Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (32) Աղքատության և շրջակա միջավայրի միջև կապը
Ողջունում ենք Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ձեզ հետ ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի 32-րդ մասով: Նախորդ զրույցներում խոսեցինք ժամանակակից աշխարհում շրջակա միջավայրին սպառնացող աղտոտվածության տարբեր տեսակների մասին: Սակայն փորձագետների կարծիքով, որոշ գործոններ էական դեր են խաղում շրջակա միջավայրի ապականումը սաստկացնելու խնդրում: Այդ գործոններից է աղքատության առկայությունը մարդկային հասարակություններում: Այդ թեմայի շուրջ է լինելու այսօրվա զրույցը:
Երկիր մոլորակի ամենաավերիչ հիմնախնդիրներից է աղքատության բազմակողմանի երևույթը, որի ապականող ցիկլի հետքերը ամբողջ աշխարհում ակնհայտորեն երևում են և՛ մարդու և՛ շրջակա միջավայրի վրա: 1970-ականներից հետո ձևավորվեց գրեթե միջազգային համաձայնություն այդ հարցի շուրջ, ըստ որի աղքատության ու շրջակա միջավայրի միջև կա անբաժանելի կապ: Բնապահպանության և զարգացման միջազգային հանձնաժողովը այդ հարցի շուրջ հայտարարել է, որ «Աղքատությունն աշխարհի բնապահպանական հիմնախնդիրների գլխավոր և ամենաազդեցիկ պատճառն է: Ուստի, ապարդյուն են բնապահպանական հիմնախնդիրների քննարկմանը նվիրված ջանքերը, առանց համապարփակ մոտեցման, որը կընդգրկի համաշխարհային աղքատության և միջազգային անհավասարության հիմքում ընկած գործոնները:»
Աղքատության և բնապահպանության միջև կապը որպես վիճարկելի թեմա առաջին անգամ ներկայացվել է 1974 թ. Ստոկհոլմում կայացած մարդկանց շրջակա միջավայրի թեմայով ՄԱԿ-ի կազմակերպած կոնֆերանսում, որտեղ Հնդկաստանի ժամանակի վարչապետ Ինդիրա Գանդին աղտոտվածությունը վերագրեց առաջին հերթին աղքատությանն ու թերզարգացվածության: Նրա զեկույցում հստակեցվում էր, որ բնակչության աճն ու հողատարածքի անմատչելիությունը ճնշում է աղքատ մարդկանց, նրանց ստիպում է գյուղերի ու քաղաքների ծայրամասերում մեծացնել շրջակա միջավայրի շահագործումը և այդ գործընթացը ապականում է ռեսուրսները: Իհարկե, այդ հանգամանքը ինքնին առաջացնում է աղքատություն և երկարաժամկետում վտանգում է կենդանի արարածների գոյությունը:
Առկա փաստերը ևս հաստատում են այդ հանգամանքը: Այսօր մարդկանց բնակչության անխնա աճը և բացարձակապես սպառողական հասարակությունների առաջացումը օրեցօր ծանրացնում է դժվարությունների բեռը և ճնշման տակ է դնում պետությունների տնտեսական ցանցերը: Նման պայմանները, մի կողմից, կարճաժամկետում մեծացրել են շրջակա միջավայրի ապականման ծավալները, իսկ մյուս կողմից, հանգեցրել են մի շարք կենցաղային, տնտեսական ու սոցիալական բնագավառների ոչնչացմանը: Թեև շրջակա միջավայրի ապականումը և դրա հետևանքները՝ աղքատության տարածումը գործընթացներ են, որոնք աչքի են ընկնում ամբողջ աշխարհում, թե՛ զարգացած ու արդյունաբերական պետություններում և թե՛ երրորդ աշխարհի երկրներում, այդուհանդերձ այս գործընթացը երրորդ աշխարհի երկրներում տեղի է ունենում ավելի մեծ ծավալներով:
**************
2014 թվականին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հրապարակած զեկույցը վկայում է այն մասին, որ թեև աշխարհում նվազել են աղքատության ծավալները, այդուհանդերձ ներկայումս աշխարհի բնակչության մեկ երրորդը՝ շուրջ 2 միլիարդ 200 մլն մարդ 91 երկրներում ապրում են աղքատության պայմաններում: 800 միլիոն մարդ էլ ապրում է աղքատությանը մոտ պայմաններում: Աղքատների մեծ մասը ապրում է աշխարհի այն կետերում, որտեղ շփվում են ապականված շրջակա միջավայրում , իսկ որոշ դեպքերում էլ հենց իրենք հիմնական դերակատարություն ունեն իրենց շրջակա միջավայրի ապականման գործընթացում: Նրանք իրենց գոյությունը պահպանելու համար չունեն այլ ելք, քան հասանելի ռեսուրսների անխնա շահագործումը: Այսպիսով աղքատության և շրջակա միջավայրի ապականման միջև երկկողմանի կապը, որը մեկնաբանվում է աղքատների կողմից էկոհամակարգի հարկադրաբար ոչնչացման սկզբունքի անվան տակ, այսօր շրջակա միջավայրի ապականման տեմպերի արագացման պատճառ է դարձել:
Աղքատությունը դրսևորվում է այնպիսի հիմնախնդիրներում, ինչպիսիք են աղքատ ընտանիքների կողմից անտառահատումները, արոտավայրերում անասունների անխնա արածումը, երկրագործական հողատարածքների անխնա շահագործումը, էներգիայի աղբյուրների հասանելիության հարցում անհավասարությունը և երաշտի սաստկացումը: Այս բոլորը սպառնում են աղքատ ընտանիքներին, որոնք էլ իրենց վրա ծանրացող ճնշումների պատճառով ստիպված ճգնաժամային վիճակի են հասցնում շրջակա միջավայրը: Աղքատները գոյատևման համար չունեն այլ ելք, քան ռեսուրսների անխնա շահագործումը: Օրինակ՝ բազմաթիվ վայրերում վառելիքի կարիքի պատճառով նրանք ստիպված են կտրել այն ծառերն ու թփերը, որոնք կանխում են հողի էրոզիան ու ավերիչ ջրհեղեղները:
Այսօր առևտրային էներգակիրների ռեսուրսների ծավալների ահռելի մեծացմամբ հանդերձ, բազմաթիվ աղքատ ու զարգացող պետություններում քաղաքացիների մի ստվար զանգված դեռևս ցախ է օգտագործում ջեռուցման և եփ ու թուխի համար: Օրինակ՝ Նեպալում օգտագործվող էներգիայի 97 տոկոսը ապահովվում է փայտե ռեսուրսներից: Եթովպիայի և Բուրկինա-Ֆասոյի նման պետությունները իրենց օգտագործվող էներգիայի ապահովման հարցում 90 տոկոսով կախված են ցախի պաշարներից: Ուստի էներգակիրների աղբյուրների հասանելիության հարցում անհավասարությունը պատճառ է դարձել, որ աղքատ ժողովուրդների զգալի մասը ընտրության որևէ հնարավորություն չունենա և արդյունքում ապականվում են այն հիմքային ռեսուրսները, որոնցից է կախված նրանց ապագա կենցաղը: Աշխարհում առկա անհավասարությունը մարդկանց փոքրամասնությունների համար, ցանկացած երկրի ներսում և նույնիսկ լոկալ հասարակության մակարդակում հանգեցնում է նրան, որ այդ ռեսուրսները օգտագործվեն ոչ խելամիտ եղանակով և այսպիսով ռեսուրսների վատնման կամ շրջակա միջավայրին վնասների պատճառ են դառնում:
*************
Շրջակա միջավայրին վնասներ պատճառող գործոններից է բնապահպանության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների բացակայումը, մասնավորապես աղքատ գյուղական համայնքներում անհրաժեշտ գիտելիքների բացակայության պատճառով հողը վարելու և հողագործության ճիշտ սկզբունքներից անտեղյակ գյուղացիները հողի էրոզիայի պատճառ են դառնում: Քիմիական պարարտանյութերի չափազանց օգտագործումը ևս վնասներ է հասցնում նրանց շրջակա միջավայրին: Մշակութային ցածր մակարդակը և բնապահպանական վերաբերմունքի բացակայությունը ևս նպաստում են շրջակա միջավայրի ապականմանը, որի օրինակներից կարելի է մատնանշել միջավայրում աղբի, թափոնների ու կեղտաջրերի բացթողումը:
Ինչպես նշվեց, աղքատության և շրջակա միջավայրի ապականման միջև կապը երկկողմանի է, այսինքն թե՛ աղքատությունն է շրջակա միջավայրի ապականման պատճառ դառնում, և թե՛ շրջակա միջավայրի ոչնչացումն է հասարակություններում աղքատության պայմաններ առաջացնում: Միջազգային ուսումնասիրությունները ևս հաստատում են այն հանգամանքը, որ բնապահպանական մարտահրավերներն ոը բնակլիմայի փոփոխությունը ամենամեծ և ամենակոշտ ազդեցությունն ունեն աղքատների կյանքում: 2014 թվականին բնակլիմայի փոփոխության հարցերով միջազգային առաքելության (IPCC) զեկույցը ցույց է տվել, որ բնապահպանական մարտահրավերներն ու բնակլիմայի փոփոխությունները մեծապես ազդում են աղքատների կյանքի վրա: Այս շրջանակում խորհելու տեղիք է տալիս հպանցիկ հայացքը դեպի Սիրիայում տեղի ունեցող բնապահպանական ճգնաժամը և այդ երկրում անհանգստությունների առաջացման հարցում դրա ազդեցությանը: Վերլուծաբաններից ոմանք այն համոզման են, որ Սիրիայում բնապահպանական մարտահրավերներն ու դրա հետևանքով վերջին դարերում ամենասաստիկ երաշտի առաջացումն, այդ երկրում առաջացած խռովությունների կողքին, գյուղատնտեսների ու անասնապահերի շրջանում լայնածավալ աղքատության պատճառ են դարձել: 2006-2011թթ. Սիրիայում տեղի ունեցավ վերջին դարերի ամենասաստիկ երաշտներից մեկը: Խաղաղության և բնակլիմայի ինստիտուտի պատրաստած զեկույցի համաձայն, Սիրիայում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ավելի քան 60 տոկոսը ոչնչացվեց այդ ժամանակահատվածում: ՄԱԿ-ի 2011 թվականի գնահատման համաձայն, Սիրիայի անասնապահերը կորցրեցին իրենց անասունների 85 տոկոսը: ՄԱԿ-ի մեկ այլ զեկույցի գնահատմամբ, երաշտի և չորության հետևանքով սիրիական ժողովրդից ավելի քան 3 մլն մարդ հայտնվել է բացարձակ աղքատության մեջ:
Աղքատության և բնապահպանության միջև կապը այնքան է արծարծվել բնապահպանական գրականության մեջ, որ փորձագետներից շատերը շփոթության մեջ են ընկել և իրենց բնապահպանական վերլուծություններում շրջակա միջավայրի ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը բարդում են աղքատների վզին: Սակայն պետք է նկատի առնել նաև այն հանգամանքը, որ ընդունելով շրջակա միջավայրի վրա աղքատության ազդեցությունն ու դրանց միջև եղած կապը, աղքատության համարումը որպես շրջակա միջավայրի ապականման միակ պատճառ և հիմնախնդրում այլ գործոնների ու պայմանների անտեսումը սխալ մոտեցում է և ի վերջո հանգեցնելու է բնապահպանության և աղքատության վերացմանը ուղղված ճիշտ ռազմավարությունների մշակման գործի ձախողման: Այս բնագավառում պետք է մատնանշել այնպիսի գործոններ, ինչպիսիք են անհավասարությունը, քաղաքական ու վարչական սխալ կառուցվածքները, կառավարման սխալ մեթոդները, շուկայի անբավարարությունը, շրջակա միջավայրի ռեսուրսների կառավարման ու շահագործման հարցում տեղական հասարակությունների դերակատարության ու ներգրավվածության նկատմամբ անուշադրությունը: Փաստորեն պետք է նշել, որ աղքատությունը սոցիալական, տնտեսական ու մշակութային այլ գործոնների հետ համադրության մեջ է, որ ավերիչ ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա և նշված խնդիրների, պայմանների ու գործոնների կապը հաշվի չառնելը խնդրի վերաբերյալ թյուրիմացության և սխալ լուծումների մշակման պատճառ կարող է դառնալ:
*****************
Բարեկամներ, հաղորդումը մոտենում է իր ավարտին: Հաջորդ հաղորդման ընթացքում կշարունակենք շրջակա միջավայրի ապականման հարցում կարևոր գործոնների վերաբերյալ քննարկումը, իսկ մինչ այդ մենք Ձեզ հրաժեշտ ենք տալիս: Աստված Ձեզ հետ: