Օգոստոս 26, 2021 04:08 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո։ Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Մոմենուն  սուրահի 63-րդ այա․

 

بَلْ قُلُوبُهُمْ فِی غَمْرَةٍ مِّنْ هَذَا وَلَهُمْ أَعْمَالٌ مِن دُونِ ذَلِکَ هُمْ لَهَا عَامِلُونَ

Նրանց սրտերը անտեղյակ են այս (ճշմարտության) մասին, և նրանք դրանից բացի այլ (սխալ) արարքներ են կատարում:

 

Այս այան ասում է, որ նյութապաշտությունն այնքան է պարուրել որոշ մարդկանց, որ նրանք մոռացել են Աստծուն և անգամ չեն մտածում, թե ինչ է լինելու մահից հետո: Բնականաբար, նման մարդկանց արարքները տարբերվում են հավատացյալների արարքներից: Նրանք իրենց վատ արարքների համար ոչ միայն վատ չեն զգում, այլ հպարտանում են:

 

Այս այաներից սովորում ենք․

1. Եթե մարդը չճանաչի ճշմարտությունը, կմոլորվի։

2. Մարդու վարքագիծը փոխվում է, երբ նա չի հրաժարվում իր սխալ արարքներից: Այդպիսով նա գերի է դառնում իր սխալ վարքագծին։

 

Մոմենուն  սուրահի 64 և 65-րդ այաներ

حَتَّى إِذَا أَخَذْنَا مُتْرَفِیهِم بِالْعَذَابِ إِذَا هُمْ یَجْأَرُونَ

لَا تَجْأَرُوا الْیَوْمَ إِنَّکُم مِّنَّا لَا تُنصَرُونَ

Մինչև հասնի այն ժամանակը, երբ նրանց մեծամեծները, ենթարկվելով մեր վրեժխնդրությանը, բարձրաձայն աղաղակեն:

Այն ժամանակ նրանց ասվելու է. «Լռեցեք, քանի որ ձեր աղաղակներից այլևս օգուտ չկա»:

 

Անհավատները շարունակում են իրենց չարագործությունները, մինչև իջնում է  աստվածային պատիժը: Նրանք, որ ապրում էին բարիքների մեջ, կորցնում են իրենց հարստությունն ու հանգիստը և բողոքում են դրա համար: Սակայն այդ բողոքն անօգուտ է և վերադարձի ճանապարհ չկա: Ոչ ոք չի կարող կանգնել Աստծո զայրույթի դեմ, իսկ Աստված նրանց նկատմամբ գթություն չի ցուցաբերելու

 

Այս այաներից սովորում ենք․

1. Նյութապաշտությունը պատճառ է դառնում, որ մարդը երբեք չկարողանա հրաժարվել աշխարհիկ կյանքից։

2. Աստվածային պատիժը հիմնված է արդարության վրա: Ուրեմն հանցավորները չպետք է սպասեն, որ Աստված իրենց աջակցի։

 

Մոմենուն  սուրահի 66 և 67-րդ այաներ

قَدْ کَانَتْ آیَاتِی تُتْلَى عَلَیْکُمْ فَکُنتُمْ عَلَى أَعْقَابِکُمْ تَنکِصُونَ

مُسْتَکْبِرِینَ بِهِ سَامِرًا تَهْجُرُونَ

 

Ժամանակին Իմ պատվիրանները կարդացին ձեզ համար, սակայն դուք մերժեցիք ու դեպի ետ գնացիք:

 

Հպարտությունից կուրացած՝ դուք հանցավոր խոսքեր արտասանեցիք գիշերվա խավարում:

 

Այս այաների համաձայն, անհավատները ոչ թե տգիտությունից կամ հիմարությունից, այլ գիտակցաբար են անհավատ դարձել: Երբ մարգարեն աստվածային այաները փոխանցում էր նրանց, այդ մարդիկ չէին լսում նրան և նույնիսկ փորձում էին վարկաբեկել: Բնականաբար, նման գոռոզամիտ ու ապստամբ մարդիկ արժանանալու են Աստծո պատժին: Այլ խոսքով, նրանք հնձում են այն, ինչ ցանել են։

Այս այաներից սովորում ենք․

1. Գոռոզամտության հետևանքով, մարդը կորցնում է ճշմարտությունը լսելու ունակությունը։

2. Նրանք, ովքեր մարգարեի հրավերը մերժելու համար չունեն տրամաբանական պատճառ, դիմում են հերյուրանքների և փորձում վարկաբեկել մարգարեներին։

 

Մոմենուն  սուրահի 68 և 69-րդ այաներ

 

أَفَلَمْ یَدَّبَّرُوا الْقَوْلَ أَمْ جَاءهُم مَّا لَمْ یَأْتِ آبَاءهُمُ الْأَوَّلِینَ

أَمْ لَمْ یَعْرِفُوا رَسُولَهُمْ فَهُمْ لَهُ مُنکِرُونَ

 

Արդյո՞ք նրանք չեն խորհել այս Խոսքի (վեհության) մասին:Մի՞թե այն, ինչ նրանց համար ուղարկվել է, չի ուղարկվել իրենց նախորդների համար:

 

Չե՞ն ճանաչում իրենց Մարգարեին և ինչու՞ են ուրանում նրա առաքելությունը:

 

Այս այաներն ասում են, որ իրականում, իսլամի մարգարեի ընդդիմադիրները չեն խորհել այս գրքի մասին, որտեղ Աստծո խոսքն է գրված: Հակառակ դեպքում, նրանք կհասկանային, որ այս գիրքը նման է  մյուս մարգարեների գրքերին: Նրանք ծանոթ են Հնգամատյանին ու Ավետարանին և գիտեն, որ այդ գրքերում մարդկանց կոչ է արվում լինել աստվածապաշտ ու բարի գործ անել: Եվ երբ իսլամի մարգարեն նման կոչ է անում, դա նոր խոսք չէ:  Իսլամի մարգարե Մուհամմեդն ապրել է մարդկանց մեջ, ուստի մարդիկ գիտեին նրան ու գիտեին, թե որքան բարի անձնավորություն է նա: Նրան անվանում էին Ամին, ինչը նշանակում է վստահելի մարդ: Ուրեմն ինչպես կարելի է  այս ամենից հետո հրաժարվել նրա հրավերից ու նրան ստախոս անվանել։

 

Այս այաներից սովորում ենք․

1. Աստված նախատում է անհավատներին, նրա համար, որ  նրանք խորապես չեն ուսումնասիրում Ղուրանը։

2. Բոլոր աստվածային մարգարեների հրավերը նույնն է եղել: Ուրեմն անիմաստ է հետևել մի մարգարեի և ժխտել մյուսին։