Սեպտեմբեր 14, 2016 10:06 Asia/Yerevan

Ղուրանը շարունակ մարդկությանը կոչ է անում խորհել Երկիր մոլորակի և գոյության երևույթների մասին: Այս կապակցությամբ գիտական տարբեր ճյուղերի գիտնականներ բազմաթիվ գրքեր ու հոդվածներ են գրել, որտեղ նրանք ընդհանուր եզրեր են գտել Ղուրանի այաների և մարդկային գիտության ամենանոր նվաճումների միջև:

Շարունակում ենք Ղուրանի գիտական հրաշալիքների քննարկմանը նվիրված մեր զրույցը: Այս շաբաթ էլ ակնարկելու ենք Ղուրանում հիշատակված արարչագործության հրաշալիքներից մեկին, որն այսօր գիտական ապացուցված փաստերից է համարվում:

Ղուրանը շարունակ փայլող Արեգակ է: Հեռացնում է խավարը և մարդկությանն առաջնորդում է դեպի երջանկություն ու բարօրություն: Այս գիրքն իր հիմնական նպատակների ուղղությամբ երբեմն ակնարկում է նաև գիտական թեմաների: Ղուրանի այս ակնարկները բացահայտում են աշխարհի, բնության, մարդկության ու պատմության որոշ գաղտնիքները և այդ լուսարար աղբյուրները գիտնականների ու մտավորականների համար ներշնչման աղբյուր են հանդիսանում: Ղուրանն իր տարբեր այաներում մարդկությանը կոչ է անում խորհել Երկիր մոլորակի և գոյության երևույթների մասին: Այս կապակցությամբ գիտական տարբեր ճյուղերի գիտնականներ բազմաթիվ գրքեր ու հոդվածներ են գրել, որտեղ նրանք ընդհանուր եզրեր են գտել Ղուրանի այաների և մարդկային գիտության ամենանոր նվաճումների միջև:

Ֆրանսիացի բժիշկ Մուրիս Բուքայը, ով Ղուրանի կապակցությամբ բազմաթիվ ուսումնասիրություններ կատարելուց հետո իսլամ ընդունեց, «Համեմատության եզրեր՝ Թորայի, Ավետարանի, Ղուրանի և գիտության միջև» գրքում ասում է. «Ինչպե՞ս կարելի է նկատել  մարդկային գիտության վերջին արտադրանքների հետ Ղուրանի համապատասխանումը և  չզարմանալ  ու դա հրաշք չհամարել»: Նա համեմատական եզրեր անցկացնելով Ղուրանի գիտական ակնարկների և Ղուրանը երևան գալու ժամանակների գիտության միջև ասում է. «Նկատի առնելով Մոհամմեդի ժամանակաշրջանում գիտության պայմանները, չի կարելի հավատալ, որ ղուրանական շատ նյութեր գիտական հիմքեր ունեն և մարդկային մտքի արտադրանք են համարվում: Այդ պատճառով էլ միանշանակ տեղին է ,որ Ղուրանը  հայտնություն անվանենք»:

Այս նախաբանով կրկին կփորձենք անդրադառնալ Ղուրանի գիտական մի քանի այլ նմուշներին: Արարչագործության հրաշալի երևույթներից մեկը գոյության աշխարհի ընդլայնման հարցն է: Աշխարհի ընդլայնման երևույթը, որ մինչև մի որոշ ժամանակ առաջ մարդկության համար անհայտ էր մնացել, այսօր գիտական ապացուցված հարցերից է համարվում: Գիտությունն այսօր հաստատել է, որ տիեզերքն ընդլայնվում է: Այսինքն մի գալակտիկայի աստղերը արագությամբ հեռանում են գալակտիկայի կենտրոնից: Գալակտիկաներն էլ հեռանում են իրարից: Գիտնականները նույնիսկ կարողացել են, որոշ դեպքերում չափել այս արագությունը: Մինչև այժմ արձանագրված ամենամեծ արագությունը վայրկյանում 66000կմ է: Արդիական հեռադիտակների առաքած պատկերներն ապացուցում են, որ ավելի հեռու գտնվող գալակտիկաների արագությունը ավելի մեծ չափերով աճում է:

Այսօր աստղագետներն այն համոզման են հանգել, որ աշխարհն ընդարձակվում է: Այսինքն ուր էլ, որ նայենք գալակտիկաներն իրարից  հեռանում են և նրանց հեռանալու արագությունն էլ աճում է: Օրինակ հենց այս պահին երբ դուք ունկնդրում եք այս նախադասությունը որոշ գալակտիկաների տարածությունը Երկրագնդից շուրջ 300 հազար կիլոմետր մեծացավ: Երկնային մարմինները հեռանում են իրարից, կարծեք մի գնդակ է պայթել օդում և գալակտիկաները դրա մասերը լինելով դեռ մեծ արագությամբ հեռանում են: Գիտնականները դա բացատրում են մի օրինակով: Եթե մի փուչիկի վրա նշաններ դնենք և փուչիկը լցնեք օդով այդ նշաններն իրարից կհեռանան: Գալակտիկաներն էլ այդ կերպ հեռանում են իրարից:

Անկասկած աշխարհի ընդլայնման երևույթն առնչվում է աշխարհի արարչագործության հարցին: Գիտնականներն ասում են, որ հեռու անցյալներում երկնային մարմիններն ու գալակտիկաները մեծ խտությամբ գազային զանգված են եղել: Ապա 13-ից 14 միլիարդ տարի առաջ մեծ պայթյուն է տեղի ունեցել և դրանից հետո այս պայթյունի հետևանքով տիեզերքում ցրված տարբեր մասերը վերածվել են մոլորակների ու գալակտիկաների, որոնք դեռ մեծ արագությամբ շարունակում են հեռանալ իրարից:

Հարցը պարզաբանելու համար դիմենք Ղուրանին և տեսնենք, որ նա ի՞նչ կարծիք ունի արարչագործության մասին: Ղուրանը խոսելով մոլորակների արարման մասին «Ֆասիլաթ» սուրայի 11-րդ այայում ասում է.«Ապա սկսեց հորինել երկինքը, որն սկզբում ծուխ էր: Ուրեմն երկնքին ու Երկրին ասաց. «Կամա թե ակամա տեսք ստացեք և նրանք ասացին. «Մենք հնազանդ ենք քեզ»:

Ինչպես այայից նկատվում է, Աստված այս այայում որպես երկնքի ու գալակտիկաների նախանյութ խոսում է ծխի կամ գազի մասին: Սա վկայում է, որ արարչագործության սկզբում երկինքը հսկա ու ընդարձակ ծուխ է եղել և աշխարհը բաղկացած է եղել կիզիչ ու այրող գազերից: Այայում օգտագործվել է «Դոխան» եզրույթը: «Դոխան»-ն այն ինչն է, որ բարձրանում է կրակի բոցից:

Այսօր էլ շատ աստղեր խտացված գազեր են: Ձևավորման փուլում գտնվող հեռավոր գալակտիկաների ու աստղերի մասին  գիտնականների հայտնագործումներն ապացուցել է այն տեսությունը, որ աշխարհն ստեղծվել է գազային խտացված զանգվածից:

Ղուրանի մեկ այլ այայում ակնարկ կա աշխարհի արարման սկզբին: Աստված «Անբիա» սուրայի 30-րդ այայում հստակ կերպով ասում է, որ արարչագործության սկզբում երկինքն ու Երկիրը միացած են եղել իրար: «Արդյոք հավատուրացները չնկատեցին, որ երկինքն ու Երկիրը միացած են իրար և մենք նրանց առանձնացրեցինք և յուրաքանչյուր կենդանի արարածի արարեցինք ջրից: Արդյոք նորից հրաժարվում եք հավատք ընծայելուց»:

Երկնքի ու Երկրի միացությունն ակնարկում է արարչագործության առաջին պահին, երբ գիտնականների հավաստմամբ աշխարհի կիզիչ գազի խտացված հսկա զանգված է եղել, որը ներքին պայթյունի  ու շարժման հետևանքով մասնատվել ու ցրվել է և նրանից առաջացել են աստղերն ու մոլորակներն, այդ թվում Արեգակնային համակարգն ու Երկիր մոլորակը:

Այս բացատրությունից հետո վերադառնանք աշխարհի ընդլայնման թեմային: Գիտական այս իրականությունը բացահայտվեց 1929 թվականին, երբ Էդվին Հաբելն իր հեռադիտակի օգնությամբ նկատեց, որ հեռավոր գալակտիկաները մեծ արագությամբ հեռանում են Երկիր մոլորակից: Նա այդ գյուտի մասին տեղյակ պահեց գիտնականներին ու աստղագետներին: Գիտնականները չափեցին Երկիր մոլորակից հեռավոր գալակտիկաների տարածությունը և հանգեցին այն եզրակացության, որ գալակտիկաները հեռանում են Երկիր մոլորակից: Այսպիսով գիտնականների համար ապացուցվեց, որ աշխարհը դեռ շարունակում է ընդլայնվել:

Աշխարհի ընդլայնման մասին ի՞նչ կարծիք ունի Ղուրանը: «Զառիաթ» սուրայի 47-րդ այայում կարդում ենք. «Մենք երկինքը հզորությամբ կառուցեցինք ու շարունակ ընդլայնում ենք այն»: Համաձայն այս այայի երկինքն ու գալակտիկաները շարունակ ընդլայնվում են և դա այն ճշմարտությունն է, որն ապացուցվեց 20-րդ դարում: Իհարկե աշխարհի ընդլայնման գաղափարն առաջին անգամ տեսության ձևով ներկայացվեց ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Ֆրիդմանի և բելգիացի գիտա-հետազոտող Ջորջ Լեմայթերի միջոցով, սակայն 1929 թվականին Էդվին Հաբելը կարողացավ դա ապացուցել:

Հետաքրքիրն այն է, որ Ղուրանն օգտագործում է ներկա ժամանակի ստորոգյալ և նշելով «Մենք նրան ընդլայնում ենք», ակնարկ է կատարում դրա հարատևությանը: Ղուրանի այդ արտահայտությունը վկայում է, որ աշխարհի ընդլայնումը շարունակվող երևույթ է: Այսօր էլ գիտնականներն ընդունել են այն տեսությունը, որ աշխարհի ընդլայնումը մշտական ու շարունակվող երևույթ է: Սա գիտական փաստ է, որին Ղուրանը հստակ կերպով անդրադարձել է 1400 տարի առաջ: Արդյոք կարելի է ասել, որ Ղուրանը պատահական ու ենթադրաբար է աշխարհի մասին նման հայտարարություն կատարել: Արդյոք Ղուրանի հայտնվելու ժամանակներում աստղերի ու գալակտիկաների մասին գիտնականների սակավ տեղեկություններով հնարավոր էր նման ճշմարտությունների հանգել: Նկատի առնելով, որ գիտական այս փաստի հայտնաբերումից դեռ մեկ դար չի անցել, Ղուրանում դրա հիշատակումը կարելի է գիտական հրաշք համարել և կրկին ապացուցված համարել այն իրականությունը, որ այդ խոսքերի հեղինակը իմաստուն ու ամենագետ Արարիչն է, որ տեղյակ է արարչագործության բոլոր ճշմարտությունների մասին: