Շաբաթվա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ։
Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով դեսպանի այցը Մայր Աթոռ, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց նրան:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությանը համավարակի, պատերազմի և հետպատերազմյա դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին մշտապես զորակցություն ցուցաբերելու համար:
Նորին Սրբությունը կարևորեց երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամական կապը՝ հույս հայտնելով, որ ապագայում այն առավել կխորանա ու կսերտանա:
Իր հերթին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Դեսպանը նաև նշեց, որ Իրանի համար շատ կարևոր է ի դեմս Հայաստանի ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան նաև Մայր Աթոռի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա փոխգործակցային հարաբերություններին՝ կարևորելով մշակույթի ոլորտում համագործակցությունը, կրոնական երկխոսությունը, միջկրոնական համաժողովների կազմակերպումը:
-----------------------------
Երևանում գործող իրանական ապրանքների առևտրի տանը ներկայացված է լավագույն ընկերությունների արտադրադրանքը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, վաճառասրահի տնօրեն Էդգար Հայրապետյանի խոսքով.«Իրանի առևտրի կենտրոնն իրանական արտադրանքի մշտական ցուցահանդես է, որը հայ սպառողներին ներկայացնում է Իրանում արտադրված որակյալ արտադրանք»:
Հայրապետյանի խոսքերով, սրահում ներկայացված է իրանական լավագույն ընկերությունների այնպիսի արտադրանք, ինչպես՝ ավտոմեքենայի պահեստամասեր, շինանյութ, դռների և պատուհանների պրոֆիլներ և այլն:
Նա հավելել է. « Իրանի առևտրի տունը կարողացել է իրանական արտադրանքը ներկայացնել հայ սպառողին և ձեռք բերել բազմաթիվ հաճախորդներ»:
Առևտրի տունն այժմ փորձում է իրանական արտադրանքը Հայաստանի միջոցով արտահանել Եվրասիական միության մեծ շուկա, այդ թվում ՝ Ռուսաստան:
-----------------------------
Իրանի երկաթուղիների նախկին գործադիր տնօրենն ասել է.«Համոզված եմ, որ Իրանի տնտեսական դիվանագիտությամբ և միջնորդությամբ Իրան-Ադրբեջան-Հայաստան երկաթգիծը կարող է վերականգնվել, որպեսզի նրա տնտեսական շահերը օգուտ բերեն երեք երկրներին, և Ջուլֆայի երկաթուղային ճանապարհը կրկին ակտիվանա Իրանում»:
Իրան-Հայաստան երկաթուղային գծի կառուցման և Իրանի ու Հայաստանի միջև սահմանային կապերի արգելափակման գործում Ադրբեջանի վերջին տեղաշարժերի պատճառով այդ երկրին շրջանցելու մասին Իրանի երկաթուղիների նախկին գործադիր տնօրեն՝ Մոհսեն Փուրսեյեդ Աղային ասել է.«Իրանի և Հայաստանի միջև կար հին երկաթուղի, որը Ջուլֆայի տարածքով միանում էր Ադրբեջանին և այնտեղից Հայաստանին, սակայն այս երկաթգծի մի մասը, որը կապում էր Իրանին, Ադրբեջանին և Հայաստանին, երեք տասնամյակ առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ժամանակ պայթեց և երեք երկրների միջև երթուղին կտրվեց»:
Իրանի երկաթուղիների նախկին գործադիր տնօրենը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի հետ բանակցություններ են տեղի ունենում նոր երկաթգծի կառուցման համար, և Հայաստանը շահագրգռված է, որ երկու երկրների միջև նոր երկաթգիծ կառուցվի, բայց խնդիրն այն է, որ իր ցանկությունն ապացուցելու համար Հայաստանը պետք է իր տարածքում մեկնարկի նոր երկաթուղային գծի կառուցումը և չպետք է լինի այնպես, որ Իրանը միայնակ իրականացնի այս նախագիծը:
----------------------
ԻՌՆԱ լրատվական գործակալության կազմակերպած՝ «Ադրբեջանի և Հայաստանի մարտահրավերը և Իրանի դերը» թեմայով վեբինարում, փորձագետն ասել է.«Կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի հավակնոտ գործողությունների և տարածաշրջանային դերակատարների կողմից այս ագրեսիային դիմակայելու ներուժի բացակայության պատճառով, ամենայն հավանականությամբ, լարվածությունը կշարունակվի մինչև արդյունքի հասնելը»:
Անցած շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային վեճերով առաջացած լարվածության շարունակման ֆոնին, Իրանի և Հայաստանի միջև ապրանքների տարանցման ուղին մեկ օրով ամբողջությամբ փակվեց. Իրադարձություն, որը կրկնվելու դեպքում խնդիրներ կառաջացնի Իրանի առևտրափոխանակումների մի մասի համար. Մասնավորապես, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ Իրանի առևտուրն ունի ռազմավարական ասպեկտ, և Հայաստանը Եվրասիական տնտեսական միության միակ անդամն է, որը սահմանակից է Իրանին և հանդիսանում է Իրանի դարպասը դեպի Եվրասիական միություն:
Այս փորձագետների կարծիքով, Իրանում շատերի պատկերացման հակառակ, պետք է ասել, որ Ռուսաստանը կովկասյան տարածաշրջանում ռևիզիոնիստ երկիր է, սակայն այս տարածաշրջանում դեռ չի հասել իր նպատակներին:
Փորձագետները նշել են, որ այս պատերազմի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի գրավումից ու վերահսկողությունից ավելի շատ, Նախիջևանի վերահսկողությունն ու այդ տարածք ցամաքային մուտքն էր: Նախիջևան ուղղակի մուտք ունենալը մեծ նշանակություն ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար: Սակայն այս ծրագիրը դեռ չի իրականացվել` Իրանի, Ռուսաստանի և միջազգային հանրության դրսևորած քաղաքականության պատճառով: Հետևաբար, Թուրքիան չի կարողացել Սյունիքի հարավում կամ ինչպես ադրբեջանցիներն են ասում Զանգեզուրում տնտեսական նպատակներով միջանցք ստեղծել:
-------------------------
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորություններին:
Հայաստանի վարչապետը նշեց, որ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս արձանագրել է՝ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։
«Եվ սա արձանագրված է ԱԺ կողմից ընդունված ծրագրում, և այդ ծրագրի իրագործումը, ահա, դարձել է աշխատանքային օրակարգ մեզ համար։ Ինչպես տեղյակ եք, վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո ես արդեն հասցրել եմ այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, այսօր էլ մեկնում եմ Վրաստան։ Թե ԻԻՀ, թե Վրաստանի հետ մեր քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման, և այս համատեքստում կարևորում եմ Հյուսիս-հարավ նախագիծը, որն ԻԻՀ հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին։
Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Այստեղ մենք վճռական ենք ջանքեր գործադրել՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ մենք տրամադրված ենք վերականգնել խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասաց կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու օրակարգը։
------------------------------
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների, դրանցից բխող սպառնալիքների մասին։
------------------------------
Այս շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Վրաստան, որտեղ տեղի ունեցան հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում:
---------------------------
COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) համաճարակաբանական իմաստով ապահով երկրների ցանկը թարմացնում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` հաշվի առնելով COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, գրանցվող նոր դեպքերի ու պատվաստումների թիվը:
Հիշեցնենք, որ դեռ ամռան սկզբին Հայաստանը «կարմիր» գոտուց շարժվում էր դեպի «կանաչ», սակայն ընդամենը մեկ ամսում նոր՝ «Դելտա» շտամի արագ տարածման հետևանքով Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից կրկին համարվում է ոչ ապահով երկիր: