Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (40) Կայուն զարգացում, կայուն շրջակա միջավայր
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ձեզ հետ ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցով: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք շրջակա միջավայրը ոչնչացնող մի շարք գործոնների մասին և նշեցինք, որ շրջակա միջավայրին սպառնացող վտանգավոր պայմանների բերումով, քաղաքականություն մշակողները խորհեցին կայուն զարգացման մասին: Այսօրվա զրույցում քննարկելու ենք այդ թեման: Ընկերակցեք մեզ:
Կայուն զարգացում տերմինն առաջին անգամ կիրառվել է 1970-ականների սկզբին և նշանակում է այլընտրանքային ռեսուրսներ պահանջող ցանկացած գործողությունում կայունության ձեռքբերում: Իրականում կայուն է այն զարգացումը, որը կարող է ապահովել յուրաքանչյուր հասարակության կարիքները, չվնասելով ապագա սերունդների կարողությունն իրենց կարիքներն ապահովելու հարցում: Այս սահմանման շրջանակում ճանաչվում է մյուս սերունդներին հավասար բնական ռեսուրսներից օգտվելու յուրաքանչյուր սերնդի իրավունքը և թույլատրելի է համարվում անհրաժեշտության չափով բնական ռեսուրսի օգտագործումը: Ուստի կայուն զարգացումը երկիր մոլորակում գալիք սերունդների կյանքի համար անհրաժեշտ սահմանափակ չվերականգնվող ռեսուրսները կայունացնող գործոն է: Կայուն զարգացումը գործընթաց է, որը կարող է ապահովել ցանկալի ապագա մարդկային հասարակությունների համար. Ապագա, որտեղ մարդկային կարիքները բավարարված լինելով՝ վնաս չի հասցվում կենսական համակարգերի միասնականությանը, գեղեցկությանն ու կայունությանը:
Հետևաբար, կայուն զարգացումը կարևոր փոփոխություն է մարդու և բնության, ինչպես նաև մարդկանց միջև հարաբերությունների ընկալման մեջ, ինչը հակասում է երկու դար առաջ միջավայրի, հասարակության ու տնտեսության հարցերի տարանջատվածության հիմքով ձևավորված մարդկանց մոտեցման հետ: Երկու դար առաջ շրջակա միջավայրը ընկալվում էր որպես օբյեկտիվ գործոն միայն մարդու կողմից շահագործվելու և հարստահարվելու համար: Արդյունաբերական հեղափոխության և կապիտալիստական համակարգի զարգացման հետ կապված այս մոտեցմամբ ենթադրվում էր, որ մարդը կարող է ցանկացած կերպ տիրապետել բնությանը, մինչև անգամ ժամանակակից գիտության հիմնադիրներից Բիկենը այն համոզման էր, որ աշխարհը կառուցվել է մարդու համար, այլ ոչ թե հակառակը: Անշուշտ, արդյունաբերությունն ու գիտության զարգացումը հիմնական դեր են խաղացել մարդու գիտելիքների մակարդակի բարձրացման և կյանքի ստանդարտների կատարելագործման ու բարելավման հարցում: Բնակարանի, սննդի, կրթության, բժշկական ծառայությունների ու հետազոտությունների ապահովումը կախված է գիտության զարգացումից ու արյունաբերական արտադրանքներից: Այդուհանդերձ այժմ ապացուցված է, որ անկայուն են արդյունաբերական զարգացման այն մոդելները, որոնցում հաշվի չեն առնված բնապահպանական նկատառումները: Հետևաբար, ժամանակակից աշխարհում զարգացման ծրագրերում երկու հիմնական բաղադրիչներ են արդյունաբերական զարգացումը և շրջակա միջավայրի կայունությունը:
---
Կայուն զարգացումը լուծումներ է առաջարկում կառուցվածքային, հասարակական ու տնտեսական ոչ մնայուն մոդելների համար, որպեսզի հնարավոր լինի կանխել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բնական ռեսուրսների ոչնչացումը, կենսական համակարգերի ապականումը, աղտոտումը, բնակլիմայի փոփոխությունը, բնակչության անխնա աճը, անարդարությունը, ներկա և ապագա մարդկանց կյանքի որակի իջեցումը: Ուստի, կայունությունն այնպիսի վիճակ է, որտեղ ժամանակի ընթացքում չեն նվազում առկա հնարավորություններն ու որակը: Այն վերաբերում է հեռու ապագայում էկոհամակարգերի կարողությանը իրենց գործառույթը շարունակելու համար՝ չնվազեցնելով կամ անխնա չօգտագործելով ռեսուրսները: Կայունությունն այն պայմանների առկայությունն է, որոնց իրականացման դեպքում հասարակական ու բնական համակարգերը գործում են կողք կողքի անշոշափելի կերպով:
Հաշվի առնելով հարցի նշանակությունը, արձագանքելով բնապահպանության ոլորտում միջազգային մտահոգությանը, 1972թ. ՄԱԿ-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացրեց առաջին համաժողովը բնապահպանական սպառնալիքները քննարկելու համար: Նշված համաժողովում ներկայացվեցին որոշակի սկզբունքներ այնպիսի խնդիրներ լուծելու համար, ինչպիսիք են գլոբալ էկոհամակարգի պահպանման համար հավաքական գործողության ձգտումը, անդրսահմանային աղտոտման վերաբերյալ պետությունների պատասխանատվությունը, ազգային ռեսուրսների նկատմամբ պետությունների իշխանությունն ու անկախությունը և նրանց իրավունքը զարգացման համար: Էկոհամակարգի վերաբերյալ ՄԱԿ-ի երկրորդ մեծ խորհրդաժողովը, որը հայտնի է որպես երկրի գագաթնաժողով, տեղի ունեցավ 1992թ. Բրազիլիայի Ռիո քաղաքում: Շարունակվելով այդ միտումը, 2000թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում մշակվեց և ընդունվեց «հազարամյակի հռչակագիրը» պետությունների ղեկավարների ամենամեծ հավաքի ժամանակ: Նշված համաժողովում 189 պետությունների ղեկավարների կողմից ընդունված իդեալներից էր շրջակա միջավայրի կայունության երաշխիքը, ինչն անհրաժեշտ էր հազարամյակի զարգացման բոլոր նպատակների ձեռքբերման համար: Այս կապակցությամբ պետությունների ղեկավարներն իրենց վրա պարտավորություն վերցրին՝ գործադրել բոլոր ջանքերը շրջակա միջավայրը պահպանելու համար և իրենց երկրների ծրագրերում ու քաղաքականության մեջ ներառել կայուն զարգացման սկզբունքները՝ բնական ռեսուրսների ապականումը կանխելու համար: Նշված հավակնության շրջանակում համաձայնեցվեցին այնպիսի նպատակներ, ինչպիսիք են բնական ռեսուրսների վատնման կանխարգելումը, աշխարհում ձկնաբուծության նվազման, հողի էրոզիայի, բնակլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի նվազման նկատմամբ ուշադրությունը, որոնք բոլորն էլ կարևորագույն գործոններն են պետությունների զարգացման համար: Նաև որոշվեց, որ պետք է նվազեցվի այն մարդկանց քանակը, որոնց հասանելի չէ մաքուր խմելու ջուրը: Աղքատ թաղամասերում բնակվող առնվազն 100 մլն մարդկանց թվաքանակի՝ կիսով չափ նվազեցումը և նրանց կյանքի որակի բարելավումը ևս այդ փաստաթղթի նպատակներից էր:
---
Թեև 2000թ. բազմաթիվ երկրներ պարտավորվեցին կայուն զարգացման սկզբունքների կատարմամբ, այնուամենայնիվ նշված փաստաթղթի մշակումից 16 տարի անց բազմաթիվ փաստեր վկայում են մասին, որ այդ նպատակը՝ շրջակա միջավայրի ու ռեսուրսների ապականման գործընթացի կանխումը դեռևս չի իրականացվել: Օրինակ՝ թեև մեծացել է մաքուր խմելու ջրի հասանելիությունը, այնուամենայնիվ ներկայումս զարգացող երկրների կեսը զրկված է հիգիենայի տարրական հնարավորություններից: Չնայած նվազել են դեպի քաղաքներ արտագաղթն ու գյուղական տարածքների նկատմամբ ճնշումը, այդուհանդերձ մեծացել է քաղաքների անապահով ու մեծ թվով բնակչություն ունեցող ծայրամասային ու աղքատ թաղամասերում ապրող մարդկանց թվաքանակը: Այժմ շուրջ մեկ մլրդ մարդ բնակվում է քաղաքների արվարձաններում, որովհետև քաղաքային բնակչության աճի տեմպերը գերազանցում են բնակարանների բարելավման և կառուցողական աշխատատեղերի մատչելիության միտմանը: Հրապարակված զեկույցների համաձայն, կենդանական ու բուսական տեսակները ևս ոչնչացվում են աննախադեպ կերպով: Բնակլիման շարունակ փոխվում է և մարդկանց կյանքին մշտապես սպառնում են այնպիսի վտանգներ, ինչպիսիք են ծովերի մակարդակի բարձրացումը, երաշտը և ջրհեղեղը: Ձկնաբուծությունն ու այլ ծովային ռեսուրսները ևս շահագործվում են անխնա կերպով:
Բացի այդ, վերջին տարիներին իր ավերիչ հետևանքներն է ցույց տվել կարևորագույն բնապահպանական հիմնախնդիրը՝ բնակլիմայի փոփոխոթյունը: Տեղումների քանակի նվազումը առաջացրել է բազմաթիվ երաշտներ ու ջրի սակավություն: Ջրի սակավությունը հասել է այն աստիճանի, որ համապատասխան կազմակերպությունները ջրի սակավության սպառնալիքը ներկայացրել են որպես երրորդ մեծագույն համաշխարհային ռիսկ: Փորձագետներիի կարծիքով, հաջորդ 4 տարիների ընթացքում ջրի սակավությունը և սննդի ու էներգիայի ապահովման համար անողոք մրցակցությունը պետությունների ղեկավարներին կանգնեցնելու է լուրջ հիմնախնդրի առջև: Բազմաթիվ պետություններ բախվելու են այնպիսի մարտահրավերների, ինչպիսին է կլիմայի փոփոխությունից ու սննդային աղբյուրների սահմանափակությունից առաջացած ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը: Բնապահպանական գծով փորձագետները հայտնել են, որ արդեն ոչնչացվել են աշխարհում առատ տեղումներ ունեցող երկրամասերի կեսը, բնակլիմայի փոփոխությունը ձևափոխել է մթնոլորտային մոդելները և ի վերջո հանգեցրել է ջրի սակավության լուրջ ճգնաժամի:
---
Այս ցավալի իրավիճակը հիմնականում վերաբերում է աղքատ պետություններին, որտեղ մարդկանց առօրյա ապրուստի վաստակումը ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է նրանց շրջապատող բնական ռեսուրսների և աննախադեպ կերպով միջազգային համագործակցության հետ: Հատկապես զարգացող երկրներում բնապահպանական խնդիրների գլխավոր պատճառն աղքատությունն է: Աղքատությունը շրջակա միջավայրի ոչնչացման պատճառ է դառնում, հետևաբար շրջակա միջավայրի ոչնչացումը թափ է հաղորդում աղքատության և ի վերջո այս արատավոր ցիկլը հանգեցնում է տնտեսական, սոցիալական համակարգի և շրջակա միջավայրի քայքայման: Բնապահպանության համար պահանջվող ֆինանսական աղբյուրների բացակայությունը, տեխնիկական գիտելիքի և արդյունաբերական ստանդարտների ցածր մակարդակը, տեղեկատվական համակարգերի բացակայությունը, բնապահպանական սխալ կանոնները և բնապահպանական հարցերի նկատմամբ անիրազեկությունը սովորաբար հանգեցնում է արտադրական սխալ գործընթացների լայնածավալ կիրառման, որոնք ցածր արդյունավետություն ունեն էներգիայի և անմշակ նյութերի սպառման հարցում և ապականող գործընթացների շարքին են դասվում:
Զարգացող երկրների խնդիրներից մեկը նրանց կախվածությունն է արդյունաբերական երկրներից. Այն դեպքում, երբ այդ երկրները իրենց անմշակ նյութի և էներգիայի գլխավոր մասն ապահովում են օգտվելով զարգացող երկրների ռեսուրսներից: Սակայն շրջակա միջավայրի կայունության գործընթացում ոչ մի օգնություն չեն ցուցաբերում նրանց:
Երրորդ աշխարհի փորձագետներն այն համոզման են, որ հարուստ երկրների միակողմանի տնտեսական զարգացումը համաշխարհային մասշտաբով աղտոտվածության և բնապահպանական խնդիրների գլխավոր պատճառն է հանդիսանում: Հետևաբար այդ երկրները որպես անհրաժեշտություն պետք է իրենք վճարեն սանիտարական ու մաքրման աշխատանքների ծախսերի գլխավոր մասը: Իրողությունն այն է, որ 1972թ. Բնապահպանության հարցերով ՄԱԿ-ի համագումարի ժամանակի գլխավոր քարտուղար՝ Սթրանգն ասել է.«Հարավային երկրները, հատկապես ավելի քիչ զարգացած երկրներն առանց որևէ շահ ունենալու տնտեսության համաշխարհայնացման զոհ են դարձել»:
Այս բոլորն այն դեպքում, երբ առողջ շրջակա միջավայր ունենալու և զարգացման իրավունքը, որոնց իրականացումը կայուն զարգացում է պահանջում, մարդկային արժանապատվության դրսևորումներից և մարդկային իրավունքներից է համարվում. Իրավունք, որին զարգացած երկրները պետք է ավելի ուշադրություն դարձնեն երրորդ աշխարհի երկրների նկատմամբ:
---
Բարեկամներ զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: