Մարտ 03, 2022 08:22 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Շոարա սուրահի 198 և 199-րդ այաներ

وَلَوْ نَزَّلْنَاهُ عَلَىٰ بَعْضِ الْأَعْجَمِینَ

فَقَرَأَهُ عَلَیْهِمْ مَا کَانُوا بِهِ مُؤْمِنِینَ

Եթե օտար ազգի պատկանող մեկին հայտնեինք այն,

Եվ նրանք անհավատների առջև կարդային, չէին հավատա:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված ասում էր, թե Ղուրանն ուղարկվել է արաբերեն պարզ լեզվով, մարդկանց նախազգուշացնելու ու խրատելու համար: Այս այաներն ասում են, որ մարդկանց կարծրամտությունն այնքան ուժեղ էր, որ եթե Ղուրանը ուղարկվեր ոչ արաբ որևէ անձի, երբեք չէին հավատա նրան ու պատրաստ չէին լինի ընդունել նրան: Ուստի այաները պետք է ուղարկվեին անպայման արաբալեզու մի մարդու համար: Իսկ այս մասին, նախորդ երկնային գրքերում նույնպես ասվել է, որ նման մարգարե հայտնվելու է: Սակայն մարդիկ պատրաստ չեն դա ընդունել:

Իմամ Սադեղն ասում է. «Ավելի արժեքավոր է նրանց արարքն ովքեր հավատացին այն Ղուրանին, որն արաբերեն էր: Սակայն եթե Ղուրանն արաբերենով չլիներ, արաբներից ոմանք հավատքի չէին գա»:

Այս այաներից սովորում ենք.

1. Քարոզի ժամանակ պետք է կարևորել մարդկանց զգացողությունները և լեզուն, որպեսզի նրանք ավելի հեշտ ընդունեն ճշմարտությունը:

2. Ռասիզմն արգելք է հանդիսանում ճշմարտությունն ընդունելու առջև։

 

Շոարա սուրահի 200-203 այաներ.

کَذَٰلِکَ سَلَکْنَاهُ فِی قُلُوبِ الْمُجْرِمِینَ

لَا یُؤْمِنُونَ بِهِ حَتَّىٰ یَرَوُا الْعَذَابَ الْأَلِیمَ

فَیَأْتِیَهُمْ بَغْتَةً وَهُمْ لَا یَشْعُرُونَ

فَیَقُولُوا هَلْ نَحْنُ مُنْظَرُونَ

 

 Ահա այսպես մենք (անհավատությունը) արձանագրում ենք ապիրատների սրտերում:

Նրանք այն ժամանակ միայն պիտի հավատան, երբ տեսնեն իրենց համար նախատեսված ցավալի պատիժը:

Անտարակույս այդ պատիժն անսպասելի է իջնելու նրանց վրա:

Այն ժամանակ նրանք պիտի գոչեն. «Մեզ ժամանակ չի՞ տրվելու»:

 

Ղուրանը միայն հավատացյալներին չի դիմում: Այն ուղղված է նաև անհավատներին ու կռապաշտներին, որոնք պետք է լսեն ճշմարիտ խոսքը, որպեսզի չասեն, թե իրենք չգիտեին ճշմարտությունը: Ուստի Աստված ասում է. «Մենք Ղուրանն այնպես ուղարկեցինք, որպեսզի բոլորն այն հասկանան: Սակայն որոշ մարդիկ, լինելով մեղավոր ու հանցագործ և ունենալով թշնամական վերաբերմունք, չեն ընդունում աստվածային  խոսքն ու ժխտում են այն: Նրանցից շատերն այնքան են պնդում իրենց անհավատության  վրա, որ ասում են,- Մենք հավատքի կգանք միայն այն ժամանակ, երբ մեր աչքերով տեսնենք պատիժը, որ խոստացել ես մեզ»: Սակայն իրականությունն այն է, որ երբ Աստված ուղարկում է պատիժը, հավատալու համար այլևս ժամանակ չկա: Որովհետև չարիքն առանց նախազգուշացնելու է ի հայտ գալիս և նրանց պարուրում:

Այս այաներից սովորում ենք.

1. Եթե Ղուրանը չի կարողանում ազդել մարդու վրա, ուրեմն մարդը պատրաստակամություն չունի ընդունել այն:

2. Որոշ մարդիկ, շարունակաբար մեղք գործելով, զրկվում են առաջնորդվելու հնարավորությունից:

3. Երբեք չպետք է գոռոզամիտ դառնանք, քանի որ մահն ու աստվածային պատիժը հայտնվում են առանց նախազգուշացնելու:

4. Միայն հանցագործներն են, որ մահվան պահին Աստծուց ժամանակ են խնդրում:

 

Շոարա սուրահի 204-207-րդ այաներ

أَفَبِعَذَابِنَا یَسْتَعْجِلُونَ

أَفَرَأَیْتَ إِنْ مَتَّعْنَاهُمْ سِنِینَ

ثُمَّ جَاءَهُمْ مَا کَانُوا یُوعَدُونَ

مَا أَغْنَىٰ عَنْهُمْ مَا کَانُوا یُمَتَّعُونَ

 

Արդյոք մեր չարչարանքների համար շտապու՞մ են:

Ինչ ես կարծում, եթե երկար տարիներ նրանց արժանացնենք(վայելելու աշխարհի պերճությունները):

Ապա մեր խոստացած պատիժը նրանց հասնի:

Աշխարհի հաճույքները, որ վայելում են նրանց չեն ծառայելու:

 

Նախորդ այաներում ասվեց, որ երբ չարչարանքն իջնում է, հանցագործները ժամանակ են պահանջում հավատքի գալու համար: Այս այաներն ասում են, որ եթե անգամ նրանց երկար տարիներ ժամանակ տրվի, նրանք հավատքի չեն գա ու կժխտեն աստվածային խոստումները: Եվ այդ ժամանակ,  նյութական ու աշխարհիկ բարիքներն ինչպիսիք  են հարստությունն ու ուժը, չեն կարող նրանց փրկել պատժից: Այսպիսով, անհավատության հոգեբանությունն այնքան տարածված է որոշ մարդկանց մոտ, որ երբ մարգարեներից լսում են աստվածային պատժի մասին խոստումը, ծաղրում են նրանց ու ասում,- Եթե ճշմարիտ ես, ուղարկիր մեզ համար այդ պատիժը, որպեսզի մենք այն տեսնենք սեփական աչքերով: Իսկ երբ պատիժն իջնում է, նրանք ասում են. «Մեզ ժամանակ տուր, որ հավատքի գանք»:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Նրանք, ովքեր ժխտում են  աստվածային խոսքը, մի օր Աստծուց ժամանակ են խնդրելու հավատքի գալու համար, ինչը, սակայն, օգուտ չի ունենալու:

2. Աստվածային պատժի ժամանակ այլևս ոչ հարստությունն է մարդուն օգնելու, ոչ ուժը և ոչ էլ հռչակը:

3. Եթե մարդն ունի աշխարհիկ որոշակի հնարավորություններ, դա չի նշանակում, որ Աստված բարի է եղել այդ անձի նկատմամբ: Դա չի նշանակում , որ նա այդ բարիքները ստանալու է նաև հանդերձյալ կյանքում:

 

Շոարա սուրահի 208-209-րդ այաներ

وَمَا أَهْلَکْنَا مِنْ قَرْیَةٍ إِلَّا لَهَا مُنْذِرُونَ

ذِکْرَىٰ وَمَا کُنَّا ظَالِمِینَ

 

Մենք ոչ մի քաղաք չբնաջնջեցնք, առանց նրանց նախապես զգուշացնելու:

Ոչ ոք անիրավության չենթարկվեց:

 

Շարունակելով նախորդ այաները, այս այաներն անդրադառնում են մի ընդհանուր օրենքի, ասելով, որ Աստված բոլորին ժամանակ է տալիս և մարգարեներ ուղարկելով, փորձում է մարդկանց նախազգուշացնել ու արթնացնել թմբիրից: Սակայն երբ նրանք գիտակցաբար չեն ցանկանում հնազանդվել մարգարեներին, Աստված նրանց ոչնչացնում է: Սա արդար վճիռ է և բռնություն չի համարվում Աստծու արարածների նկատմամբ:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Աստված բոլոր ժողովուրդների համար ուղարկել է մարգարեների, որ նրանց նախազգուշացնեն:

2. Եթե պատիժն առանց նախազգուշացնելու լինի, բռնություն է համարվում, իսկ Աստված երբեք բռնություն չի գործադրում իր արարածների նկատմամբ: