Մի գավաթ անդորր(283.Ոչ իսկական ընկերություն)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այսօր կխոսենք ոչ իսկական ընկերության մասին: Ընկերներն ընտանիք են, որը մենք ինքներս ենք ընտրում: Ոգով մտերիմ մարդիկ մեր կյանքը լիարժեք են դարձնում: Իհարկե սա իսկական ընկերության մասին է,որն ազդում է մեր ֆիզիկական և հոգևոր վիճակի վրա նույնքան ուժեղ, որքան սպորտն ու ճիշտ սնունդը:
Կյանքում դժվար իրավիճակներն ավելի հեշտ է հաղթահարել մարդու հետ, որը գիտի և հասկանում է քեզ, ինչպես ինքն իրեն: Լավագույն ընկերները հեշտությամբ գտնում են ճիշտ բառերը, իսկ երբ ամեն ինչ մնում է հետևում, իսկապես ուրախանում են մեր հաղթանակով:
Մարդկանց միջև ցանկացած հարաբերություն՝ համագործակցությունից մինչև ամուսնություն, սկսվում է ընկերությունից: Այն օգնում է զարգացնել ամենատարբեր մարդկանց հետ երկխոսության անգին հմտությունը. մենք սովորում ենք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ մարդկանց հետ, որոնց աշխարհայացքը տրամագծորեն տարբերվում է մեր աշխարհայացքից:
Իսկական ընկերության դեպքում դուք մտքեր եք փոխանակում և օգնում միմյանց ավելի արագ հասնել երազանքին: Այդպիսի ընկերների հետ անհնար է ամբողջ օրը պառկել բազմոցին և դատարկել չիպսերի տուփերը:Դուք զարգանում եք որպես անհատ և ձգտում եք ավելի շատ տալ, լինել առատաձեռն, ժլատություն չանել բարի գործերի համար:
Մի կողմից ընկերությունը մեզ միշտ հանում է մեր հարմարավետության տարածքից, սակայն մյուս կողմից հենց այն է դառնում մեծ քաղաքի անապատում ջերմության, ընկալման և հանգստության օազիսը, անվտանգ տարածություն, որտեղ կարելի է ծանր օրվանից հետո լիցքաթափվել և լինել այնպիսին, ինչպիսին կաս:
***
Ընկերությունը փոխադարձ գործընթաց է: Եթե մարդը դժվար պահին հարկ չի համարում քեզ աջակցել, ուրեմն նա քեզ պետք չէ նաև երջանկության րոպեներին: Նա պետք է մնա անցյալում:
Յուրաքանչյուրս պետք է մեր վերաբերմունքը փոխենք, եթե մեր «ընկերոջ» կողմից առկա են վարքագծի հետևյալ 3 նշանները՝
1. Զրոյական աջակցություն
Եթե մարդու վրա այլևս հնարավոր չէ հույս դնել, այլ նա անսահմանորեն միայն քո բարությունն ու օգնությունն է չարաշահում, ավելի լավ է հեռու մնալ նրանից: Ընկերությունը փոխգործակցություն է, այլ ոչ թե՝ խաղ մեկ դարպասի ուղղությամբ:
2. Չարդարացված նեղացածություն
Երբեմն հանգամանքները մեզնից ուժեղ են: Եթե մարդը հրաժարվում է ընդունել Ձեր դիրքն առհասարակ, որի պատճառով դուք նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, հնարավոր է, չկարողանաք օգնության հասնել, ու նա նեղանա, դա արդար չէ: Նեղանալը տվյալ պարագայում բարոյական ճնշմանն ու շանտաժին հավասար մի բան է:
3. Թաքնված նախանձ
Մտերիմ ընկերոջ ուրախության կամ հաջողության համար ուրախանալու անկարողությունը նախանձ մարդու՝ հաճախակի հանդիպող նշան է: Այդպիսի պահերի մարդը կամ լռում է, կամ փորձում է թաքցնել նյարդային վիճակը:
Ոչ ոք չպետք է չարաշահի Ձեր վստահությունը: Դա հարգանք է սեփական «ես»-իդ հանդեպ: Եթե ինչ-որ մեկը մի անգամ արդեն չարաշահել է Ձեր վստահությունը, նա դա կանի մեկ անգամ ևս: Ավելի լավ է նման մարդուն միանգամից հրաժեշտ տալ:
---
Ինչպես համոզվել, որ ընկերական հարաբերություններն իրական են: Ահա իսկական ընկերության մի քանի նշաններ`
1. Ձեզ պատրաստ են ընդունել անգամ ձեր բոլոր թերություններով:
Ձեզ ընդունում են այնպես, ինչպես դուք կաք, ձեր բոլոր տարօրինակություններով ու բացասական որակներով: Դա չի խոսում այն մասին, որ նրանք հիացած են ձեր բոլոր արարքներով, բայց դրանով հանդերձ` չեն փորձում ձեզ փոխել, քանի որ գնահատում են ձեր ողջ բազմակողմանի անհատականությունը: Միլիոնավոր մարդկանց մեջ միշտ կգտնվի այն մեկը, ով ձեր մեջ դրական բան կգտնի, անգամ, երբ դուք ինքներդ կհիասթափվեք ձեզնից:
2. Նրանք մնում են ձեզ հետ, չնայած ամեն ինչին:
Հենց դրանով է կեղծ ընկերը տարբերվում իսկականից, ով ոչ մի պարագայում ձեզ դժվար պահին միայնակ չի թողնի: Կեղծ ընկերները միշտ կողքիդ են, երբ քեզ մոտ ամեն ինչ լավ է, սակայն նրանց քամին վայրկենապես քշում է, երբ հանկարծ վատ վիճակում եք հայտնվում:
3. Նրանք միշտ ուրախանում են ձեր հաջողությամբ:
Կեղծ ընկերները նախանձում են ձեր հաջողություններին, իսկ իրական ընկերները` ուրախանում ու մտածում այն մասին, թե դեռ ինչ նվաճումներ եք դուք ապագայում ունենալու: Եթե ուզում եք իմանալ, թե ձեզ շրջապատող անձանցից ով է իսկական ընկերը, պարզապես հետևեք, թե նրանք ինչպես են արձագանքում ձեր հաջողություններին:
4. Դուք նրանց շատ հանգիստ կարող եք վստահել ձեր բոլոր գաղտնիքները:
Յուրաքանչյուր թաքուն բան ու ամենանվիրական գաղտնիքները մենք վստահում ենք միայն այն մարդկանց, ում ընտրում է մեր սիրտը: Այդ մարդիկ տեղյակ են մեր կյանքի բոլոր մանրուքներից, ամենաթանկ մանկական հիշողություններից ու հիմար պատմություններից: Եվ նրանց իսկապես այդ ամենը հետաքրքիր է, քանի որ նրանց համար կարևոր է ձեր ողջ էությունը, այլ ոչ միայն մակերեսային կաղապարը:
5. Նրանք միշտ ձեր կողքին կլինեն:
Նրանք բոլոր ջանքերը գործադրում են ձեզ հետ ընկերական հարաբերություններ պահպանելու համար: Նրանք չեն ամաչում զանգել ու պայմանավորվել հանդիպման համար, չեն շփվում ձեզ հետ միայն այն ժամանակ, երբ իրենց է հարմար: Նրանց իսկապես հետաքրքիր է իմանալ ձեր գործերի մասին, քանի որ իրականում նրանք հոգ են տանում ձեր մասին ու շտապում լինել ձեր կյանքի մի մասը:
6. Նրանց հետ շփումը ձեզ երջանիկ է դարձնում:
Շփվելով ձեր իսկական ընկերների հետ` դուք ձեզ ավելի երիտասարդ ու աշխույժ եք զգում: Իսկական ընկերական հարաբերություններն էներգիայի փոխանակման շարունակական գործընթաց են:
7. Նրանք չեն վախենում ձեր երեսին ճշմարտությունն ասել:
Նրանք ձեզ հաճելի բաներ չեն ասի միայն նրա համար որ դուք կուզենայիք դա լսել: Նրանք երբեք չեն գունազարդի ճշմարտությունը պարզապես ձեզ հանգստացնելու համար: Նրանք չեն վախենում ասել այն, ինչ մտածում են, անգամ, եթե այդ բառերը ձեզ ցավեցնեն:
Դուք պետք է գնահատեք նրանց բնավորության այդ գիծը, քանի որ միայն շատ քչերը ձեզ ճիշտը կասեն, և նրանք դա չարությունից չեն անում, այլ ընդհակառակը, ուզում են օգնել ձեզ ճիշտ որոշում կայացնել:
8. Նրանք հասկանում են, որ սխալվել կարող են բոլորը:
Նրանք գիտեն, որ դուք կատարյալ չեք, ու ընդունում են դա: Նրանք հասկանում են, որ բոլոր մարդիկ ժամանակ առ ժամանակ սխալներ են գործում: Այդ պատճառով էլ նրանց առջև երկար պետք չէ ներողություն խնդրել, քանի որ նրանք չեն կասկածում, որ դուք լավ մարդ եք ու ոչ մի վատ բան չէիք ցանկանում:
9. Նրանք ձեր թիկունքում ձեզ չեն քննարկում:
Դուք երբեք ձեր իսկական ընկերոջ բամբասանքների ու խոսքուզրույցի թեման չեք դառնա: Եթե ձեր միջև լարվածություն առաջանա կամ չհասկացվածություն, նրանք միշտ այդ մասին ձեր դեմքին կասեն: Իսկական ընկերը երբեք ձեր մասին բամբասանքներ չի տարածի ու չի սևացնի ձեր վարկը:
10. Նրանք ձեզ չեն արգելում այլ մարդկանց հետ շփվել:
Իսկական ընկերները չեն կասկածում ձեր ընկերության ուժին, չեն խանդում ձեզ ուրիշների հանդեպ ու չեն փորձում ձեր կյանքը պահել սեփական վերահսկողության տակ: Նրանք ձեզ թույլ են տալիս շփվել բոլորի հետ, ում հետ դուք ուզում եք շփվել, քանի որ վստահ են ձեր ընկերական հարաբերությունների ամրությանը:
11. Դուք համատեղ շատ հիշողություններ ունեք:
Դուք ձեր ընկերոջ հետ այնքան մտերիմ հարաբերություններ ունեք, որ պատրաստ եք նրա հետ անթիվ ժամեր անցկացնել` պարզապես ծիծաղելու ու ամեն ինչի մասին խոսելու համար: Բացի դրանից, դուք բազմաթիվ համատեղ հիշողություններ ունեք, որոնք ձեզ հետ կմնան ողջ կյանքում: