Օգոստոս 22, 2021 06:15 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։

 

Հայաստանում Իրանի մշակութային կցորդության և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի համագործակցությամբ առաջիկա հոկտեմբերին Մեղրիում տեղի են ունենալու Իրանի մշակույթի ու արվեստի օրեր:

Հայաստանում Իրանի մշակութային կցորդ Սեյեդ Հոսեյն Թաբաթաբաիի հետ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանի հանդիպման ժամանակ քննարկվել են մշակութային համատեղ ծրագրերի անցկացման հետ կապված հարցեր:

Իրանի մշակութային կցորդության վայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանն այս կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի դահլիճը համապատասխան սարքավորումներով օժտելու գործին ցուցաբերած աջակցության համար իր երախտագիտությունն է հայտնել Իրանի մշակութային կցորդությանը:

 Նա նաև հավելել է, որ երեք շաբաթ առաջվանից ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և հիշյալ կենտրոնի միջոցով կազմակերպված Մեղրիի մանուկների ու պատանիների վերապատրաստման դասընթացների ավարտին նույն դահլիճում ռուսերեն թարգմանությամբ ցուցադրվելու է իրանական «Բացարձակ միայնակ» ֆիլմը:

Իրանի մշակութային կցորդ Թաբաթաբաին այս հանդիպման ժամանակ կարևորելով Սյունիքի մարզի և Մեղրի քաղաքի աշխարհաքաղաքական նշանակությունն ուշագրավ համարեց այդ մարզում  մշակութային արդյունավետ աշխատանքների իրականացման հնարավորությունը:

Նա անդրադառնալով Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին առաջարկեց Իրանի մշակութային կցորդության աջակցությամբ նոր սարքավորումներով օժտված այդ կենտրոնի սրահի պաշտոնական բացման և իրանական մի անունով անվանակոչվելու հանդիսության հետ միաժամանակ Իրանի մշակույթին, արվեստին ու կինոյին նվիրված օրեր կազմակերպել, ինչն ընդառաջվեց կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանի կողմից:

Այդ ծրագրի շրջանակներում մանուկների ու պատանիների համար իրանական ֆիլմերի ցուցադրմանը զուգահեռ կազմակերպվելու են իրանական մշակույթին նվիրված ցուցահանդեսներ ու դասընթացներ:

 

 

Հայ գիր ու գրականությանը նվիրված Իրանահայ հանրածանոթ բանաստեղծ Ալմինը՝ բուն անունով Ալբերտ Մինասյանը, քովիդ 19 վարակի պատճառով, իր մահկանացուն կնքեց շաբաթ, օգոստոսի 14-ին։

Ալմինը ծնվել է 1952թ. Թեհրանում: Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում:

Սկսել է գրել դեռ պատանի հասակից: Ալմինի բանաստեղծությունների առաջին գիրքը «Տրոփյուններ»-ը լույս է տեսել 1976թ. Թեհրանում: Այնուհետև նա հրատարակել է «Լուսարբություն», «Սիրանյութ», «Եվ եղեվ Լույս», «Իմ Մանկական գիրքը», «Աստղացոլքեր», «Դուք ինձ կհիշեք», «Անծանոթներիս», «Խաղաղությունը կանաչ մարգերի», «Անմոռուկների դարը» և «Շքեղանք բանաստեղծության» ժողովածուները: 1990թ. շահել է գրական մրցանակ: 2000 թ. պարգևատրվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Ալմինը 35 տարի, որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ, դասավանդել է Թեհրանի հայկական դպրոցներում և սերունդներ դաստիարակել։

Ինչպես գրականագետ Սամվել Մուրադյանն է ասում՝ Ալմինի բանաստեղծական ըմբռնումով՝ կյանքը հավիտենական ու հարահոս գնացք է, որի տարբեր կանգառներում ու կայարաններում իջնում ու բարձրանում են ուղևոր մարդիկ։ Ոմանց իջնելու ժամանակն է, ոմանց բարձրանալու:

 

 

Իրանցի կինոռեժիսոր Մարզիե Մանդեգարի նկարահանած՝ «Գաղթականը» կարճամետրաժ կինոն ընդգրկվել է Հայաստանի մեկ կադր Կարճ Ֆիլմերի միջազգային փառատոնի ցուցակում. հաղորդում է Mehrnews.com-ը:

«Մեկ կադր» կինոփառատոնն աջակցում է Հայաստանում անկախ, հեղինակային կինոարտադրության զարգացմանը: Փառատոնում նկարահանման տեխնիկայի, կրիչի սահմանափակումներ չկան:

Ֆիլմերը կարող են նկարահանվել հնարավոր բոլոր միջոցներով` բջջային հեռախոսից մինչև ժամանակակից թվային տեխնիկա, կինոժապավեն:

Փառատոնի մրցութային անվանակարգերն են. «Մեկ կադր - մեկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի»:

 

 

Հայաստանում կանցկացվի ժամանակակից պարի առաջին միջազգային ամառային փառատոնը, որի առաքելությունն է Հայաստանում ժամանակակից պարի տարածումը։

Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ արվեստի այս ճյուղն առայժմ այնքան էլ տարածված չէ Հայաստանի մշակութային ներկապնակում, սակայն վերջին տարիներին արդեն իսկ նկատելի են ոլորտի զարգացման միտումները։

«Ժամանակակից պարի փառատոնը կարևոր քայլ կդառնա Հայաստանում նոր՝ յուրահատուկ և որակյալ նախագծերի առաջացման և հանրապետության մշակութային կյանքում ժամանակակից պարի կարևորման գործում»,-նշում են կազմակերպիչները։

SumMeet փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական հայտնի թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։ Մասնագետներին և բոլոր հետաքրքրվածներին սպասում են նաև վարպետաց դասեր, հայտնի արտիստների հետ հանդիպումներ, կլոր սեղաններ, եվրոպական և ռուսական համույթների ելույթներ և զանազան այլ միջոցառումներ մայրաքաղաքի բեմերում և թանգարաններում։

 

 

Օգոստոսի 14-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) և «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատ»- ի կողմից՝ ՀԿ-ի համահիմնադիր-նախագահ Ռանանջայ Անանդի և Պալատի համահիմնադիր Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով:

Հեղինակներն անդրադարձել են Մհեր Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումներին: Ֆիլմը մեզ հնարավորություն կտա արտիստին ճանաչել նաև այլ տեսանկյունից: Ներկայացվել են այնպիսի փաստեր և դրվագներ, որոնց մասին դեռ երբևէ չի խոսվել: Ֆիլմը նվիրվում է Հնդկաստանի անկախության ձեռք բերման 75 և «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10 ամյակներին: Ծրագիրն իրականացվել է է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:

 

 

Իտալիայում Օգոստոսի 2-ին կայացած «Citta di San Dona di Piave» դաշնակահարների միջազգային մրցույթում պատանի  հայ դաշնակահար Հայկ Ջուլհակյանն արժանացել է առաջին մրցանակի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ միջազգային մրցույթին մասնակցել է 236 դաշնակահար՝ աշխարհի 34 երկրից։

Հայկ Ջուլհակյանը Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի սան է,  «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ։

Վերջին եռամսյակում Հայկ Ջուլհակյանն Օդեսայում արժանացել է նաև «Music Olymp» միջազգային մրցույթի առաջին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում կայացած «Medici» միջազգային մրցույթի երկրորդ մրցանակներին։

«Մեկնարկ» տաղանդի զարգացման ծրագրի անդամները տարբեր ժամանակներում լուրջ հաջողություններ են գրանցել միջազգային  մրցույթներում:

 

 

Շատ Տոներ, ծնվելով որևէ երկրում և ունենալով ազգային կարգավիճակ, ժամանակի ընթացքում դարձել են միջազգային (թեկուզ ոչ պաշտոնական), շնորհիվ այն բանի, որ դրանց ժողովրդականությունը տարածվել է պետության սահմաններից դուրս։

Օգոստոսի 9-ին նշվեց Գրքի սիրահարների համաշխարհային տոնը։ Հայտնվելով Ամերիկայում՝ տոնը գրեթե անմիջապես երկրպագուներ ձեռք բերեց աշխարհի այլ մասերում՝ դառնալով Գրքի սիրահարների համաշխարհային օր:

Հարկ է նշել՝ ընթերցանության սերը, որը ձևավորվել է տարբեր ձևերով, բայց պահպանվել է տարբեր ժողովուրդների ավանդույթների մեջ, առաջացրել է միջազգային կարգավիճակի մի քանի տոներ՝ նվիրված գրքին՝ որպես մշակութային եզակի երևույթ:

Այս տոնը նշում են գրողները, բանաստեղծները, հրատարակիչները, տպարանները, գրախանութներն ու կրպակները։

 

Պիկասոյի մոտ 11 աշխատանք աճուրդի կհանվի հոկտեմբերին:

Ընդհանուր արժեքը գնահատվում է 100 մլն դոլար:

Աճուրդը նվիրված է նկարչի 140-ամյակին:

Աճուրդը կկայանա հոկտեմբերի 23-ին Լաս Վեգասում  Bellagio հյուրանոցում: 

 

 

Ռուսական Պետական պատմական թանգարանն աշնանը կբացի երկու ցուցահանդես՝ նվիրված Ռուսական կայսրության 300-ամյակին, որոնցից մեկը Ռոմանովների դինաստիայի մասին է։ Այս մասին հայտնել է թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լևիկինը, գրում է Ռիա Նովոստի-ն։

«Սեպտեմբերին մենք բացելու ենք Ռոմանովների դինաստիային նվիրված ցուցահանդես», - ասել է նա:

Երկրորդ ցուցահանդեսը, որն ունենալու է «Կայսրություն» խորագիրը, բացվելու է նոյեմբերի 1-ին:

«Այն բացվելու է պետական պատմական թանգարանի ցուցահանդեսային համալիրում: Ներկայացվելու է ռուսական կայսրությունը կազմող տարբեր ժողովուրդների տարբեր ասպեկտներ, տարբեր երանգներ և պատմություններ: Սա մեզ համար չափազանց կարևոր և հետաքրքիր գործընթաց է»,- ասել է Լևիկինը: