Ողջույն բարեկամ-385
Բարի երեկո հարգարժան ռադիոլսող բարեկաներ:Ձեր ուղեկիցն է Հայերեն ռադիոժամը։ Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը։։
Հարգելի բարեկամներ թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։ Գրիգորիս Պալաքյանի «Հայ Գողգոթան», Սերո Խանզադյանի «Շուշի», և Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշ» գրքերը պարսկերենի է թարգմանել Նորայր Մեհրաբյանը։ Այս գրքերը հրատարակել է Իրանի «Հոզե Մաշղ» հրատարակչությունը։
Միջոցառմանը ներկա էին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Սերգեյ Գրգիգորյանը,հյուպատոս Արթուր Սարգսյանը, Թեհրանի Ազատ համալսարանի հայոց լեզվի ու գրականության ամբիոնի վարիչ Անդրանիկ Սիմոնյանը, Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի և Պատգամավորական ժողովի, «Հոզե Մաշղ» հրատարակչության և Իրանահայ մարզամշակութային միությունների ներկայացուցիչներ, երեք գրքերի պարսկերեն թարգմանության հեղինակ Նորայր Մեհրաբյանը և մշակութային ոլորտի ներակայացուցիչներ։
Գրիգորիս Ծայրագույն Վարդապետ Պալաքյանի «Հայ Գողգոթան» հուշագրությունը Հայոց Ցեղասպանության ականատեսի վկայությունն է և պատմական ուսումնասիրության կարևոր աղբյուր է։
Միջոցառման ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Սերգեյ Գրիգորյանը հանդես եկավ ելույթով, որի ընթացքում նշեց, որ այս և նմանատիպ աշխատանքներն ուղղված են հայ-իրանական երկարամյա մշակութային հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև նպաստում են տարածաշրջանում հազարամյա պատմություն ունեցող երկու հարևան և բարեկամ ժողովուրդների էլ ավելի մերձեցմանն ու փոխադարձ ճանաչելիությանը։
Ահվազի «Շահիդ Չամրան» համալսարանի պատմության դասախոս Դոկտոր Ալի Բահրանիփուրը ներկայացրեց «Շուշի» գիրքը, Ահվազի Շահիդ Չամրան համալսարանի պատմագիտության միության նախագահ և «Անահիտ» գիտական, մշակութային և գրական պարբերաթերթի գլխավոր խմբագիր՝ Դոկտոր Աբբաս Էղբալ Մեհրանը ներկայացրեց «Հայ Գողգոթան» գիրքը,և նույն համալսարանի պատմագիտության միության ընթերցանության խմբի պատասխանատու, և պատմության ուսանող պարոն Արեֆ Մադմալին ներկայացրեց Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը»։
Հայերեն ռադիոժամի անունից շնորհավորում ենք Պարոն Նորայր Մեհրաբյանին այս կարևոր աշխատանքը կատարելու և դրանով հայ-իրանական մշակութային հարաբերություններում իր կարևոր ավանդը ներդնելու համար։