Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (28) Անտառների ոչնչացում՝ կենսաբանական տեսակների ոչնչացում
Հանուն Աստծո, ողջունում ենք Ձեզ սիրելի ունկնդիրներ: Եվս մեկ անգամ ձեզ հետ ենք լինելու «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցով: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք անտառների ոչնչացման մասին և նշեցինք, որ անտառների ոչնչացման ցավալի հետևանքներից է կենսաբանական տեսակների ոչնչացումը: Այսօրվա զրույցում առավել մանրամասն կանդրադառնանք այդ հարցին: Ընկերակցեք մեզ հաղորդման ընթացքում:
Անտառները աշխարհի կարևորագույն բնակավայրերն են, որոնք զբաղեցնում են երկիր մոլորակի՝ ծառերով, թփերով ու խոտերի տեսակներով ծածկված ցամաքային մասի մեկ երրորդը: Թեև անտառները զբաղեցնում են երկիր մոլորակի մակերեսի ընդամենը 6 տոկոսը, այնուամենայնիվ իրենց մեջ են ներառում բուսական ու կենդանական տեսակների գրեթե կեսը: Այդ պատճառով է, որ անտառները մեծ նշանակություն ունեն: Փորձագետների կարծիքով, գիտական առումով անտառների ստեղծման համար անհրաժեշտ է առնվազն 3000քմ տարածք կախված ծառերի տեսակից, միջավայրի պայմաններից և այլն: Անտառներում բուսական աշխարհը վայրի կենդանիների հետ միասին ստեղծել են մի տեսակ բուսական ու կենդանական համակեցություն:
Անտառում արտադրող հանդիսացող բույսերի և սպառող հանդիսացող կենդանիների և կազմալուծող մանր կենդանիների միջև կա փոխադարձ ու ամուր կենսական հարաբերություն: Անտառներում, մասնավորապես կուսական անտառներում, առկա են մեծ քանակությամբ կենսաբանական տեսակներ, որոնցից շատերը նույնիսկ մինչև այսօր շարունակում են անհայտ մնալ մեզ համար: Օրինակ Ամազոնի անտառները հանդիսանում են երկիր մոլորակում ճանաչված ամբողջ բուսական ու կենդանական տեսակների մեկ տասներորդ մասի բնակավայրը: Գիտնականները ենթադրում են, որ Ամազոնում առկա են շուրջ 40 հազար բուսական տեսակներ, 427 տեսակ կաթնասուններ, 1294 տեսակ թռչուններ, 378 տեսակ սողուններ, 427 տեսակ երկկենցաղներ և 3000 ձկան տեսակներ: Ցավոք, երկիր մոլորակի բնակլիմայի վրա անդառնալի ազդեցություններ թողնելուց բացի, անտառների ոչնչացումն այսօր բազմաթիվ վտանգների առաջ է կանգնեցրել բուսական ու կենդանական տեսակների գոյությունն ու կենսաբանական բազմազանությունը:
Գիտնականները նշում են, որ գյուղատնտեսության, անասնաբուծության և այլ տեսակի գործունեության համար հողատարածքների հարթեցման նպատակով ծառահատումների հետևանքով, անհետացման եզրին են հայտնվել անտառների ծառերի տեսակների ավելի քան կեսը: Բնության պահպանման միջազզգային միությունը հաստատել է այդ վտանգի առկայությունը Ամազոնի անտառների վերաբերյալ և հայտնել է, որ այդ միտումը շարունակվելու դեպքում անհետացման վտանգի եզրին կհայտնվեն Ամազոնի բուսական տեսակների 36-57 տոկոսը: Նշված գիտնականների հետազոտությունները իրականացվել են 5.5 մլն քկիլոմետր մակերեսով տարածքում, ներառյալ Բրազիլիայի, Պերույի, Կոլումբիայի, Վենեսուելայի, Էկվադորի, Բոլիվիայի, Սուրինամի, Գվինեայի և Ֆրանսիայի անտառներում: Ուսումնասիրելով մոտ 1500 անտառային գծապատկերներ, այս հետազոտությունները կանխատեսել են այն ծառատեսակներն ու դրանց քանակը, որոնք հավանաբար մինչև սույն դարի կեսերը կանհետանան: Չիկագոյի թանգարանից Էկոհամակարգերի պահպանման մասնագետ Նայջլ Պիտմանը նշում է. «Անհետացման վտանգի տակ գտնվող ծառերը այն տեսակներից են, որոնց պտուղից, սերմնահատիկից, ծղոտից ու բուժիչ հատկություններից են կախված Ամազոնի բնակչության կյանքը, ինչպիսիք են բրազիլական ընկուզենին ու արմավենին: Այս ծառատեսակները կարևոր դերակատարություն ունեն կլիմայի մեղմացման ու հողի կայունացման գործում: Նախկին ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ Ամազոնի անտառների մակերեսը նվազել է 12 տոկոսով և մինչև 2050թ. փոքրանալու է ևս 28 տոկոս»:
****************
Լոնդոնի «Իմպերիալ Քոլեջի» գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բրազիլիայում անտառահատումները ահավոր բացասական հետևանքներ են ունեցել Ամազոնի անտառների համար: Պատրաստելով անհետացման եզրին գտնվող տեսակների վիճակագրական մոդելը, նրանք եկել են այն եզրակացության, որ Ամազոնի արևելյան ու հարավային մասերում առկա է այն 38 տեսակ կենդանիների անհետացման հավանականությունը, որոնց բնակավայրերը կրճատվել են վերջին 30 տարիների ընթացքում անտառահատումների հետևանքով: Այս 38 տեսակը ներառում է 10 տեսակ կաթնասուններ, 20 տեսակ թռչուններ և 8 տեսակ երկկենցաղներ: Այն պայմաններում, երբ որոշ տեսակներ ոչնչանում են անմիջականորեն ծառերի ոչնչացման հետևանքով, դրանցից շատերը դանդաղ մահվան են դատապարտվում վերարտադրության նվազման և ուտելիքի հայթհայթման համար մրցակցության մեծացման պատճառով: Փորձագետների կարծիքով, արևելյան ու հարավային մասերը մյուս շրջանների համեմատ առվելի շատ վտանգի տակ են երկարաժամկետ անտառահատումների պատճառով: Բացի այդ, Ամազոնի սրտով է անցնում ավտոմայրուղին, ինչը ևս կարող է արագացնել տարբեր տեսակների անհետացումը: «Իմպերիալ Քոլեջի» գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ամազոնի կենսաբանական տեսակները փրկելու համար պետք է մինչև 2020թ. անտառահատումները կրճատվեն 80 տոկոսով:
Այս միտումը առկա է նաև աշխարհի մյուս վայրերի անտառներում: Ավստրալիայի «Ջեյմս-Քուք» համալսարանի դասախոս Վիլիամ Լորենսի կողմից վերջերս իրականացված հետազոտությունները, որոնք իրականացվել են աշխարհի բոլոր կետերի՝ Ամազոնից սկսած մինչև Աֆրիկայի ու Ավստրալիայի արևադարձային անտառների վերաբերյալ, վկայում են այն մասին, որ որքան բարձրանում է աշխարհի ջերմաստիճանը, նույնքանով մեծանում է անտառային տարբեր տեսակների կորուստը: Տաք հոսանքների ավելացումը նպաստել է բազմաթիվ կենդանի էակների մոտ հիվանդությունների տարածմանը, որոշ բուսատեսակների չորացմանն ու արդյունքում անտառներում հրդեհների բռնկմանն ու միլիոնավոր ծառերի ոչնչացմանը, որի հետևանքով օդում տարածվել է միլիարդավոր տոննա երկօքսիդի գազը: Քուքի կարծիքով, անտառների մակերեսի փոքրացումը ոչ միայն տարբեր բուսատեսակների մահվան պատճառ է դառնում, այլև նպաստելու է կենդանիների տեսակների կրճատմանն ու նրանց թվաքանակի 30 տոկոսի նվազմանը, որի պատճառով նրանք ավելի խոցելի են դարձել անհետացման վտանգի առջև: Օրինակ՝ Աֆրիկայի կիսաանապատային շրջաններում և Ասիայի որոշ հատվածներում բնակմիջավայրերի փոփոխությունը հաջորդաբար 65 և 67 տոկոսով վայրի բնության ոչնչացման պատճառ է դարձել:
*****************
Ջերմաստիճանի բարձրացման խնդրից բացի, անտառներում կենդանիների անհետացման պատճառներից մեկն էլ նրանց էկոհամակարգի աստիճանական կամ հանկարծակի ոչնչացումն է: Սա կարող է տեղի ունենալ կա՛մ կենդանու բնակմիջավայրի աղտոտման պատճառով, կա՛մ էլ կենդանու որսատեղի փոքրացման պատճառով: Երբեմն տվյալ տարածքում ավելի ուժեղ տեսակի որսորդ մտնելու պատճառով կենդանին այլևս ի զորու չի լինում գոյատևել ու անհետանում է: Բնակմիջավայրի աղտոտումը ևս կարող է ինչ-որ շրջանում մի տեսակի ամբողջական ոչնչացման պատճառ դառնալ և այդ գործընթացը կարող է տեղի ունենալ արագորեն կամ ժամանակի ընթացքում: Մարդը անտառներում իր միջամտություններով ու անտառների մակերեսի կրճատմամբ տարբեր տեսակների անհետացման գործընթացը արագացրել է իրենց նորմայից 1000-10000 անգամ, քանի որ ոչնչացման վտանգի առջև են կանգնած բոլոր այն էկոհամակարգերը, որոնք կախված են անտառային էկոհամակարգերից: Փաստերը վկայում են՝ որտեղ ոչնչացվել են անտառները, ոչնչացվել են նաև գետերը, որոնք կորցրել են իրենց բնապահպանական գործառույթը:
Գիտնականների կարծիքով, կենսաբանական տեսակների ոչնչացման էական վտանգներից է հիվանդությունների տարածումը: Հետազոտողները ենթադրում են, որ երբ ոչնչանում են բուֆերային կոչվող տեսակները, շատանում են նաև հիվանդությունները: Բուֆերային տեսակները նրանք են, որոնք պարբերաբար որսից վերածվում են գիշատիչ որսորդի և հակառակը: Երեք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ որոշակի շրջանում փոքր կաթնասուն տեսակների կրճատմամբ մեծացման միտում է ստանում կենդանիների մոտ մի տեսակ վիրուսի տարածումը, որը մարդկանց մոտ էլ առաջացնում է տարբեր տեսակի մահացու թոքային ինֆեկցիաներ: Օրինակ Ամերիկայի Օրեգոնի շրջանում կաթնասունների տեսակների կրճատմամբ, մի տեսակ մկների մոտ այդ վիրուսի տարածումը 2 տոկոսից բարձրացավ 14 տոկոսի: Իհարկե, գիտնականները իրենց հետազոտություններում եկել են նաև այն եզրահանգման, որ վայրի բնության հետ անմիջական շփումը, որը հիմնականում իրականացվում է կենդանիների անօրինական առևտրի տեսքով, ևս կարող է կենդանիներից դեպի մարդկանց հիվանդությունների փոխանցման պատճառ լինել:
Այսպիսով կարելի է ըմբռնել անտառների նշանակությունը կենսաբանական տեսակների պահպանման հարցում: ՄԱԿ-ի տեղեկատվական կայքը ևս անտառների կարևորագույն գործառույթներից է համարել կենսաբանական տեսակների պահպանումը, մինչդեռ բազմաթիվ զարգացող երկրներում անտառները զոհաբերվում են հանուն իրականացվող նախագծերի, որովհետև դրանց ղեկավարները կարծում են, որ անտառը միայն ծառակույտ է, որից մի ծառ հատելու դեպքում կարելի է այն վերականգնել նոր ծառի տնկմամբ, մինչդեռ ծառահատումը բուսական ու կենդանական տեսակների բնակմիջավայրի ու նրանց ոչնչացման պատճառ է դառնում, տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն դերն ու ազդեցությունն ունի կենսաբանական ցիկլում: Հետևաբար, եթե մենք ցանկանում ենք կանխել կենսաբանական տեսակների ոչնչացման ու երկիր մոլորակի ջերմաստիճանի բարձրացման միտումը, ապա պետք է դադարեցնենք անտառահատումները, հակառակ դեպքում այս խնդիրն անդրադարձ կունենա բոլորիս կյանքի որակի վրա: Անտառների կայուն կառավարումը աշխարհում կայուն զարգացման, աղքատության նվազման ու կայուն բնակլիմայի հիմնաքարն է:
***************
Սիրելի բարեկամներ, մոտենում ենք այսօրվա հաղորդման ավարտին: Մինչ հաջորդ հաղորդում, որի ընթացքում կքննարկենք ժամանակակից աշխարհի մեկ այլ բնապահպանական խնդիր, հրաժեշտ ենք տալիս Ձեզ: