Շաբաթվա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ։
Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո, իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ, ՀՀ վարչապետը նշել է, որ Երևան-Թեհրան հարաբերությունները վաղեմի ու ամուր հարաբերություններ են:
ԻԻՀ-ի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ Թեհրանում կայացած հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Իրանի ու Հայաստանի փոխադարձ ու վաղեմի բարեկամությունը և պատմական ու մշակութային սերտ հարաբերությունները ամուր հիմքեր են համագործակցությունների առավել ընդլայնման համար»:
Օգոստոսի 5-ին, Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունից հետո, Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Իրանի նախագահի հետ:
ԻԻՀ 8-րդ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ հինգշաբթի օգոստոսի 5-ին՝ աշխարհի 73 երկրներից ժամանած քաղաքական ու ռազմական ոլորտների 115 պաշտոնյաների ներկայությամբ:
--------------------------------------
Մեզ համար միանշանակ ընդունելի է նաեւ սադրիչ գործողություններից եւ հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։ Այս մասին օգոստոսի 12-ին, Կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե բարձր, թե բարձրագույն մակարդակում. «Մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների։
ՀՀ Վարչապետը նշեց, որ թշնամության եւ թշնամանքի մթոնոլորտի հետագա խորացում մեր տարածաշրջանում անթույլատրելի է: «Մենք տարածքներ նվաճելու որեւէ մտադրություն չունենք, մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»,-եզրակացրեց Նիկոլ Փաշինյանը։
-------------------------------------------
ՀԱՊԿ ներկայացուցիչներին մտահոգում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին զինված միջադեպերի աշխարհագրության ընդլայնումն ու դրանց հաճախակիացումը:
Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպումից հետո:
«Իհարկե, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը, որոնց մասին խոսում եք, սպառնում են Հայաստանի անվտանգությանը: Եթե խոսում ենք խնդրի լուծման ուղիների մասին, կարծում ենք, որ իրավիճակի քաղաքական լուծման հնարավորությունները սպառված չեն: Իրականում դա կլիներ լավագույն տարբերակը բոլորի համար», - Զայնետդինովը մեջբերել է Զասի խոսքերը:
Զասը շեշտել է, որ առաջացած լարվածությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի եւ ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անվտանգության վրա: Այն բարդացնում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը:
«Ստանիսլավ Զասը նաեւ ընդգծեց, որ անդամ երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովումը ՀԱՊԿ-ի առանցքային առաջնահերթություններից է»,- նշել է Զայնետդինովը:
«Ընդգծվեց, որ առաջացած լարվածությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի անվտանգության վրա եւ ընդհանուր առմամբ կազմակերպության պատասխանատվության ոլորտում է ու բարդացնում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի խաղաղ պայմանավորվածությունների կատարումը»,- ասել է նա:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի նախապատրաստման ընթացքը եւ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստումը Դուշանբեում եւ կազմակերպությունում նախագահության առաջիկա փոխանցումը Հայաստանին:
Մասնավորապես, նշվել է, որ 2022-ը կազմակերպության համար հոբելյանական տարի է: «Այս կապակցությամբ, Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում մենք նախատեսում ենք որոշում ստորագրել «Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի մասին»,- Զասի խոսքերը մեջբերել է մամուլի քարտուղարը։ Նախատեսվում է նաեւ այլ փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը:
---------------------------------------
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի անվտանգության հայեցակարգային մոտեցումներին և սահմանների մասին կատարած անդրադարձի կարևոր դրույթներին։
---------------------------------------
Վերջին մի քանի օրում Հայաստանը և Ռուսաստանը ակտիվ համագործակցության մեջ են անվտանգության ոլորտում:
Նախ՝ օգոստոսի 9-ին և 10-ին կառույցի գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասը, ՀԱՊԿ-ի դեմ ուղղված քննադատությունների ֆոնին, այցելեց Հայաստան: Ինչպես որ ակնկալվում էր, Զասը որևէ կտրուկ հայտարարություն չարեց՝ կապված Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած Ադրբեջանի հասցեին` բավարարվելով ընդամենը նախկինում ևս հնչող ֆորմալ հայտարարություններով: Չնայած դրան, բավականին կոշտացել էր հայկական կողմի հռետորաբանությունը: Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ նախարարը Զասին ասել է, որ նրա այցելությանը սպասում էին դեռ մայիսին, որն այդպես էլ տեղի չունեցավ:
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ընթացքում Շոյգուն շեշտել է, որ «Հայաստանը անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է Հարավային Կովկասում», որին ի պատասխան՝ Կարապետյանը նշել է, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որն անվտանգության առումով իրապես շոշափելի արդյունք է տալիս հայ ժողովրդին եւ այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններին։
---------------------------------
Հայաստանը հետ է կանչել օկուպացված Պաղեստինում իր դեսպանին:
Երևանից ԻԻՀ ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, հղում անելով ՀՀ նախագահի գրասենյակին, հաղորդել է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ՝ Պաղեստինում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը հետ է կանչվել:
Սմբատյանը Իսրայելում Հայաստանի դեսպանն է 2018 թվականից: Նշվում է, որ այս որոշման պատճառը Լեռնային Ղարաբաղի 44 -օրյա պատերազմում Ղոդսն օկուպացրած ռեժիմի ներգրավվածությունն էր՝ ի շահ Ադրբեջանի և մեծ թվով անօդաչու թռչող սարքերի վաճառքը Բաքվին:
--------------------------------
Ադրբեջանական կողմի այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է հայկական զորամիավորումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից, բացահայտ կեղծիք է։ Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տարածած հայտարարության մեջ, ըստ որի, վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն ակտիվացրել են իրենց սադրիչ գործողությունները ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այնպես էլ ԼՂ-ի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ։ «Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումների մեջ, իսկ մյուս կողմից բացահայտ կերպով խեղաթյուրում է հենց նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
ՀՀ ԱԳ նախարարությունը հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հայկական զորամիավորումների դուրսբերումը նախատեսված է միայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, որոնք հստակորեն մատնանշված են հայտարարությունում։ «Հայկական կողմն ամբողջովին կատարել է հայտարարության այս կետերը՝ մինչդեռ Ադրբեջանը սրան արձագանքել է այդ նույն տարածքներից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և այնտեղ ապօրինի տեղակայմամբ»,-հավելել է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում հայկական կողմին մեղադրում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման մեջ, հերթական անգամ սպառնալիքներ հնչեցնելով ու նաև պահանջներ ներկայացնելով ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահներին ։