Հոկտեմբեր 31, 2021 15:23 Asia/Yerevan

Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարը:

 

Մենք ամենքս հյուր ենք կյանքում
Մեր ծննդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

 

Բարի հանդիպում հարգարժան   տիկնայք ու պարոնայք ,տատիկներ ու պապիկներ, աղջիկներ ու տղաներ մեր շատ սիրելի ունկնդիրներ: Հարգելի բարեկամ շնորհակալություն ձեզ, որ նախապատվությունը տվել եք հայերեն ռադիոժամին: Մեր հաղորդման էջը բացեցինք անմահ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի  Թմբկաբերդի առումը պոեմից մի հատվածով։

Հարգելի բարեկամներ «Թմբկաբերդի առումը» Հ․ Թումանյանի երկրորդ գլուխգործոցն է  «Անուշ»-ից հետո։ Այն էպիկական պոեմ է, ուր իշխում է մարդու գործի անմահության խորհուրդը։Թումանյանը փառաբանում է մարդու լավ գործը, որը անմահության հասնելու միակ գրավականն է։ Խոսքը դարեդար խոսվող գործի մասին է։

***

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ Մշակույթի շաբաթվա առիթով Թեհրանի Կենտրոն, Զեյթուն և Սասուն երեք հայաբնակ քաղաքամասերում կայացավ «Հայերեն դասագրքերի, դպրոցական համազգեստների եւ գրենական պիտույքների ցուցահանդես»:Իսկ ո՞րն էր ցուցահանդեսի նպատակը։

Ցուցահանդեսի նպատակն է եղել հավաքագրելով և ներկայացնելով Իրանում և այլուր տպագրված և դասավանդված հայերենի, հայոց պատմության և կրոնի դասագրքերը, համեմատության և շփման եզրեր ստեղծել անցյալի և ներկայի միջև: Ավագ սերնդին հիշեցնել սերտած դասագրքերի բովանդակությունը, իսկ նոր սերնդին ծանոթացնել այն հսկայական աշխատանքներին, որ տասնյակ տարիներ առաջ կատարվել են, հանուն կրթության և  հայերենի սերտման:

Նշենք,որ ցուցահանդեսը պարունակում էր հարյուրից ավելի տարիների ընթացքում տպագրված դասագրքեր, գրենական պիտույքներ, համազգեստներ և այն ինչ օգտագործվել և  օգտագործվում են դպրոցներում: