Գեղարվեստական հաղորդում (373)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Գեղագիտության ազգային կենտրոնի հրավերով մայիսի 27-ից հունիսի 15-ը Վրաստանից և Իրանից Հայաստան ժամանած ժամանակակից արվեստագետները վարպետության դասեր, աշխատարաններ և հանդիպումներ կանցկացնեն Հայաստանում։
կենտրոնն իր երևանյան և մարզային ստորաբաժանումներով կդառնա արվեստային մեծ հարթակ այդ արվեստագետների համար՝ իրականացնելու և ներկայացնելու իրենց նախագծերն ու փորձը, փոխանցելու գիտելիքներն ու հմտությունները հայ պատանիներին և երիտասարդներին, հանդիպելու և փորձի փոխանակում ունենալու Հայաստանի տարբեր համայնքների արվեստագետների հետ։
Տիկնիկագործություն, պար, վիզուալ արվեստ, գեղագրություն, պատմասացություն. նախագիծն ընդգրկուն է և հետաքրքիր։ Այն դառնալու է մշակութային խաչմերուկ երեք երկրների արվեստագետների և արվեստասերների համար։ Ուսումնաճանաչողական և ստեղծագործական այս նախագիծը նաև հրաշալի հնարավորություն է մարզային արվեստասեր հանրության համար ծանոթանալու միջազգային արվեստագետներին և նրանց ստեղծած արվեստին, ստեղծագործելու և ներկայացնելու տվյալ մարզի ազգային մշակութային ավանդույթներն ու հնարավորությունները:
Հրավիրյալ արվեստագետներին ևս մշակութային օրակարգ է սպասվում։ Հայկական արվեստին ու մշակույթին ավելի լավ ծանոթանալու համար նախատեսվում են այցելություններ թանգարաններ և արվեստի այլ կենտրոններ։
Նախագիծը մեկնարկը կտրվի մայիսի 30-ին՝ ԳԱԿ պատկերասրահում վրացի արվեստագետ Գիորգի Միսաուրիի աշխատանքների անհատական ցուցահանդեսով։
Հ. Իգիթյանի անվ. գեղագիտության ազգային կենտրոնը «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Վրաստանից և Իրանից» նախագիծն իրականացնում է Իրանի և Վրաստանի գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի երկրորդ օրը՝ մայիսի 26-ին, կայացել են մի շարք դասախոսություններ, հանդիպումներ, շնորհանդեսներ, այդ թվում՝ «Նյումեգ»-ի հրատարակած «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդեսը, Սուրեն Դանիելյանի դասախոսությունը՝ Պոլսահայ նորագույն գրականության մասին, Շենոն Սալիվանի և Յորղոս Կուտուվելասի «Բանաստեղծությունը՝ բացված․ պոետիկ արտահայտման հետմիջօրե»-ն (Վերսոպոլիս), Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» գրքի շնորհանդեսը («Զանգակ»), Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրության շնորհանդեսը (Անտարես), Շառլ Ազնավուրի պոեզիայի երրորդ հատորի շնորհանդեսը («Նյումեգ»), Կլաուդիո Պոցցանիի և Նարեկ Կոսմոսի գրական-երաժշտական բաթլը, հանդիպում Արմեն Զախարյանի հետ:
«Փառատոնային հարթակում վերջին տարիների իրենց գրական արտադրանքն ու նոր հրատարակություններն են ներկայացնում շուրջ 40 հրատարակչություններ, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ: «Սարգիս Խաչենց/Փրինթ ինֆո» հրատարակչության ծրագրերի ներկայացուցիչ Գարեգին Ալեքսանյանը ներկայացնում էր հրատարակչության ողջ գրական արտադրանքը: Նոր հրատարակություններից Գարեգին Ալեքսանյանն առանձնացրել է «Ժամանակ ու խոսք» մատենաշարի ֆրանսիացի բանաստեղծ, թատերագիր, մտածող Պոլ Կլոդելի «Աչքը լսում է» էսսեների նշանավոր ժողովածուն և նույն մատենաշարի ֆրանսիացի բանաստեղծ, էսսեիստ, արվեստի տեսաբան և քննադատ Պոլ Վալերիի «Էվպալինոս կամ ճարտարապետ» աշխատությունը: Հրատարակչության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ գրքերը ֆրանսերենից թարգանվել են հայերեն և ուղղված են արվեստաբաններին, մշակութաբաններին, ճարտարապետներին և արվեստասեր լայն հանրությանը:
Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որն ընթերցողներին ծանոթացնում է վերջին տարիներին լույս տեսած բազմաժանր ստեղծագործություններին, ներկայանալու հարթակ է տրամադրում հրատարակիչներին, թանգարաններին ու գրողներին՝ ամրապնդելով գրական ոլորտի բոլոր օղակների կապը, մեկնարկեց մայիսի 25-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
բացմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարևորեց այն, որ վեցերորդ փառատոնը միացել է «Վերսոպոլիս» հարթակին, որն ավելի է լեգիտիմացնում փառատոնի միջազգային լինելը և հնարավորություն է ընձեռում միջոցառմանը հրավիրել հյուրերի արտերկրից:
«Մենք կարևորում ենք պոեզիայի ոլորտը, որովհետև կոմերցիոն տեսանկյունից շատ ավելի լայն հնարավորություններ ունեն արձակագիրները, բայց պոեզիան, որպես սիմվոլիկ և չափազանց ինտելեկտուալ ոլորտ, հանրայնացման ավելի սահմանափակ հնարավորություններ ունի: Մեր գովազդատեղեկատվական արշավի բաղադրիչները, մեր շեշտադրումները ավելի շատ հակվում են դեպի մեր պոետիկ իրականություն, դեպի մեր բանաստեղծները: Լայն հնարավորություն կա նաև հետագայում մեր բանաստեղծների ստեղծագործությունները եվրոպական տարբեր հարթակներում ներկայացնելու»,-շեշտեց նա:
Խզմալյանի համոզմամբ՝ դժվար է մեր հոգևոր իրականության մեջ գտնել մի ոլորտ, որն ունենա այնքան խորը արմատներ, ամուր ավանդույթներ, որքան գիրքը, գրավոր մշակույթը, գրականությունը, ուստի չենք կարող չունենալ ժամանակակից գրական գործընթացները մեկտեղող, իմաստավորող հարթակ՝ ի դեմս Գրքի երևանյան փառատոնի:
Տասնինը տարի շարունակ Խաչատրյանի անվան մրցույթը Հայաստան է բերում տաղանդավոր երաժիշտների աշխարհի տարբեր երկրներից, նրանց համախմբում մեծանուն կոմպոզիտորի անվան ու երաժշտության շուրջ՝ հանրահռչակելով թե՛ Արամ Խաչատրյանին, թե՛ հայ մշակույթը:
19-րդ մրցույթը կմեկնարկի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Մեծ թվով դիմորդներ են եղել. նախընտրական լսումներն ավարտվել են, ինչի արդյունքում յոթ երկրից 22 դաշնակահար է ընտրվել մրցույթին մասնակցելու համար:Այն կանցկացվի երեք փուլով: Երկրորդ, երրորդ փուլերում մասնակիցները, որոնք Ֆրանսիայից են, Գերմանիայից, Բելգիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Կորեայից, Հայաստանից և Ռուսաստանից, կատարելու են Խաչատրյանի ստեղծագործությունները:
«Մրցույթն ունի լայն աշխարհագրություն, բայց վերջին տարիներին հատկապես ասիական երկրներում մեծ հետաքրքրություն կա Արամ Խաչատրյանի երաժշտության նկատմամբ: Այդ են վկայում Ճապոնիայի, Չինաստանի, Կորեայի հայտնի բեմերում նրա ստեղծագործությունների կատարումները: Հաշվի առնելով մեր և այդ երկրների միջև հեռավորությունը՝ այդ փաստը ոգևորիչ է»,-նշում է Թովմասյանը:
Նա հավաստիացնում է՝ Խաչատրյանի մրցույթը ծառայում է իր նպատակին ու նպաստում է կոմպոզիտորի ստեղծագործությունների տարածմանը: Կազմակերպիչները հետևում են մրցույթի մասնակիցների, հաղթողների հաջողություններին, որոնք իրենց կենսագրության մեջ պարտադիր շեշտում են իրենց մասնակցությունն ու հաղթանակը Խաչատրյանի միջազգային մրցույթում:
«Հաղթողներից թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և այլք տարբեր հարթակներում կատարում են կոմպոզիտորի ստեղծագործությունները: Նրա գործերի կատարումը մրցույթի շատ հաղթողների երաժշտական կարիերայի անբաժան մասն է դառնում»,-շեշտում է Թովմասյանը:
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը, հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:
Երկրորդ տեղում է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը»: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե, իսկ սյուժեն հայտնի է բոլոր-բոլորին:
Երրորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Խնկո Ապոր առակներն ամփոփող «Առակներ» ժողովածուն չորրորդն է։ Առակների հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։
Հինգերորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը:
Վեցերորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան» պատմվածքների ժողովածուն։
Յոթերորդ տեղում է «Նապաստակի երգը»։ Գիրքը զարգացնում է երեխայի լսողական հիշողությունն ու բանավոր խոսքը: Բաղկացած է ամուր, որակյալ թերթերից, գունավոր պատկերազարդ նկարներից:
Ութերորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը, այս անգամ՝ մեկ այլ հրատարակչության լույսընծայմամբ։
Իններորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը:
Տասներորդ տեղում է Լուսի Մոդ Մոնտգոմերիի «Աննան Կանաչ կտուրներից» վեպը: Այն 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր դարձել է համաշխարհային բեսթսելեր։
Գյումրու համայնքապետարանի ցուցասրահում, մայիսի 27-ին «Գյումրեցի նկարիչներ․ սերունդների երկխոսություն» նախագծի շրջանակում բացվեց Համբարձում և Վահագն Ղուկասյանների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս:
Նախագիծն իրականացնում է Հայկական կրթամշակութային «Ռեալ Արտ» հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ: Նախագծի հեղինակը արվեստաբան Արաքս Մարգարյանն է։ Այն ներկայացնում է 4 նկարչական ընտանիքի՝ Միրզոյաններ, Ղուկասյաններ, Մանուկյաններ և Ավետիսյաններ, 8 ստեղծագործողների, որոնք աշխատում են տարբեր ոճերով, տեխնիկաներով։
«Վարդևոր», «Ձոն գինուն», «Կոխից հետո»՝ Համբարձում Ղուկասյանի վաղ շրջանի գործերն են: 1988թ. երկրաշարժից հետո բավական ժամանակ նկարիչը չկարողացավ ստեղծագործել: Դադարից հետո ձեռքը վերցրեց վրձինը` պատկերելու աղետյալ քաղաքը, բայց ոչ Գյումրու ավերակները: Հեղինակի հիմնական հերոսը Գյումրին է՝ տարբեր շինություններ ու տարբեր տարածքներ: Որդու՝ Վահագն Ղուկասյանի մանկությունն անցել է մշակութային միջավայրում: Հեղինակի «Արվեստանոցում» շարքն 2012 թ․ արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին։ «Ստվերներ» շարքում Վահագնը բացահայտում է բնության մեջ գոյություն ունեցող նրբերանգները, իսկ «Ձայների ստվերները» շարքը անցյալի ստվերների, մշակութային ժառանգության պահպանման, զարգացման անհրաժեշտության մասին է՝ մշակութային ու գունային խորհրդանշանների միջոցով։
Ընթերցողի դատին է ներկայացվել ամերիկացի դրամատուրգ Նիլ Սայմոնի «Յոնկերսում մոլորված» թատերագրության հայերեն թարգմանությունը՝ գրող, գրականագետ, թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի թարգմանությամբ, խմբագիր՝ Անահիտ Հակոբյան: Գիրքը լույս է ընծայել «Դպիր» հրատարակչությունը: Գրքի՝ Գյումրիում կայացած շնորհանդեսին ներկա էր նաև անվանի թատերգու-թարգմանիչը:
Պիեսում ներկայացված է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկյան փոքրիկ Յոնկերս քաղաքի հանրության միջին խավի ընտանիքների կյանքը, նրանց ապրած սոցիալական դրաման: Թատերագրությունը Նյու Յորքում հաստատված հրեական Քուրնից ազգանվամբ ընտանիքի յոթ անդամների ծանր կյանքի նկարագրությունն է, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հոգեբանական ողբերգությունը:
Գրքի շնորհանդեսին «Դպիր» հրատարակչության տնօրեն և գլխավոր խմբագիր Հովիկ Կարապետյանը, շնորհավորելով ընթերցողին, նշեց, որ պիեսը հասցեագրված է հայ ընթերցողին և հայկական թատրոններին ու արդեն հաջողությամբ բեմադրվել է և բազմիցս խաղացվել Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Մոլորվածները» վերտառությամբ: