Հունիս 05, 2016 19:40 Asia/Yerevan

Ողջունում ենք ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք շրջակա միջավայրին լուրջ վնասներ պատճառող մի շարք գործոնների մասին: Շրջակա միջավայրի աղտոտման գործոններից մեկն էլ տարբեր տեսակ աղբի ու թափոնների արտադրումն ու տարածումն է, ինչն այսօր լուրջ հիմնախնդրի է վերածվել աշխարհի տարբեր կետերում: Այս մասին ենք խոսելու այսօրվա հաղորդման ընթացքում: Ընկերակցեք մեզ:

Երկիր մոլորակում կյանքի առաջացումն ու տարբեր տեսակ կենդանի էակների կողմից կարիքները հոգալուն ուղղված ջանքերը աղբի առաջացման պատճառ դարձան: Իրականում սկզբում թափոնները ինքնին սննդային շղթայի մաս էին կազմում և այդ ցիկլը մարսվում էր բնության կողմից մինչև այն ժամանակ, երբ մարդը ձեռք բերեց տեխնոլոգիաներ, մասնավորապես վերամշակվող արդյունաբերության ոլորտում, ընդորում բնական ռեսուրսները որպես հումք օգտագործելով, մարդը փոքրացրեց այլ կենդանի էակների ներգործության դաշտը: Փորձագետների կարծիքով, մարդկային հասարակությունների ձգտումը դեպի ինդուստրացում, բնակչության աճը, կարիքների մակարդակի բարձրացումը և արդյունաբերական երկրների կողմից ուժի իմաստի վերափոխումն ու շրջադարձը դեպի արտադրություն այն գործոններից են, որոնք մեծացրել են բնական ռեսուրսների շահագործման աստիճանը, հաշվի չառնելով դրանց հետևանքները: Արտադրության ոլորտում մրցակցությունն ու ընտրության հնարավորության ստեղծումը և արդյունքում վաճառքի մեծացումը, առաջացրել են նոր հիմնախնդիրներ, որոնցից կարելի է նշել սպառողականության տարածումը և մարդկային տեխնոլոգիական արտադրանքներից առաջացած աղբն ու թափոնները:

Մարդկանց ձգտումը դեպի արտադրություն և սպառում, մյուս կենդանի էակների բնակմիջավայրի ապականման և շրջակա միջավայրի ցիկլի խափանման պատճառ է դարձել, միաժամանակ մեծացրել է բնապահպանական աղտոտողների խտությունը: Քանի որ աղբի բաղադրությունը լինում է տարբեր, ուստի դրանց բաղադրիչներից առաջացած վտանգները ևս տարբեր են լինում: Իրականում թափոնները լուրջ վնասներ են պատճառում աղտոտելով հողը, օդը և ջուրը: Չպահպանելով հիգիենայի սկզբունքները, մարդկային ու կենդանական կղանքից, ինչպես նաև գյուղատնտեսական ու արդյունաբերական թափոններից առաջացած աղբը հենց հեռացման փուլում անցնում է հողին կամ ջրին:

Այսօր ծովերն ու օվկիանոսները վերածվել են պահեստի մարդկային ու արդյունաբերական թափոնների կուտակման համար: Այն ինչը մեծացնում է ջրի աղտոտումից առաջացած վտանգները ջրի տեղաշարժն ու հիվանդությունների ու աղտոտումների փոխանցումն է ամբողջ աշխարհում, ընդորում այն ամեն տեղ տարածվում է ջրի հոսանքի ու ալիքներi սարսափելի արագությամբ: Նախորդ տասնամյակներում Ամերիկայի արևելքում ընդունված էր, որ նավակով մեկնում էին Ատլանտյան օվկիանոսի բաց տարածքներ և այնտեղ թափում էին իրենց աղբը: 1988թ. ամռանը հանկարծ մեծ քանակությամբ հիվանդանոցային թափոնները, կոյուղաջրերն ու աղբը վերադարձան ափ՝ Մասաչուսեթսից մինչև Նյու Ջերսի: Այդ միջադեպի պատճառով ժողովրդական բողոքի ցույցեր եղան: Հասարակության կարծիքի ճնշման տակ գտնվող ԱՄՆ-ի կոնգրեսն ընդունեց օրենք «օվկիանոսում աղբը թափելու արգելման մասին»: Նշված օրենքը արգելում էր ցանկացած աղտոտիչ նյութի թափումը օվկիանոսի մեջ: Այդուհանդերձ այդ օվկիանոսի աղտոտման 10-20 տոկոսը կազմում է դրանում աղբի թափումը: Նորվեգացի գիտնական և հայտնաբերող՝ Թեր Հիրդալը և իր ուղեկիցները Ատլանտյան օվկիանոսի կենտրոնում տարածված մանր ավազներում նկատեցին սև ձյութանման նյութի զանգվածներ: Աղտոտումն այն աստիճանի էր, որ նա այդ վայրը նմանեցրեց քաղաքային կոյուղաջրերի ելքային մասին:

---

Գոյություն ունեն բնապահպանական հիմնախնդիրների բազմաթիվ օրինակներ, սակայն վերջին տարիներին բնապահպանական փորձագետների ուշադրությունը գրաված խնդիրը պլաստմասե նյութերի միջոցով շրջակա միջավայրի աղտոտումն է: Պլաստմասե նյութերը մարդկային արտադրանքներում ամենաշատ սպառում ունեցող նյութերն են, որոնց ամբողջ երկիր մոլորակում հանդիպում ենք մեծ քանակությամբ: Պլաստմասե նյութերից պատրաստված ապրանքները օգտագործվելուց հետո հողում և աղբերում կուտակվում և մնում են որպես չքայքայվող թափոններ, որովհետև բնական պոլիմերներին հակառակ, արհեստական ու սինթետիկ պոլիմերները, ինչպես օրինակ Նայլոնը, տարիներ շարունակ առանց փոփոխվելու մնում են բնության մեջ չմշակված տեսքով՝ դրանցում հատուկ էնզիմի բացակայության պատճառով: Նշված նյութերը օդի ու ջրի փոխանակումներում և ֆիզիկական ու քիմիական ռեակցիաներում խանգարման պատճառ են դառնում: Օրինակ՝ բույսերի արմատները հողում առկա պլաստմասե նյութերով շրջափակվելու և դրանց հարևանությամբ գտնվելու պատճառով, խանգարվում է բույսերի կողմից ջրի ու սննդարար նյութերի ներծծման գործընթացը, արդյունքում որոշ ժամանակ անց բույսի արմատների շրջակայքում առաջանալու են անհավասարակշռված ջերմություն, խոնավություն և քիմիական առանձնահատկություններ, որոնք բույսի աճի նվազեցման կամ ընդհանրապես չորացման պատճառ են դառնում: Այստեղ շրջակա միջավայրին ամենամեծ վնասը հասցնում են պլաստմասե տոպրակները:

Պլաստմասե տոպրակները, որոնք դեն են նետվում որպես աղբ, շրջակա միջավայրը աղտոտում են՝ միջավայրում ավելի քան 500 տարի գոյատևելու պատճառով: Այդ տոպրակները տեղափոխվում են քամու միջոցով և մտնում են գետերի ու ջրատարների մեջ: Բացի այն, որ այդ տոպրակները խցանում են ջրատարները և ջրի անշարժության և առավել աղտոտման պատճառ են դառնում, հաճախ մուտք են գործում ծովային բնակմիջավայր և հայտնվում ծովային կենդանիների սննդային շղթայում: Տարեկան հազարավոր տեսակ ջրային կենդանիներ, այդ թվում կետերը, դելֆինները, փոկերը, կրիաները և ծովային թռչունները խեղդվում և մահանում են այդ տոպրակներն ուտելու պատճառով: Բնապահպանության գծով հետազոտող Դեյվիդ Լայսթը իր զեկույցում հաստատեց այդ հանգամանքը՝ գրելով. Պլաստմասե նյութերը նավթի, ծանր մետաղների ու այլ թունավոր նյութերի չափ ջրային կենդանիների մահվան պատճառ են դառնում: Օրինակ՝ մեդուզան հանդիսանում է կրիաների ու ծովային թռչունների սնունդը: Կրիաներն ու ծովային թռչունները հեշտությամբ կարող են ուտել պլաստմասե նյութերի պես մանր իրեր իրենց իսկական սննդի փոխարեն: Օվկիանոսում աղբ թափելու վերաբերյալ միջազգային օրենքների առկայությամբ հանդերձ, ենթադրվում է, որ նավերը օվկիանոսում թափում են օրական 500 հազար կտոր պլաստմասե տոպրակներ և տարաներ:

---

Ցավոք սրտի պլաստմասե նյութերի հատկությունն այնպիսի է, որ նույնիսկ թաղվելու դեպքում ևս վնաս են պատճառում շրջակա միջավայրին, քանի որ դանդաղ քայքայման և նավթային նյութերի պարունակման պատճառով կարող են թաղման վայրում ստեղծել լատեքս, որը ստորգետնյա ջրեր ներթափանցելով, մուտք կգործի նույնիսկ մարդկանց սննդային շղթա: Այս բնագավառում նշվում է, որ շրջակա միջավայրին լուրջ վնասներ է հասցնում նաև պլաստմասե նյութերի այրումը: Պոլիմերային թափոնների այրման պատճառով, արտադրվում են այնպիսի գազեր, ինչպիսիք են ածխածնի երկօքսիդը, ծծմբային անհիդրիդը, քլորային թունավոր գազերը և այլն, որոնք խիստ վտանգավոր են և ահավոր կերպով աղտոտում են օդը: Հարկ է նշել, որ թափոնների թաղման կենտրոններում աերոբ և անաերոբ խմորումներից առաջացած գազերը կարող են ներթափանցել հողի ներքին շերտերի մեջ և խանգարումներ առաջացնել երկրագործական հողերում: Թափոնների թաղման վայրերին մոտ գտնվող շրջաններում կատարված ուսումնասիրությունների համաձայն, առկա մեթան (CH4) գազի քանակը գնահատվել և հաստատվել է շուրջ 60 տոկոս, իսկ ածխածնի երկօքսիդի (CO2) քանակը՝ առավելագույնս 30 տոկոս, ինչը անշուշտ ազդեցություն ունի այդ շրջանի բույսերի աճի վրա:

Վերջին տարիներին բազմաթիվ պետությունների համար խնդիրներ առաջացրած թափոնների տեսակներից են դեն նետելու այն նյութերը, որոնք բազմաթիվ քաղաքներում թերևս այնքան էլ աղբ չեն համարվում և դրանք տեղ չեն գտել նրանց թափոնների կառավարման ծրագրում, մինչդեռ այդ տեսակ թափոնները վնասակար են շրջակա միջավայրի համար: Խոսքը վերաբերում է էլեկտրոնային թափոններին, որոնք մի կերպ տեղ են գտել զարգացած պետությունների աղբի զամբյուղում: Օրինակ՝ Ավստրալիայում մարդիկ դեն են նետում տարեկան մոտ 100 հազար տոննա քաշով հեռուստացույցներ, համակարգիչներ և սարքավորումներ, այսինքն մոտ 5կգ մեկ շնչի հաշվով: Սակայն թվում է, թե այդ երկիրը գտել է իր խնդրի լուծումը և իր էլեկտրոնային աղբը ուղարկում է զարգացող պետություններ, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը, որտեղ ցավոք սրտի հիմնականում թաղվում են ոչ պատշաճ ձևով: Այս հանգամանքը սպառնում է այդ երկրների հանրային առողջությունն ու շրջակա միջավայրը: Չինական լրատվական կայքերից մեկի համաձայն, այդ երկիրը հանդիսանում է աշխարհի էլեկտրոնային աղբի 70 տոկոսի վերջնական հանգրվանը: ՄԱԿ-ի բնապահպանական զեկույցի համաձայն, այլ պետություննների թափոնների «հյուրընկալը» լինելուց բացի, Չինաստանը այդ բնագավառում հանդիսանում է նաև մեծ արտադրող, այնպես որ 2010թ. այն արտադրել է մոտ 300 հազար տոննա աղբ և կանխագուշակվում է, որ 2020թ. այդ պետության էլեկտրոնային աղբի քանակը ավելանալու է 2007թ. համեմատությամբ 200-400 տոկոսով: Հեռուստացույցներից ու բջջային հեռախոսներից գոյացած թափոնների քանակը ավելացել է հաջորդաբար 7 և 2 տոկոսով:

Երրորդ աշխարհի պետություններում էլեկտրոնային աղբի ոչ սկզբունքային վերամշակումը հանգեցրել է լայնածավալ աղտոտումների: Այդ պատճառով 1989թ. ՄԱԿ-ը ստեղծեց մի դաշնագիր՝ զարգացած պետություններից դեպի աղքատ պետություններ վտանգավոր թափոնների արտահանման գործընթացը վերահսկելու նպատակով, որի միջոցով ցանկացած պետություն կարող է միակողմանիորեն արգելել այդ ապրանքների ներմուծումը և արտահանող պետությունները պետք է ստանան ներմուծվող պետության համաձայնությունը: ԱՄՆ-ը երբեք չստորագրեց այդ դաշնագիրը, իսկ Չինաստանի պես պետությունները հրաժարվեցին ստորագրել այդ պայմանագիրը այդ սարքավորումների վերամշակումից ստացած չնչին եկամտի հույսով: Ներկայումս աշխարհի համակարգիչների ու բջջային հեռախոսների 70 տոկոսը վերամշակվում է Չինաստանում:

Զարգացած պետություններից դեպի զարգացող պետություններ միայն էլեկտրոնային աղբ չէ, որ արտահանվում է, այլ նաև թունավոր և ատոմային թափոններ, որոնք խիստ վտանգավոր են և այսօր վտանգում են մի շարք զարգացող պետությունների բնակչության կյանքն ու շրջակա միջավայրը:

---

Բարեկամներ սպառվեց այսօրվա հաղորդմանը հատկացված եթերաժամը, ուստի հաջորդ հաղորդմանն ենք թողնում այս զրույցի շարունակությունը, իսկ մինչ այդ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս: Աստված Ձեզ հետ: