Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (44) Սպառման ձևաչափի բարեփոխումը՝ շրջակա միջավայրի փրկություն
Ողջույն ձեզ հարգելի ունկընդիրներ։ Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք բնապահպանությանը նպաստող մի շարք գործոնների մասին։ Փորձագետների կարծիքով շրջակա միջավայրը ապականող հիմնական գործոններից է մարդկային հասարակություններում սպառողականության տարածումը, հետևաբար շրջակա միջավայրի փրկության գլխավոր ճանապարհներից է սպառման ձևաչափի ուղղումը։ Այս հարցին է նվիրված այսօրվա հաղորդումը։ Ընկերակցեք մեզ:
Փաստերի ուսումնասիրումը ցույց է տալիս, որ մինչև արդյունաբերական հեղափոխությունը հասարակությունների գերակշռող մասում նախատելի էին համարվում ոչ անհրաժեշտ, հատկապես շքեղ ու ճոխություն համարվող ապրանքների օգտագործումը։ Սակայն 20-րդ դարասկզբից, արդյունաբերության աճին զուգահեռ մի շարք երևույթների, այդ թվում մարկետինգի, գովազդի, ապառիկ վաճառքի ու մոդայի ստեղծմամբ ու տարածմամբ, բոլոր հասարակություններում և մասնավորապես արդյունաբերական երկրներում տարածում գտավ սպառողականությունը։ Այսպիսով նշված դարաշրջանից սկսած այդ պետությունների առանցքային ռազմավարությունը դարձավ կարիքների ստեղծումը, որպեսզի կարողանան վաճառել իրենց զանգվածային արտադրանքը, և ինչպես ասում է կանադացի տնտեսագետ Գալբրայթը, ավարտվեց սպառողի գերիշխանության ժամանակաշրջանը, քանի որ եթե մինչ այդ, տնտեսագիտության համաձայն, սպառողն էր, որ իր եկամտին ու պահանջարկին համապատասխան որոշում էր, թե արտադրության միջոցները որ ապրանքի արտադրության և ինչ քանակությամբ պետք է հատկացվեն, ապա զանգվածային արտադրության ժամանակաշրջանում դա ուրիշներն էին, որ պետք է սպառողի համար կարիքներ ստեղծեին, իսկ նա ենթագիտակցաբար օգտագործեր միայն այն արտադրանքները, որոնք նրա համար նախատեսվում էին գովազդի միջոցով։
Շարունակվելով այս գործընթացը, 20-րդ դարավերջին աշխարհը կանգնեց շրջակա միջավայրի ապականման, բնապահպանական ռեսուրսների ոչնչացման, երկիր մոլորակի ջերմաստիճանի բարձրացման, ջերմոցային գազերի տարածման և օզոնային շերտի ճեղքման խնդիրների առջև։ Գրոհի ենթարկվեցին ոչ միայն մեգապոլիսները, այլև փոքր քաղաքները, անտառներն ու ծովերը և ոչնչացման վտանգի առաջ կանգնեցին նրանց բնական միջավայրերը։ Մարդկության համար բազմաթիվ ծառայություններով հանդերձ, արդյունաբերության զարգացումը ահռելի վնասներ պատճառեց բնապահպանական ռեսուրսներին և դրա ազդեցության տիրույթը մարդկանցից բացի, ներառեց նաև կենդանիներին ու բույսերին։
Ցավոք սրտի այսօր ևս շարունակվում է սպառողականությունը, սպառումը կորցրել է իր տգեղ պատկերը և դարձել է գեղեցիկ մի եզրույթ։ Այժմ սպառման տեսակը,ապրանքներն ու անհատի սպառողական սովորույթներն են, որ խոսում են նրա անձի, էության և ընդհանրապես նրա ինքնության մասին։ Խորհելով մարդկանց այսօրվա ապրելակերպի մասին, հասկանում ենք, որ մարդիկ միմյանցից տարանջատվում են իրենց հագուկապի ձևով, ժամանցի տեսակով, բջջային հեռախոսի ու նոթբուքի տեսակով, շպարման պարագաների ձևով ու տեսակով, և կարճ ասած, իրենց սպառողական ապրանքներով, մինչդեռ անցյալում մարդկանց ճանաչման չափանիշներ էին համարվում նրանց բարոյական, աշխատանքային, ընտանեկան և գաղափարային սովորույթներն ու վարքագիծը։ Ամերիկացի հայտնի վերլուծաբան Վիկտոր Լեբոն այս մասին գրում է. «Մեր տնտեսությունը պահանջում է, որ մենք սպառողականությունը վերածենք ապրելակերպի, ապրանքների առքուվաճառքը դարձնենք ծես և պահանջում է, որ մեր և մեր հոգու բավարարումը փնտրենք սպառման մեջ։ Մեզ անհրաժեշտ է, որ ապրանքները օգտագործվեն, վառվեն, մաշվեն, փոխարինվեն և մեծ արագությամբ թափոնի վերածվեն»։
---
Առկա փաստերն էլ հաստատում են, որ այսօր մարդը բնությունից վերցնում է ավելին քան նրա վերականգնման կարողությունն է և այս հանգամանքը խաթարում է աշխարհի հավասարակշռված կարգը։ Առկա զեկույցների համաձայն այս պահին երկիր մոլորակի ռեսուրսների օգտագործման քանակը 30 տոկոսով գերազանցում է բնության կարողությունը այդ ռեսուրսները վերարտադրելու հարցում և եթե շարունակվի այս իրավիճակը, ապա 2030թ. նշված ցուցանիշը դառնալու է 100 տոկոս։ Սա նշանակում է, որ նշված թվականին մեր մոլորակի բնակչության կարիքները հոգալու համար մեզ անհրաժեշտ է լինելու մեկ այլ երկիր մոլորակ հենց նույն այս առանձնահատկություններով։ Նախորդ 45 տարիների ընթացքում կրկնապատկվել է երկիր մոլորակի ռեսուրսների սպառման քանակը։ Սպառման համար առաջացած սահմանափակումները առկա են բոլոր ռեսուրսների համար, սակայն որոշ ռեսուրսների այդ թվում առողջ խմելու ջրի դեպքում վիճակը ճգնաժամային է։ Ներկայումս աշխարհի բնակչության մեկ չորրորդը ապրում են այն երկրներում, որտեղ բնակչության սպառման քանակը գերազանցում է նրանց էկոհամակարգի բնական ներուժը, որի արդյունքում կրկնակի և ոչ բնական ճնշման է ենթարկվում էկոհամակարգը։ Երկիր մոլորակի ռեսուրսների սպառման քանակի գնահատման կարևորագույն ցուցանիշներից է «էկոհամակարգային ոտնահետք» (ecological foot print) կոչվող ցուցանիշը։ Այս ցուցանիշը մատնանշում է հողատարածքի այն չափը, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու՝ իր կարիքները հոգալու և իր սպառումից առաջացած թափոնները կլանելու համար։
Այս կապակցությամբ հրապարակված զեկույցներից մեկի համաձայն, ներկայիս սպառման իրավիճակում աշխարհում յուրաքանչյուր մարդուն միջին հաշվով անհրաժեշտ է 7.2 հեկտար հողատարածք իր կարիքները հոգալու համար, մինչդեռ աշխարհի բնական ներուժը ի զորու է ապահովել ամեն մարդու համար ընդամենը 1.2 հեկտար հողատարածք՝ հաշվի առնելով առկա բնակչությունը։ Այսպիսով այս հարցում ներկայումս երկիր մոլորակն ունի 30 տոկոսանոց դեֆիցիտ և այս դեֆիցիտը երկիր մոլորակի մակարդակում 6 հեկտար յուրաքանչյուր մարդու համար է։ Ակնհայտ է, որ նշված ցուցանիշը աճելու է հաջորդ տարիներին և մեծանալու է նաև բնական ռեսուրսների նկատմամբ կարիքի և ռեսուրսները ապահովելու հարցում աշխարհի բնական ներուժի միջև ճեղքվածքը։
---
Հաշվի առնելով աշխարհի բնակչության օրեցօր աճը, թվում է, թե առկա ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհն է սպառման մոդելի փոփոխումը և դրա բարելավումը։ Այդ իսկ պատճառով այսօր սպառման մոդելի բարելավումը և դրա նկատմամբ ուշադրության անհրաժեշտությունը արծարծվում է որպես համաշխարհային մտահոգություն և այս կապակցությամբ կնքվել են բազմաթիվ միջազգային համաձայնագրեր բարենպաստ սպառման և արտադրման մոդելներ ձեռք բերելու համար։ Նշված համաձայնագրերում ընդգծվում են արտադրման ու սպառման անկայուն մոդելների փոփոխման անհրաժեշտությունը և միջազգային լուծումների մշակումը սպառման խելամիտ մոդելներ ձեռք բերելու և երկիր մոլորակի սահմանափակ ռեսուրսների անխնա օգտագործումը նվազեցնելու համար։ Այդ համաձայնագրերում ընդգծվել են նաև բնական ռեսուրսներն օգտագործող արդյունաբերական գործընթացները արդյունավետ դարձնելու համար բնապահպանական տեխնոլոգիաների զարգացումը որպես ամենանպաստավոր լուծում շրջակա միջավայրի վրա մարդկանց ճնշումը նվազեցնելու համար։ Բնական ռեսուրսների կայուն սպառումը այն հարցերից է, որ մշտապես ուշադրության է արժանացել նշված համաձայնագրերում։ Կայուն սպառում նշանակում է ապրանքների ու ծառայությունների օգտագործումը մարդկանց հիմնարար կարիքները հոգալու և կյանքի որակը բարձրացնելու համար։ Սպառման այս տեսակը ապրանքների ու ծառայությունների ստեղծման ընթացքում և գոյատևման ցիկլում նվազագույնի է հասցնում բնական ռեսուրսների սպառումն ու թափոնների ու աղտոտող նյութերի ստեղծումը, միևնույն ժամանակ հաշվի է առնում նաև ապագա սերունդների կարիքները։ Կայուն սպառումը ներառում է բազմաթիվ ընդհանուր հարցեր, այդ թվում կարիքների ապահովումը, կյանքի որակի ցուցանիշների բարձրացումը, ռեսուրսների շահագործման բարելավումը, վերականգնվող էներգակիրների օգտագործման աճը, թափոնների նվազումը, կյանքի ցիկլի ներկայացումը և սոցիալական հավասարությունը։
Իհարկե սպառման մոդելի բարեփոխումը միայն պետությունների պարտականությունը չէ, այլև յուրաքանչյուր ոք պարտավոր է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Փորձագետները խորհուրդներ են ներկայացրել սպառման մոդելի բարեփոխման համար: Նրանք առաջարկել են ծառահատումները նվազեցնելու, օդի աղտոտվածությունը վերահսկելու և թթվածնի առավել արտադրմանը նպաստելու համար խոհեմություն դրսևորել թղթի օգտագործման հարցում: Հանրային տրանսպորտից օգտվելու և ոչ անհրաժեշտ էլեկտրական սարքերն անջատելու դեպքում, կնվազի հանածո վառելիքի օգտագործումը և հետևաբար ավելի քիչ կաղտոտվի շրջակա միջավայրը: Պլաստմասե տոպրակների ու տարրաների օգտագործման նվազումը ևս բնապահպանական քայլեր են: Ջրի, արևի ու քամու էներգիայից օգտվելը խթանելու է օդի աղտոտվածության նվազումը: Սպառման մոդելի բարեփոխման հարցում պետք է ուշադրություն դարձնել ջրի օգտագործմանը և չվատնել աստվածային այդ պարգևը:
Ուշագրավ մեկ այլ հանգամանքն այն է, որ արտադրման ու սպառման գործընթացում արտադրվում են թափոններ, որոնք չեն վերականգնվում շրջակա միջավայրում: Հետևաբար Բնապահպանության համար մշակված ծրագրերում հատուկ ուշադրության է արժանացել վերամշակումը:
Վերամշակման անհրաժեշտությունն զգացվում է այն ժամանակ, երբ իմանանք, որ մեկ տոննա թղթի արտադրման համար պետք է հատվի հաստաբուն ծառ: Իսկ օգտագործված թղթերը վերամշակելու դեպքում, 90 տոկոս ջրի և 50 տոկոս էներգիայի խնայողություն է լինելու և այդ քայլը 75 տոկոսով արդյունավետ է լնելու օդի աղտոտվածությունը վերահսկելու հարցում: Ուրեմն վերամշակելով կարելի է կրկին սպառման ցիկլ վերադարձնել աստվածային ու բնական հարստությունները:
Թափոններն առանձնացնելը և դրանք բնության ցիկլ վերադարձնելը ազդեցիկ դերակատարություն ունեն շրջակա միջավայրի պահպանության հարցում, նաև կարող է դրական ազդեցություն ունենալ երկրների տնտեսական գործընթացում:
---
Բարեկամներ նյութերի վերամշակման մասին երկար կարելի է խոսել: Սակայն սպառվել է այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: Հաջողություն և Տերն ընդ Ձեզ: