Հիշարժան այցելություն (8)
Ձեզ ենք ներկայացնում «Հիշարժան այցելություն» հաղորդաշարի հերթական համարը: Հաղորդաշարի շրջանակներում ձեզ պատմում ենք իրանահայ և ասորի նահատակների ընտանիքների անդամների հետ ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հանդիպումների մասին:Այս այցերի մասին գրված է՝ «Քրիստոսը՝ Ղադրի գիշերը» գրքում:
Պարտադրված պատերազմի և Սրբազան պաշտպանության առաջին ամիսներն էին: Պրն. Խամենեին դոկտոր Չամրանի հետ իմամ Խոմեյնիից թույլտվություն խնդրեց ռազմաճակատ գնալու համար: Այս շրջանը երկար չտեւեց. 1981 թվականին Թեհրանի հարավային մզկիթներից մեկում պարոն Խամենեիի դեմ մահափորձի դեպքից և ապա նրա նախագահ ընտրվելուց հետո Իմամ Խոմեյնին այլևս թույլ չտվեց պարոն Խամենեիին անգամ շինարարական նախագծեր բացելու համար Իրաքի հետ սահմանամերձ նահանգներ կամ պատերազմական շրջաններ մեկնի։ Իմամի այս արգելքը շարունակվեց մինչև պատերազմի վերջին ամիսը և կրկին Սադամի ներխուժումը։ Պարոն Խամենեին նորից հագավ մարտական հագուստ ու գնաց ռազմաճակատ։ Այս երկու երևույթների թվում Այաթոլլահ Խամենեիի ծրագրերից մեկն էլ եղել է հայ նահատակների տները այցելելը: Այսօրվա հաղորդման ընթացքում նահատակի եղբոր խոսքերից կպատմենք Այաթոլլահ Խամենեիի՝ հայ նահատակների ընտանիքի հետ հանդիպման մեկ այլ հիշողություն: Մնացեք մեզ հետ։
Ես Փայլակ Ավետյանի մեծ եղբայրն եմ: Մենք ինը քույր ու եղբայր ենք: Քրոջիցս և ինձնից հետո, Փայլակը մյուսներից մեծ էր: Բոլորս ծնվել ենք Սպահանի Փերիա գավառում: Ապրել ենք այնտեղ: Հեղափոխությունից մի քանի առաջ Թեհրան ենք եկել: Փայլակն սկզբից աշխատանքի անցավ մի շքեղ ճաշարանում: Հանրության հետ շատ լավ վերաբերմունք ուներ և հայերենից բացի, տիրապետում էր պարսկերեն և անգլերեն լեզուներին: Առաջին օրերին, արձանագրվեց լեզվի մի ուսումնարանում: Փայլակը գեղեցկադեմ էր և շատ տաղանդավոր: Ճաշարանում ազատ ժամերին դաշնամուր էր նվագում: Մի քանի ամիս անց, առանց մասնագիտական դասընթացներ անցկացնելու, այնքան հմտորեն էր դաշնամուր նվագում, որ տեսնողը կարծում էր, թե նա մանկուց դաշնամուր է նվագել: Փայլակն իսկապես բարի անձնավորություն էր: Ոչ-ոք նրա նման սեր չի փոխանցել ծնողներիս և երբ նահատակվեց, ոչ-ոք չկարողացավ լրացնել նրա սիրո բացը: Ճաշարանից ստացած բոլոր եկամուտը հատկացնում էր ընտանիքին: Ապրուստը հոգալու հարցում, թե օգնում էր հայրիկիս և թե նվերներ էր գնում մորս և քույր-եղբայրներիս համար և ուրախացնում նրանց: Իր նահատակության թվականի գարնանը, 1980 թվականին, Ս. Հարության տոնի առիթով մորս ոսկի նվիրեց: Փայլակի նահատակությունից հետո, մայրս այդ ոսկու գնման անդորրագիրը պահել է լուսանկարչական ալբոմում: Ալբոմը նայելիս, երբ հասնում էր այդ էջին, խորապես հուզվում և ասում էր. «Մայրդ քեզ մատաղ, որ միայն մյուսներին ուրախացնելու մասին էիր մտածում»:

Բոլորս տխուր էինք, երբ նա որոշեց զինվորական ծառայության գնալ, բոլորս, բացի հորիցս: Հայրը նրա համար նույնիսկ ոչխար է զոհաբերել բանակ գնալու առիթով: Նա ուրախացել էր, որ որդին տղամարդ է դարձել։ Նա ասաց, որ երբ զինվորական ծառայությունն ավարտվի, ինքը կօգնի Փայլակին ամուսնանալ։
Փայլակն իր զինվորական ծառայության ուսումնական շրջանն անցկացրել է Բիրջանդում, ապա Մաշհադ տեղափոխվել: Իր ծառայությունից մի քանի ամիս անց, պատերազմն սկսվեց և նա Դեզֆուլ մեկնեց: Ոմանք Փայլակին հորդորում էին փախչել, ասելով, որ եթե չփախչենք, կսպանվենք: Այդ ժամանակ Իրանի նախագահն էր Բանի Սադրը, ով նաև գերագույն գլխավոր հրամանատար էր: Բանի Սադրի մտածելակերպի և գործելաոճի պատճառով, նրա օրոք ռազմաճակատում զինվորների վիճակը բոլորովին ցանկալի չէր: Այդուհանդերձ Փայլակը ոչ միայն չփախավ, այլ փախչելու մտադրություն ունեցողներին ևս դրդում էր հրաժարվել այդ մտքից: Նա շատ խիզախ ու վճռական էր: Երբ արձակուրդ էր եկել, պատմում էր, որ փախչողներին ասում է, թե մահը հազար անգամ ավելի լավ է ստոր կյանքից: Երբ բոլորս մի օր մեռնելու ենք, ավելի լավ է մեռնենք մեր հայրենիքը պաշտպանելիս:
Եղբայրս Փայլակը շատ ընթերցասեր էր: Շատ գրքեր էր կարդում, պատմական գրքեր, հեքիաթներ, վեպեր: Անգամ զորանոցում, ռազմաբազայում և ճակատում շարունակում էր կարդալ: Զինվորական ծառայության ժամանակ չիմացանք, թե ուղղակի ինչ էր նրա աշխատանքը: Երբ հարցնում էինք, պատասխանում էր՝ Դուք կարծեք ավել եմ անում, ինչ նշանակություն ունի, թե ինչ եմ անում:

Նահատակ Փայլակի եղբայրն ասում է.«Կյանքումս երկու օր չեմ մոռանա. Մեկ օրն այն է, երբ գնացինք դիահերձարան Փայլակին ճանաչելու, մեկ օրն էլ այն օրն է, երբ հյուրընկալեցինք մեծարգո Խամենեիին: Այն օրը տանն էի, երբ Փայլակի նահատակության լուրը բերեցին։ Հայրս ու պապս էլ տանն էին: Մի զինվոր եկավ և ասաց, որ գնանք դատաբժշկական կենտրոն անձը հաստատելու համար։ Երեքով գնացինք այնտեղ։ Ինձ տարան դիահերձարանի մի հատված, որտեղ երեք հայ նահատակներ կային։ Առաջին մարմինը պատկանում էր մի նահատակի, որի ընտանիքին դեռ տեղյակ չէին պահել: Տեղեկացնելու գնացած սպան տեսել է, որ նահատակի եղբոր հարսանիքն է, ուստի չի ցանկացել տեղեկացնել։ Երկրորդ դիակը պատկանում էր Զորիկ Մուրադյանին, երրորդը՝ Փայլակ Ավետյանին։ Փայլակի դեմքից բարություն էր ճառագում։ Նրա ձախ ուսը ճեղքված էր հենց սրտի ետևում։ Փայլակն ու Զորիկը եղել են հայ առաջին նահատակներից»։
Պապս քահանա էր՝ Արշամ Առաքելյան: Նա շատ հայտնի էր, և բոլոր հայերը նրան ճանաչում էին։ Փայլակի հուղարկավորության ժամանակ նա առաջարկեց, որ նրան թաղենք առանձին հողամասում և գերեզմանոցում նահատակների բաժին ունենանք: Հիմա, Թեհրանի հայկական գերեզմանատանը նահատակներին նվիրված հատված կա, որի մեջտեղում հուշահամալիր են կառուցել ու մեջը գրել նահատակների անունները։ Այս հատվածը ստեղծվել է մեր պապի առաջարկով։

Մեկ այլ բան, որը երբեք չեմ մոռանա, այն գիշերն է, երբ մեծարգո Խամենեին այցելեց մեր տուն: Որքան էլ դառն ու մութ ու անմոռանալի լինի այն օրը, երբ մենք գնացինք դատաբժշկական կենտրոն Փայլակին ճանաչելու, այն գիշերը, երբ մեծարգո Խամենեիին մեր տուն այցելեց քաղցր է, պայծառ ու հիշարժան հուշերով: Անկեղծ ասած, այդ գիշեր ես ծանոթացա մեկ այլ պրն.Խամենեիի հետ։ Պարոն Խամենեին, ով հազար լուսային տարի տարածություն ուներ նրանից ում ճանաչում էի ։ Մի կարծեք, որ ես նրա մասին բացասական մտքեր եմ ունեցել մինչ հանդիպելը, ոչ։ Ամենևին, անկեղծ ասած, չէի հավատում, որ նա այդքան բարի ու սրտացավ, ջերմ, նրբազգաց, մտերիմ ու սիրառատ էր։ Հեռուստացույցով տեսած նրա ուժն ու հեղինակությունը մի կողմից, իսկ մեր տանը նկատած նրա սերն ու ջերմությունը չէի կարողանում մեկտեղել: Այդ օրը մայրս հեռախոսեց և ասաց, որ հյուր ենք ունենալու և խնդրեց, որ շուտ տուն վերադառնամ: 1984 թվականն էր:Փայլակի նահատակությունից չորս տարի անց, Պարտադրյալ պատերազմի ծանր օրերն էին: Մեր տան դռան առաջ, երկու անծանոթների տեսա:
Նրանց հարց ու փորձով տուն մտա: Զարմացած տեսա, որ երկրի նախագահ՝ պրն. Խամենեին է մեր տանը և մտերմաբար խոսում է ծնողներիս հետ: Ես բարևեցի և հայրս ինձ ներկայացրեց և ասաց, որ նահատակի մեծ եղբայրն եմ: Ի հարգանք ինձ, նա ոտքի կանգնեց և շատ ջերմ բարևեց: Շատ հիշարժան երեկո էր ոչ միայն ինձ համար, այլ ծնողներիս, քույրերիս ու եղբայրնեիս համար: Պրն. Խամենեին խոսեց բոլորիս հետ: Անգամ իմ դպրոցական քույր-եղբայրներից հարցրեց, որ դասարանում և ինչպես են սովորում: Չգիտեք թե պրն. Խամենեիի հետ մտերմիկ հանդիպումն ու զրույցը որքան հաճելի է: Ես Փայլակի նահատակության հայտարարությունը բերեցի և շատ մանրամասն խոսեցի նրա մասին: Նա էլ շատ խոսեց Փայլակի և նրա նման երիտասարդների գործի վեհության մասին և բարձր գնահատեց ծնողներիս:
Այսօր Փայլակի դիմանկարն է զարդարում մեր տունը: Դիմանկար, որ տարբեր է մյուսներից: Դիմանկար, որը ոգի ունի ու ապրում է, տեսնում ու լսում է և մենության մեջ զրուցում է: Դիմանկար, որը մեր բարի եղբոր բացն է լրացնում մեզ համար: