Սեպտեմբեր 19, 2021 09:13 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։


-----------------------------------------------

Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին կայացած հանդիպմանը քննարկել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: 

Իրանի նախագահը ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` հույս հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում նոր դրական քայլեր կիրականացվեն:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունից Հայաստան է վերադարձել լավ տպավորություններով: «Մեր երկու կառավարությունների գործունեությունը մեկնարկել է միաժամանակ, կարծում եմ դա շատ լավ նրբերանգ է, որը հնարավորություն է ստեղծում ներդաշնակեցնել մեր գործողությունները»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության  գործունեության ծրագրում հատուկ ընդգծվել է տարածաշրջանային հարաբերությունների կարևորությունը: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ որի` Իրանի համար ևս կարևոր է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը:

----------------------

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Նա նշել է, որ հարյուրամյակների բարեկամությունը եւ երկու ժողովուրդների խաղաղասիրությունը յուրօրինակ կամուրջ են ՀՀ-ի և Իրանի միջեւ: Հայաստան-Իրան փոխգործակցության արդյունքում ձեւավորված ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք եւ երաշխիք է բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության շարունակական զարգացման ու ամրապնդման համար:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը ձգտում է պահպանել եւ առավել ամրապնդել քաղաքական ու տնտեսական ոլորտների երկխոսության եւ առեւտրային համագործակցության շարունակական աճը: Այս իմաստով խորհրդարանի ղեկավարն ուշադրություն հրավիրեց հատկապես այն փաստի վրա, որ 2020 թվականի ընթացքում, չնայած COVID-19-ի տարածմանը եւ դրա բացասական հետեւանքներին, հայ-իրանական առեւտրաշրջանառությունը լրջագույն փոփոխությունների չի ենթարկվել, իսկ արտահանումը նույնիսկ որոշ չափով աճել է: Ալեն Սիմոնյանը նկատել է նաեւ, որ Հայաստանում իրանական ներդրումների եւ Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով: Հայկական կողմի տեսանկյունից Իրանը վստահելի ընկեր եւ լավ հարեւան է: Ալեն Սիմոնյանը կարեւորել է հայ-իրանական փոխգործակցությունը տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպես նաեւ տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային հարցերում:

Անդրադարձ է եղել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման աշխատանքներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը փաստել է, որ զգալի է հայկական մշակութային ժառանգության դերը իրանցիների կյանքում, իսկ հայկական համայնքը բավականին ակտիվ եւ ընդգրկուն է ներկայացված Իրանում:

Կողմերն անդրադարձել են երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում միջխորհրդարանական համագործակցության դերին: Այս համատեքստում մեծապես կարեւորվեց պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:

-----------------------------

Կապանի նախկին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն անդրադարձել է Սյունիքի սահմանային գոտում ստեղծված իրավիճակին, ադրբեջանցիների վարքագծին և անվտանգության հետ կապված հարցերին։

-----------------------------

Սյունիքում այլընտրանքային ճանապարհների շինարարությունը նախատեսված է ավարտել 2022թ–ի գարնանը։ Այս մասին սեպտեմբերի 16-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտնեց  ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Մինչ այդ  կավարտվեն Կապան–Տաթև գրունտային ճանապարհի շինարարական աշխատանքները։ «Անհրաժեշտության դեպքում այն բեռնատարները, որոնք կցանկանան երթևեկել Կապան–Տաթև ուղղությամբ, կուղեկցվեն ոստիկանների կողմից, քանի որ այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ու առանց ոստիկանական ուղեկցության խնդիրներ կարող են առաջանալ»,- նշեց  ՀՀ փոխվարչապետը՝ տեղեկացնելով, որ այժմ շատերը խուսափում են այս ճանապարհով երթևեկելուց, քանի որ գերբեռնված են լինում ու նույնիսկ փոքր քարի պատճառով կարող են անցանկալի իրավիճակում հայտնվել։

Կապան–Տաթև ճանապարհով հիմնականում երթևեկում են միջին չափի ավտոմեքենաները։ Ասֆալտապատելուց հետո, Պապիկյանի դիտարկմամբ, ճանապարհն ավելի երթևեկելի կդառնա: Միակ խնդիրն, ըստ փոխվարչապետի, կարող է ծագել Տաթևի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում։ Բայց կառավարությունը նաև այս ճանապարհին է այլընտրանք կառուցելու` Տաթև–Լծեն ուղղությամբ:

Սյունիքում նախատեսվում է նոր ճանապարհներ կառուցել Տաթևից դեպի Բարձրավան, Շուռնուխ, Ճակատեն ու Որոտան գյուղեր:

Ի դեպ, Հայաստանի կառավարությունը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար:

Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով Սյունիքով անցնող միջպետական ճանապարհի Կապան-Գորիս հատվածի հայտնի խնդիրներին:

--------------------------

«Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը մեկ հարկի տակ է հավաքել տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող մոտ 200 կազմակերպություն։

Այս տարի ավելի է ընդլայնվել մասնակիցների աշխարհագրությունը, և ներկա էին ընկերություններ 7 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Բելառուսից, Հնդկաստանից, Իտալիայից, Կոլումբիայից։ «

Ցուցահանդեսին ներկայացված են տարբեր ոլորտներ՝ ծանր, թեթև, լեռնամետալուրգիական ու քիմիական արդյունաբերություն, քարամշակում, մեքենաշինություն, էլեկտրոնիկա, ջեռուցման համակարգեր, վերանորոգում, սնունդ,    ուղևորափոխադրումներ, բեռնափոխադրումներ, տուրիզմ և այլն։

--------------------------------

Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Այս մասին նշված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ:

«Միաժամանակ, Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը»,- նշված է հաղորդագրությունում:

--------------------------------

Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։

Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ իր և իր երկրի անունից շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մաղթեց արդյունավետ գործունեություն։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Կենտրոնական Ասիայի և Կովկասի ամենաակտիվ ռազմական և բազմաֆունկցիոնալ կազմակերպություններից է:

ՀԱՊԿ-ի հիմնական նպատակներից է սահմանափակել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ընդլայնումը և ԱՄՆ-ի ազդեցությունը հարևան երկրների և նրա նախկին դաշնակիցների տարածքում: