Նոյեմբեր 18, 2021 07:30 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ֆորղան սուրահի 10-րդ այա

تَبَارَکَ الَّذِی إِن شَاء جَعَلَ لَکَ خَیْرًا مِّن ذَلِکَ جَنَّاتٍ تَجْرِی مِن تَحْتِهَا الْأَنْهَارُ وَیَجْعَل لَّکَ قُصُورًا

Օրհնյալ լինի Աստված, ով եթե ցանկանա քեզ կտա ավելի քան այս (ինչ ունես)՝գետերով ոռոգված պարտեզներ, որոնք զարդարված են շքեղ ապարանքներով:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ մարգարեի ընդդիմադիրները մշտապես պատրվակներ էին փնտրում ու ասում,  թե ինչպես մարգարեն կարող է աղքատ լինել: Ի պատասխան, այս այան ասում է. «Եթե Աստված ցանկանար, կարող էր իր մարգարեի համար ուղարկել ավելին, քան դուք եք պատկերացնում, այդ թվում՝ շքեղ պալատներ ու այգիներ: Սակայն որոշված չէ, որ մարգարեներն ապրեն թագավորների նման ու մարդկանց ստիպեն հնազանդվել իրենց: Աստված մարգարեներին ուղարկել է նրա համար, որ մարդիկ առաջնորդվեն և  իրենց կամքով ու ցանկությամբ հետևեն մարգարեների առաջարկած ուսմունքներին: Բացի դրանից, մարգարեների նպատակը նաև եղել է այն, որ մարդկանց ազատեն նյութապաշտությունից»։

Այս այայից սովորում ենք.

1. Մարգարեներն ինչպես սովորական մարդիկ, ունեցել են պարզ կյանք և դա դրական ազդեցություն է թողել մարդկանց վրա։

2. Կարևորն Աստծուն հնազանդվելն է և՛ կարիքի և՛ հարստություն ունենալու ժամանակ։

 

Ֆորղան սուրահի 11 և 12-րդ այաներ

بَلْ کَذَّبُوا بِالسَّاعَةِ وَأَعْتَدْنَا لِمَن کَذَّبَ بِالسَّاعَةِ سَعِیرًا

إِذَا رَأَتْهُم مِّن مَّکَانٍ بَعِیدٍ سَمِعُوا لَهَا تَغَیُّظًا وَزَفِیرًا

Նրանք հարութան ժամը սուտ համարեցին: Սակայն իրենց անհավատության պատիժը կրակն է լինելու։

Երբ նրանք մոտենան, բոցը կավելանա ու նրանք կլսեն բոցերի մռնչյունը։

 

Այս այաներն ասում են, որ կռապաշտներն ու անհավատները ոչ միայն չէին ընդունում միաստվածությունը, այլ ժխտում էին հանդերձյալ կյանքը և չէին ընդունում որևէ երկնային ուսմունք: Իհարկե, այս ժխտումը երկար չի տևում: Մի օր նրանք ընկալում են, որ դա սխալ է: Այդ ժամանակ նրանք արդեն հանդիպում են դժոխքի կրակներին ու հասկանում, որ չեն կարող այլևս փոխել ոչ մի բան: Նրանք, ովքեր հեռու էին տրամաբանությունից ու բանականությունից և գոռոզամտորեն պատրաստ չէին ընդունել որևէ ճշմարտություն, հանձնվում  են կրակին։

 

Այս այաներից սովորում ենք.

1. Ժխտելով միաստվածությունը, մարդը մոլորվում է և նրա վերջը լինում է դժոխքը:

2. Անհավատներն աշխարհիկ կյանքում նվաստացնում ու ծաղրում են հավատացյալներին: Սակայն հանդերձյալ կյանքում անհավատներն են ենթարկվում ծաղրանքի։

 

Ֆորղան սուրահի 13 և 14-րդ այաներ

وَإِذَا أُلْقُوا مِنْهَا مَکَانًا ضَیِّقًا مُقَرَّنِینَ دَعَوْا هُنَالِکَ ثُبُورًا

لَا تَدْعُوا الْیَوْمَ ثُبُورًا وَاحِدًا وَادْعُوا ثُبُورًا کَثِیرًا

Այնուհետև, այնտեղից դուրս կգան` նեղ բանտի մեջ շղթայակապ  նետվելու համար, որտեղ իրենց մահը պիտի փափագեն:

Նրանց պիտի ասվի. միայն մի տեսակ մահ մի կանչեք. բոլոր տեսակի մահերը կանչեք:

 

Այս այաները խոսում են այն մասին, թե ինչպես է մարդը դժոխքում Աստծո բարիքներին արժանանալու փոխարեն, արժանանում  Նրա զայրույթին: Այն Աստծո, որը մշտապես իր արարածների նկատմամբ բարի է եղել ու նրանց ժամանակ է տվել՝ ապաշխարելու համար: Այս արարածներն իրենց ձեռքով ստեղծել են կրակն ու պատճառ դարձել, որ հայտնվեն նման վիճակում: Այաներն ասում են, որ դժոխքը մեծ տեղ է, սակայն դժոխայինները մշտապես հայտնվում են դժվարությունների մեջ: Այնտեղ անտանելի է ու անհավատները մահ են խնդրում: Սակայն հանդերձյալ կյանքում մահ գոյություն չունի և մարդը մշտապես ապրում է կրակի ու տառապանքների մեջ:

Այս այաներից սովորում ենք․

1. Հանդերձյալ կյանքը նաև ֆիզիկական է։

2. Դժոխայինները դժոխք չեն գնում իրենց կամքով, այլ նվաստացուցիչ կերպով նետվում  են այնտեղ։

3. Դժոխայինները շղթայակապ են և նրանց տեղը շատ նեղ է: Դժոխայինների գոռոցները շատ բարձր են, սակայն դա ոչ մեկը չի լսում ու նրանք չունեն փրկվելու հնարավորություն։

 

Ֆորղան սուրահի 15 և 16 -րդ այաներ

قُلْ أَذَلِکَ خَیْرٌ أَمْ جَنَّةُ الْخُلْدِ الَّتِی وُعِدَ الْمُتَّقُونَ کَانَتْ لَهُمْ جَزَاء وَمَصِیرًا

لَهُمْ فِیهَا مَا یَشَاؤُونَ خَالِدِینَ کَانَ عَلَى رَبِّکَ وَعْدًا مَسْؤُولًا

Ասա նրանց. «Ո՞րն է նախընտրելի` (դժո՞խքը), թե՞ այն արքայությունը, որ խոստացվել է արդարներին, և որ նրանց տրվելու է որպես վարձատրություն ու տեղավայր»:

Այդ հավիտենական բնակավայրում նրանք ստանալու են իրենց բաղձալի բաները: Քո Արարիչը պատասխանատու է Իր խոստումների իրագործման համար:

Ղուրանում բազմիցս ներկայացվում է հավատացյալների ու անհավատների կյանքի վերջը: Աստված մարգարեին ասում է . «Մարդկանց կոչ արա մտածել և համեմատելով դժոխայինների ու դրախտայինների կյանքը, որոշել իրենց ճանապարհը: Իսկ եթե նրանք ցանկանում են լինել բարիքների մեջ, պետք է մտածեն նաև հանդերձյալ կյանքի մասին, որպեսզի հետագայում չզղջան իրենց արարքների համար»:

Այս այաներից սովորում ենք.

1. Երբ որևէ չար գործ ենք անում, պետք է մտածենք դրա հետևանքների մասին:

2. Մարդը միայն դրախտում է հասնում իր երազանքներին:

3. Աստծո խոստումներն անպայման կատարվում են: