Ելք դեպի լույս 678
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նամլ սուրահի 12-րդ այա
Ձեռքդ դիր ծոցդ և երբ դուրս քաշես այն, պիտի տեսնես, որ ճերմակել է առանց որևէ հիվանդություն ունենալու: Այս հրաշքն այն ինը հրաշքներից մեկն է, որ դու պիտի ցույց տաս փարավոնին և նրա ժողովրդին: Նրանք ամբարիշտներ են»:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Մովսեսն իր ընտանիքի հետ գնում էր դեպի Եգիպտոս և ճանապարհին Աստված նրան ընտրեց որպես մարգարե: Աստված նրան հրամայեց իր ձեռնափայտը նետել գետինին, ինչից հետո ձեռնափայտը վերածվեց օձի: Մովսեսը վախեցավ:
Այս այայում խոսվում է Մովսեսի երկրորդ հրաշքի մասին:
Աստված Մովսեսին ասաց. Ձեռքդ ծոցդ տար: Իսկ երբ նա ձեռքը դուրս բերեց, այն սպիտակ էր ու փայլուն: Այդ ժամանակ, Աստված Մովսեսին ասաց,- Քո հրաշքներն այս երկուսը չեն: Դու կարող ես կատարել ևս երկուսը: Սակայն դրանք կօգտագործես, երբ փարավոնին ու Եգիպտոսի ժողովրդին հրավիրես հավատքի: Այդ ժամանակ դու նրանցից կխլես անհավատության համար որևէ պատրվակ: Այդ հրաշքներից էին Նեղոս գետի ճեղքվելը և 12 աղբյուրների ցայտելը սարից: Պետք է ասել, որ երբ փարավոնն ու իր զորքը հարձակվեցին Իսրայելի ժողովրդի վրա, Մովսեսն իր գավազանը խփեց գետնին ու Նեղոսի ջրերը բացվեցին: Իսրայելի ժողովուրդն անցավ այդ ճանապարհով ու փրկվեց: Հաջորդ անգամ, երբ Մովսեսը ձեռնափայտը խփեց լեռանը, դրանից ժայթքեցին 12 աղբյուրներ:
Այս այայից սովորում ենք.
1. Բնության ամբողջ համակարգն Աստված է արարել և Աստված ինչ որ կամենա կկատարվի, որքան էլ որ դա անիրականանալի թվա:
2. Որոշ ժողովուրդներ այնքան են մոլորվել, որ մի հրաշքով նրանց հնարավոր չէ համոզել:
Նամլ սուրահի 13 և 14-րդ այաներ
فَلَمَّا جَاءَتْهُمْ آیَاتُنَا مُبْصِرَةً قَالُوا هَٰذَا سِحْرٌ مُبِینٌ
Երբ մեր լուսավորող հրաշքները նրանց հասան, ասացին. «Բացահայտ կախարդություն է սա»:
Նրանք ուրացան, չնայած գիտեին ճշմարտությունը: Անօրենությունն ու գոռոզությունն են իշխում նրանց մտքի վրա: Բայց տես, թե ինչ վախճան ունեցան ապիրատները:
Մովսեսն իր առաքելությունը կատարելու համար, գնաց փարավոնի ու նրա ժողովրդի մոտ ու նրանց հրավիրեց հավատալ միակ Աստծուն: Սակայն փարավոնն ու նրա կողմնակիցները, տեսնելով Մովսեսի հրաշագործությունները, նրա խոսքերին հավատալու փոխարեն, մեղադրեցին կախարդ լինելու մեջ: Այնուհետև այաներն ասում են. «Այս մեղադրանքը նրա համար չէր, որ մարդիկ կասկածում էին Մովսեսին: Ընդհակառակը, նրանք հասկացել էին Մովսեսի խոսքերի ճշմարտացիությունը, սակայն չէին ցանկանում դրանք ընդունել, որովհետև գոռոզամիտ էին: Ուստի փարավոնի հետևորդները մեծ չարիք գործեցին ու Մովսեսին մեղադրեցին կախարդանքի մեջ, որպեսզի չընդունեին նրա գերազանցությունն իրենց նկատմամբ: Իհարկե, Մովսեսի ու նրա ուսմունքի նկատմամբ չարիքը վերադարձավ հենց նրանց, որովհետև նրանք խորտակվեցին Նեղոս գետում
Այս այաներից սովորում ենք.
1. Հավատքի աստիճանն ավելի բարձր է գիտության աստիճանից: Մարդը կարող է սրտում ինչ որ բանի հավատալ ու ընկալել դրա ճշմարտացիությունը: Սակայն կարող է այն ժխտել ու չընդունել ճշմարտությունը: Իսկ հավատալ, նշանակում է ընդունել ճշմարտությունը:
2. Եթե մարդը գոռոզամիտ է, նա չի ընդունում ճշմարտությունը, քանի որ մյուսներին իրենից նվաստ է համարում, իսկ նրանց խոսքերն անարժեք:
3. Բոլոր չարագործների վերջը ոչնչացումն է:
Նամլ սուրահի 15 և 16-րդ այաներ
Դավիթն ու Սողոմոնը, մեզնից ստանալով գիտության շնորհը, փառաբանում էին Բարձրյալին, որովհետև Նա իրենց բարձրացրել էր մեր ծառաներից շատ վեր:
Սողոմոնը եղավ Դավթի ժառանգորդը և ասաց. «Ով մարդիկ, մենք հասկանում ենք թռչունների երգը, և ամեն ինչից մեզ տրվել է: Հիրավի, սա հստակ առավելություն է»:
Այս այաներն անդրադառնում են Դավթին ու Սողոմոնին, որպես Իսրայելի մարգարեներ: Երկու մարգարեներ, որոնց պայմանները մյուսներից տարբեր էին: Նրանց առանձնահատկությունը կայանում էր նրանում որ երկիրը կառավարելու համար ստեղծեցին իշխանություն: Եվ եթե նախորդ մարգարեները ենթարկվում էին ճնշումների, այս երկու մարգարեներն ունեին իշխանություն և նրանց ենթարկվում էին մարդիկ ու ջիները: Այս այաներն ասում են, որ Դավթի ու Սողոմոնի իշխանության հիքմում ընկած էր գիտությունը, որ Աստված նրանց տվել էր: Այս երկու մարգարեները մշտապես երախտապարտ էին Աստծուն, որ իրենց տվել է իմաստնություն և իշխանության հնարավորություն: Այնուհետև, այաներն ասում են, որ Դավիթն ու Սողոմոնը կարողանում էին հասկանալ թռչունների լեզուն և բնական ու նյութական բոլոր բարիքներից ճիշտ օգտվել:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարգարեների գիտությունը նրանց տրվել է Աստծու կողմից:
2. Կրոնն ու քաղաքականությունն անքակտելի են: Երբ մարգարեությունն ու իշխանությունը միավորվեն, հավատացյալները մուտք կգործեն քաղաքական ասպարեզ, կստեղծեն իշխանություն ու կպայքարեն չարագործների դեմ:
3. Երկրի կառավարումը պետք է հիմնված լինի գիտության վրա և ոչ թե անձնական ճաշակի:
4. Մենք պետք է երախտապարտ լինենք այն ամենի համար, որ Աստված մեզ տվել է ու գոռոզամիտ չդառնանք: