Շաբաթվա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ:
Կիրակի հունիսի 20-ին տեղի կունենան Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրությունները:
Քարոզարշավի ժամանակ մրցակից գլխավոր ուժերը կարևորությամբ անդրադարձան Իրանի հետ հարաբերություններին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց Իրանի հետ այդ երկրի համագործակցությունների խորացման անհրաժեշտությունը:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր համակիրների հավաքում ասել է.«Տարածաշրջանային անվտանգության համատեքստում, ես կցանկանայի շեշտել Իրանի հետ մեր համագործակցությունը խորացնելու և ռազմավարական երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը»:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը վերջերս այդ երկիր այցելած Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, Երևան -Թեհրան հարաբերությունները որակել էր պատմական և կարևոր:
ՔՊ-ի շտաբի նախագահ Սուրեն Պապիկյանը նույնպես հայտարարեց, որ դեպի Իրան «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցմամբ Հայաստանի աշխարհագրական ողնաշարը կամրապնդվի։
Հաջորդ ամիս կհայտարարվի մրցույթ Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար։ Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։
«Սա «Հյուսիս-հարավն» է։ Ունենալու ենք երկու թունել` երբևէ ՀՀ–ում նախադեպը չունեցող երկարությամբ թունելներ են լինելու։ Սիսիանից միանգամից դուրս ենք գալու Քաջարան, այնտեղից էլ դեպի Ագարակ ու Իրան»,–ասաց Պապիկյանը։
«Հայաստան» դաշինքի ղեկավար և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ մենք չենք ընտրում մեր հարևաններին և Իրանը համարվում է Հայաստանի չորս հարևաններիցամենակարևորը:
Նա ընդգծելով, որ իր նախագահության շրջանում չնայած գործադրվող բոլոր ճնշումներին նրան հաջողվել է իրագործել հայ-իրանական համատեղ մի շարք նախագծեր, այդ թվում կառուցվել է Իրան-Հայաստան գազատարն ու Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երկու գծերը, խոստացավ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում ավարտին հասցնել այն նախագծերը, որոնց հիմքը դրվել է դեռ իր նախագահական օրոք և անցնող 13 տարիների ընթացքում մնացել են անավարտ:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը նույնպես հայտարարել է, որ անվտանգության ապահովումը դաշինքի համար ունի առաջնային նշանակություն՝ շեշտելով Իրանի դերը, որը հայտնի գործարքի կնքման հետևանքով Մերձավոր Արևելքում հանդես է գալու ավելի հզորացած կարգավիճակով։
Նա հավելել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է անվտանգային բոլոր կառույցների հզորացում՝ թե բանակի, թե այլ բաղադրիչների մասով։
«Երկրորդ ուղղությունը միջազգային գործընկերների հետ գերակտիվ դիվանագիտական և գործընկերային աշխատանքի հարթությունն է և այդ հարթության մեջ Իրանն ունի չափազանց կարևոր դերակատարություն»,-ասել է նա։
Նա նշել է՝ ակնհայտ է, որ իրանական կողմի համար 44-օրյա պատերազմի հետևանքներն ընդունելի չեն, քանի որ ի հայտ են եկել նոր մարտահրավերներ ու վտանգներ։
Ըստ Ոսկանյանի, ստեղծվել են որոշակի հնարավորություններ իրանական կողմի հետ ամրապնդելու ոչ միայն քաղաքական ու տնտեսական գործակցությունը, այլև այլ ոլորտներում՝ հակաահաբեկչական կամ ավելի լայն իմաստով Հայաստանի անվտանգության ապահովման ոլորտում։
------------------------------
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է այն հարցին, թե ինչպիսին էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։
-----------------------------------------
Իրանի խորհրդարանի հետազոտական կենտրոնի՝ «Հայաստանի ու Ադրբեջանի պատերազմն ու Իրանի իսլամական հանրապետության ազգային շահերը» թեմայով զեկույցում շեշտադրվել է, որ նոյեմբերի 10-ի համաձայնության 9-րդ կետի վերաբերյալ անորոշություն կա, քանի որ Հայաստանը խոսում է հաղորդակցման ուղիների բացման, իսկ Ադրբեջանը՝ միջանցքի ստեղծման մասին:
Նշվել է, որ եթե այդ միջանցքը գործարկվի, ապա ապրանքների և էներգիայի տեղափոխման համար Թուրքիան այդ ճանապարհն է օգտագործելու և ջանալու է հայ-իրանական սահմանը գործնականում անօգուտ սահմանի վերածել և կտրել Կովկասին Իրանի հասանելիությունը: Ընդգծվել է, որ եթե թյուրքախոս երկրների միջև ցամաքային կապ ապահովվի, ապա Իրանը դուրս կմնա Կենտրոնական Ասիայի ապրանքների և էներգիայի փոխադրման ու տարանցման գործընթացներից, գրում է Region Monitor-ը։
Ընդգծվել է, որ միջանցքի ստեղծումը, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի ցանկությունն է, որը արտահայտվում է Ադրբեջանի իշխանությունների միջոցով: Նշվել է, որ նման միջանցքի ստեղծումը կնպաստի Թուրքիայի տարածաշրջանային նպատակի իրագործմանը՝ Մեծ Թուրանի ստեղծմանը: Ընդգծվել է, որ Բաքուն միջանցքի ստեղծման համար բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել և այդ համատեքստում Հայաստանի սահմանին իրականացվող գործողությունները կարևոր են:
Եզրակացության մեջ նշվել է, որ Իրանը պետք է մեծացնի իր դերակատարումը հետևյալ միջոցներով՝
-Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների ամբողջացում,
-Ադրբեջանի և մասնավորապես՝ «ազատագրված տարածքների» հետ հաղորդակցական ուղիների ավելացում,
-Իրանի տարածքով Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության դյուրացում,
-Հայաստանի և Իրանի միջև ցամաքային ճանապարհի վերանորոգում և ամբողջացում:
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։
-------------------------------
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Նորդուզ սահմանային անցակետում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդիի գլխավորած պատվիրակության հետ:
Օրակարգում եղել են մի շարք աշխատանքային հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների միջև առևտրաշրջանառության զարգացման խթանման նպատակով Մեղրիի և Նորդուզ անցումային կետերում գործընթացների առավել դյուրին և սահուն իրականացմանը: Դիտարկվել է նաև երկու երկրների միջև ծագող խնդիրների արագ, արդյունավետ լուծման մեխանիզմների և հարթակների ստեղծման հարցը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկմանը վերաբերող հարցեր:
Հայ և իրանցի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների գործակցությունը, ինչը դրական կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման և խնդիրների առավել արագ լուծման գործընթացի վրա: Նախատեսվում է՝ երկու գործընկեր կառույցների մասնագետների տեսակոնֆերանսների միջոցով առավել մանրամասն քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև պարբերական դարձնել բարձր մակարդակի հանդիպումները՝ երկու բարեկամ երկրների մաքսային ծառայության ոլորտին առնչվող ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով:
-----------------------------
Մայիսի 25-ին նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար ՄոհամմադԷսլամին ստորագրել են փոխըմբռման հուշագիր՝ համաձայն որի պետք է իրականացվեն աշխատանքներ Հայաստանի և Իրանի միջև նոր ուղիղ չվերթների գործարկման ուղղությամբ։
Արդեն գործում է Երեւան-Թավրիզ-Երևան օդային հաղորդակցությունը՝ շաբաթը 2 անգամ հաճախականությամբ։
Սա կհեշտացնի քաղաքացիների տեղափոխումը եւ լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության ոլորտի ակտիվացման համար։
-----------------------------------
Վարդան Կոստանյանը նշանակվել է Իրանում Հայաստանի առևտրական կցորդ:
Առևտրական կցորդը պետք է Հայաստանի տնտեսվարողների շահերի պաշտպանությունն ապահովի իրանական շուկայում։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս տարվա ապրիլին էր առաջարկել, որ Հայաստանն Իրանում առևտրական կցորդ ունենա։