Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (34) Պատերազմները կործանում են շրջակա միջավայրը
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ձեզ հետ ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցով: Այսօր խոսելու ենք շրջակա միջավայրը ոչնչացնող գործոններից մեկի՝ պատերազմների մասին: Ընկերակցեք մեզ:
Աշխարհը բազմաթիվ անգամներ հանուն անվտանգության, արդարության ու խաղաղության մղված պատերազմների ականատես է եղել, որոնց պատճառած կորուստների ու վնասների թիվը հաշարվարկվում է սպանված ու վիրավորված զինվորականների թվով, գյուղերի ու քաղաքների ավերածությամբ և մարդկանց կենցաղային մակարդակով: Իսկ թե պատերազմները ինչ հետևանքներ են ունենում շրջակա միջավայրում, երբեք չի հրապարակվում: Բոլոր պատերազմներում անտեսվում են շրջակա միջավայրն ու բնական ռեսուրսները, այդ իսկ պատճառով սովորաբար շրջակա միջավայրը պատերազմների մոռացված զոհն է դառնում: Այս բոլորն այն դեպքում, երբ ապացույցները վկայում են այն մասին, որ պատերազմական շրջանների բնակիչները, պատերազմից տարիներ անց հատուցում են շրջակա միջավայրին պատճառված վնասների դիմաց: «Շրջակա միջավայր և խաղաղություն» կենտրոնի հրապարակած տվյալներով, պատերազմների ընթացքում շրջակա միջավայրին պատճառված վնասները և պատկան կառույցների կործանվելն այսօր սպառնում են մեծ թվով երկրների առողջապահությանը, անվտանգությանն ու կենսամակարդակին:
Այսօր բոլորը խոստովանում են, որ պատերազմներն անդառնալի հետևանքներ են ունենում շրջակա միջավայրում: Որովհետև պատերազմներում հաղթելու, թշնամուն հարվածելու և վրիժառության զգացմունքի պատճառով մոռացության են մատնվում մարդկային սկզբունքները, վտանգվում է անմեղ մարդկանց կյանքն ու ծանր վնասներ են պատճառվում շրջակա միջավայրին: Այս օրերին, պատերազմներում կործանիչ ռումբերի և քիմիական գազերի օգտագործումը վտանգավոր հետևանքներ է ունեցել շրջակա միջավայրում: Փորձագետների կարծիքով, շրջակա միջավայրում պատերազմների հետևանքները չորս խմբերի են բաժանվում՝ բնակմիջավայրերի ավերում, գաղթականություն, բուսական ու կենդանական տեսակների ոչնչացում և քաղաքային հիմնաշենային կառույցների կործանում:
Պատերազմը նաև անուղղակի հետևանքներ է ունենում շրջակա միջավայրում, որոնք երբեք երևան չեն գալիս պատերազմական շրջանում: Ականների օգտագործումն արգելող միջազգային դաշինքը հայտարարել է, որ տասնյակ միլիոն տոննա պայթուցիկ նյութեր են տարածված Աֆղանստանում, Կամբոջայում, Բոսնիայում և Աֆրիկայում: Պատերազմից տարիներ անց այդ ականները խափանել են մարդկանց կյանքը, ամեն տարի բազում անմեղ զոհեր խլելով, մեծ թվով մարդկանց խեղանդամ դարձնելով և շրջակա միջավայրում անդառնալի հետևանքներ ունենալով: ՄԱԿ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն, միայն 20-րդ դարի վերջին տասնամյակում, 118 զինված բախում է տեղի ունեցել աշխարհում, որոնց հետևանքով փախստականի կարգավիճակում է հայտնվել 6 միլիոն մարդ: Գաղթականությունը, վարակիչ հիվանդությունների տարածվելը, սովն ու երաշտը բախումների անդրսահմանային հետևանքներից են համարվում:
---
Ներքին բախումների հետևանքներից է մեծ թվով մարդկանց գաղթական դառնալը, որոնք փախչում են բռնությունից ու անապահովությունից: Մարդկանց լայնամասշտաբ տեղահանությունը ոչ միայն խորը ցավ է պատճառում նրանց և խափանվում են տնտեսական աշխատանքները, այլև մեծապես տուժում է շրջակա միջավայրը, հատկապես չորային և ոչ-բարեբեր շրջաններում: 2003 թվականին Դարֆորում ավելի քան երկու միլիոն մարդկանց գաղթական դառնալով, տարածվեցին անապատները, նվազեց հողի որակը և անխնա օգտագործվեց փախստականների ճաբարների մոտակայքում գտնվող ստորգետնյա ջրային ռեսուրսները: Վերջին տարիների ընթացքում Սիրիայում տեղի ունեցող բախումների հետևանքով փախստականի կարգավիճակում են հայտնվել միլիոնավոր մարդիկ, ոչնչացվել են ցանքսատարածքները և ընդարձակվել են անապատները:
20-րդ դարի վերջերին և 21-րդ դարի սկզբին տեղի ունեցած բախումներն անցանկալի հետևանքներ թողնելով մարդկային կյանքում, նաև թիրախ են դարձրել շրջակա միջավայրն ու բնապաշարները: Վերջին տասնամյակների պատերազմների ավերիչ հետևանքները հաստատում են այդ իրողությունը: Միջին Արևելքում, Աֆղանստանից սկսած մինչև Իրաք, Լիբանան, Բահրեյն, Աֆրիկայում Լիբիայից մինչև Եգիպտոս, Սուդան և Կոնգո ավերիչ բախումներ են տեղի ունեցել: Քաղաքական ու ռազմական նպատակով մղված այդ բախումները թիրախ են դարձրել ժողովրդին ու շրջակա միջավայրը և անդառնալի վնասներ են պատճառել էկոհամակարգին:
Շրջակա միջավայրի ավերման բացահայտ դեպքերից մեկն իրականացել է ԻԻՀ դեմ Սադդամ Հուսեյնի ռեժիմի պարտադրած պատերազմի ժամանակ: 80-ական և 90-ական թվականներին Իրաքի բռնապետ Սադդամն իր խելահեղ քաղաքականությունների գործադրմամբ, Իրաքի հարավային շրջանների ճահճուտների ցամաքելու պատճառ դարձավ: Իր քաղաքական ու ռազմական նպատակների իրագործման համար Սադդամը հրահանգեց իրագործել «վառված հողի» տակտիկան: Սադդամի հրամանով, Իրաքի բանակը վառեց Հուր Ալ-Ազիմի շրջանները, այնպես որ այդ տարածքում անգամ եղեգներ չաճեցին: Տարածաշրջանի էկոհամակարգը խափանվելով, Իրաքի կենտրոնական ու հարավային ջրաճահճային հանդակներում դադարեց թռչունների չուն և Իրանի դիմաց պաշտպանական արգելքներ ստեղծելու պատրվակով, Իրաքի հարավային նահանգներում ոչնչացվեց ավելի քան 15 միլիոն արմավենի: Իրաքի բանակն առաքելություն ուներ փակել իր երկրի հարավային շրջանների առուների հոսքը, որպեսզի այդպիսով ավելի մեծանար ցանքսատարածքների էրոզիան: Հատկապես Բասրա նահանգում և Իրանի հետ սահմանային նահանգներում արմատախիլ դարձան արմավենիները և դրանց փոխարեն տեղադրվեցին ականներ ու պայթուցիկ թակարդներ:
---
Մյուս կողմից Իրաքի հին գործարանների, հատկապես նավթային արդյունաբերության և գյուղերի ու քաղաքների կոյուղիների քիմիական վտանգավոր նյութերը թափվում են Տիգրիս և Եփրատ գետեր: Այնպես որ Բասրա նավահանգստային քաղաքի ափամերձ ջրերում նավթի ու գազի հսկայական բծեր տեսնելն այնքան էլ զարմանալի չէ: Այս դեպքերն ուղղակիորեն ազդում են Իրաքի մարդկանց կյանքի վրա, իսկ երկարաժամկետում աղտոտում են օդը և աերոզոլների առաջացման պատճառ են դառնում:
Հուր Ալ-Ազիմ կամ Հուր Ալ-Հովեյզե ջրաճահճային հանդակների ցամաքելը, անապատացումը, բերրի հողերի և բուսականության ոչնչանալը Իրանի հարավում և հարևան երկրներում տեղի ունեցած մի քանիամյա պատերազմի հետևանքներ են:
Իրանի հարավում աերոզոլների առաջացման գլխավոր պատճառը համարվող Հուր Ալ-Ազիմ ջրաճահճային հանդակի ցամաքելը հետևանքն է Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի պատճառով առաջացած ջրի խիստ սակավության:
Այսօր Իրանի շատ քաղաքներ և տարածաշրջանի երկրներ տառապում են պատերազմի և բնապահպանական ճգնաժամի հետևանքներից: Իրանի բնապահպանության կազմակերպության տնօրեն՝ Մաասումե Էբթեքարն ասել է.«Մեր երկրում աերոզոլները պատերազմի հետևանք են և ամեն օր ավելի է տարածվում այդ երևույթը»:
---
Վերջին տասնամյակներում Պարսից Ծոցում տեղի ունեցած պատերազմների պատճառած բնապահպանական աղետներից էր նավթային հարթակներից կամ նավթատար նավերից նավթի արտահոսքը: Իրան-Իրաք ութամյա պատերազմի տարիներին, նավթատար նավերը և նավթային հարթակները պայթելով, ջրերի հսկայական տարածք ապականվեց: Իրաք-Քուվեյթ պատերազմի ժամանակ նույնպես վառվեցին նավթահորեր և նավթի անձրև տեղաց այդ տարածքի ժողովրդի գլխին: ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Քուվեյթի նավթային ավազանների գրավվելու ժամանակ, 940 նավթահորերից վառվում էին 640-ը, իսկ մնացյալ նավթահորերից նավթ էր արտաթորում իրաքյան ու ամերիկյան ուժերի ռազմական գործողությունների պատճառով: 1991 թվականի հունվարի 19-ին, իրաքյան ուժերը ծով թափեցի 5 նավթատար նավերի բեռնվածքը և ի վերջո հունվարի 23-ից փետրվարի 28-ը հրդեհվեցին ավելի քան 730 նավթահորեր:
Այդ դեպքերից հետո, Քուվեյթում մահացության դեպքերը տարեկան 10 տոկոսով ավելացան և միակ լավ լուրն այն էր, որ ավելի քան չորս միլիոն տոննա ծուխ և ծծումբ բարձրացել է ավելի քան 5 հազար մետրով, հակառակ դեպքում, սարսափելի վտանգներ էին սպառնալու տարածաշրջանի և աշխարհի էկոհամակարգին:
Մյուս կողից Պարսից Ծոցի հարյուրավոր կիլոմետր տարածք պատվեց նավթի ու կուպրի խիտ նստվածքով, ինչի հետևանքով սատկեց ավելի քան 30 հազար ծովային թռչուն:
---
Այս բոլորը պատերազմներում տեղի ունեցած աղետների մի չնչին մասն էին: Միգուցե պատերազմներն ավարտվեն թղթի վրա գրված համաձայնություններով կամ հանուն խաղաղության մղված ջանքերով, սակայն շրջակա միջավայրը բարելավելու համար ոչ մի նշանակություն չունեն հրադադարն ու խաղաղության հաստատումը:Երկիրն այլևս երբեք չի ներելու մեր սխալները:
Սպառվեց հաղորդմանը հատկացված եթերաժամը: Զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: