Ճանաչենք իսլամը (113)
Իսլամ ժողովուրդը մարգարեից հետո երկու գլխավոր կարիքներ է ունեցել: Նախ մի համապարփակ ու կատարյալ օրենք, որն ուրվագծում է ժողովրդի անհատական ու հասարակական կյանքի հիմնական գծերը և ապա մի անձնավորության, ով տիրապետում է Աստծո գրքին ու նրա ուսուցումներին և նման ընդարձակ ու հաստատուն գիտության լույսի ներքո կարող է իսլամ ժողովրդին առաջնորդել և ինքը դառնալ Երկրի վրա կատարյալ մարդու օրինակ:
Եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ սկսեցինք «իմամաթ»-ի կամ առաջնորդության թեմայի քննարկումը: Այսօր շարունակելով այդ թեման կանդրադառնանք իսլամական համոզումներում «իմամաթ»-ի սկզբունքի նշանակությանը:
Ասացինք, որ մարդը թե աշխարհիկ և թե հոգևոր ու բարոյական կյանքում զգում է իրեն դեպի երջանկություն ու կատարելիություն առաջնորդող ծրագրի անհրաժեշտությունը: Այս ծրագիրը պիտի լինի կատարյալ ու համապարփակ և այդտեղ ուշադրություն պիտի ցուցաբերված լինի մարդու հիմնական կարիքներին: Պարզ է, որ մարդն իր թերի ու սահմանափակ գիտությամբ չի կարող նման օրենք սահմանել: Հետևաբար մարդու արարման նպատակի իրագործումը պայմանավորված է հայտնության միջոցով նրա առաջնորդմամբ: Այս կապակցությամբ աստվածային իմաստնությունը պարտադրում է մարգարեների նշանակումը, որոնք աշխարհիկ ու նաև հավիտենական երջանկության ուղին պիտի ցույց տան մարդկությանը և վերացնեն այդ կարիքը:
Պատմության ընթացքում բազմաթիվ մարգարեներ են նշանակվել Աստծո կողմից և ժամանակակից մարդկանց միաստվածապաշտության կոչ են արել, մինչև այն ժամանակ երբ նշանակվում է աստվածային վերջին մարգարեն: Նկատի առնելով, որ իսլամն աստվածային կրոններից վերջինն է և իսլամի մեծ առաջնորդից հետո որևէ ուրիշ մարգարե չի նշանակվելու, մարդկության առաջնորդումը դեպի երջանկություն նոր ծավալներ է ստանում:
Իսլամի մեծ մարգարեն լավապես գիտակցում էր, որ իր վախճանումից հետո ժողովուրդը պառակտման ու տարաձայնությունների է մատնվելու: Պատմությունն էլ վկայում է, որ մարգարեից հետո պատերազմներ ու բախումներ են ծագում և ժողովրդի շարքերում պառակտում է առաջանում: Հետևաբար ինչպե՞ս կարելի է հավատալ, որ իսլամի մարգարեն անուշադիր գտնված լինի իսլամի ապագա ճակատագրի և հասարակության գոյության ու կրոնի հիմքերի կապակցությամբ և ժողովրդին վտանգների միջից առաջնորդելու համար բանիմաց նավապետ նշանակած չլինի:
Նրանք ովքեր հավակնում են մարգարեն իրենից հետո հասարակության կառավարման համար որևէ ծրագիր չի ունեցել և իրենից հետո ժողովրդին անորոշության մեջ է թողել, ինչպե՞ս են կարողանում նման անպատասխանատու թերացում վերագրել նրան: Իսլամ հասարակությունն այդ ժամանակահատվածում թե ներքին պառակտիչների և թե արտասահմանում՝ Հռոմի ու Իրանի երկու մեծ կայսրությունների սպառնալիքներն էր դիմագրավում, որոնք ամեն պահ կարող էին ներխուժել իսլամի կենտրոնը: Պարզ է, որ նման ծանր ու կանխատեսելի բարդությունների պայմաններում մեծ մարգարեն ժողովրդի առաջնորդության և իր վարդապետության պաշտպանության պատասխանատվությունը կվստահեր արժանավոր ու բանիմաց անձի:
Իրականության մեջ իսլամը որպես կրոն այն ժամանակ կարող է մինչև աշխարհի վերջը մարդկանց ուղեցույցը լինել, երբ այդ կրոնի էության մեջ մարգարեի ժամանակաշրջանին հաջորդած մարդկային հասարակության շահերի ապահովման համար հարմար ու երաշխավորված լուծում նախատեսված լինի:
Ինչպես նախապես ասացինք մարգարեն «Սաղալեյն» կոչվող վկայության մեջ իրենից հետո երկու գլխավոր աղբյուրներ է ներկայացնում. Աստծո գիրքը համարվող Ղուրանն ու իր գերդաստանը: Այս վկայությունն ակնարկում է կարևոր մի կետի և դա այն է, որ այդ երկու թանկարժեք ժառանգություններն, այսինքն Ղուրանն ու մարգարեի գերդաստանը երբևե իրարից չեն բաժանվում ու եթե մուսուլմանները դրանց կառչեն ու նրանց օրինակ ծառայեցնեն իրենց կյանքում երբևէ ճանապարհից չեն շեղվի:
Իրականության մեջ էլ այդպես է: Այսինքն մարդկությունը փրկության համար երկու կենսական տարրի կարիք ունի՝ համապարփակ ու կատարյալ օրենք, որ ուրվագծում է նրա անհատական ու հասարակական կյանքի հիմնական ուղին: Աստծո գիրքը նույն այդ օրենքն է: Միևնույն ժամանակ նա բանիմաց ու իմաստուն մարդկանց կարիք ունի, որոնք ծանոթ են Ղուրանի իմաստին և մարդկությանը կարող են առաջնորդել Ղուրանի իմաստալի ուսուցումների ներքո:
Ղուրանը որպես համապարփակ ու վերադաս օրենք տրամադրված է մարդկությանը և բարձրյալն Աստված այդ գրքի անձեռնմխելիությունը երաշխավորել է այն ամեն տեսակ աղավաղումից ու խեղաթյուրումից հեռու պահելով: Բայց պիտի ուշադիր լինել, որ կրոնի բոլոր օրենքներն ու պատվիրանները հնարավոր չեն քաղել Ղուրանի այաներից: Օրինակ աղոթքի ձևն ու հերթականությունը և նման բազմաթիվ այլ պատվիրարններ չի կարելի Ղուրանում գտնել: Ընդհանրապես պատվիրանների ու օրենքների մշակումն ու դրանց ուսուցանումը մարգարեի պարտականությունն է: Աստված ասում է, որ դիմեք մարգարեին և նրանից ստացեք ծրագրերը: «Հաշր» սուրայի 7-րդ այայում կարդում ենք. «...Ու ստացեք այն ինչը, որ մարգարեն բերել է ձեզ համար ու հեռու մնացեք նրանից, ինչից նա հրաժարեցնում է...»: Այսպիսով կրոնի պատվիրանների համար պիտի դիմել մարգարեին:
Մյուս կետն այն է, որ Ղուրանին զուգահեռ մարդիկ միշտ էլ ազնիվ առաջնորդների կարիք են զգացել, ովքեր կարող են Ղուրանի ծրագրերն ու ուսուցումները փոխանցել ճիշտ կերպով, որը համապատասխանում է այդ գրքի ոգուն: Քանի որ Ղուրանն օրենքի գիրք է և օրենքը մեկնաբանողի ու կատարողի կարիք ունի: Հենց այնպես որ այսօր օրենսդիր իշխանության կողքին գոյություն ունեն գործադիր և դատական իշխանությունները, քանի որ օրենքը կատարողի և գործադրման երաշխիքի կարիք ունի:
Այս անհրաժեշտությունից ելնելով իսլամում մեծ մարգարեին հաջորդող ժամանակաշրջանի համար «իմամաթ»-ի կամ առաջնորդության սկզբունք է նախատեսվել: Համաձայն այս սկզբունքի մարգարեն Աստծո կողմից ընտրում է իրեն փոխարինող արժանավոր անձանց, ովքեր բավարար ծանոթություն ունեն աստվածային գիտությանը, որպեսզի կարողանան պարզաբանել կրոնի ճշմարտությունները: Այս անհատները պիտի անաղարտ ու ամեն տեսակ մեղքից զերծ լինեն, որպեսզի կրքերով ու ցանկություններով չտարվեն: Նրանք հայելու նման պարզ ու վճիտ կերպով պիտի արտացոլեն այն ինչը, որ ներկայացրել են Ղուրանն ու մարգարեն, որպեսզի այդտեղ որևէ աղավաղում չլինի: Նրանք պիտի օժտված լինեն բարոյական ամենավեհ հատկանիշներով, որպեսզի կարողանան օրինակ ծառայել հասարակության համար և շարունակել մարգարեի դաստիարակչական գործունեությունը: Բնական է, որ նման կատարյալ անձինք շարունակ աշխատելու են արդարության ու բարու տարածման ուղղությամբ և պայմանները թույլ տալու դեպքում հաստատելու են արդարության ու հավասարության իշխանությունը, որը եղել է մարդկության վաղեմի երազանքը:
Հետևաբար մարգարեության շարանի ավարտվելն այն պայմաններում կարող է համապատասխանել աստվածային իմաստնությանը, որ մաքուր ու անմեղ իմամի նշանակմամբ զուգակցված լինի: Անկասկած նման հատկություններ ունեցող իմամը պիտի ընտրվի բարձրյալն Աստծո կողմից, քանի որ նա գիտակցում է, որ նման գիտություն ու հատկանիշներ իր արարածներից որ մեկին է շնորհել:
Այժմ տեսնենք թե Ղուրանն ինչպես է անդրադարձել «Իմամաթ»-ի հարցին:
Աստված «Բաղարա» սուրայի 124-րդ այայում ասում է. «Երբ Արարիչը տարբեր ծանր քննություններով փորձեց Աբրահամին և նա դրանք լավագույն կերպով կատարեց, Աստված նրան հրամայեց. «Ես քեզ ժողովրդի «Իմամ» ու առաջնորդ եմ նշանակում: Աբրահամն ասաց. «Իմ գերդաստանից էլ իմամներ նշանակիր»: Աստված պատասխանեց. «Ես չարագործների հետ դաշինք չեմ կնքում»:
Այս այան պատմում է Աբրահամի կյանքի ամենակարևոր դրվագներից մեկի մասին, երբ նա փորձության է ենթարկվում և հաղթահարում է դրանց: Այդ փորձությունների ժամանակ բացահայտվում են Աբրահամի բարձր դիրքն ու նրա աստվածապաշտության խորքը: Երբ Աբրահամը հաջողությամբ թիկունքում է թողնում այս փորձություններն, Աստված նրան հատուկ պարգև է շնորհում և ասում է. «Ես քեզ ժողովրդի իմամ ու առաջնորդ եմ նշանակում»:
Աբրահամը մինչ այդ մարգարեության դիրք ուներ: Բայց ծանր փորձություններից հետո նրան իմամի դիրք է շնորհվում: Այդ պաշտոնն Աբրահամի համար առավել մեծ արժեք ուներ: Հետևաբար Աստծուն խնդրում է իր գերդաստանից էլ իմամներ նշանակի: Աստված նրան պատասխանում է, -«Իմ դաշինքը երբևէ բաժին չի հասնելու չարագործներին և քո սերնդից միայն նրանք ովքեր մաքուր ու անմեղ են իմամի պաշտոնին տիրանալու արժանիք կունենան և չարագործ ու նեխած անձինք այդ պաշտոնին արժանի չեն դառնա»:
Իմամը հասարակության մեջ ու մարդկանց հոգիների հետ կապված մեծ դերակատարություն ունի: Հենց այնպես որ Արեգակն իր շողերով աճեցնում է բույսը և կյանք է պարգևում կենդանի արարածներին, իմամն էլ հոգևոր կյանք է շնորհում հասարակությանը: «Ահզաբ» սուրայի 43-րդ այայում կարդում ենք. «Նա ողջունում է ձեզ և նրա հրեշտակներն էլ ողջունում են ձեզ, որպեսզի ձեզ խավարից դեպի լույսն առաջնորդեն և նա բարի է հավատացյալների հանդեպ»:
Այս այայի համաձայն Աստծո հատուկ շնորհներն ու հրեշտակների գաղտնի օգնությունները կարող են հավատացյալներին խավարից դեպի լույս առաջնորդել:
Դա նույնն է նաև իմամի պարագային: Իմամների և իմամի դիրք ունեցող մարգարեների հոգևոր գրավչությունն ընդունակ մարդկանց դաստիարակման հարցում ազդեցիկ դերակատարություն ունեն և նրանց խավարից դեպի լույս են առաջնորդում:
Բայց նուրբ կետը, որ հաճախ վրիպում է վերլուծաբանների ուշադրությունից այն է, որ համաձայն այս այայի Աբրահամին ժողովրդի իմամ է նշանակում Աստված: Դա նշանակում է քանի որ «Իմամաթ»-ը մի տեսակ աստվածային ուխտ ու դաշինք է, յուրահատուկ առանձնահատկություններով օժտված անմեղ իմամը կամ առաջնորդը պիտի նշանակված լինի Աստծո կողմից: Բացի այդ այն անհատները, որոնց կյանքում բռնության, ոտնձգության և կամ բարու ճանապարհից շեղվելու թաքուն կամ բացահայտ որևէ բիծ է նկատվում իմամ դառնալու արժանիքը չունեն: Արդյոք Աստծուց բացի ուրիշ մեկը կարող է տեղյակ լինել մարդկանց կյանքի թաքուն ծալքերից ու նրանց կուլիսյան աշխատանքներից: