Իրանահայ հանրահայտ գործիչներ(20.Տիգրան Պողոսյան)
Իրանահայ բանաստեղծ, թարգմանիչ և վաստակավոր ուսուցիչ Տիգրան Պողոսյան․
Լինում են պահեր, երբ կյանքը մի պահ կորցնում է իմաստը: Լինում են պահեր, որ մարդ հոգնում է իր շրջապատից, հոգնում է կրկնվող առօրյաից, չվերջացող դժվարություններից և առհասարակ ամեն ինչից: Երբեմն վիճակն այնքան է խորանում, որ մարդն զգում է հասել է վերջակետի և ոչ մի բան չի կարող օգնել իրեն: Բայց հենց այդ դժվար պահերին, երբ հանկարծ հիշում է ընկերներին ու բարեկամներին, և հիշում է նրանց հետ անցկացրած տխուր և ուրախ օրերը, կյանքը նորից վերագտնում է իր իմաստը: Մարդն այդ պահին հասկանում է, որ սիրում է կյանքը, սիրում է ու կարոտում կյանքում միասին ճամփա կտրած ընկերներին, բարեկամներին: Ու թեկուզ շատ վաղուց նրանց ասած մի լավ խոսքը, խրատը կամ հորդորը դառնում է սպեղանի կյանքից հոգնած վիրավոր սրտին: Նորից լցվում է կյանքով ու նոր եռանդով ժպտում է կյանքին, աշխարհին ու ամեն մեկին:
Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Իրանահայ հանրահայտ գործիչներ հաղորդաշարի այս համարը նվիրված է իրանահայ բանաստեղծ, թարգմանիչ և վաստակավոր ուսուցիչ Տիգրան Պողոսյանին:
***
Տիգրան Պողոսյանը ծնվել է 1946թ. Իրանի հարավում գտնվող հայահոծ Մասջեդ-Սոլեյման քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում: Բարձրագույն կրթությունը ստացել է Սպահանի պետական համալսարանում: 1970թ. ավարտել է նույն համալսարանի հայագիտական ֆակուլտետը:
1970-96թթ. եղել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ահվազի և ապա Թեհրանի հայկական դպրոցներում:
1982 թվականից ի վեր Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամում պաշտոնավարել է, որպես թարգմանիչ,հաղորդավար և գլխավոր խմբագիր։
Նրա քերթվածներից ու թարգմանություններից լույս են տեսել «Ալիք» օրաթերթում և նրան կից գրական հանդեսում, սփյուռքյան ու հայաստանյան տարբեր թերթերում, և Իրանի պարսկերեն մամուլում:Նա ներկայացվել է նաև «Սփյուռքահայ արդի գրականություն» (1994թ․, ԱՄՆ,Բ հատոր),«Իրանահայ դարավերջի գրողներ»(1999 թ․Թեհրան),«Նայիրի» տարեգրքի (Ա և Բ հատորներ,2004 և 2008թթ․)հատորներում,«Արդի հայ քնարերգություն» Երևան,ՀԳՄ հրատարալչություն,2010 թ․,Բ հատոր:
2014 թվականին Տիգրան Պողոսյանը պարսկերենի է թարգմանել բանաստեղծ Հովիկ Հովեյանի «Քամիների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն։ Այս գրիքը հրատարակել է «Աֆրազ» հրատարակչությունը։
Տիգրան Պողոսյանը գրական ասպարեզ է մտել ուսանողության տարիներին 1968-69թթ.: Ինչպես ինքն է ասում գրական ասպարեզ է եկել Տերյանի միջոցով: Տիգրան Պողոսյանի գրչին պատկանող ստեղծագործությունները տպագրվել են Իրանում, Հայաստանում և սփյուռքյան գաղթօջախներում լույս տեսնող գրական թերթերում ու հանդեսներում: Տիգրան Պողոսյանի առաջին բանաստեղծությունը եղել է սիրային բանաստեղծություն, մի թեմա որին հետագայում նա ավելի քիչ է անդրադարձել:
Տիգրան Պողոսյանի բնութագրմամբ գրիչ շարժողները սկզբում հակվում են դեպի սիրային բանաստեղծությունները և կարծեք դա լինում է գրական դաշտ մտնելու շարժառիթը, բայց երբ ավելանում է նրանց կյանքի փորձը նրանց հուզում է այլ թեմաներ: Նրանք սկսում են մտածել կյանքի փիլիսոփայության մասին և նրանց հուզում է մարդկային կյանքը, աշխարհը և մարդ արարածն առհասարակ: Իհարկե դա չի նշանակում, որ 60 կամ 70 տարեկան բանաստեղծը այլևս չի փորձի գրել սիրային բանաստեղծություններ:
Այն մասին թե, Տերյանից բացի հայ գրականության ո՞ր դեմքերին է ավելի շատ սիրել ու կապ հաստատել նրանց ստեղծագրոծությունների հետ, Տիգրան Պողոսյանը այսպես է ասել.
Ստեղծագործողներից ամեն մեկի մոտ տարբեր կերպերով է առաջանում իրենց մտքերը թղթին տալու և հավերժացնելու կամքն ու ցանկությունը: Բանաստեղծը կամ արձակագիրը ինչ-որ թեմայի անդրադառնում է այն ժամանակ, երբ իր մեջ հասունանում է այդ ասելիքը: Տիգրան Պողոսյանը իր ստեղծագործական կյանքում այս երևույթը այսպես է բացատրում.
Շատերի համար հարց է առաջանում, թե ո՞րն է լավ ու հաջողված ստեղծագործությունը, լինի դա բանաստեղծություն կամ էլ արձակ: Իհարկե տարբեր կարծիքներ են հնչում այս հարցի շուրջ, սակայն Տիգրան Պողոսյանը այս հարցն այսպես է բացատրում, որ լավ ստեղծագործության մեջ անպայման ինչ-որ տեղ առկա է լիարժեք կյանքի նկատմամբ անսահման սերն ու կարոտը: Սերը և կարոտը երկու կարևոր ազդակներ են, իսկ այս սերն ու կարոտը որքան բաների վրա կարող են տարածվել:
Տիգրան Պողոսյանը հիշում է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» հոյակապ ստեղծագործությունը և անդրադառնում է այն խնդրին, որ այս փոքրածավալ բանաստեղծության մեջ ինչպես է դրսևորվել, մարմնավորվել, ու տարածվել բանաստեղծի սերն ու կարոտը, սկսելով «Արևահամ բառից» մինչև Նարեկացի, Քուչակ և այլն: Իսկ թե ինչեր են անհրաժեշտ որևէ բանաստեղծություն գրելու համար Տիգրան Պողոսյանը այսպես է ասում.«Բանաստեղծին պետք են նախ և առաջ Աստվածատուր, բնատուր տաղանդն ու ձիրքը, ապա իր գործի հանդեպ հավատքը և սերը իր ստեղծագործության նկատմամբ, որպեսզի կարողանա այդ խմորը այնպես հունցել և թխել այդ բուրումնավետ ու ախորժալի հացը, որ հակառակ դեպքում եթե չլինեն այդ բաները թերևս այդ հացը պետք է կուտտ գնա»:
Տիգրան Պողոսյանը նաև հիշում է Բելինսկու արտահայտությունը.
Ինչպես ասացինք Տիգրան Պողոսյանը զբաղվում է նաև թարգմանությամբ: Նրա կարծիքով թարգմանությունը ավելի կարևոր գործ է քան հեղինակային ստեղծագործությունը, որովհետև հեղինակային ստեղծագործությունը լավ, միջակ թե վատ գրվում է անկախ դրանից թե դա իր տեղը կգտնի թե ոչ, բայց թարգմանության դեպքում թարգմանիչը նախ պետք է տիրապետի երկու լեզուներին՝ թարգմանվող ու ելակետային լեզվին և հետո թարգմանության գործն ունի բազում նրբություններ, որոնց մասին նա այսպես է ասում.
Տիգրան Պողոսյանն այն սակավաթիվ թարգմանիչներից է, որ թարգմանում է և՛ հայերենից պարսկերեն և՛ պարսկերենից հայերեն: Թե այս երկուսից որն է ավելի բարդ նա բացատրում է, որ երկուսն էլ ունեն իրենց դժվարությունները և նրբությունները հիմնականում թարգմանչի համար այս խնդիրը կախված է նրանից, որ ինքը որ լեզվին է ավելի լավ տիրապետում և բնականաբար մեկնակետ լեզվից այլ լեզու թարգմանելը ավելի դյուրին կլինի թարգմանչի համար: Տիգրան Պողոսյանն ասում է, որ թարգմանության աշխարհը տքնանք է պահանջում: Պետք է ապրես դրա հետ, պետք է ժամ առ ժամ զարգանաս դրա հետ և գտնես գաղտնիքներն ու նրբությունները, նրբությունները շատ կարևոր են»:
Բարեկամներ Տիգրան Պողոսյանը ինչպես սկզբում ասացինք երկար տարիներ եղել է հայերեն ռադիոժամի գլխավոր խմբագիրը: Հայերեն ռադիոժամում նրա հետ աշխատած գործընկերները խոստովանում են, որ այդ տարիներին իրոք շատ բան են սովորել պարոն Տիգրան Պողոսյանից: Հայերեն ռադիոժամում նրա աշխատանքը ավելի շատ նմանվում էր ուսուցչի աշխատանքին, սովորեցնում, ուղղում, խորհուրդներ էր տալիս ու քաջալերում մյուս թարգմանիչ ու կրտսեր գործընկերներին: Բարեկամներ Տիգրան Պողոսյանը ներկայումս ապրում ու շարունակում է ստեղծագործել Թեհրանում:
Այժմ առաջարկում ենք լսել Տիգրան Պողոսյանի բանաստեղծություններից ու թարգմանություններից մի քանիսը, իր իսկ կատարմամբ: