Ճանաչենք իսլամը (95)
Ղուրանը իսլամի մեծմարգարեի եզակի ու հավերժական հրաշքն է, որը որպես վառ Արեգակ փայլեց խավարի մեջ ու դարձավ մարգարեի իրավացիության վառ ապացույցը: Այս զրույցի ընթացքում առավել ևս կծանոթանաք իսլամի մարգարեի այս հրաշքին:
Ողջույն Ձեզ հարգարժան բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Եթե հիշում եք նախորդ հաղորդումների ժամանակ անդրադարձանք Իսլամի մեծ մարգարեի կյանքի որոշ դրվագներին: Մեր այսօրվա զրույցի թեման իսլամի մեծ մարգարեի եզակի ու հավերժական հրաշք՝ Ղուրանն է:
Եթե քննարկենք 14 դար առաջ աշխարհում տիրող պայմաններն ու իրավիճակը կնկատենք, որ մարդկությունը, հատկապես Արաբիայում մխրճված էր տգիտության խավարի մեջ: Այդ մութ ու խավար տարիներին մարգարե է նշանակվում Մոհամմեդը: Այն օրվանից երբ մեծ մարգարեն իսլամը մարդկությանը ներկայացրեց, որպես մեծ ու աշխարհատարած մի վարդապետություն, իր հրավերը տարածելու բոլոր փուլերում օգտվեց Ղուրանի հնչեղ այաներից: Այն միջավայրում, որտեղ ժողովուրդը կորել էր խավարամտության մեջ, Ղուրանը որպես վառ Արեգակ փայլեց խավարի մեջ ու դարձավ մարգարեի իրավացիության վառ ապացույցը: Քաղաքակրթության ու առաջադիմության ներկա ժամանակաշրջանում էլ երբ արարչագործության գաղտնիքներից ու ճշմարտություններից շատերը բացահայտված են, ժամանակի անցումը և մարդկության մտքի կատարելագործումը չեն կարողացել խաթարել Ղուրանի իրավացիությունը: Այն որ Ղուրանը ընդմիշտ կենդանի է, իսլամի մարգարեի առաքելության իրավացիության ու նաև դրա՝ հրաշք լինելու պարզ ապացույցը կարող է լինել:
Հայտնի որևէ գիտնական կամ մի խումբ մտավորականներ բազմաթիվ անգամներ որևէ մասնագիտական թեմայի շուրջ գիրք են գրել: Այդ գրքի հրապարակումը արժանացել է հանրության գնահատանքին ու գովեստին, սակայն ժամանակի ընթացքում ու գիտության առաջադիմության շնորհիվ այդ ստեղծագործությունը հետզհետե կորցրել է իր հեղինակությունն ու արժեքը:
Հակառակ մարդկության միջոցով գրված ստեղծագործություններին Ղուրանն այդպես չէ: Ղուրանի մեծության ապացույցներից մեկն այն է, որ դարեր անցնելով ու չնայած մարդկության ապրած հրաշալի զարգացման, շարունակում է ազդեցիկ լինել: Ոչ միայն դրա հրաշք լինելու հարցում որևէ խախտում չի առաջացել, այլև ինչքան ավելի է ընդլայնվել մարդկային գիտության ծավալները նրա մեծությունն ու պարունակած գիտելիքների արժեքն էլ ավելի է մեծացել: Մարդկային գիտության հորիզոնն ընդլայնվելով ու նոր հորիզոններ բացվելով մարդկության համար հնարավորություն է ստեղծվել, որպեսզի անցած դարերում ապրած մարդկանց համեմատությամբ առավել շատ օգուտ քաղի Ղուրանի ուսուցումներից: Եթե Ղուրանը սահմանափակված լիներ ժամանակի ու վայրի փոքր շրջանակով չէր կարող ժամանակի ընթացքում առաջ անցնել ու ներթափանցել տարբեր սերունդներ:
Ողջ մարդկության համար նշանակված մարգարեն, որի բերած կրոնը պիտի հավերժական լինի իր աստվածային առաքելությունն ապացուցելու համար պիտի հավերժական մի հրաշք ներկայացնի, որը ժամանակի ազդեցության ներքո չի փոխվում: Նրա մշտական առաքելությունը պահանջում է, որ նրա հրաշքն էլ հավերժական ու մշտական լինի, ժամանակի զարգացումների հետ քայլ պահի ու նախկին սերնդի համար ասելիք ունենալուց բացի նաև փոխանցելիք ունենա ապագա սերունդներին: Նման մի մարգարե չի կարող հիմնվել այնպիսի հրաշքների վրա, որոնց ազդեցությունը կարճաժամկետ ու հատվածային է և ապագա սերունդները դա ըմբռնելու կարողությունը չունեն: Օրինակ Մովսեսի ու Հիսուս Քրիստոսի որոշ հրաշքներն, այդ թվում գավազանը օձի վերածվելը կամ մեռելներին հարություն տալն այսօր հասանելի չեն մարդկության համար, սակայն Ղուրանը գտնվում է մարդկության բոլոր սերունդների տրամադրության տակ և ցանկացած մարդ ցանկացած ժամանակ ու ցանկացած վայրում կարող է դա նկատել և ուսումնասիրել: Ղուրանի հրաշալի հզոր կողմերից մեկը դրա ոճի գեղեցկությունն ու պարզությունն է: Ղուրանը փոխանցվեց այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ արաբական գրականությունը գտնվում է իր ծաղկման գագաթնակետին: Հայտնի բանաստեղծներ ու հռետորներ արաբերեն լեզվով արժեքավոր ստեղծագործություններ էին կատարում: Իհարկե այդ բանաստեղծություններից շատերը դյուցազնական ու քնարական բնույթ էին կրում և կամ նպատակ ունեին հրահրել զայրույթի ու վրեժխնդրության զգացմունքները: Նրանք իրենց տեսակետից հաճելի որոշ բանաստեղծություններ կախում էին Քյաբեի պատերից:
Նման մի միջավայրում Աստծո կողմից ուղարկվում են Ղուրանի այաները: Գիրք, որի նախնական նյութը նույն տառերն ու բառերն են, որոնք գտնվում են բոլորի տրամադրության տակ: Այդուհանդերձ այդ գիրքը ոճի ու պարզության առումով այնքան հրաշալի է, որ հիացմունք է պատճառեց արաբական աշխարհին ու հատկապես գրականագետներին: Արաբական թերակղզու անհավատների պարագլուխները, որոնք զգում էին, որ Իսլամի Արեգակը ծագելով նրանց ցողունե իշխանության հիմքերը սասանում են, փորձեցին կանխել Աստծո խոսքի տարածումն ու ներթափանցումը և այդ ուղղությամբ որևէ քայլ չխնայեցին:
Նրանք նկատում էին, որ այդ գիրքը ճարտասանության տեսակետից հրաշալի է ու ժամանակի ստեղծագործություններից որևէ մեկը չի կարող համեմատվել դրա հետ: Հետևաբար նրանք երբևէ չհավակնեցին, թե այդ այաները զուրկ են ճարտասանական ու գեղեցիկ լինելուց: Նրանք դիմեցին ոչ-սովորական ու սպառնալի միջոցների: Դա ի տես այն բանի, որ մարգարեն առաջին օրից հայտարարում էր, որ եթե կարող եք Ղուրանին հավասարվող խոսք ասացեք: Նրանք խելագարության մեջ մեղադրեցին մարգարեին, նրան ստախոս ու կախարդ անվանեցին, նրան մահվամբ սպառնացին ու տնտեսական խիստ շրջափակման ենթարկեցին: Երբ Մեդինա գաղթեց ամեն օր նոր դավեր նյութեցին նրա դեմ ու արյունալի պատերազմեր սանձազերծեցին: Թեև ընդդիմադիրներն մարգարեին թուլացնելու և պարտության մատնելու համար որևէ ջանք չէին խնայում, այդուհանդերձ միակ գործը որ անկարող եղան կատարել, դա Ղուրանի նման գոնե մի սուրա ներկայացնելն էր: Նրանք գիտեին, որ չեն կարող այդ քայլով դիմակայել մարգարեին:
Ղուրանը տարբեր միջոցներով ու մեթոդներով գրողներին, գիտնականներին ու մտավորականներին կոչ էր անում իրենց կարողությունները ցուցադրել: Ղուրանի «Օսարա» սուրայի 88-րդ այաում կարդում ենք. «Ասա, որ եթե բոլոր մարդիկ ու դևերը Ղուրանի նմանը ստեղծելու համար իրար շուրջ հավաքվեն, չեն կարող դա կատարել, նույնիսկ եթե նրանցից որոշները հովանավորեն մյուսներին»:
Ղուրանն այս այաում իր ընդդիմադիրներին կոչ է անում նման մի գիրք ներկայացնել: Որևէ մարդ արարած չի կարող Ղուրանի նման ստեղծագործություն կատարել: Ոչ միայն գրականագետները, այլ նույնիսկ եթե դևերն էլ նրանց օգնությանը շտապեն անկարող են լինելու Ղուրանի նման մեկ այլ գիրք ստեղծել:
Ղուրանը մի այլ այաում նույնիսկ զիջումների է գնում ու ընդդիմադիրներին կոչ է անում գոնե տասը սուրաներ ներկայացնել: «Հուդ» սուրայի 13-րդ այաում կարդում ենք. «Կամ ասում են, թե Ղուրանն ինքն է սարքել: Ասացեք, եթե ճշմարիտ եք ասում դուք գոնե տասը նման սուրաներ ներկայացրեք ու դիմեք Աստծուց բացի ցանկացած մարդու օգնությանը»:
Մի տեղ Ղուրանն իր իրավացիության մասին կասկածողներից ուզում է եթե կարող են գոնե այս գրքի նման մեկ սուրա ներկայացնեն:
«Բաղարա» սուրայի 23-րդ այաում կարդում ենք. «Եթե կասկածում եք այն ինչի մասին, որ մենք ուղարկեցինք մեր ծառան համարվող մարգարեի համար, եթե իրավացի եք դրա նման մի սուրա ներկայացրեք և Աստծուց բացի այլ վկաներ կանչեք ձեզ համար»:
Այս այան ժողովրդին կոչ է անում Ղուրանի նման գոնե մեկ սուրա ներկայացնել և դա ի տես այն բանի, որ Ղուրանի որոշ սուրաներ, այդ թվում «Թոհիդ»-ն ու «Քոսար»-ը միայն մի քանի նախադասություններից են բաղկացած: Անշուշտ Արաբական թերակղզու բնակիչներն անկարող են լինում դա կատարել: Ինչպես նկատեցիք Ղուրանը մի տեղ ընդդիմադիրներին կոչ է անում Ղուրանի նման մի գիրք ներկայացնել, մի այլ տեղ դրա նման տասը սուրաներ, իսկ մի տեղ էլ գոնե մեկ սուրա է պահանջում: Առավել ընդգծման համար էլ ասում է, որ եթե բոլոր գիտունները, մտավորականներն ու գիտնականները ձեռք-ձեռքի տան չեն կարող Ղուրանի նման ստեղծագործություն կատարել:
Խոսքը եզրակացնելով պիտի ասել, որ եթե թշնամիները իսլամի դեմ պայքարելու և մարգարեին հաղթելու կարողություն ունենային այսքան դավեր նյութելու և մեծ ծախսեր կատարելու, ինչպես նաև պատերազմների ու արյունահեղության պատճառ դառնալու փոխարեն Ղուրանի սուրաների նման գոնե մեկ սուրա կներկայացնեին: Սակայն դա նրանց չհաջողվեց: