Մի գավաթ անդորր Հատուկ կարիքներով երեխաներ
Հատուկ կամ բացառիկ ասելով, հասկանում ենք երեխաներ, որոնց կարողությունները չեն համապատասխանում նորմերին կամ հասարակության մեծամասնությանը:
Հատուկ կարիքներով երեխաները կարող են լինել և՛ բացառիկ ընդունակությունների, բարձր ինտելեկտի տեր երեխաներ, որոնց անվանում են տաղանդավոր կամ հանճարեղ երեխաներ: Բացառիկ են նաև այն երեխաները, որոնք ունեն ֆիզիկական որևէ արատ կամ մտավոր թերզարգացած են: Երկու դեպքում էլ նրանց անհրաժեշտ է առանձնակի խնամք՝ չմոռանալով, որ անկախ իրենց կարողություններից, թե թերություններից, նրանք մնում են երեխա և ապագայում դառնալու են հասարակության լիիրավ անդամ: Բոլոր դեպքերում էլ և՛ ծնողը, և՛ ուսուցիչը և՛ շրջապատը պիտի գիտակցաբար վարվեն երեխաների հետ:
Ի՞նչ է տաղանդը. բնատուր ունակությունների զարգացո՞ւմ, թե՞ դաստիարակության արդյունք: Կանտը ժամանակին գրել է. «Տաղանդը մի բան անելու մեծ շնորհ է, որը չես կարող սովորել ու սովորեցնել»: Տաղանդը շատ երեխաների մեջ դրսևորվում է շատ վաղ տարիքում:
Ինչպե՞ս կարելի է որոշել երեխայի շնորհալիության մակարդակը: Ընդունված է բացառիկ համարել այն երեխային, որի օժտվածությունն ի հայտ է գալիս վաղ տարիքում, բացառիկ դեպքերում` ծնունդից մի քանի ամիս հետո, ավելի հաճախ` այն ժամանակ, երբ մյուս երեխաները դեռևս չեն կարողանում կարգին քայլել ու խոսել: Շատ երեխաներ, որոնք իրենց մտավոր կարողություններով հասակակիցներից մի քանի քայլ առաջ են, տարիների հետ կորցնում են այդ առավելություններն ու հավասարվում: Ստացվում է, որ տարիներ անց նրանք` նախկինում տաղանդավոր երեխաները, դառնում են սովորական, ոչնչով չառանձնացող մարդիկ:
Ի դեպ, հանճարեղ մարդիկ հարյուր տարին մեկ չեն ծնվում: Իրականում նրանք ծնվում են ամեն օր: Ով փնտրում է տաղանդ, գտնում է ամենուր:
Հանճարեղ երեխաները Համակարգչի արագությանը համաքայլ` մտովի բազմապատկում են հնգանիշ թվեր, վստահորեն ղեկավարում են նվագախումբը, փայլուն ջութակ նվագում, հաղթում միջազգային դասի շախմատիստին:
Հանճարեղ երեխա էր Մոցարտը, որը երաժշտություն ստեղծեց ավելի վաղ, քան գրաճանաչ կդառնար:
Մեր ժամանակներում օժտված երեխաներին ինժեներատեխնիկական կանոններն ավելի են գրավում, քան հումանիտարը: Ինչպես և հնում, այժմ էլ նրանց մտավոր ու նաև բարոյական որակները հիացնում են:
Փոքրիկ հանճարներն ապշեցուցիչ արդյունքների են հասնում այն տարիքում, երբ նրանց հասակակիցները դեռևս ոչինչ չեն անում ու չգիտեն:
Շնորհալի երեխաները մյուսներից հստակ տարբերվում են նրանով, որ այս երեխաների մտավոր (ոչ ֆիզիկական) զարգացումը մյուսների համեմատ ավելի վաղ է կատարվում:
Երեխայի գլխուղեղը կյանքի առաջին շաբաթներին ու ամիսներին էլեկտրոնային հաշվիչ մեքենայի է նման, որն աշխատում է իր ծավալի հնարավորության չնչին մասով, այսինքն` նրանում դրված ծրագրերը դեռևս չեն գործում: Եվ միայն կյանքի երրորդ տարում են այդ ծրագրերը սկսում աստիճանաբար ակտիվանալ:
Հանճարեղությունը, ըստ ակադեմիական ձևակերպման, մարդու ընդունակությունների բարձրագույն աստիճանն է:
Տաղանդավոր երեխաների ունակությունների դրսևորման գործում մեծ են ծնողների ու դասատուների դերն ու մասնակցությունը: Սակայն նրանք էլ երբեք չպիտի մոռանան, որ տաղանդավոր երեխան առաջին հերթին երեխա է, որի հետ աշխատելու համար հատուկ մոտեցում, չափի զգացում ու համբերատարություն է հարկավոր:
Ձեր երեխան կարող է վաղ տարիքում հետաքրքրություն դրսևորել որևէ ճյուղում, սակայն պետք չէ միանգամից դատողություն անել: Խրախուսեք նրա հետաքրքրությունները, սակայն մի պարտադրեք գնալ հենց այդ ուղղությամբ:
Երեխայի նորմալ հոգեկան զարգացման համար ընտանիքում համապատասխան պայմաններ պետք է լինեն: Նա պետք է մեծանա հանգիստ, խաղաղ ու բարի կամեցողության մթնոլորտում ու ընտանիքում պետք է ապահովություն զգա: Ծնողի բոլոր արգելքները պետք է հիմնավորված լինեն: Մի փորձեք ժամանակից շուտ երեխայի ինտելեկտը զարգացնել,: Երեխան ինքը բազում հետաքրքրություններից կընտրի, կառանձանցնի իրենը: ունակ երեխաների հետ աշխատելիս պետք է հիշել, որ նրանց համար կարևորը հասկանալն է, ապա` հիշելը:
*************************
Հաշմանդամություն ունեցող անձինք համասեռ` միատարր խումբ չեն: Ինչպես բոլորի դեպքում, հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի անհատականությունը, անձնական իրավիճակը և կարիքները ձևավորվում են մի շարք գործոնների ազդեցության դեպքում: Այդպիսի գործոններն են` սեռը, տարիքը, բնավորությունը, բնակության վայրը, կրթական մակարդակը, էթնիկ ծագումը, սոցիալական և ընտանեկան կարգավիճակը:
Հաշմանդամության յուրաքանչյուր տեսակ որոշակի հատուկ կարիքներ է ենթադրում, որոնք պետք է բավարարել տվյալ հաշմանդամությունը ունեցող անձանց ինքնուրույն կյանքն ու արդյունավետությունը առավելագույնի հասցնելու համար: Լսողության խանգարումներ ունեցող անձանց համար, օրինակ, կարող է հաղորդակցման այլընտրանքային մեթոդների (օրինակ` ժեստերի լեզվի) կիրառման անհրաժեշտություն լինել, մինչ հենաշարժողական հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել կարևոր է միջավայրի ֆիզիկական կառուցվախքն ու մատչելիությունը: Մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար հնարավոր է առաջադրանքները վերլուծելու և մանր քայլերի բաժանելու անհրաժեշտություն լինի, իսկ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հաճախակի ընդմիջումների կարիք ունենալ` ուշադրությունն ու կենտրոնացումը վերականգնելու համար:
Հաշմանդամության հետ կապված մի շարք այլ հանգամանքներ նույնպես կարող են որոշակի ազդեցություն ունենալ անձի կարիքների և աշխատանքային ունակությունների վրա: Օրինակ` հաշմանդամությունը կարող է լինել ի ծնե կամ ձեռքբերովի: Ձեռքբերովի հաշմանդամության դեպքում, հնարավոր է, որ անձը նախկինում իր հմտությունները զարգանալու և աշխատաշուկայում կայանալու հնարավորություններ է ունեցել, իսկ ի ծնե հաշմանդամություն ունեցող անձը հնարավոր է, որ զրկված է եղել նման հնարավորություններից` անմատչելիության կամ ոչ ներառական միջավայրի պատճառով:
մշակութային և սոցիալական հանգամանքները նույնպես կարող են ազդեցություն ունենալ հաշմանդամություն ունեցող անձի հմտությունների զարգացման կամ ակտիվ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու նրանց հնարավորությունների վրա: Մի շարք երկրներում հաշմանդամություն ունեցող անձինք դպրոց չեն հաճախում ընտանիքների կողմից հաշմանդամություն ունեցող երեխային թաքցնելու, դպրոցների անմատչելիության կամ խտրական վերաբերմունքի և մի շարք այլ պատճառներով: Այս անձինք կարող են դժվարություններ ունենալ կապված թվաբանության հետ:
Որքան բազմազան են հաշմանդամության տեսակներն ու համապատասխան այլ գործոնները, այնքան էլ տարբեր են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային կարողությունները, հմտությունները, հետաքրքրություններն ու ներուժը: Հաշմանդամություն ունենալու փաստը ինքնին չի կարող որոշել անձի աշխատունակության աստիճանը կամ նրա աշխատանքային ներուժը: Հաշմանդամության նույն տեսակն ունեցող անձինք հեշտությամբ կարող են տարբեր հմտություններ, կարողություններ և ներուժ ունենալ:
Այնուամենայնիվ, հաշմանդամները հասարակությունում ընդգրկվելու խնդիրներ ունեն: Գործատուները չեն հրաժարվում այն կարծրատիպից, որ հաշմանդամությունը հանգեցնում է նվազ արդյունավետության և կատարողականության նույնիսկ այն դեպքում, երբ հետազոտական տվյալները ցույց են տալիս, որ այս կարծրատիպերը անհիմն են:
Ինչպես պետք է լինի վերաբերմունքը
Առողջության հետ խնդիրներ ունեցող երեխա
Ձեր վերաբերմունքը պետք է լինի բնական։ Որևէ արատով տառապող երեխան, հավանաբար, կարիք ունի բուժման, բայց ավելի շատ՝ շրջապատի բնական վերաբերմունքին, ինչպիսին էլ որ լինի արատը՝ մտավոր պակասություն, շլություն, խլություն, կարճ հասակ, այլանդակող խալ կամ մարմնի որևէ մասի ձևախախտում։ Բնականաբար, երեխա֊յի արատը վշտացնում է ծնողներին։
Երեխայի հոգեկան վիճակը կախված է իր ֆիզիկական արատի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, այլ ոչ թե բուն ֆիզիկական արատից։
Ֆիզիկական պակասություն ունեցող մարդիկ տառապում են դրանց պատճառով։ Բայց հաշմանդամներին ծանոթ մարդկանց հայտնի է, որ սարսափելի խեղություն ունեցողներից շատերը նույնքան մարդամոտ են, ուրախ ու բարեհոգի, որքան նրանց միանգամայն առողջ ընկերները։
Ինչ վերաբերում է սևեռուն հայացքներին ու դիտողություններին, ապա նկատելի ֆիզիկական պակասություն ունեցող երեխան պետք է վարժվի ղրանց, և որքան երիտասարդ է, այնքան հեշտ է։ Եթե մեծ մասամբ երեխային թաքցնում են ու հազվադեպ են դուրս բերում տանից, ապա նա ավելի շատ կհուզվի, եթե շաբաթը մեկ նկատի այդ սևեռուն հայացքը, քան օրական 10 անգամ, որովհետև չի ընտելացել դրան։
Նա ավելի երջանիկ կլինի, եթե չխղճան։ Խղճալը նման է թմրադեղի։ Նույնիսկ եթե սկզբում բավականություն չի պատճառում մարդուն, ընտելանալով, նա այլևս չի կարող ապրել առանց խղճահարության։ Հասկանալի է, որ անհրաժեշտ Է նրբանկատ լինել ֆիզիկական պակասություն ունեցող երեխայի նկատմամբ։ Մտավոր թերզարգացած երեխայից չի կարելի պահանջել այնպիսի աշխատանք, որը չի համապատասխանում նրա մտավոր զարգացմանը։ Սակայն ֆիզիկական պակասություն ունեցող երեխան կարող է և պետք Է հարգալից լինի հնարավոր սահմաններում, բոլորի հետ ապրի ընդհանուր հիմունքներով և ուժերը ներածին չափ գործ անի տանը։ Ֆիզիկական պակասություն ունեցող երեխան ուզում է, որ իր հետ վարվեն բոլորի նման, որ իրենից պահանջեն բոլոր կանոնների կատարումը, ինչպես մյուս երեխաներից։
Սիրեք նրան այնպիսին, ինչպիսին կա։
Եղբայներն ու քույրերն ընդօրինակում են ծնողների վերաբերմունքը։ Եթե ծնողներն ի սրտե սիրում են ֆիզիկական արատով տառապող իրենց երեխային, ապա քույրերն ու եղբայրներն էլ նույն ձևով կվերաբերվեն։ Բայց եթե ծնողներն անհարմար են զգում երեխայի ֆիզիկական պակասությունից և աշխատում են թաքցնել նրան մարդկանց աչքերից, եղբայրներն ու քույրերը կմտածեն նույն ձևով։
Ծնողների զգացմունքներն անցնում են մի քանի փուլով։ Երբ ծնողներն առաջին անգամ հայտնաբերում են, որ իրենց երեխան ֆիզիկական լուրջ պակասություն ունի, նրանք հուսահատվում ու ընկնում հիվանդագին վիճակի մեջ. ։ Այնուհետև առաջ է գալիս մեղավորության զգացումր։
Ծնողներն ավելի հեշտությամբ կտանեն այդ հիվանդագին փուլերը, եթե իմանան, որ հարյուրավոր ուրիշ լավ ծնողներ նույն ապրումներն ունեն։
Ծնողների մեծ մասն օգնության կարիք ունի։ Ֆիզիկական պակասությամբ երեխայի խնամքը սովորաբար պահանջում է լրացուցիչ աշխատանք ու լարվածություն։ Նրա կյանքը լավագույն ձևով կազմակերպելու համար հարկավոր է իսկական իմաստություն։ Բայց ապրումներն ու անփորձությունը շատ են խանգարում ծնողներին։
Կույր երեխա։ Այդպիսի երեխան շատ բան կարող է յուրացնել սովորական դպրոցում (կամ սովորական մանկապարտեզում), չնայած միաժամանակ կարիք ունի նաև հատուկ ուսուցման։ Անփորձ ուսուցիչը, ինչպես և ծնողները, սկզբում ցուցաբերում են ավելորդ հոգատարություն, բայց հետզհետե հասկանում են, որ դրա անհրաժեշտությունը չկա և միայն խանգարում են երեխային։ Իհարկե, անհրաժեշտ է խելամտորեն հսկել երեխային և որոշ զիջումներ անել։ Մյուս երեխաներն ավելի հեշտությամբ են մերվում ֆիզիկական թերություն ունեցող երեխայի հետ, երբ մի քանի հարց տալով բավարարում են իրենց հետաքրքրությունը։ Սովորաբար նրանք ցուցաբերում են ողջամտություն, զիջելով և օգնելով ֆիզիկական թերություն ունեցող ընկերոջը։
Ավելի լուրջ մտավոր պակասություն ունեցող երեխան, որ մինչև 2 տարեկան հասակը չի կարողանում նստել և գրեթե հետաքրքրություն չի ցուցաբերում շրջապատի երեխաների ու առարկաների հանդեպ, ավելի բարդ խնդիր է ներկայացնում։ Ստիպված եք երկար ժամանակ խնամել նրան որպես փոքր երեխայի։ Քանի որ նա գրեթե ոչինչ չի նկատում իր շրջապատում, ապա ի վիճակի չէ որևէ բան ստանալ ընտանիքից, ընտանիքն էլ իր հերթին ոչինչ չի կարող տալ նրան։
Որոշ մայրեր բնավորությամբ բավականին հավասարակշռված են և չեն դժվարանում խնամել մտավոր թերզարզացած երեխային։ Նրանք գտնում են խնամելու այնպիսի միջոցներ, որոնք չեն հոգնեցնում։ Նրանք կարողանում են երեխայի մեջ տեսնել գրավիչ հատկություններ և բավա֊կանություն ստանալ դրանցից։ Նրանք չեն հուսահատվում այն դժվարություններից, որ պատճառում է երեխան և ամբողջ ուշադրությունը չեն կենտրոնացնում միայն նրա վրա։ Ընտանիքի մյուս երեխաները նույն ձևով են ընկալում մոր վերաբերմունքը այդ երեխայի նկատմամբ։ Այն զգացումը, որ ընտանիքում իրեն ընդունում են այնպիսին, ինչպիսին որ կա, մտավոր թերզարգացած երեխայի մեջ ի հայտ է բերում նրա լավագույն հատկությունները և կյանքի լավ ուղեգիր տալիս։
Սակայն մի ուրիշ մայր, որ նույնպես սիրում է իր զավակին, կարող է դառնալ ավելի ու ավելի անհամբեր ու ջղային, խնամելով այդպիսի հատկություններ ունեցող երեխային։ Դա կարող է վատ ազդել նաև դեպի ամուսինը և մյուս երեխաներն ունեցած նրա վերաբերմունքի վրա։ Մտավոր թերզարգացած երեխայի ներկայությունը կարող է ընկճել նաև ընտանիքի մյուս երեխաներին։ Այդպիսի մայրը օգնության ու խորհրդի կարիք ունի, որոնք կօգնեն նրան ավելի համբերատար վերաբերվել երեխային կամ նրա կյանքը կազմակերպել այնպես, որ լավ լինի ընտանիքի բոլոր անդամների համար։
Պատահում է, որ մայրն իր ողջ էությամբ նվիրվում է մտավոր թերզարգացած երեխայի խնամքին և բավականություն զգում այդ նվիրվածությունից ։ Սակայն կողմնակի մարդը պարզ տեսնում է, որ երեխայի նկատմամբ նրա պարտքի զգացումը այնքան ուժեղ է, որ անուշադրության է մատնում ամուսնուն ու մյուս երեխաներին և զրկում իրեն կյանքի բոլոր ուրախություններից ։ Վերջին հաշվով ընտանիքում ստեղծվում է անառողջ մթնոլորտ, իսկ մտավոր թերզարգացած երեխային այդպիսի նվիրվածությունը ոչինչ չի տալիս, բացի վնասից։ Այդպիսի մորը պետք է որևէ մեկը հուշի, որ անհրաժեշտ է ունենալ չափի զգացում և երեխային խնամելուց բացի՝ այլ հետաքրքրություններ։