Ելք դեպի լույս 659
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 69-71-րդ այաներ
وَاتْلُ عَلَیْهِمْ نَبَأَ إِبْرَاهِیمَ
إِذْ قَالَ لِأَبِیهِ وَقَوْمِهِ مَا تَعْبُدُونَ
قَالُوا نَعْبُدُ أَصْنَامًا فَنَظَلُّ لَهَا عَاکِفِینَ
Կարդա նրանց համար Աբրահամի պատմությունը:
Աբրահամը մի օր հարցրեց իր հորը և ժողովրդին`Դուք ինչ եք պաշտում:
Նրանք պատասխանեցին. մենք մեծ եռանդով պաշտում ենք կուռքերին:
Մովսեսի վերաբերյալ պատմությունը նախորդ ծրագրում ավարտվեց և այս այաները հիմնականում անդրադառնում են Աբրահամի կյանքին: Մի անուն, որը Ղուրանում Մովսեսից հետո ամենաշատն է մեջբերվել: Ինչպես ասվել է պատմության գրքերում և Հնգամատյանում, Աբրահամի հոր անունը եղել է Թարոխ: Սակայն նա, ով այս այայում որպես Աբրահամի հայր է ներկայացվել, իրականում եղել է ոչ թե նրա հայրն այլ խնամակալը, ում անունը եղել է Ազար:
Սակայն նա այստեղ նշվում է որպես Աբրահամի հայր, քանի որ նա բարոյապես կատարել է հոր պարտականությունը, ինչպես որ քրիստոնյաներն իրենց առաջնորդին Պապ են անվանում: Մեքքայի անհավատներն ու կռապաշտները ճանաչում էին Աբրահամին և իրենց ուխտագնացության ծեսն իրականացնում էին նրա հորդորի համաձայն: Հենց այդ պատճառով էլ Աստված իր մարգարեին ասում է . «Աբրահամի կյանքի պատմությունը կարդա մարդկանց համար ու ասա, որ նա հենց մանկուց պայքարեց կռապաշտության դեմ»:
Չնայած Աբրահամը պատանի էր, սակայն իր մերձավորների միտքը լուսավորեց, ներկայացնելով հարցեր, որպեսզի մարդիկ մտածեն, թե արդյոք կուռքերին պաշտելը ճի՞շտ է: Ու չնայած Աբրահամը գիտեր, որ նրանք կուռքերի են պաշտում, թույլ տվեց, որ նրանք խոստովանեն դա, որպեսզի սկսեն նաև հարցեր տալ: Բնականաբար, ամեն մարդ պաշտպանում է իր արարքն ու այն ճիշտ համարում: Ի պատասխան Աբրահամի այն հարցին, թե իրենք ում են պաշտում, կռապաշտները պատասխանեցին. «Մենք ոչ միայն պաշտում ենք կուռքերին, այլև նրանց կարիքն ունենք և խոնարհվում ենք նրանց առջև»:
Այս այաներից սովորում ենք․
1. Ուսումնասիրելով պատմությունը, հատկապես՝ մեծ մարդկանց կյանքը, կարող ենք այսօրվա մեր կյանքի համար օրինակ ծառայեցնել այն։
2. Մոլորությունների համար ավելի ճիշտ է դիմել հարց ու պատասխանի ձևին, որպեսզի մարդիկ, մտածելով, ստանան իրենց հարցերի պատասխանները։
3. Անցյալի սովորություններին կուրորեն հետևել պետք չէ: Ավելի լավ է անկախ մտածել ու գտնել ճիշտ ճանապարհը։
4. Մոլորության դեմ պայքարում չպետք է վախենալ փոքրամասնություն լինելուց, ինչպես Աբրահամը միայնակ պայքարեց կռապաշտության դեմ։
Շոարա սուրահի 72-74-րդ այաներ
قَالَ هَلْ یَسْمَعُونَکُمْ إِذْ تَدْعُونَ
أَوْ یَنفَعُونَکُمْ أَوْ یَضُرُّونَ
قَالُوا بَلْ وَجَدْنَا آبَاءنَا کَذَلِکَ یَفْعَلُونَ
Աբրահամը կրկին հարցրեց. միթե նրանք լսում են ձեր խնդրանքները, երբ դիմում եք իրենց:
Կարո՞ղ են ձեզ օգտակար կամ վնասակար լինել:
Նրանք պատասխանեցին. Ոչ, բայց մենք դա սովորել ենք մեր նախահայրերից:
Աբրահամը ցանկանում էր, որ կռապաշտներն իրենք հասկանային, որ իրենց գործն ապարդյուն է ու սխալ: Ուստի նա ներկայացրեց նաև այլ հարցեր: Որպես օրինակ, Աբրահամը հարցնում էր թե արդյոք կուռքերը գիտե՞ն իրենց կարիքների մասին և արդյոք կարո՞ղ են մարդկանց որևէ օգուտ տալ կամ վտանգ հանդիսանալ: Իսկ եթե ոչ, ուրեմն ինչո՞ւ են մարդիկ խոնարհվում դրանց առջև ու մատաղ անում նրանց համար: Զարմանալի է, որ բոլորի պատասխանները բացասական էին: Մարդիկ գիտեին, որ կուռքերը ոչ մի բան չեն կարող անել: Եվ միակ բանը որ ասում էին, այն էր, որ պետք է հետևեն իրենց նախնիների ուսմունքներին: Սակայն նրանք մոռանում էին, որ իրենց նախնիներն ամեն ինչ չգիտեին, ու կարող էին սխալ մտածել: Չմոռանանք, որ նախկին ուսմունքներին կուրորեն հետևելը երբեմն նաև հետամնացության պատճառ է դառնում:
Այս այաներից սովորում ենք․
1. Պետք է պաշտենք նրան, ով գիտի մեր մասին, կարող է հոգալ մեր կարիքները: Եվ դա միայն Բարձրյալն Աստված է։
2. Պատմության ընթացքում, տգիտությունը մի կողմից և ինչ որ բանի կուրորեն հետևելը մյուս՝ մոլորության պատճառ են դարձել։
Շոարա սուրահի 75-77-րդ այաներ
قَالَ أَفَرَأَیْتُم مَّا کُنتُمْ تَعْبُدُونَ
أَنتُمْ وَآبَاؤُکُمُ الْأَقْدَمُونَ
فَإِنَّهُمْ عَدُوٌّ لِّی إِلَّا رَبَّ الْعَالَمِینَ
(Աբրահամն) ասաց. մտածել եք թե ձեր պաշտածներն ի՞նչ են:
Դուք ու ձեր նախահայրե՞րը:
Նրանք բոլորն իմ թշնամիներն են, բացի Միակ Աստված որ տիեզերքի վեհապետն է:
Կռապաշտների հետ տրամաբանական զրույցից հետո, Աբրահամն ասում է . «Դուք տեսաք, որ դուք և ձեր հայրերը պաշտում էիք մի բանի, որը ձեր կյանքում ոչ մի դեր չէր կատարում: Ես պաշտում եմ ամենակարող Աստծուն, որովհետև գիտեմ, որ այլ բան պաշտելն ինձ միայն վնաս է պատճառելու»
Այս այաներից սովորում ենք․
1. Հավատքը պետք է լինի բանականության վրա հիմնված և ոչ թե ուրիշներին հետևելու։
2. Բանավեճը անհրաժեշտ է ճշմարտությունը պարզելու համար: Նման ձևից օգտվել են նաև աստվածային մարգարեները։
3. Սուտ կուռքերը մարդու երջանկության ու զարգացման թշնամիներն են։