Ճանաչենք իսլամը (104)
Աշխարհաճանաչման ու մարդաբանության բնագավառում Ղուրանի ներկայացրած ուսուցումները և մարդու երջանկության համար առաջարկած ծրագրերը համապատասխանում են տրամաբանական ու գիտական չափանիշներին և մարդկանց բնածին կարիքներին ու այդ պատճառով էլ որևէ ժամանակով չեն սահմանափակվում, այլ ժամանակի ընթացքում մնում են կենդանի ու հավերժական:
Ղուրանի գլխավոր յուրահատկություններից են նրա գիտական հրաշալիքները: Նախորդ հաղորդումների ժամանակ առիթ ունեցանք անդրադառնալու դրանցից մի քանիսին: Սակայն նախքան Ղուրանի գիտական հրաշալիքների մասին մեր զրույցը շարունակելը մեր խոսքը զարդարենք Ղուրանի մասին Իմամ Սադեղի կատարած մեկ արտահայտությամբ. «Ղուրանը կենդանի է ու չի վերանալու, շարունակ ընթացքի մեջ է լինելու գիշերվա ու ցերեկվա և Արեգակի ու Լուսնի նման: Ղուրանը հաղորդակից է դարձել մեզանից առաջինների հետ ու հաղորդակից կդառնա մեզանից վերջինների հետ»: Այս արտահայտությունն այն իմաստով է, որ աշխարհաճանաչության ու մարդաբանության բնագավառում Ղուրանի ներկայացրած ուսուցումները և մարդկության երջանկության համար առաջարկած ծրագրերը համապատասխանում են մարդու բնազդային կարիքներին ու համընկնում են գիտական ու տրամաբանական չափանիշներին: Հետևաբար կենդանի ու հավերժական է և նրա իմաստության աղբյուրը հարատևում է ժամանակի ընթացքում:
Այս նախաբանից հետո անդրադառնանք Ղուրանի գիտական որոշ այլ հրաշալիքներին:
Աստված «Անբիա» սուրայի 30-րդ այայում ասում է. «Արդյոք անհավատները չիմացան, որ երկինքներն ու Երկիրը միացած էին իրար ու մենք դրանք առանձնացրինք և ամեն կենդանի արարածի արարեցինք ջրից: Արդյոք տեսնելով այս բոլոր նշաններն ու ապացույցները հավատացյալ չեն դառնում»:
Այս այայում նշված երկինքների ու Երկրի միացության ու առանձնացման մասին մեկնաբանները տարբեր տեսակետներ են ներկայացրել: Որոշ մեկնաբաններ ասում են, որ այս այայում երկինքների ու Երկրի միացած լինելն ակնարկում է արարչագործության մեկնարկին: Գիտնականների տեսակետից աշխարհի խտացված ու կիզիչ գազի մեծ զանգված է եղել, որը ներքին պայթյունների և շարժման հետևանքով հետզհետե մասնատվել է և դրա արդյունքում առաջացել են գալակտիկաները, աստղերն ու այդ թվում Արեգակնային համակարգն ու Երկիր մոլորակը:
Ոմանք էլ ասում են, որ սկզբում Երկնքի ու Երկրի գլխավոր նյութը եղել է նուjնը, սակայն ժամանակի ընթացքում այդ նյութերն առանձնացվել եւ նոր տեսք են ստացել: Դրա արդյունքում էլ առաջացել են տարբեր տեսակի բույսեր ու կենդանիներ: Արարածներ որոնցից յուրաքանչյուրն ունի իր հատուկ կարգը, հատկություններն ու նշանակությունը և համարվում է Արարչի անսահման գիտության և ուժի ապացույցը:
Իսկ բոլոր կենդանի արարածներն ակունք են առնում ջրից: Այս մասին այայում կատարված ակնարկի մասին պիտի ասել, որ բոլոր կենդանի արարածների գոյությունը՝ լինեն նրանք բույս, կենդանի, թե մարդ, կախված է ջրից: Նույն ջուրը, որի ակունքը երկնքից իջնող անձրևն է: Այստեղ այայում հիշատակած ջուրը կարող է նաև ակնարկել սաղմի ջրին, որից են ստեղծվում բոլոր արարածները: Բացի այդ գիտնականները հավատացած են, որ կյանքի առաջին ծիլերն առաջացել են ծովի խորքերում ու այդ պատճառով էլ կյանքի ու գոյության սկիզբը ջրից են համարում:
Նաև պիտի նկատի ունենալ, որ գիտնականների հետազոտությունների համաձայն, մարդու և շատ կենդանիների մարմնի գլխավոր մասը բաղկացած է ջրից և առանց ջրի որևէ կենդանի արարած չի կարող գոյատևել: Ամենայնդեպս ջուրը բոլոր կենդանի արարածների գոյության սկզբնաղբյուրն է, որին Ղուրանն ակնարկել է 14 դար առաջ:
Այստեղ թույլ տվեք կարճ ակնարկ կատարենք գոյության հարցին: Անկասկած գոյության երևույթն աշխարհի ամենահրաշալի երևույթներից է: Գոյության աշխարհի գաղտնիքներն այնքան բարդ են, որ չնայած մարդկային գիտության զարգացմանը շարունակում են առեղծված մնալ: Թեև դարերի ընթացքում գիտնականները կյանքի սկզբնաղբյուրի մասին բազմաթիվ հետազոտություններ են կատարել, սակայն որևէ մեկը հստակ չգիտի, թե ինչպես են անշունչ նյութից առաջացել կենդանի արարածները և ինչ գործընթացի արդյունքում է նման թռիչք իրականացվել:
Զարմանալի այն է, որ գոյությունը տարբեր դրսևորումներ ունի: Կենդանի արարածներ թեև բոլորն էլ սկզբնաղբյուրով վերադառնում են ջրին, սակայն ունեն տարբեր տեսակի արարումներ:
Սկսած մանրադիտակային կենդանի արարածներից մինչև օվկիանոսներում ապրող հսկա կետերը, որոնց երկարությունը երբեմն հասնում է 30 մետրի, նաև հարյուր հազարավոր տարբեր տեսակի միջատներից սկսած մինչև գույնզգույն թռչունները, որոնցից յուրաքանչյուրն իր առեղծվածային աշխարհն ունի, բոլորն էլ գոյության աշխարհի տարբեր դրսևորումներ են համարվում: Անկասկած կենդանի արարածներին նման բարդությամբ հորինած ուժը վեր է դասվում բնությունից ու նյութեղեն աշխարհից: Անկասկած այդ ուժը թե կենդանի է և թե կենդանություն է պարգևում:
Աստված «Անբիա» սուրայի 32-րդ այայում մի այլ ճշմարտություն է բացահայտում արարչագործության աշխարհի մասին և ասում է. «Եվ աշխարհը պահապան տանիք դարձրինք, սակայն նրանք չեն ցանկանում դրա նշանակության մասին խորհել»:
«سماء» կամ երկինքը Ղուրանում տարբեր իմաստներ ունի: Այստեղ դա այն մթնոլորտն է, որ պատել է Երկիր մոլորակի շուրջը և դրա հաստությունը հասնում է հարյուրավոր կիլոմետրների: Առերևույթ նուրբ թվացող ու գազերից կազմված այս հսկա շերտն, այնքան ամուր ու դիմացկուն է, որ կարող է ոչնչացնել Երկրին վտանգող ցանկացած երևույթի դիմաց: Այդ թվում Երկիրը պաշտպանում է վտանգավոր երկնաքարերից: Բացի այդ Երկրի մթնոլորտը զտում է Արեգակ վնասակար ճառագայթը և արգելք է դառնում, որպեսզի մթնոլորտից այն կողմ գտնվող տիեզերային վնասակար ճառագայթները սպառնալիք դառնան Երկրի համար: բացի այդ Երկրի մթնոլորտի հաստությունն այն աստիճանի է, որ տիեզերային ճառագայթներին թույլատրում է բույսերի համար անհրաժեշտ չափերով հասնեն Երկիր մոլորակ:
Այս կարգն ու հստակ հաշվարկումը վկայում է գոյության աշխարհում չափազանց խելացի մտքի գոյության մասին, որն ամեն ինչ հորինել է իր չափին ու կատարյալ կերպով ու ամեն ինչ դրել է իր հարմար ու ճիշտ տեղում: Հետաքրքիր է իմանալ, թե գիտնականներն ինչ են ասում երկնքի տանիքի կամ Երկրի մթնոլորտի մասին:
Գիտնականները գտել են, որ մթնոլորտը կազմված է Երկիրը պաշտպանող որոշ գազերից: Նրանք համոզված են, որ մթնոլորտի հաստությունն ու թանձրությունն այն աստիճանի է, որ զրահի նման Երկիրը պաշտպանում է բարձր արագությամբ դեպի սլացող երկնաքարերի դիմաց: Բացի այդ մթնոլորտը Երկրի ջերմաստիճանը պահում է կյանքի համար հարմար չափերում: Մթնոլորտը օվկիանոսից գոլորշիացած ջուրը վերադարձնում է ցամաքին ու եթե այդպես չլիներ բոլոր մայրցամաքները վերածվելու էին չոր և բնակության համար անհարմար անապատների: Թեև որոշ երկնաքարերի մեծությունը կարող է ավազի հատիկի չափ լինել, սակայն բարձր արագության պատճառով դրանք մեծ ուժ են պարունակում: Ամեն օր միլիոնավոր երկնաքարեր նախքան Երկիր հասնելն այրվում ու գոլորշիանում են: Իհարկե երբեմն որոշ երկնաքարերի ծավալն ու կշիռն այնքան մեծ է լինում, որ անցնելով Երկիրը պատած գազային շերտից բախվում են նրան: Սակայն դա շատ հազվադեպ է պատահում ու այնպես չէ, որ խանգարի Երկրի վրա մարդու և կենդանի արարածների կյանքը:
Այսօր գիտնականները հանգել են այն եզրակացության, որ եթե Երկրի մթնոլորտի թանձրությունը ներկա չափից մի փոքր քիչ լիներ չէր կարող է անհրաժեշտ չափերով կանխարգելիչ լինել և ամեն օր անհամար երկնաքարեր կբախվեին Երկիր մոլորակին: Բնականաբար այդ քարերն իրենց բարձր արագությամբ կարող էին մեծ ավերածություն առաջացնել:
Մի այլ ենթադրությամբ, եթե այդ քարերի արագությունը զիջեր ներկա չափերին ու ասենք մի գնդակի արագությամբ լիներ, դրանք բոլորն էլ անցնելով մթնոլորտից կբախվեին Երկրին: Այդ դեպքում կործանվելու էր մարդկային քաղաքակրթությունն ու բոլոր կենդանի արարածները:
Թեև Երկրի մթնոլորտը պողպատե վահանի նման պաշտպանում է Երկիրը, սակայն միևնույն ժամանակ այնքան վճիտ ու թափանցիկ է, որ մարդու համար հնարավորություն է ստեղծում հեռադիտակի և կամ աստղագիտական այլ սարքերի միջոցով դիտի երկնքի խորքն ու նույնիսկ հեռավոր գալակտիկաները:
Այս բացատրությամբ պարզ է դառնում, թե ինչո՞ւ է Ղուրանը երկինքն ու մթնոլորտը պաշտպան տանիք համարում Երկրի համար: