Ճանաչենք իսլամը ( 84)
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակելու ենք իսլամի մեծ մարգարեի անհատական յուրահատկությունների քննարկումը: Անշուշտ նրա կյանքի հետ ծանոթանալը կարող է օգտակար լինել բոլորի համար:
Իսլամի մեծ մարգարեի կյանքի կարևոր դրվագներից մեկը Աստծուն աղոթելու և նրան պաշտամունք մատուցելու ուղղությամբ նրա նախանձախնդրությունն էր: Աշխարհի միակ ու ամենազոր Արարչի հետ կապը համարվում էր նրա կյանքի ամենահաճելի աշխատանքը: Գիշերվա ուշ ժամերին մեծ մարգարեն դուրս էր գալիս մահճակալից և լվացվելուց ու ատամները խոզանակելուց, ինչպես նաև Ղուրանից այաներ ընթերցելուց հետո մի անկյունում սկսում էր աղոթել ու արտասվել: Նրա կինը Օմ-ե Սալամեն ասում է. «Մի օր կես գիշերին նկատեցի մարգարեն տան մի անկյունում աղոթում է: Նա ձեռքերը բարձրացրել էր դեպի երկինք և արտասվելով աղոթում էր. «Աստված ինձանից մի խլիր այն բարիքները, որ շնորհել ես ինձ ու իմ թշնամուն մի ուրախացրու: Ինձ մի մատնիր այն փորձություններին, որոնցից փրկել ես ինձ և նույնիսկ մի ակնթարթ ինձ մի լքիր»: Այդ բառերը լսելով նրան ասացի, միթե դուք ողորմության չեք արժանացել: Նա ասաց. «Բոլորն Աստծուն կարիք ունեն: Երբ Հովնան մարգարեն մի պահ լքվեց, հայտնվեց ձկան փորում»:
Հազրաթ Ալին ասում է. «Աստծո մարգարեն որևէ բան չէր գերադասում աղոթքին ու երբ գալիս էր աղոթքի պահը ասես չէր ճանաչում իր բարեկամներից ու հարազատներից որևէ մեկին»:
Մարգարեի ընթացակարգի մասին ասվել է, որ երբ նա միայնակ էր աղոթում, երկար ժամանակ մնում էր երկրպագության վիճակում, սակայն երբ աղոթում էր ժողովրդի հետ միասին դա կատարում էր կարճ ու սովորական կերպով: Նա մյուս մուսուլմանների աղոթքի առաջնորդը դարձած իր աջակիցներից մեկին հորդորեց. «Երբ մարդկանց հետ միասին ես աղոթում «Համդ»-ից կամ փառաբանությունից հետո կարդա կարճ մի սուրա ու աղոթքը մի երկարացրու»:
Իմամ Սաջջադը աղոթքի ու պաշտամունքի հանդեպ մարգարեի աննկարագրելի ցանկության մասին ասում է. «Նա այնքան էր աղոթել, որ նրա ոտքը ուռել էր: Երբ նրան ասացին, որ ինչո՞ւ ես այդքան աղոթում, երբ Աստված արդեն օրհնել է ձեր անցյալն ու ապագան, նա պատասխանեց. «Արդյոք չպիտի երախտապարտ ծառա լինեմ»:
Իսլամի մեծ մարգարեի ճգնության և աշխարհի հանդեպ անտարբերության մասին ասված է, որ նա որևէ կապվածություն չուներ աշխարհիկ հարստությանը և աշխարհի թույլատրելի հաճույքներից օգտվում էր նվազագույն չափով: Նա նստում էր հատակին ու կերակուր էր ուտում, իր ձեռքով էր կարկատան անում կոշիկն ու հագուստը և հեռու էր մնում պճնանքից: Մեծ մարգարեն Հազրաթ Խադիջայի հետ ամուսնանալուց հետո, մեծ հարստության տեր է դառնում: Սակայն նա հարստություն դիզելու նպատակ չուներ, այլև իր վաստակածը բարեգործությամբ նվիրում էր ուրիշներին և ցավակցում էր զրկվածներին ու նեղ վիճակում հայտնվածներին: Այսպիսով մեծ մարգարեն ներկայացրեց դրական ու կառուցողական ճգնության մի օրինակ: Նրա ճգնությունը, հարուստ մի մարդու ճգնությունն է, ով իր եկամուտը շահում էր մաքուր արդար ճանապարհով և հարստություն ու դրամագլուխ ձեռք բերելուց հետո բավարարվում է միայն իր կարիքները հոգալուն անհրաժեշտ հարստությամբ:
Իրական ճգնությունը հավատքի այն աստիճանն է, որին մարդ տիրանում է գիտակցության, կամքի ու անհատական լիազորության շնորհիվ, մինչդեռ որոշ մարդիկ հնարավորությունից զրկված մնալու պատճառով է, որ դիմում են ճգնության: Պատմության վկայությամբ իսլամի մեծ մարգարեն նյութական բոլոր հաճույքներից ու բարիքներից օգտվելու հնարավորություն ուներ: Ղորայշի ղեկավարները մարգարեին իր ընտրած ճանապարհից հրաժարեցնելու համար պատրաստ էին նրան տրամադրել աշխարհիկ բոլոր գրավչությունները, սակայն նա հրաժարվում է դրանցից ու կրում է աշխարհիկ կյանքի հանդեպ անտարբերության ու առաքինության զարդով: Կյանքի բոլոր պահերին Մոհամմեդ մարգարեն խորհում էր Աստծո մասին: Չէր աշխատում նրա համար, որ իր վաստակածը կամ շահը վերադառնա իրեն, այլ ջանք էր գործադրում, որ ժողովուրդը շահի դրանից:
Իմամ Ռեզան Աստծո մարգարեին վկայակոչելով ասել է. «Ինձ հայտնվեց մի հրեշտակ ու ասաց. «Ով Մոհամմեդ, քո Արարիչը ողջունում ու ասում է. «Եթե ցանկանաս Մեքքայի անապատը քեզ համար ոսկով կլցնեմ»: Մարգարեն նայում է երկինք ու ասում է. «Տեր իմ, ուզում եմ մի օր կուշտ լինեմ ու քեզ փառաբանեմ ու մի օր լինեմ սոված ու քեզանից հանապազօրյա հաց խնդրեմ»: Աստծո առաքյալի այս խոսքը վկայում է Արարչի դիմաց նրա անկեղծ հնազանդության մասին:
-------------------
Մեծ մարգարեի ճգնության ու աշխարհիկ կյանքի հանդեպ անտարբերության մասին տարբեր վկայություններ կան: Մի օր մարգարեն 12 դերհամ փող է տալիս Հազրաթ Ալիին ու ասում է. «Ինձ համար հագուստ գնիր»: Ալին գնում է շուկա ու նույն գնով հագուստ է գնում ու նեկայանում է մարգարեին: Մարգարեն ասում է. «Սրանից ավելի էժան ու պարզ հագուստն ավելի սազական է ինձ: Եթե վաճառողը կհամաձայնի հետ վերադարձրու այս հագուստը»: Հազրաթ Ալին հագուստը վերադարձնում ու ստանում է գումարը և վերադառնում է մարգարեի մոտ: Այս անգամ Աստծո մարգարեն ընկերակցում է Ալիին: Ճանապարհին նկատում են մի աղախնի, որ լաց է լինում: Հարցում են թե ինչո՞ւ է լաց լինում: Նա պատասխանում է. «Ինձ գնումներ կատարելու համար չորս դերհամ փող էին տվել, սակայն դա կորցրել եմ ու հիմա վախենում եմ տուն վերադառնալ»: Մեծ մարգարեն իր 12 դերհամի չորս դերհամը տալիս է կնոջը և գնալով շուկա գնում է չորս դերհամանոց մի հագուստ: Վերադարձին նկատում է մերկ մի մարդու: Նրան է նվիրում գնած հագուստն ու վերադառնում է շուկա և մի այլ շապիկ է գնում: Վերադարձին կրկին տեսում են նույն աղախնին, որը մտահոգ շարժումներ է անում: Մարգարեն հարցնում է, թե ի՞նչ է եղել: Նա ասում է, քանի որ ուշացել եմ վախենում եմ, որ ինձ պատժեն: Մարգարեն աղախնի հետ միասին գնում է նրա տիրոջ տունը: Տան Տերը մարգարեին ողջունելով ներում է աղախնին ու նրան ազատ է արձակում: Մեծ մարգարեն ասում է. «Ինչ բարեբեր 12 դերհամ էր, որ թե ծածկեց երկու մերկերի և թե ազատ արձակեց մի մարդու»:
Աստծո մարգարեն նաև ուշադիր ու բծախնդիր էր իրեն պահ տրվածը տիրոջը վերադարձնելու հարցում: Նա այդ ընթացքը հանձնարարում էր նույնիսկ հավատուրացների ու անհավատների պարագային: Հետևաբար Մոհամմեդի մարգարե նշանակվելուց հետո, նույնիսկ նրա թշնամիները ,լիարժեք վստահությամբ իրենց թանկարժեք իրերը վստահում էին նրան և որևէ կասկած չունեին նրա ճշտապահության հարցում: Այդ պատճառով էլ երբ մարգարեն որոշում է Մեդինա գաղթել, Ալիից խնդրում է մի քանի օրով մնալ Մեքքայում և իր մոտ պահ տրված իրերը վերադարձնել տերերին: Իսլամի մեծ մարգարեն ասում է. «Պահ տրվածը վերադարձրու նրան ով վստահել է քեզ և քեզ դավաճանողին դավաճանություն մի արա»: Նա ի դեպ նշում է. «Երբ մեկը մի խոսք է ասում և չի ցանկանում, որ շրջապատը դրա մասին տեղեկանան, այդ խոսքը պահ է տրվում ձեզ»:
Ազնվության ուղղությամբ մարգարեի ջանադրության կապակցությամբ ասվել է. «Խեյբարի պատերազմում մուսուլմանները սովի են մատնվում և սնունդի խիստ պակաս է առաջանում, այնպես որ սկսում են ուտել այն կենդանիների միսը, որոնք թեև արգելված չեն, սակայն չեն էլ հանձարարվում: Մուսուլմանները գրավել էին Խեյբարի հրեաների մի քանի ամրոցները, սակայն դեռ չէին նվաճել այն ամրոցը, որտեղ սնունդի պաշար կար: Այդ պահին Խեյբարի հրեաների համար հովվություն կատարող մի անձ ներկայանում է մարգարեին ու խնդրում է նրան ներկայացնել իրական իսլամը: Նա լսելով մարգարեի գրավիչ ու հաճելի խոսքերը իսլամ է ընդունում: Ապա ասում է. «Այս բոլոր ոչխարները Խեյբարի հրեաների միջոցով պահ են տրված ինձ ու հիմա երբ իմ կապն անջատվել է ոչխարների տերերի հետ, ի՞նչ պիտի անեմ: Մարգարեն հարյուրավոր սոված զինվորների առջև հովվին ասում է. «Մեր դավանանքում պահ տրվածի հանդեպ դավաճանությունն ամենամեծ մեղքերից է: Դու պիտի բոլոր ոչխարները տանես մինչև ամրոցի դարպաս ու հանձնես տերերին: Նոր մուսուլման դարձած հովիվը կատարում է մարգարեի հետաքրքիր ու արդար հրահանգը: