Ճանաչենք իսլամը (110)
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի նախորդ համարում անդրադարձանք մարգարեության հարցին ու իսլամ կրոնի պատվիրանների յուրահատկություններին:Մեր այս զրույցի թեման լինելու է ժամանակի պահանջներին իսլամի համապատասխանումը և այս կրոնի հավերժությունը:
Իսլամի մեծ մարգարեն Աստծո կողմից ուղարկված վերջին մարգարեն լինելու կապակցությամբ հավատքը կրոնական կարևոր համոզումներից է: Այս սկզբունքի համաձայն իսլամի մեծ մարգարեից հետո Աստծո կողմից ուրիշ մարգարե չի ուղարկվել: Մոհամմեդը իսլամի մարգարեն և Աստծո վերջին առաքյալն է, որի ընտրությամբ բոլոր կրոնները կատարելագործվեցին և մարգարեների նշանակումը հասավ գագաթնակետին: Հակառակ կրոնական մյուս վարդապետություններին, որոնք ներկայացվել են որոշակի ժամանակի ու վայրի համար, իսլամը մինչև պատմության ավարտը ապագայի համար գծված ուղեքարտեզն է և դրա համար որևէ ժամանակային սահման չի կարելի նկատի ունենալ: Ղուրանը Մոհամմեդ մարգարեին այնպես է ներկայացնում, որ նրա նշանակմամբ մարգարեության թեման փակվում է: Անհրաժեշտ է հիշեցնել, որ առաքյալներ ուղարկվելու և մարգարեներ նշանակվելու պատճառներից մեկը նախկին մարգարեների ուսուցումների և նրանց սուրբ գրքերի աղավաղումն է եղել: Մարդկային միջամտության պատճառով որոշ կրոններում նորամուծություններ կատարվեցին և նրանց ուսուցումներում շեղումներ նկատվեցին: Սակայն երբ մարդկությունը հասնում է զարգացման մի փուլի, որ կարողանում է կրոնական ուսուցումները զերծ պահել աղավաղումներից հարցը նոր ընթացք է ստանում: Դա նույն այն փոփոխությունն է, որ նկատվում է իսլամի մարգարեի ժամանակաշրջանում և դրանից հետո այլևս նոր առաքյալների կարիք չի զգացվում:
Իսլամի մարգարեի ժամանակաշրջանում մարդկությունը հետզհետե մտային զարգացում է ապրել և պայմանները պատրաստ են եղել մարգարեների շարանին վերջ տալու համար: Միևնույն ժամանակ բոլոր մարգարեների նկատմամբ հավատքը պատմական շարունակական ընթացք է եղել, որը գոյություն է ունեցել մարդկային հասարակության ձևավորման առաջին օրից և մինչև Բարու վերջնական հաղթանակ շարունակվելու է: Թեև որոշ պարագաներում աստվածային մարգարեների օրենքներում ու պատվիրաններում տարբերություններ են նկատվում, սակայն դրանց հիմքը նույնն է և նրանց առաքելության մեջ որևէ հակասություն չի նկատվում: Ղուրանը ոչ միայն չի ոտնահարում ու անվավեր չի ճանաչում նախկին գրքերն, այլև իր տարբեր այաներում հաստատում է նախկին մարգարեների առաքելությունը և մեծարանքով ու գովեստով է արտահայտվում նրանց ջանքերի մասին: Ղուրանը հարգանքով է հիշում մարգարեներին, այդ թվում հրեականության ու քրիստոնեության կրոնների մարգարեներին:
Մյուս մարգարեների հետ իսլամի մարգարեի առաքելության հիմնական տարբերությունն այն է, որ մյուս մարգարեների ծրագրերը ժամանակավոր բնույթ ունեն, սակայն իսլամի արժեքային համակարգը մարգարեության կատարելագործման համար է և լրացնում է մարգարեների նախագծերը: Այսպիսով իսլամի մարգարեի վերջին առաքյալը լինելն այն իմաստով է, որ իսլամ կրոնի ուսուցումները մինչև պատմության վերջը բոլոր մարդկանց համար լիարժեք ծրագիր են պարունակում:
Երբ մարդկությանը տրամադրվում է աստվածային վերջին ու ամենակատարյալ պատվիրանները, այլևս նոր մարգարեի կարիք չի զգացվում: Օրինակ կարելի է պատկերացնել, որ մի ինչ-որ վայրում անցյալ սերունդներից հետքեր գտնելու համար հնագիտական պեղումներ են իրականացվել ու այլևս հետազոտության կարոտ որևէ բան չի մնացել հողի տակ: Մարգարեությունն էլ անցնելով տարբեր փուլերից հասավ իր կատարելիության վերջին փուլին: Բացահայտվեցին մարդու մտքի թիրախում գտնվող բոլոր մութ ու անորոշ անկյուններն ու այլևս որևէ թաքուն բան չմնաց: Իսլամի մարգարեն մի օրինակով անդրադարձել է մարգարեության հիմքի կատարելագործմանը և ասել է. «Մարգարեությունը տան նման է, որի շինարարական աշխատանքն ավարտվել է և միայն մի աղյուսի տեղ է մնացել ու ես այդ վերջին աղյուսն եմ տեղավորում»:
Թեև մտքի ծաղկման ու կատարելագործման ժամանակաշրջանում մարգարեների Աստծո պատվիրանները փոխանցելու ուղղությամբ առաքելությունն ավարտվել է, սակայն մարդու և Արքայության միջև հոգևոր կապն ու մարդկային վեհ աստիճանների հասնելու ուղիները չեն խոչընդոտվել : Այլ խոսքով քանի դեռ մարդիկ ապրում են Երկրագնդի վրա, աստվածային առաջնորդությունը շարունակվելու է:
Կարող է պատահել, որ ոմանք հարցնեն, մարդկության փրկության վերջին տարբերակը համարվող կրոնի օրենսդրական համակարգն ինչպե՞ս է, որ կայուն ու անփոփոխ լինելով հանդերձ կարողանում է համակերպվել պատմական ու հասարակական զարգացումներին և ցույց տալ տարբեր պայմաններում ապրելու ուղին:
Թեև ժամանակի պայմաններն ու անհրաժեշտությունները փոփոխվում են, սակայն այնպես չէ, որ մարդուն և բնության աշխարհին տիրող բոլոր ճշմարտությունները փոփոխության ենթարկվեն: Հենց այս փոփոխվող աշխարհում էլ կան մի շարք կայուն ու անփոփոխ իրականություններ, որոնք երբևէ չեն հնանում: Արդյոք ժամանակի ընթացքում կարող են չեղարկվել մտածողության հիմքերն, օրինակ պատճառահետևանքային սկզբունքը: Արդյոք արդարության, անձնվիրության, բարեգործության, առատաձեռնության ու բարեգթության նման հատկանիշները բոլոր ժամանակաշրջաններում մարդկության ուշադրության կենտրոնում լինելով հնանում են: Ուրեմն կան մի շարք ճշմարտություններ, որոնք հազարավոր տարիներ անց շարունակում են կայուն մնալ և հիմնականում որևէ կախում չունեն ժամանակի գործոններից ու պառամետրերից:
Այժմ կանդրադառնանք իսլամի օրենսդրական համակարգում նախատեսված որոշ գործընթացներին, որոնց օգնությամբ իրար են շաղկապվում կրոնի ու մարդկային կյանքի երկու կայուն ու փոփոխվող հասկացությունները: Ժամանակի անհրաժեշտությունների հետ իսլամի ներդաշնակության չափն ըմբռնելու համար պիտի քննարկել կրոնին ծնունդ տվող տարրերը, որոնք են հավատքը, բարոյականությունն ու հրամանները ու տեսնել, թե արդյոք դրանք կարող են փոփոխման ենթարկվել:
Հավատամքային սկզբունքները պարզ, անփոփոխ ու հստակ հարցեր են և որևէ պայմանների ներքո չեն փոխվում: Կրոնական անվիճելի սկզբունքներում հավատամքային հարցերում փոփոխությունը բացառվում է: Օրինակ Աստծո միակը լինելու և կամ իսլամի մեծ մարգարեի առաքելության հանդեպ հավատքը իսլամ կրոնի անվիճելի հիմնասյուներից են ու որևէ պայմանների տակ չեն փոխվելու: Ճշմարտությունն աստվածային բոլոր կրոններում նույն արմատն ու հիմքն ունի: Կրոնի հավատամքային ոլորտում միակ փոփոխությունը կարող է դրանց ճանաչելու մեթոդների մեջ լինի:
Բարոյական արժեքների կապակցությամբ էլ կարելի է ասել, որ բարոյական ընդհանուր օրենքներն ու սկզբունքները պատմության ընթացքում չեն փոխվել: Արդարությունը, բռնության դեմ պայքարը, ճշտապահությունը, անձնվիրությունն ու մարդասիրությունը միշտ էլ գնահատելի ու ցանկալի են, իսկ բռնությունը, ուրիշ մարդկանց իրավունքների հանդեպ ոտնձգությունը, գողությունն ու ուրիշների ունեցվածքի յուրացումը միշտ էլ համարվել են գեշ ու անընդունելի: Օրինակ չի կարելի հավակնել, որ մի քանի դարերի ընթացքում ստախոսությունը վատ է եղել ու մյուս դարերում ու ժամանակներում համարվել է ընդունելի: Ուրեմն ժամանակը որևէ փոփոխություն չի առաջացնում բարոյական սկզբունքներում: Իհարկե բարոյականության ոլորտում որոշ կողմնակի հարցերում ու մանրամասնություններում բացառություններ գոյություն ունեն: Օրինակ ճշմարտախոսությունը գովելի արարք է , իսկ եթե դա վտանգի անմեղ մարդկանց կյանքը կարող է անընդունելի համարվել, քանզի մարդկային կյանքի փրկությունը շատ ավելի կարևոր է:
Կրոնական պատվիրանների ու օրենքների կապակցությամբ պիտի ասել, որ նրանք բաժանվում են կայուն ու անփոփոխ խմբերի: Անկասկած կրոնի անփոփոխ պատվիրաններում որևէ փոփոխություն չի առաջանում, օրինակ աղոթքը, ծոմապահությունը և կամ իսլամական տարածքների պաշտպանության անհրաժեշտությունը:
Սակայն փոփոխվող պատվիրաններում, օրինակ իսլամական տարածքների պաշտպանության մեթոդներում, ժամանակի ու վայրի հետ կապված կարող են փոփոխություններ լինել:
Ղուրանում ասված է. «Ու թշնամուն դիմակայելու համար ժողովեք ձեր բոլոր հնարավորություններն սկսած մարդուժից մինչև ձիեր, որպեսզի դրանց միջոցով սարսափեցնեք Աստծո թշնամիներին, ձեր թշնամիներին ու մյուս թշնամիներին, որոնց դուք չեք ճանաչում սակայն Աստված նրանց ճանաչում է»:
Այս այան մուսուլմաններին թշնամիների դիմաց համակողմանի պատրաստության հրաման է տալիս: Համաձայն այս այայի մուսուլմանները թշնամու հարձակումը կանխելու համար պիտի մարդուժ ու զինասարքեր ժողովեն ու ռազմական պատրաստություն ունենան: Այս այան բոլոր ժամանակների համար ընդհանուր հրաման է արձակում ու իհարկե Ղուրանի երևան գալու ժամանակաշրջանի համար էլ որոշակի հրահանգ է արձակում: Իրականության մեջ ռազմական պատրաստության ընդհանուր իմաստը պարզաբանում է այդ ժամանակաշրջանի կարիքներից մեկին ակնարկելով: Թեև այսօր պատերազմի դաշտում ձին որևէ նշանակություն չունի, սակայն այն ժամանակներում ռազմիկները հմուտ ձիավարներ էին:
Անկասկած ռազմական պատրաստվածությունը ցանկացած ժամանակ այլ ձևով է լինում: Համաձայն այս այայի զենք ժողովելու և ռազմական պատրաստության նպատակը թշնամուն սարսափ պատճառելն է, որպեսզի նրանց հրաժարեցնի մուսուլմանների վրա հարձակվելուց: Անցյալում ձին, սուրն ու վահանը ռազմական միջոցներ էին համարվում ու կարող էին կանխարգելիչ դերակատարություն ունենալ: Սակայն այսօր ինքնաթիռների, ուղղաթիռների, հրետանու, տանկերի ու հրթիռների և այլ տեսակի զենքերի ու արդիական զինասարքերի գոյությամբ պատերազմի ձևը փոխվել է և անհրաժեշտ է, որ մուսուլմանները ոտնձգիչների դիմաց պաշտպանվելու համար օգտվեն արդիական զենքերից ու ռազմական նոր վարժանքներից: Այս այայում կարողությունը ոչ միայն վերաբերում է ցանկացած ժամանակաշրջանի զենքին ու զինասարքերին, այլև բոլոր նյութական ու բարոյական ուժերին, որոնք ինչ-որ կերպով դերակատար են թշնամուն պարտության մատնելու հարցում:
Ամենայնդեպս այս զենքերն պետք է այնքան կանխարգելիչ լինեն, որ թշնամուն հեռու պահեն իսլամական տարածքների դեմ ոտնձգությունից ու ոտնձգության դեպքում էլ նրանց ջախջախիչ հարված հասցնեն:
Սա բացատրում է, թե ինչպես մուսուլմանների տարածքների և կյանքի ու գույքի պաշտպանության սկզբունքն իսլամի հստակ պատվիրաններից լինելով համապատասխանում է ցանկացած ժամանակաշրջանի պահանջներին: