Ճանաչենք իսլամը (88)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Եթե հիշեք մեր նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք ռազմական առճակատումների ժամանակ իսլամի մեծ մարգարեի կողմից հարգված բարոյական նորմերին:
Նա պատերազմի ժամանակ, նկատի առնելով թշնամու ուժերի իրավիճակն ու պատերազմի ճակատի պայմանները օգտվում էր հարմար մեթոդներից ու տակտիկաներից: Այդուհանդերձ զորայինների ու խաղաղ քաղաքացիների հանդեպ նրա վերաբերմունքը չէր հակասում բարոյական նորմերին: Այսօր կանդրադառնանք մեծ մարգարեի կյանքի վերջին տարիների մի քանի ուշագրավ դրվագների:
---
Լուսնային հիջրեթի 6-րդ տարվա զիղաըդե ամսին մարգարեն Հաջի ուխտագնացության մեկնելու նպատակով ուղևորվում է Մեքքա և մուսուլմաններին կոչ է անում այդ ուխտագնացության ժամանակ ընկերակցել իրեն: Թեև ոմանք հրաժարվում են այդ ուղևորությունից, սակայն մեծ թվով գաղթականներ, աջակիցներ ու բեդվին արաբներ ուղեկցում են մարգարեին: Որոշ վկայությունների համաձայն այս խումբը, որոնց թիվը շուրջ 1400 հոգու էր հասնում բոլորն էլ ուխտագնացության հագուստ էին հագել ու բացի սրից, որ ճամբորդների զենքն էր համարվում, այլ զենք չէին կրում իրենց հետ: Երբ մուսուլմանները մոտենում են Մեքքային, տեղեկանում են, որ Ղորայշը որոշել է արգելել նրանց մուտքը: Հետևաբար նրանք մարգարեի հրամանով կանգ են առնում Մեքքայից 20կմ հեռավորության վրա գտնվող «Հոդայբիա»-ում: Այդտեղ Ղորայշի կողմից պատվիրակներ են ներկայանում մարգարեին, որպեսզի տեղեկանան մուսուլմանների Մեքքա մեկնելու պատճառների ու նպատակի մասին: Նրանք նկատում են, որ մուսուլմանները ուխտագնացության հատուկ հագուստ են կրում և նրանց ընկերակցող ուղտերի վրա էլ զոհաբերման դրոշմ է դրված: Ղորայշի պարագլուխները մարգարեի մոտ են ուղարկում Օրվաթ Իբն Մասըուդ Սաղֆաիին, (որը ուշիմ անձնավորություն էր), որպեսզի տեղեկանա մուսուլմանների իրական նպատակի մասին: Մարգարեն նրան ասում է. «Ես պատերազմի նպատակ չունեմ և միայն ցանկանում եմ ուխտի գնալ Աստծո տունը»:
Այդ հանդիպման ժամանակ Օրվան հիանում է մարգարեի հանդեպ մուսուլմանների ցուցաբերած համակրանքով: Նա վերադառնալով Ղորայշի մոտ ասում է. «Ես ներկա եմ եղել Քասրայի, Կայսրի ու Նաջաշու պալատներում ու երբևե չեմ նկատել, որ նրանից որևէ մեկը Մոհամմեդի չափ հարգված լինի իր շրջապատի կողմից: Սխալ թույլ տված կլինենք մտածելով, որ նրանք կլքեն Մոհամմեդին ու կհեռանան: Որոշումը մնում է ձեզ»:
Աստծո մարգարեն էլ որոշում է ներկայացուցիչ ուղարկել Մեքքա, որպեսզի մուսուլմանների Մեքքա մուտք գործելու և ուխտագնացության կապակցությամբ բանակցի Ղորայշի պարագլուխների հետ: Ի վերջո նա այդ առաքելությունը վստահում է Օսմանին: Օսմանը գնում է Մեքքա ու կարճ ժամանակ անց մուսուլմանների մոտ շշուկ է տարածվում, թե Օսմանը սպանվել է: Այս լուրը լսելով մուսուլմանների մոտ կրքերը բորբոքվում են և մարգարեն որոշում է նրանց այդ քայլին հարմար հակազդեցություն ցուցաբերել: Մարգարեն իր աջակիցների հետ ուխտը վերահաստատում է մի ծառի տակ, որը հայտնի է «Բեյըաթ Ռեզվան» անունով: Այսպիսով մարգարեն մուսուլմանների հետ մինչև շունչը դիմադրելու կապակցությամբ ուխտ է կնքում: Մուսուլմանները խումբ-խումբ իրենց ուխտը վերահաստատում են մարգարեի հետ: Այս ուխտակցությունն իրականության մեջ մանևր էր ցուցադրելու համար թշնամիներին դիմակայելու նպատակով մուսուլմանների բարձր պատրաստվածությունը: Դա անազդեցիկ չի լինում և սարսափ պատճառելով հավատուրացներին, նրանց պարտադրում է զիջում կատարել մուսուլմանների դիմաց:
Մի առ ժամանակ անց պարզվում է, որ Օսմանը ողջ է: Դրանից հետո հավատուրացները հաշտության համար մարգարեի մոտ են ուղարկում Ղորայշի հայտնի դեմքերից համարվող Սոհայլ Իբն Ամրուին: Սոհայլը մարգարեին ասաց. «Մեքքան մեր փառքի վայրն է: Արաբները գիտեն, որ մենք կռվի մեջ ենք եղել քեզ հետ: Եթե այս վիճակում Մեքքա մուտք գործես դա կբացահայտի արաբների դիմաց մեր թուլությունն ու անճարակությունը: Հետևաբար կորոշեն նվաճել մեր հայրենիքը: Քեզ երդում եմ տալիս մեր ազգակցական կապերով, որ այս տարի հենց այստեղից Մեդինա վերադառնաս և ուխտագնացությունը թողնես հաջորդ տարվա»:
Երկար բանակցությունից հետո ի վերջո խաղաղության դաշինք է կնքվում մուսուլմանների ու Մեքքայի հավատուրացների միջև: Պայմանագրի կետերից մեկն այն էր, որ այդ տարի մուսուլմանները հրաժարվում են ուխտագնացությունից ու հաջորդ տարի են Մեքքա ուղևորվում: Պայմանագրում նաև ներառված էին մի շարք այլ կետեր, այդ թվում Մեդինայից Մեքքա մեկնող մուսուլմանների կյանքի ու գույքի պաշտպանվածությունը, մուսուլմանների ու հավատուրացների միջև 10-ամյա հրադադարը և կրոնական արարողություններում Մեքքայի մուսուլմանների ազատությունը: Այս պայմանագիրն իրականության մեջ միմյանց դեմ ոտնձգությունից հրաժարվելու մասին դաշնագիր էր, որը ժամանակավոր կերպով վերջ տվեց մուսուլմանների ու հավատուրացների միջև պատերազմներին:
---
Պայմանագիրը գրելիս մարգարեն Ալիին ասում է գրի. «Հանուն բարեգութ և ողորմած Աստծո»: Հավատուրացների ներկայացուցիչ Սոհայլ Իբն Ամրուն ասում է. «Ես այս նախադասությունը չեմ ընդունում և բարեգութն ու ողորմածն ինձ համար հասկանալի չեն: Գրի՝ «Հանուն քեզ ով Աստված»: Մարգարեն ասում է գրի. «Հանուն քեզ ով Աստված»: Ապա մարգարեն շարունակելով հրահանգում է գրել. «Սա համաձայնեցված է Աստծո մարգարե՝ Մոհամմեդի և Սոհայլ Իբն Ամրուի միջև»: Սոհայլն ասում է. «Եթե մենք քեզ ընդունեինք, որպես Աստծո մարգարե, երբևե քեզ հետ պատերազմի չէինք բռնվի: Միայն քո և քո հոր անունը գրիր»: Այստեղ որոշ մուսուլմաններ հակառակում են, սակայն մարգարեն որոշ նկատառումներով, որոնք հետագային պարզ դարձան մուսուլմանների համար, ասում է. «Հարց չկա: Գրիր սա համաձայնեցված է Մոհամմեդ Իբն Աբդոլլահի և Սոհայլ Իբն Ամրուի միջև, որպեսզի 10 տարի վերջ տրվի պատերազմին և ժողովուրդը վերագտնի իր անվտանգությունը»:
Խաղաղության պայմանագրի կետերից մեկն այն է, որ եթե Ղորայշի անդամներից որևէ մեկն առանց իր ծնողի Մոհամմեդի մոտ գնալով մուսուլման դառնա պիտի վերադարձվի, իսկ ով Մոհամմեդի մոտից Ղորայշի կողմը գնա նրա վերադարձն անհրաժեշտ չէ:
Կողմերը նաև պայմանավորվեցին միմյանց չդավաճանել ու հարգել դիմացինի կյանքի ու գույքի պաշտպանվածությունը: Նաև որոշվեց մարգարեն այդ տարի վերադառնալով Մեքքա չմտնի: Սակայն հաջորդ տարի Ղորայշը երեք օր քաղաքից հեռանա, որպեսզի Մոհամմեդն ու նրա աջակիցները ուխտի գնան Աստծո տունը, որը կարող է տևել առավելագույնը երեք օր , պայմանով որ ճամբորդի զենքից այսինքն սրից բացի այլ զենք չկրեն իրենց հետ: Նամակը գրի առավ Ալին և դրան վկայություն տվեցին մի խումբ մուսուլմաններ ու հավատուրացներ:
Այնուհետև մարգարեն հրահանգեց իրենց հետ բերած ուղտերը հենց այդտեղ մատաղ անել ու սափրելով գլուխները հանել ուխտագնացության հագուստը: Այդուհանդերձ մուսուլմանների շատերի մոտ նկատելի էր դժգոհանքը, քանի որ նրանց համոզմամբ առանց ուխտագնացության արարողությունը կատարելու չէր կարելի հագուստները փոխել: Մարգարեն ինքն առաջինն է այդ քայլին դիմում: Ուղտ է զենում ու հանում է ուխտագնացության հագուստը: Մուսուլմանները դա նկատելով հետևում են նրա օրինակին ու այդպիսով կատարվում է մարգարեի հրահանգը: Նրանք հենց այդտեղից վերադառնում են Մեդինա, սակայն իրենց հոգու խորքում ցավ էին ապրում քանզի այս ուղևորությունն իր ընդհանրության մեջ նրանց համար պարտություն ու ձախողում էր համարվում: Նրանք տեղյակ չէին դեպքերի հետագա ընթացքից ու չգիտեին, որ «Հոդայբիա»-ի խաղաղության պայմանագրի արդյունքում ինչ փայլուն հաղթանակ էր թաքնված իսլամի ու մուսուլմանների համար: Այդ պահին իջնում է «Ֆաթհ» սուրան, որը մեծ հաղթանակ է խոստանում իսլամի մարգարեին:
---
Այս խաղաղությունը բազմաթիվ հետևանքներ ու արդյունքներ է ունենում մուսուլմանների համար: Աստված Ղուրանում այս խաղաղությունը հաղթանակ է անվանում: Դրա արդյունքներից մեկն այն էր, որ մարգարեն ու մուսուլմանները հաջորդ տարի առանց պատերազմի ու արյունահեղության ուխտագնացության են մեկնում: Նրանք շքեղորեն կատարում են ուխտագնացության արարողությունը և այդ տարածքի բնակիչներն իրենց աչքով տեսնում են, որ մուսուլմաններն էլ մեծարում են Աստծո տունը:
Հաջորդ կետն այն է, որ մինչև «Հոդայբիա»-ի խաղաղությունը մուսուլմանները գտնվում էին հավատուրացների ճնշման ներքո ու չէին կարողանում կատարել իրենց կրոնական պարտականությունները, սակայն այս խաղաղությունից հետո նրանց պայմանները բարելավում են ու նրանք կարողանում են ազատորեն կատարել իրենց կրոնական արարողությունները: Այդպիսով հեշտանում է մուսուլմանների երթևեկն ու նրանք գործականում շփվում են հավատուրացների հետ: Այդ շփումների արդյունքում հավատուրացներն ավելի լայն ծանոթություն են ձեռք բերում մուսուլմանների ու իսլամի մասին և հետզհետե փոխվում է իսլամի հանդեպ նրանց տեսակետը: Այդ շրջանում շատերը մուսուլման են դառնում: Մինչ այդ Մեքքայի հավատուրացները նպատակ ունեին ոչնչացնել մուսուլմաններին, սակայն հիմա գործնականում հաստատում էին, որ իսլամն ու մուսուլմաններին վերացնելը հեշտ գործ չէ և դա պիտի ընդունել որպես մի իրականություն: «Հոդայբիա»-ի խաղաղությամբ իրականության մեջ Ղորայշն ընդունում է Մեդինայում իսլամի մարգարեի իշխանության քաղաքական գոյությունը և այդպիսով մուսուլմանների դիրքերն ամրագրվում են Արաբիայում:
Ի դեպ, մինչ այդ մուսուլմանները շարունակ պատերազմի մեջ էին հավատուրացների հետ և նրանց բոլոր կարողությունն ու հնարավորությունները ծախսվում էր այդ ճանապարհին, սակայն այս պայմանագրից հետո պայմանները փոխվում են: Մարգարե ու մուսուլմանները մասամբ ձերբազատվում են իրենց գլխավոր թշնամին համարվող Ղորայշից ու հավատուրացներից: Իրականության մեջ առիթ է ստեղծվում, որպեսզի մարգարեն իր առաքելությունը տարածի Արաբական թերակղզու մյուս կետերում ու նաև դրանից դուրս, նամակներ հղի աշխարհի ղեկավարներին ու նրանց հրավեր ուղղի ընդունելու միաստվածային նոր կրոնը: