Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (42) Կանանց դերը շրջակա միջավայրի պահպանության գործում
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք կայուն զարգացման մասին, որը շրջակա միջավայրի պահպանման կարևորագույն գործոններից է համարվում: Այսօրվա զրույցում խոսելու ենք կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության գործընթացում կանանց դերի մասին: Ընկերակցեք մեզ:
Մեր օրերին շրջակա միջավայրի պահպանությունը կայուն զարգացման կարևորագույն հիմքերից է համարվում, որին հասանելիությունը հնարավոր չէ առանց ժողովրդի իրական ու գիտակից մասնակցության: Հետևաբար մեր օրերին այդ ոլորտում ժողովրդի մասնակցության համար ենթահող ստեղծելը պետությունների կարևորագույն առաքելությունն է և ժողովուրդ նշանակում է հասարակության մեջ ապրող կանայք, տղամարդիկ, երեխաներ ու երիտասարդներ: Հետազոտողները համոզված են, որ կանայք մեծ հարստություն են շրջակա միջավայրի կայունության հարցում, որովհետև բնությունն ու շրջակա միջավայրը աստվածային պարգև են, որոնց պահպանման գործում պատասխանատու դեր են ունեցել կանայք: Հնադարյան ժամանակներում կանանց է վերագրվել բնության շատ երևույթներ: Պատմական ժամանակներում ջրի, հրի, գեղեցկության, արեգակի, բժշկության ու բերրիության աստվածուհիների կերպարում կենարարություն, սնուցում, համբերատարություն, պտղաբերություն և կյանքն ուրիշներին նվիրել հասկացությունները շրջակա միջավայրի պահպանության գործում կանանց դերակատարության պատմական օրինակներ են:
Այսօր էլ կարևորվում է կանանց դերը կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործընթացում: «Օրակարգ 21-րդ դարի համար» ծրագրում ևս կանայք այդ գործընթացում ճանաչվել են,որպես գլխավոր խումբ, որովհետև ընտանիքում և հասարակության մեջ կանանց դերը, բարոյական կարգապահությունը, խոսքի ազդեցությունը կարևոր գործոններ են եղել հասարակություններում մեծ նպատակների իրագործման համար:
Կանայք կարևոր դեր ունեն ընտանիքը կառավարելու, երեխաներին դաստիարակելու և գալիք սերունդներին բնապահպանական գիտելիքներ փոխանցելու հարցում: Սովորաբար կանայք են դաստիարակում երեխաներին և ծնվելու պահից երեխաները մորից են սովորում ապրելու և շրջապատի հետ կապ հաստատելու ձևը: Կանայք գիտակցելով բնապահպանական ճգնաժամի խորությունը, կարող են անհրաժեշտ տեղեկություններ փոխանցել ընտանիքին և այն խմբերին, որոնց անդամակցում են: Գյուղացի կանայք գյուղատնտեսության մեջ մեծ դեր ունենալով և տեղական ավանդական խմբերին մաս կազմելով, կարող են նշանակալի դեր ունենալ բնապահպանական աշխատանքներում և բնպաշարների պահպանության գործում: Այսպիսով այսօր կարևորվում է կանանց դերը շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության գործում, ինչպես նաև կայուն զարգացման հասնելու ճանապարհին կանանց դերը մեծացնելու գործեղանակներ ներկայացնելը:
---
Այսօր առկա են բազմաթիվ գիտահետազոտական փաստարկներ հասարակական, քաղաքական ու տնտեսական բոլոր բնագավառներում, այդ թվում կայուն զարգացման և բնապահպանության ոլորտներում կանանց գիտելիքների, մտածելակերպի ու գործելակերպի վերաբերյալ։ Չհաշված, որ կանայք բազմաթիվ հասարակություններում ձեռք են բերել միկրո և մակրո մակարդակի հարցերում պլանավորման և կառավարման ունակություն, այնուամենայնիվ տեսանելի են նրանց գործունեությունից բխող այլ էական հետևանքները։ Օրինակ՝ նրանք հանդիսանում են աշխարհում ամենախոշոր գնորդների խավը։ Ընտանիքում նրանց պատասխանատվությունը և ամուսնու ու երեխաների կարիքներին արձագանքելու անհրաժեշտության զգացումը մի կողմից, իսկ կապիտալիստական աշխարհում սպառողականության վրա հիմնված ինքնության կերտումը մյուս կողմից դերակատարության այն տեսակներից են, որոնք կարող են ազդել շրջակա միջավայրի վրա, քանի որ այսօր բնությունն ու շրջակա միջավայրը հատկապես այս արդյունաբերական դարաշրջանում մարդկանց սպառողականության զոհերն են, որոնք հետզհետե կորցրել են իրենց հավասարակշռությունը։ Ներկայումս մարդկանց սպառողական ինքնությունն աշխարհում շրջակա միջավայրի ապականման և բացասական փոփոխությունների մասին խորհելու արժանի պատճառներից է։
Անհերքելի է գյուղացի կանանց դերը շրջակա միջավայրի պահպանության հարցում: Մեծ թվով երկրներում ջուր, վառելիք և խոտ հավաքելու և պահելու պարտականությունը կանանց է վստահված: Ոմանք նաև զբաղվում են ձկնորսությամբ կամ հողագործությամբ: Նրանց աշխատանքներն ազդեցություն են թողնում անտառների, ջրաճահճային հանդակների և ցանքսատարածքների վրա: Բնապաշարների նկատմամբ կանանց հոգատար վերաբերմունքը կարող է խթանել շրջակա միջավայրի պահպանությունը և կլիմայական փոփոխությունների հետ համատեղելիությունը: Գյուղական և անտառային շրջաններում ընտանիքի համար անհրաժեշտ հինգ կարևոր գործոնները՝ սնունդը, վառելիքը, խոտը, մյուս անհրաժեշտ պարագաներ և եկամուտն ապահովում են ծառերից: Այդ իսկ պատճառով այդ շրջաններում կանայք խիստ մտահոգված են անտառների նվազման կապակցությամբ, որովհետև անտառները ոչնչանալու դեպքում պետք է ավելի երկար ճանապարհ անցնեն փայտ և խոտ բերելու համար: Ջրային ռեսուրսների նկատմամբ ևս կանայք նման պարտականություն ունեն: Անբարենպաստ պայմաններում գտնվող տարածքներում ու գյուղերում ջրի ապահովումը կանանց ու երեխաների պարտականությունն է: Ջրի բնական ռեսուրսները պակասելով, կանայք հարկադրված են երկար ճանապարհ անցնել ջուր բերելու համար: Եվ քանի որ կանայք ու երեխաներն են տնում ջրի գլխավոր սպառողները հանդիսանում, ավելի լավ են գիտակցում աստվածային այս պարգևի արժեքը: Մյուս կողմից, տղամարդկանց համեմատությամբ կանայք ավելի շատ են տուժում շրջակա միջավայրի ապականությունից: Ջերմոցային գազերը, կլիմայական փոփոխությունները և շրջակա միջավայրի աղտոտվածություններն ուղղակիորեն ազդում են հատկապես գյուղացի կանանց կյանքի վրա և հիվանդությունների, այդ թվում տարբեր տեսակի քաղցկեղների առաջացման պատճառ են դառնում:
---
Այսօր տարակուսանք չկա, որ մարդակենտրոն զարգացումն առանց բնապահպանության հնարավոր չէ, իսկ բնապահպանությունը կյանքի չի կոչվելու առանց կանանց լուրջ ներկայության։ Հետևաբար 1980-ականներից սկսած պետություններն ու ազգային ու միջազգային քաղաքական գործիչները հատուկ ուշադրություն են ցուցաբերել բնապահպանության ոլորտում կանանց դերակատարության նկատմամբ։ 1985թ. Նայրոբիում կայացած կանանց համաշխարհային երրորդ համաժողովում պաշտոնապես ճանաչվեց բնապահպանության ոլորտում կանանց դերակատարությունը ապագային միտված ռազմավարությունների ձևաչափով։ 1991թ. կայացավ «կանայք հանուն առողջ մոլորակի» առաջին համաշխարհային կոնգրեսը նվիրված կանանց և բնապահպանության։ 1992թ. շրջակա միջավայրին ու կայուն զարգացմանը նվիրված ՄԱԿ-ի համաժողովի ընթացքում կանայք որպես գլխավոր խավ ճանաչվեցին կայուն զարգացման ոլորտում։ Նշված համաժողովում ընդգծվեց կանանց ակտիվ ներգրավվածությունը կայուն զարգացմանը միտված անհրաժեշտ պայմանների ստեղծման և կուլտուրայի արմատավորման գործում, իսկ այն երկրներում, որտեղ իրագործվել է այդ սկզբունքը, բարձր արագությամբ է ձևավորվել կայուն զարգացումը։ 2000թ. ՄԱԿ-ի 189 անդամների կողմից ընդունված երրորդ հազարամյակի զարգացման նպատակներում հատուկ ուշադրության արժանացավ կանանց դերակատարությունը շրջակա միջավայրի կայունության բնագավառում։
Այսօր բնապահպանական գծով փորձագետները այն համոզման են, որ եթե ռեսուրսների օգտագործման բնագավառում կանայք լինեն ուսուցանված և օժտված նպաստավոր կուլտուրայով, ապա ընտանիքի մյուս անդամներին այդ կուլտուրայի փոխանցմամբ նրանք կարող են հող պատրաստել բնական ու կենսաբանական ռեսուրսների կայունության համար։ Փաստորեն կանայք որոշիչ դեր կունենան բնապահպանական վերաբերմունքի ուղղման բնագավառում։ Այդ իսկ պատճառով բազմաթիվ պետություններում կանանց ուսուցանման հարցը նախապատվություն ունի ծրագրերի մեջ։ Բնապահպանական հարցերի ուսուցանման առաջին նպատակը մարդկանց կյանքի պաշտպանությունն ու որակի բարելավումն է։ Բնապահպանական հարցերի ուսուցանման հասարակական նպատակն էլ պետք է հիմնված լինի երկիր մոլորակում մարդու կյանքի տևողության երկարացման մտքի վրա։ Այդ ուսուցանման մյուս նպատակները կարող են լինել մեր մոլորակի ու նրա բարիքների պաշտպանությունը և այն աղտոտող գործոնների ճանաչմանը նվիրված պլանավորումը։ Հետևաբար բնապահպանության ոլորտում կանանց ուսուցանման գլխավոր նպատակն է բավարար շարժառիթի ստեղծումը և նրա, ընտանիքի ու հասարակության առողջությանը սպառնացող խնդիրների լուծման կարողության ձեռք բերումը։ Բնապահպանական հիմնախնդիրներ լուծելու համար Կանանց ներգրավվածությանը միտված նրանց կարողությունների բարձրացումը նշանակում է հասարակության կարողության բարձրացում։ Ձեռք բերելով ունակություններ և անհրաժեշտ ուսուցում, կանայք կարող են իրենց ավանդը ունենալ բնապահպանության գործում ներգրավվածության տարբեր ձևաչափերով։
Մյուս կողմից բնապահպանության հետ կապված որոշումների կայացման ժամանակ կանանց ներգրավվածությունը մեծ նշանակություն ունի այդ ծրագրերի ապագա կայունության համար։ Այսօր աշխարհի տարբեր մասերում կանայք ունեն բնապահպանական փորձագետների, ուսուցանողների, նորարարների ու բնապահպանական շարժումների առաջնորդների դերակատարություն։ Քենիայում Կանաչ գոտու շարժումը հիմնադրվեց հանգուցյալ Վանգարի կողմից։ 2004թ. նա ստացավ խաղաղության Նոբելյան մրցանակը։ Պերույում հասարակական գործարար Ալբինա Ռուիզը և Առողջ քաղաք կոչվող նրա կազմակերպությունը օգնեցին տեղական համայնքներին թափոնների վերականգնման կառավարման բնագավառում։ Աֆղանստանի Բամիան նահանգի առաջին կին նահանգապետ Հաբիբե Սարաբին հիմնադրեց «Բանդե Ամիր» կոչվող այդ երկրի առաջին ազգային պարկը։ Ամերիկացի Ֆրանսիս Բինկին որպես բնական ռեսուրսների պաշտպանության խորհրդի ղեկավար դերակատարություն է ունեցել միջազգային քաղաքականությունների մշակման հարցում։ Ակնհայտ է, որ սրանք բնապահպանության ոլորտում կանանց գործողությունների ընդամենը մի մասն են։ Աշխարհի տարբեր մասերում խիզախորեն ջանքեր են գործադրում բազմաթիվ կանայք, որոնց անունը երբեք չի նշվում։
---
Հարգելի ունկնդիրներ ավարտվեց հաղորդմանը հատկացված եթերաժամը: Մինչ նոր հանդիպում եթերում լավագույնն ենք մաղթում բոլորիդ: