Հունիս 05, 2016 12:00 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակելով իսլամի մեծ մարգարեի անհատական յուրահատկությունների քննարկմանը նվիրված զրույցը, կանդրադառնանք պատերազմում ու թշնամու հետ առճակատման ժամանակ իսլամի մեծ մարգարեի կողմից հարգված բարոյական նորմերին ու սկզբունքներին:

Իսլամի մեծ մարգարեի առաքելության հիմքում ընկած է ներողամտությունն ու հանդուրժողականությունը և մինչև այնքան ժամանակ, երբ աստվածային օրենքներն ու սահմանները չեն ոտնահարվել, նա բարությամբ ու գթությամբ էր վերաբերվում անհավատների ու այլ կրոնների հետևորդների հանդեպ: Քարոզիչներ գործուղելը, բանակցությունն ու երկխոսությունը, այլ երկրների ղեկավարներին նամակներ հղելը, անհավատ ցեղախմբերի ու այլ կրոնների հետևորդների հետ խաղաղության ու բարեկամության պայմանագրեր կնքելը և նոր մուսուլման դարձածներին պատերազմական ավարներից բաժին հանելն իսլամի մեծ մարգարեի քայլերից էին: Իրականությունն այն է, որ այն հասարակությունը, որի հետ այդ օրերին գործ ուներ մեծ մարգարեն, դիմագրավում էր բազմաթիվ ու բազմազան բարդություններ: Ուժի կառույցը դրված էր ցեղախմբային համակարգի վրա և խավարամտության շրջանի համոզումներն ու սովորությունները խոր ազդեցություն էին գործել մարդկանց արարքների ու գաղափարների վրա: Հետևաբար Մոհամմեդ մարգարեն իր կրոնը քարոզելիս հաճախ լուրջ բարդությունների էր հանդիպում, որոնցից մեկը մարգարեի ու մուսուլմանների հետ անհավատների առճակատումն ու պատերազմն էր: Այդ պայմանները երբեմն մարգարեին պարտադրում էին ռազմական դիմակայման միջոցով հակադարձել անհավատների ղեկավարներին: Իհարկե մարգարեի առաքելությունը պահանջում էր նույնիսկ պատերազմական պահերը օգտագործել մարդկային ու իսլամական արժեքների տարածման, բազմաստվածության մերժման, նաև խավարամտության շրջանի գաղափարները ժողովրդի մտքից մաքրելու ուղղությամբ: Այն ժամանակ երբ համարձակ ու կամակոր թշնամիներն իրենց ուժերն ի մի էին հավաքում ու հարձակվում էին մուսուլմանների վրա, մարգարեն շարունակ խորհում էր Արարչի ուսուցումները նրանց փոխանցելու համար որևէ միջոց գտնելու , նրանց հոգու խավարը հավատքի լույսով լուսավորելու և նրանց իսլամի ճշմարտություններին ծանոթացնելու մասին:

Անկասկած մարգարեի գլխավոր մտազբաղումներից մեկը մոլորված մարդկանց առաջնորդելն և բարեփոխելն էր ու եթե հնարավոր լիներ խաղաղությամբ այդ նպատակին հասնել, նա երբևե չէր ընտրում պատերազմի տարբերակը: Օրինակ Բանի Ղինղաըի պատերազմում մարգարեն նախքան հրեաների դեմ պատերազմելը նրանց հավաքեց շուկայում ու ասաց. «Ով հրեաներ, վախեցեք Աստծուց, որպեսզի ձեզ հետ չպատահի այն ինչ պատահեց Ղորայշի հետ: Ընդունեք իսլամը, որպեսզի ապահով մնաք: Դուք գիտեք, որ ես Աստծո առաքյալն եմ ու դա գտել եք նաև ձեր գրքերում, հետևաբար ձեզ համար պարտադիր է Աստծո հետ պայման կնքելը»:

Խեյբարի պատերազմում էլ երբ մարգարեն զորքի հրամանատարությունը հանձնում է Ալիին, ասում է. «Դանդաղ առաջացիր, որպեսզի մոտենաս նրանց: Ապա նրանց իսլամ ընդունելու կոչ ուղղիր և նրանց փոխանցիր այն ինչը, որ Աստված պարտադիր է դարձրել իրենց համար: Երդվում եմ Աստծո անունով, որ եթե նրանցից մեկը քո միջոցով առաջնորդվի ու մուսուլման դառնա, քեզ համար առավել օգտավետ կլինի քան բոլոր կարմրաբաշ ուղտերին տիրանալը»:

---

Մեծ մարգարեն պատերազմի դաշտում էլ հավատարիմ էր բարոյական նորմերին: Դրա օրինակներից մեկը Բադրի պատերազմում պատահած դեպքն է: Այդ պատերազմում մուսուլմաններն ավելի շուտ հասան ջրի հորերին ու դիրքավորվեցին դրանց մերձակայքում: Ապա մարգարեի հրամանով իրենց թշնամիներին թույլատրեցին ազատորեն օգտվել ջրից: Պատերազմական գերիներին ներելն էլ պատերազմների ժամանակ Աստծո մարգարեի բարոյական հատկանիշներից էր: Մեքքայի գրավման ժամանակ արյունահեղության կանխումն ու համաներում հայտարարելը թշնամիներին առաջնորդելու համար նրանց հանդեպ մարգարեի բարի վերաբերմունքի բացահայտ օրինակներից էր: Մարգարեն երբ պարտավորվում էր պատերազմել իր զորքին հորդորում էր հարգել հետևյալ պարագաները:

Նախ թշնամուն իսլամ ընդունելու կոչ անել: Եթե նրանք ընդունեցին այդ կոչը նրանց ընդունել որպես մուսուլմաններ: Հակառակ դեպքում նրանց կոչ անել ապրել մուսուլմանների հովանու ներքո և տուրք վճարել: Սակայն եթե թշնամիները կրկին պնդեցին պատերազմի վրա, կռվել ապավինելով Աստծուն, չվնասել խաղաղ բնակիչներին, չհատել որևէ ծառ, չավերել որևէ տուն կամ ագարակ և կենդանիների մսից օգտվել միայն իրենց կարիքների սահմաններում:

Իսլամի մեծ մարգարեն չափազանց հավատարիմ էր պայմանագրերին: Եթե որևէ ցեղախմբի կամ ժողովրդի հետ խաղաղության ու բարեկամության պայմանագիր էր կնքում, դա լիովին հարգում էր ու մուսուլմաններն այդ ցեղախմբի վրա չէին հարձակվում: Իսկ եթե որևէ ցեղախումբ ոտնահարում էր կնքված խաղաղության պայմանագիրը մարգարեն էլ այլևս դա հարգելու պարտավորություն չէր զգում ու այդ մասին տեղյակ էր պահում նրանց: Իհարկե նույնիսկ այդ դեպքում մարգարեն հրաժարվում էր հանկարծակի հարձակումից: Իհարկե խավարամտության շրջանում պատերազմներն ընդհանրապես սկսվում էին վաղ առավոտյան, սակայն երբեմն էլ մի ցեղախմբի կողոպտելու համար հարձակումն իրականացվում էր գիշերվա պահերին և անակնկալ կերպով: Մարգարեն դեմ էր նման տմարդի պատերազմներին: Այդուհանդերձ իսլամի թշնամիների դեմ մղված պատերազմներում մարգարեն անակնկալի բերելու հնարքն օգտագործում էր, որպես պատերազմական տակտիկա, բայց այնպես որ դրանից չտուժեն խաղաղ բնակիչները:

Քաղաքներում ու բնակելի տարածքներում բռնկվող պատերազմներում ընդհանրապես վտանգի ենթակա են դառնում կանայք, երեխաներն ու տկար անձինք: Իսլամական բարոյական նորմերը թելադրում են, որպեսզի մուսուլման զորքը չվնասի խաղաղ քաղաքացիներին: Այս անձանց հետ բախումն անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ նրանք մուսուլմաններին սպանելու համար զենք վերցրած լինեն ու մուսուլման զինվորներին սպանելու նպատակ ունենան: Իմամ Սադեղն ասում է. «Աստծո մարգարեն երբ ցանկանում էր որևէ զորք գործուղել, նրանց կանչում էր իր մոտ, նրանց նստեցնում էր իր դիմաց և ասում էր. «Մեկնեք Աստծո անունով, Աստծո օգնությամբ, Աստծո ճանապարհին ու Աստծո կրոնի համաձայն: Ավարների դեպքում միմյանց չդավաճանեք: Դիակները չհոշոտեք: Խաբեության չդիմեք: Չսպանեք ծերերին, մանուկներին ու կանանց և ծառերը չհատեք»:

Անապաստաններին չվնասելու կապակցությամբ մարգարեի բազմաթիվ հորդորները վկայում են նրա արդարամտության և մարդկային վեհ ու վսեմ հոգու մասին: Մարգարեն Աստծո թշնամիների դեմ պատերազմի դաշտում երբևե չէր անտեսում բարոյական նորմերը: Պատերազմի դաշտում եզակի համարձակություն ու քաջարիություն էր ցուցաբերում, սակայն իր պահվածքով տարբերվում էր մյուս ռազմիկներից: Հետևաբար երբեմն պատերազմի դաշտում մարգարեին հանդիպած թշնամիները հմայվում էին Ղուրանից սերող նրա անհատականությամբ: Պատմական վկայությունների համաձայն մարգարեի թշնամիներն անգամներ խոստովանել են նրա բարի վերաբերմունքը:

Պատերազմի դաշտում մարգարեի ընդգծած կետերից մեկը նրա՛նց չսպանելն էր, ովքեր պարտադիր կերպով էին պատերազմ ուղարկվել և կամ վարձվել էին դրա համար: Խավարամտության շրջանի ռազմական օրենքների համաձայն, ցեղախմբի այրերի մասնակցությունը պատերազմին պարտադիր էր, սակայն որոշ հարուստներ ու ազնվականներ, որ չէին ցանկանում պատերազմի մեկնել ուրիշների վճարելով, իրենց փոխարեն ուղարկում էին պատերազմի դաշտ: Աստծո մարգարեն մուսուլմաններին հրահանգել էր չսպանել վարձկաններին ու ստրուկներին:

Պատերազմների ժամանակ մեծ մարգարեի ընդգծած սկզբունքներից մեկը պատգամաբերների ֆիզիկական պաշտպանվածությունն էր: Պիտի հիշեցնել, որ պատգամաբերներին սպանելը ընդհանրացած երևույթ էր արաբ ցեղախմբերում: Բայց մարգարեն մուսուլմաններին հրաժարեցում է դրանից: Հոդայբիեի խաղաղության կնքման ժամանակ Մեքքայի երեք երեցներ Ղորայշի պատգամը փոխանցելու համար ներկայանում են մարգարեին և լիարժեք ապահով պայմաններում հանդիպում ու բանակցում են մարգարեի ու մուսուլմանների հետ: Թաեֆի երեցներից համարվող Օրվաթ Էբն Մասըուդ Սաղաֆին այս հանդիպման ժամանակ այնպես է հմայվում մարգարեի վերաբերմունքով ու մարգարեի հանդեպ նրա աջակիցների ցուցաբերած համակրանքով, որ վերադարձին ասում է. «Ես իրենց պալատներում հանդիպել եմ Իրանի թագավորին, Հռոմի կայսին ու Եթովպիայի թագավոր Նեջաշուն: Երդվում եմ Աստծո անունով, որ որևէ թագավոր իր պալատում չէր վայելում այն համակրանքը, որ Մոհամմեդն էր վայելում իր շրջապատի կողմից»:

Օրվաթը հետագային մուսուլման է դառնում և Աստծո մարգարեից իրավունք է խնդրում գնալ Թաեֆ և իսլամ քարոզել իր մերձավորներին: Մարգարեն ասում է. «Մտահոգ եմ նրանից, որ կարող է պատահել նրանք քեզ սպանեն»: Օրվաթը մարգարեի թույլտվությամբ մեկնում է Թաեֆ ու նրանց իսլամ է քարոզում, բայց Թաեֆի բնակիչները հակառակելով նրան նահատակում են:

---

Պատերազմի դաշտը ուժերը չափելու ասպարեզ է: Պատերազմում կողմերից յուրաքանչյուրն իր ուժերն է չափում: Եթե պատերազմում թուլություն կամ պարտություն լինի և կամ հաղթանակ արձանագրվի, ամեն դեպքում չպիտի թշնամուն հայհոյել: Հայհոյողները հասարակության ամենաստոր անդամներն են ու հայհոյելը նրանց ներքին թուլության ապացույցն է: Իսլամն ամեն դեպքում ընդգծում է գովելի արարքները և իսլամական ուսուցումներում հայհոյելը համարվում է անվայել գործ: Այն օրերին երբ Աստծո մարգարեն գտնվում էր Մեքքայում թշնամիները նրան անարգում ու հայհոյում էին, նրա կողմը քարեր էին նետում ու տարբեր միջոցով նրանց նեղն էին դնում: Բայց այդ ընթացքում մարգարեն որևէ անվայել խոսք չարտասանեց նրանց հասցեին: Չնայած ծանր պատերազմներին և մուսուլմանների ու մարգարեի մերձավորների հանդեպ հավատուրացների բացահայտ ոճրագործություններին, մարգարեն հարգում էր բարոյական նորմերը: Մարգարեի գնահատելի ջանքերից մեկն այն է, որ փոխեց այդ օրերի ժողովրդի բառապաշարը: Խավարամտության շրջանի արաբների մոտ սովորություն էր բախումների ու պատերազմի ժամանակ հայհոյել դիմացինին: Մարգարեն ժողովրդին հրաժարեցրեց այդ գեշ արարքից ու արգելեց հայհոյանքը: Նա այդ կապակցությամբ ասել է. «Հավատուրացներին մի հայհոյեք ու նրանց ապօրինի զավակներ մի կոչեք, քանզի ամեն ցեղախումբ իր ամուսնական տարբեր կարգերն ունի»: