Ապրիլ 27, 2016 03:34 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք իրանցի աշխարհահռչակ դեմքերի մասին զրուցաշարի հերթական թողարկումը: Այսօր շարունակելու ենք նախորդ թողարկումներում սկսած մեր զրույցը՝ լուսնային 6-րդ դարի՝ փրկչական 12-րդ դարի իրանցի անվանի փիլիսոփա, հեքիմ ու միստիկ, Շեյխ-էլ-Էշրաղ անունով հայտնի Շեյխ Շահաբեդդին Աբոլֆոթուհ Յահյա Իբն Հաբաշ Սոհրեվարդիի մասին: Նա անհերքելի դերակատարություն է ունեցել իսլամական փիլիսոփայության, միստիցիզմի ու իմաստասիրության տարածման գործում: Նա եղել է իսլամական փիլիսոփայո

Ասացինք, որ փիլիսոփա, միստիկ և իսլամական փիլիսոփայության մեջ լուսավորության կամ Էշրաղի իմաստասիրության հիմնադիր Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդին ծնվել է լուսնային հիջրեթի 549 թվականին Զանջանի մերձակա Սոհրեվարդ գյուղում և լուսնային հիջրեթի 587 թվականին՝ 38 տարեկանում, Հալեպի մի խումբ կրոնագետների դավադիր քայլի հետևանքով սպանվել է Սալահեդդին Այուբիի հրամանով: Նրա կարճատև կյանքի արդյունքը նրանից հիշատակ մնացած ստեղծագործություններն են: Իրանցի փիլիսոփայի ստեղծագործությունների մի բաժինը առակներ ու առեղծվածային բովանդակությամբ պատումներ են, որոնք բանասերների համոզմամբ ցուցադրում են Սոհրեվարդու իրական ու առանց քողի դիմագիծը: Այս կարգի ստեղծագործությունները, որոնք գրված են ակնարկների ու սիմվոլների գեղեցիկ ու նուրբ լեզվով պարունակում են Սոհրեվարդու հոգևոր ու ներքին ապրումները: Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք ակնարկների ու առակների միջոցով արտահայտվելու պատճառներին ու նաև պարսից գրականության մեծությունների, այդ թվում Մոլավու, Աթթարի ու Հաֆեզի վրա Շեյխ Էշրաղի թողած ազդեցությանը:

Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդու ստեղծագործություններում օգտագործված սիմվոլները կարելի է բաժանել երեք խմբի: Առաջին խումբը Էշրաղի կամ լուսավորության իմաստասիրության հետ կապված սիմվոլներն են, որոնք ակնարկում են Էշրաղի համակարգում լույսին ու խավարին: Սոհրեվարդու ստեղծագործություններում նման սիմվոլների բազմազանությունը քիչ է: Մյուս խումբը Խոսրովանի կամ պատմական Իրանին վերաբերող սիմվոլներն են: Իսկ երրորդ խումբը նրանք են, որոնք առավելապես օգտագործվել են Շեյխ Էշրաղի սիմվոլիկ աշխատասիրություններում: Նման սիմվոլները հորինելիս Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդին լայն կերպով օգտվել է իր երևակայության ուժից:

«Գաբրիելի փետուրի երգը» Սոհրեվարդու պարսկերեն լեզվով գրված աշխատասիրություններից է: Այս աշխատասիրությունը խմբագրվել ու ֆրանսերենի է թարգմանվել Հանրի Քորբոնի և Պավել Քրաուսի միջոցով, իսկ պարսկերեն լեզվով դա խմբագրել ու հրատարակել է դոկտ. Մեհդի Բայանին: Դոկտ. Զաբիոլլահ Սաֆան «Իրանի գրականության պատմությունը» գրքում «Գաբրիելի փետուրի երգը» աշխատասիրության մասին գրում է. «Այս աշխատասիրության մեջ Շահաբեդդինի ոճը չափազանց պարզ ու սահուն է: Շեյխն այս սիմվոլիկ աշխատասիրությունը գրել է պատմության ձևով և հարց ու պատասխանների տեսքով, որը չափազանց մոտ է առօրյա խոսակցական լեզվին: Հետևաբար դա կարելի է 6-րդ դարում ժողովրդի միջոցով օգտագործված պարսկերեն լեզվի բնական նմուշը համարել»: Արաբերեն բառերի գոյությունն ու նաև դրա սիմվոլիկ բնույթը մասամբ ծանրացրել են այս աշխատասիրության մեջ օգտագործված արձակ ոճը:

Աշխատասիրության խորագիրը՝ «Գաբրիելի փետուրի երգը» ինքնին վկայում է դրա սիմվոլիկ բնույթի մասին ու դրանից կարելի է հոգևոր շունչ զգալ: Այդտեղ օգտագործված շատ տերմիններ կրում են սիմվոլիկ ու առեղծվածային բնույթ և շատ հաճախ աչքի են ընկնում ակնարկեր ու փոխաբերություններ, որոնք չափազանց բարդ են թվում, ինչը դժվարացնում է դրանց իմաստի ընկալումը: Այս աշխատասիրության մեջ օգտագործված սիմվոլները դասվում են միստիկական ավանդական սիմվոլների շարքը, իսկ որոշներն էլ յուրահատուկ են իրեն և դրանց օրինակը չի կարելի գտնել վաղ շրջանի սուֆիական գրականության մեջ:

Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդին աշխատասիրությունը սկսում է Աստծո անունով, որը վկայում է միակն Աստծուն նրա հավատքի մասին: Նրա հավատքը խոր ու իրական է, իսկ ժամանակի կրոնական կարծրամտությունն ու հասարակական պայմանները նրան պարտադրել են դիմել սիմվոլիկ լեզվի օգնության:

Աշխատասիրությունը ներկայացնում է Շեյխ Շահաբեդդինի հոգևոր սավառնումն ու դրա բովանդակությունից այնպես է հասկացվում, որ դա այդ ապրումներն ունեցել է ոչ թե արթուն վիճակում, այլ քնի ժամանակ: Նախքան պատմություն մուտք գործելը Շեյխ Էշրաղն ակնարկում է գրքի ստեղծման պատճառներին: Աշխատասիրության ստեղծման իրական մղիչ ուժը եղել է մի անհավատի հերքումները, ով իր կույր կարծրամտության, թերի ընկալման ու նաև աչալրջության բացակայության պատճառով մերժել էր նախկին շեյխերին ու հատկապես Խաջե Աբու Ալի Ֆարմադուն ու նրանց հասցեին հայհոյանքներ էր ուղղել: Սոհրեվարդին ներկայացնում է հիշյալ անհատի կողմից Խաջե Աբու Ալի Ֆարմադուն ներկայացված հարցումը: Նա հարցնում է, թե ինչպե՞ս է, որ «կապույտ հագնողներ»-ն այսինքն սուֆիները որոշ ձայներ համարում են Գաբրիելի փետուրի ձայնը ու շատ բաներ, որոնք հնարավոր չէ զգալ զգայարաններով համարում է Գաբրիելի փետուրի երգը: Խաջե Աբու Ալի Ֆարմադին պատասխանում է. «Գաբրիելի փետուրի երգերից մեկն էլ դու ես»: Այդ կարծրամիտ հավակնորդը շարունակում է պնդել, թե այդ արտահայտությունն ի՞նչ իմաստ կարող է ունենալ ու դա միայն զառանցանք կարող է լինել»: Սոհրեվարդին տեսնելով այդ մարդու համարձակությունը նրան թեթևամիտ է անվանում ու ասում է. «Ահա ես հզոր տրամաբանությամբ բացատրելու համար Գաբրիելի փետուրի երգը սկսում եմ գրել այս աշխատասիրությունը ու եթե իրապես գիտուն մարդ ես փորձիր հասկանալ ու ըմբռնել դրա իմաստը: Այս կարճ նախաբանից հետո աշխատասիրությունը ներկայացվում է առաջին դեմքի միջոցով պատմվող հեքիաթի տեսքով և պատմությունը տեղի է ունենում գիշերը: Այս պատասխանն ու պաշտպանությունն առիթ են հանդիսանում, որպեսզի Սոհրեվարդին գրի իր իմաստասիրական ամենախորիմաստ ստեղծագործություններից մեկը:

------------------------

Պատմությունը բաղկացած է երկու բաժիններից: Առաջին բաժինը պատմում է ճշմարտություն որոնող մի անձի մասին, որ ինքը Շեյխ Էշրաղն է, ով դիմում է մի խանղահ, որն ունի երկու դռներ: Դրանցից մեկը բացվում է դեպի քաղաք, իսկ մյուսը՝ դեպի անապատ: Ճամբին հանդիպում է տասը վարպետ մարդկանց, որոնց հմայքը նրան սարսափ են պատճառում: Պատմության հերոսը մի իմաստունի, ով իր ներքին մարգարեն ու ճշմարտության հասնելու համար իր ուղեցույց հրեշտակն է, հարցնում է, թե ո՞րտեղ է գտնվում իր տունը: Նաև նրան հարցնում է արարչագործության գաղտնիքի, ճշմարտության հասնելու փուլերի, երկնքի կառույցի ու նյութեղեն աշխարհի ու դրա վտանգների մասին: Դա մի երկխոսություն է, որտեղ ամեն մի պատասխանի հաջորդում է մի այլ հարց ու այդպիսով Սոհրեվարդին պարզաբանում է Էշրաղի ուսուցման հիմնական բաղադրիչ տարրերն ու նաև Ղուրանի գաղտնիքներն ըմբռնելու համար անհրաժեշտ մտային սավառնումի կարգը:

 Պատմության երկրորդ բաժնում, աշակերտը, որ նույն ինքը Սոհրեվարդին ու պատմության հերոսն է իր վարպետից, որ իր ներքին մարգարեն ու պատմության առաջին բաժնում ներկայացած ուղեցույցն է, ուզում է իրեն սովորեցնի «Մեծ անուն»-ը: Իսլամական ուսուցումների համաձայն «Մեծ անուն»-ն աստծո անվանումներից մեկն է, որին ոչ ոք ծանոթ չէ և ով դա գտնի ու արտաբերի կատարվելու են նրա բոլոր ցանկությունները: Վարպետը համաձայնում է և նախ նրան սովորեցնում է «չափազանց զարմանալի մի վանկ»: Շեյխ Էշրաղի ստեղծագործությունների խմբագիր դոկտ. Սեյեդ Հասան Նասրի վկայությամբ այդ զարմանալի վանկը, որ վարպետը սովորեցնում է նրան «ջաֆր»-ի գիտության գաղտնիքն է եղել: «Ջաֆր»-ը առեղծվածային գիտություններից է, որն զբաղվում է բառերի ու թվերի մեջ թաքնված գաղտնի հզորության ուսումնասիրմամբ: Ապա ասում է, որ Աստված հորինեց հրեշտակների նման բառեր ու ստեղծեց Մեծ բառը, որն ավելի վեր դասվում է հրեշտակներից, հենց այնպես որ Արեգակի լույսը գերազանցում է աստղերին: Մարդն էլ Աստծո կողմից ստեղծված բառ և Գաբրիելի հնչող երգ է: Գաբրիելի թևերը տարածված են երկնքի ու երկրի վրա: Այս աշխարհը ստվերների աշխարհ է: Արևմուտքն իրականության մեջ Գաբրիելի ձախ թևի ստվերն է, հենց այնպես որ արքայական լույսով ողողված արևելքը նրա աջ թևի ստվերն է համարվում: Այսպիսով այս աշխարհի բոլոր արարածները ստեղծված են Գաբրիելի փետուրի երգով: Այս հարգված հրեշտակի փետուրի երգով է, որ արարվել է մարդն ու Աստծո անունով հասնում է կատարելիության ու վերադառնում է իր իսկության:

-------------------------

Այս աշխատասիրության մեջ Սոհրեվարդին աշխարհի արարչագործությանը դիտում է իր աստվածային իմաստասիրության դիտանկյունից: Նա հիմնվելով պոեզիայի ավանդական սիմվոլների ու սուֆիական արձակի վրա քննարկում է տրամաբանության և միստիցիզմի հետևորդների միջև եղած տարաձայնությունները: Սոհրեվարդու սիմվոլիզմի պատճառը կարելի է խոսքի գեղեցկացումը, բառերի տարողությունից օգտվելը, ինչպես նաև հետևորդների մոտ հոգևոր գրավչություն ստեղծելը համարել: Իր այս կարգի ստեղծագործությունների համար ընտրած խորագրերն ու նաև դրանց գեղեցիկ ու հնչեղ ոճը վկայում են այս անվանի իմաստասերի եզակի ճաշակի ու մտային թռիչքի մասին: