Մի գավաթ անդորր Գերակտիվություն և ուշադրության դեֆիցիտ ADHD
Չնայած ուշադրության պակասով եւ գերակտիվությամբ տառապող երեխան ցանկանում է լավ սովորել, նրա վարքի եւ ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված դժվարությունները հաճախ խոչընդոտում են դրան: Ուսուցիչները, ծնողները եւ ընկերները գիտեն, որ երեխանիրեն վատ է պահում կամ տարբերվում է մյուսներից, սակայն չեն կարող ստույգ ասել, թե ինչումն է բանը: Կլինիկական հոգեբան ՝ Լինդա Մինասյանի մասնակցությամբ
Ծնողները հաճախ բարկանում են, երբ երեխայի ուսուցիչները բողոքում են, թե երեխան չի լսում ուսուցչին կամ խանգարում է դասը: Այսպիսի վարքի պատճառներից մեկը ուշադրության պակասը եւ գերակտիվությունն է (ADHD):
Չնայած ուշադրության պակասով եւ գերակտիվությամբ տառապող երեխան ցանկանում է լավ սովորել, նրա վարքի եւ ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված դժվարությունները հաճախ խոչընդոտում են դրան: Ուսուցիչները, ծնողները եւ ընկերները գիտեն, որ երեխանիրեն վատ է պահում կամ տարբերվում է մյուսներից, սակայն չեն կարող ստույգ ասել, թե ինչումն է բանը:
Ցանկացած երեխա կարող է անուշադիր, ցրված, իմպուլսիվ կամ գերակտիվ լինել, սակայն ուշադրության պակասով եւ գերակտիվությամբ տառապող երեխաների մոտ այս նշաններն ու վարքագիծը ավելի ուժեղ են արտահայտված եւ ավելի հաճախ են նկատվում, քան նույն տարիքի կամ զարգացման մակարդակի վրա գտնվող այլ երեխաների մոտ: Ուշադրության պակասն ու գերակտիվությունը հանդիպում է դպրոցական հասակի երեխաներից 3-5%-ի մոտ: Ուշադրության պակասն ու գերակտիվությունը պետք է սկսվի մինչեւ 7 տարեկանը եւ կարող է շարունակվել նաեւ չափահաս տարիքում: Ուշադրության պակասն ու գերակտիվությունը փոխանցվում է գեներով, եւ ծնողների մոտ 25%-ը նույնպես ունեն այս խնդիրը:
Ուշադրության պակասով եւ գերակտիվությամբ տառապող երեխան հաճախ ցուցաբերում է հետեւյալ նշանները.
• դժվարանում է ուշադրությունը կենտրոնացնելիս
• անուշադիր է մանրուքների նկատմամբ եւ անուշադրության սխալներ է թույլ տալիս
• հեշտությամբ է շեղվում
• կորցնում է դպրոցական իրերը, մոռանում է հանձնել տնային աշխատանքը
• դժվարանում է ավարտին հասցնել դասարանային եւ դպրոցական աշխատանքները
• դժվարանում է ունկնդրելիս
• դժվարանում է բազմաթիվ հրահանգներ կատարելիս
• կցկտուր պատասխաններ է տալիս
• անհամբեր է լինում
• ջղակծկումներ է ունենում կամ գալարվում է
• թողնում է իր նստարանը եւ վազվզում է այս ու այն կողմ
• միշտ փշերի վրա է
• չափազանց շատ է խոսում եւ չի կարողանում հանգիստ խաղալ
• միջամտում է ուրիշների խոսքին կամ գործերին
Ուշադրության պակասի եւ գերակտիվության նշանների դեպքում երեխային բազմակողմանի հետազոտություն է հարկավոր, քանի որ նա կարող է նաեւ այլ հոգեկան խանգարումներ ունենալ, օրինակ՝ վարքի խանգարումներ, անհանգստություն, կամ դեպրեսիա:
Առանց պատշաճ բուժման կարող են տուժել երեխայի ուսումն ու ընկերական հարաբերությունները: Երեխայի կյանքում անհաջողություններն ավելի շատ են, քան հաջողությունները, այդ իսկ պատճառով ծնողներն ու ուսուցիչները հաճախ քննադատում են նրան՝ չհասկանալով, որ առկա է առողջական խնդիր:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ դեղամիջոցները կարող են օգնել այդ դեպքում: Խթանող դեղամիջոցները, կարող են բարելավել ուշադրությունը, կենտրոնացումը, նպատակաուղղված վարքը եւ կազմակերպչական ունակությունները:
Բուժական միջոցառումները կարող են ներառել նաեւ ճանաչողական-վարքային բուժում, մարդկանց հետ շփվելու ունակությունների վարժեցում, աշխատանք ծնողների հետ եւ երեխայի կրթական ծրագրի վերափոխում: Վարքագծային բուժումը կօգնի երեխային վերահսկել ագրեսիան եւ ձեռք բերել շփվելու ունակություններ: Ճանաչողական բուժումը կնպաստի երեխայի բարձր ինքնագնահատմանը, կսակավեցնի բացասական մտքերը եւ կբարելավի խնդիրներ լուծելու ունակությունները:
Երեխան, որի ուշադրության պակասը եւ գերակտիվությունը ախտորոշվել է եւ որը պատշաճ բուժում է ստացել, կարող է շատ հաջողակ եւ արդյունավետ կյանք ունենալ: Եթե երեխայի մոտ ուշադրության պակասի եւ գերակտիվության նշաներ են նկատվում, ապա ծնողները պետք է խնդրեն իրենց մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին՝ իրենց ուղարկել մանկապատանեկան հոգեբույժի մոտ, որը կարող է ախտորոշել եւ բուժել այս վիճակը:
Խորհուրդներ գերակտիվ երեխաների ծնողներին.
1. Երեխայի հետ Ձեր հարաբերություններում պահպանեք «դրական մոդելը»: Գովե՛ք նրան բոլոր այն դեպքերում, երբ նա դրան արժանացել է՝ ընդգծելով անգամ ամենաչնչին հաջողությունները: Հիշեք, որ գերակտիվ երեխաներն անտեսում են նկատողություններն ու դիտողությունները, սակայն զգայուն են նվազագույն գովասանքի հանդեպ:
2. Մի՛ դիմեք ֆիզիկական պատժին: Երեխայի հետ Ձեր հարաբերությունները պետք է հիմնվեն վստահության, այլ ոչ թե վախի վրա: Նա միշտ պետք է զգա Ձեր օգնությունն ու աջակցությունը: Միասին լուծեք ծագող դժվարությունները:
3. Հաճախ ասեք «այո», խուսափեք «ոչ» և «չի կարելի» բառերից:
4. Նրան հանձնարարեք այն տնային գործերի մի մասը, որոնք անհրաժեշտ է կատարել ամեն օր և ոչ մի դեպքում դրանք իր փոխարեն մի՛ կատարեք:
5. Ինքնահսկողության օրագիր պահեք և երեխայի հետ միասին նշեք դրանում իր հաջողությունները՝ տանն ու դպրոցում: Մոտավոր սյունյակները՝ տնային պարտականությունների կատարում, ուսուցում դպրոցում, տնային աշխատանքների կատարում և այլն:
6. Ներդրեք պարգևատրման բալային կամ նշանային համակարգ. յուրաքանչյուր լավ արարք նշեք աստղիկով, իսկ դրանց որոշակի քանակի համար պարգևատրեք խաղալիքով, քաղցրավենիքով, ճամփորդությամբ կամ նրա համար հաճելի որևէ այլ բանով:
7. Խուսափեք երեխային չափազանցված կամ, հակառակը, նվազեցված պահանջներ ներկայացնելուց: Աշխատեք երեխայի առջև դնել իր ունակություններին համապատասխան խնդիրներ:
8. Երեխայի համար սահմանեք վարքի շրջանակ՝ ինչ է կարելի և ինչ չի կարելի: Ամենաթողությունը միանշանակ ոչ մի օգուտ չի բերի: Չնայած որոշակի թերությունների առկայության` գերակտիվ երեխաները պետք է կարողանան հաղթահարել բոլոր աճող երեխաների համար սովորական հանդիսացող խնդիրները: Այս երեխաները մյուսների հանդեպ կիրառվող պահանջներից հեռու պահվելու կարիք չունեն:
9. Նրան մի՛պարտադրեք կոպիտ կանոններ: Ձեր հրահանգները պետք է ցուցումներ լինեն, այլ ոչ թե հրամաններ: Պահանջեք կատարել այն կանոնները, որոնք վերաբերում են իր անվտանգությանն ու առողջությանը, մնացածի դեպքում այդքան բծախնդիր մի՛ եղեք:
10. Ձեր երեխայի անհնազանդ պահվածքը՝ Ձեր ուշադրությունը գրավելու նրա միջոցն է: Նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացրեք՝ խաղացեք, կարդացեք, սովորեցրեք, թե ինչպես ճիշտ շփվել այլ մարդկանց հետ, ինչպես իրեն պահել հասարակական վայրերում, ինչպես փողոցն անցնել և այլն:
11. Տանը պահպանեք օրվա ստույգ ռեժիմը: Սննդի ընդունումը, խաղերը, զբոսանքները, քնի անցնելը պետք է ամեն օր տեղի ունենան միևնույն ժամին: Պարգևատրեք երեխային կանոններին հետևելու համար:
12. Տանը երեխայի համար պետք է ստեղծել հանգիստ մթնոլորտ: Իդեալական կլիներ նրան առանձին սենյակ տրամադրելը: Այնտեղ պետք է լինի ուշադրությունը շեղող իրերի նվազագույն քանակ: Ընտրեք ոչ վառ գույնի պաստառներ, նախընտրելի է՝ երկնագույն:
13. Եթե երեխայի համար դժվար է սովորելը, ապա նրանից մի պահանջեք բարձր գնահատականներ բոլոր առարկաներից: Բավական է լավ գնահատականներ ունենալ 2-3 առարկաներից:
14. Ստեղծեք աշխատանքի համար համապատասխան պայմաններ: Երեխան պետք է ունենա իր անկյունը, դասերի ժամանակ չպետք է լինի ուշարդությունը շեղող ոչինչ:
15. Հնարավորինս խուսափեք մարդկանց մեծ բազմությունից: Խանութներում, շուկաներում և նման այլ վայրերում գտնվելը երեխայի վրա թողնում է գրգռիչ ազդեցություն:
16. Երեխային զերծ պահեք գերհոգնածությունից, քանի որ դա բերում է ինքնակառավարման անկմանն ու շարժողական աշխուժության աճին: Նրան թույլ մի տվեք երկար ժամանակով նստել հեռուստացույցի առջև:
17. Աշխատեք, որ երեխան միշտ լիարժեք քնի: Քնի պակասը բերում է ուշադրության և ինքնակառավարման վատթարացման: Օրվա վերջում երեխան դառնում է անկառավարելի:
18. Երեխայի մոտ զարգացրեք գիտակցված արգելակումը, սովորեցրեք վերահսկել ինքն իրեն: Նախքան ինչ-որ բան անելը, թող հաշվի 10-ից 1-ը:
19. Հիշե՛ք՝ Ձեր հանգստությունը երեխայի համար լավագույն օրինակն է:
20. Երեխային ավելի շատ հնարավորություն տվեք ծախսելու ավելորդ էներգիան: Օգտակար է ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը մաքուր օդին՝ երկար զբոսանքները, վազքը, սպորտային պարապմունքները:
21. Երեխայի մոտ ինչ-որ զբաղմունքի հանդեպ հետաքրքրություն ձևավորեք: Նրա համար կարևոր է ինչ-որ բնագավառում իրեն կարող և ունակ զգալը: Խնդիրը՝ գտնել այն զբաղմունքները, որոնք «կհաջողվեին» երեխային և կբարձրացնեին նրա ինքնավստահությունը: Սակայն պետք չէ նրան գերծանրաբեռնել այնպիսի զբաղմունքներով, որոնք ազդում են հատկապես հիշողության և ուշադրության վրա: