությունը դեպի աստվածայինն առաջնորդող մարդու ընթացքի և դրա տարբեր փուլերի, այսինքն գիտակցության, բարության ու սիրո պարզաբանումն է:
Սոհրեվարդին ասում է. «Աստված նախ հորինեց միտքը: Ապա դրան օժտեց երեք յուրահատկությամբ՝ մեկն Աստծուն ճանաչելու, մյուսը՝ մարդուն ճանաչելու և երրորդը՝ ուրիշին ճանաչելու համար, որը Շեյխի վկայությամբ «Չկա, սակայն պիտի որ լինի»: Առաջին յուրահատկությունն հանգեցնում է գեղեցկության, երկրորդը՝ սիրո, իսկ երրորդը՝ տխրության:
Սոհրեվարդին ապա ավելացնում է, որ գեղեցկությունը հրճվում է իր գեղեցկությամբ, նրա ժպիտից ծնվում են հազարավոր հրեշտակներ: Սիրո և գեղեցկության միացումից ծնվել են երկինքն ու երկիրը:
Սրանք բոլորը տեղի են ունեցել մինչև Ադամի արարումը: Երբ հերթը հասնում է Ադամին ու Աստված իր ներկայացուցիչն է նշանակում Երկրի վրա, գեղեցկությունը տեղեկանում է այդ մասին ու որոշում է հողեղեն մարդուն տեսության գնալ: Նա տեսնելով Ադամին սիրահարվում է նրան: Նա տարածվում է Ադամի գոյության մեջ: Օրեր են անցնում ու գեղեցկությունը տուն չի վերադառնում: Նրա եղբայրները՝ «սեր»-ն ու «տխրություն»-ը մտահոգվում են ու սկսում են որոնել նրան: Գտնում են գեղեցկությանը ու նկատում են, որ նա բազմել է Ադամի գոյության գահին: Նրանք էլ ցանկանում են մուտք գործել, սակայն նրանց թույլ չի տրվում: Ադամի մեծության դիմաց խոնարհվում են «սեր»-ը, «տխրություն»-ը և բոլոր հրեշտակներն ու Արքայության բնակիչները:
Գեղեցկությունն Ադամից հետո այլ տեղ է որոնում իր համար ու գտնում է Հովսեփին: Նա միաձուլվում է Հովսեփի գոյությանը: Նրա եղբայրները կրկին մտահոգվում են, սակայն կրկին անկարող են որևէ բան կատարել, քանզի Հովսեփն ու գեղեցկությունը նույնացել են: Սերն ու տխրությունն իրենց եղբորից հույսները կտրած ամեն մեկն իր ճամփան է բռնում: Տխրությունը հասնում է Քանաանի տարածքը ու այնտեղ մտերմանում է Հովսեփի հոր՝ Հակոբի հետ: Այս մտերմությունն այն աստիճան է, որ Հակոբն իր տեսողությունը նվիրում է տխրությանը: Նրա մյուս եղբայրը՝ սերը, հասնում է Եգիպտոս:
Մուտք է գործում Եգիպտոսի փարավոնի պալատը: Եգիպտոսի իշխանի կինը՝ Զոլեյխան տեղեկանում է «Սիրո» մասին ու հարցնում է. «Դու ո՞վ ես ու որտեղի՞ց ես եկել»: Սերը պատասխանում է. «Ես Երուսաղեմից եմ: Եկել եմ, հոգիների թաղամասի տխրության տնից: Ես ճանապարհորդ եմ»: Սերը Զոլեյխային ներկայացնում է իր և եղբայրների, ինչպես նաև իր եղբոր՝ գեղեցկության և աշխարհի գեղեցիկների արքա՝ Հովսեփ մարգարեի սիրահարության պատմությունը: Զոլեյխան ասում է, որ Հովսեփը Եգիպտոսում է: Սերը դա լսելով ուրախանում է և ցանկանում է ամեն գնով տեսության գնալ նրան: Սիրո հետ մտերմացած Զոլեյխան տեսնելով Հովսեփի գեղեցկությունը սիրահարվում է նրան և Եգիպտոսի բնակիչները պախարակում են նրան:
Հովսեփի Եգիպտոսի իշխան նշանակվելու լուրը հասնում է Քանաան: Հակոբն իր որդիների հետ ներկայանում է Հովսեփին ու նկատում է, որ Հովսեփը, որ համակ գեղեցկություն է ու Զոլեյխան, որ համակ սեր է, բազմել են թագավորության գահին: Հակոբի հետ ներկայացած տխրությունը հանդիպում է իր երկու եղբայրներին: Կրկին անգամ իրար շուրջ են հավաքվում երեք եղբայրները՝ սերը, գեղեցկությունն ու տխրությունը:
---
Սոհրեվարդին այստեղ ավարտում է իր պատմությունը ու սկսում է մեկնաբանել ու քննարկել այն ինչ պատմել է: Նախ խոսում է սիրո մասին ու ապա անդրադառնում է սիրահարին ու սիրեցյալին: Նրա համոզմամբ մարդն այս աշխարհում միայն պիտի ճանաչի սերը ու այն նվիրի սիրեցյալին: Սոհրեվարդիի տեսակետից սերը սիրահարին ու սիրեցյալին միացնող կամուրջ է ու այդ պատճառով էլ ասում է. «Երբ հստակ է դառնում, որ սերն է տենչողին հասցնում իր տենչանքին, ապա պիտի ջանք գործադրել ճանաչելու սերը, ծանոթանալ դրա սիրահարության փուլերին, հանձնվել ու ապա տեսնել դրա հրաշքները»:
Սոհրեվարդին ապա անդրադառնում է բարությանն ու սկսում է վերլուծել «Էշղ»՝ կամ «սեր» բառի արմատը, որն առնված է «Աշաղա»-ից: Աշաղան բույս է, որ երբ պտտվում է ծառի շուրջը ու կլանում է նրա ջուրն ու նրան դեղնացնում է: Ծառի տերևները չորության պատճառով թափվում են ու ծառն էլ որոշ ժամանակ անց չորանում է: Շեյխ Էշրաղը մարդուն համարում է նույն այդ ծառը, որը Արքայության մեջ ծլել է սրտի սերմից: Սոհրեվարդիի դիտանկյունից մարմին այդ արքայական ծառի պատկերն է: Սերը մի տեղից գլուխ է հառնել ու պտտվել է մարդկության շուրջն ու կլանել է նրա խոնավությունը: Նա հոգին միացնում է հավերժությանն ու մարմինն անեացնում է:
Սոհրեվարդիի դիտանկյունից մարդու կյանքի նպատակն ու բովանդակությունը միայն սիրահարությունն է: Քանզի մարդն գիտակցում է կամ պիտի գիտակցի, որ այս աշխարհն անցողիկ է: Հավերժության տիրանալու գաղտնիքը միացումն ու գոյության աշխարհի միակ սիրեցյալի հետ սիրահարությունն է: Սերը դրսևորվում է գեղեցկության մեջ ու այդ պատճառով էլ ասել են, որ «Աստված գեղեցիկ է ու սիրում է գեղեցիկներին»: Սերը զտում է մարդուն, որպեսզի մաքուր ու անխառն վիճակում հասնի տիրոջը: