Մի գավաթ անդորր Ուսուցման խանգարումներ
Դիսգրաֆիան գրի գործընթացի մասնակի խանգարում է, որը դրսևորվում է կայուն կրկնվող սխալներով և պայմանավորված է գրի համար պատասխանատու բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ: Մանկական հոգեբան ՝ Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ
Ուսուցում, անցյալի փորձի արդյունքում ձևավորված անհատական վարքի փոփոխությունն է։ Այդ փորձի ձեռքբերումն ունի ճանաչողական դրդապատճառներ և նպատակներ։
Ուսուցման շնորհիվ մարդու գիտելիքները թարմանում են, ձեռք են բերվում նոր հմտություններ և կարողությունները, ինչը բերում է առավել հարմարվողական վարքի ձևավորմանը։
Հոգեֆիզիոլոգիայի տեսանկյունից ուսուցումը ներառում է դրդապատճառային-հուզական ոլորտը, ուշադրությունը, ինչպես ոչ կամածին, այնպես էլ կամածին, ընկալումը, հիշողությունը, մտածողությունը, գիտակցականի և անգիտակցականի հարաբերակցությունը, հմտությունների ավտոմատացումը ։
Ուսուցման խանգարումները կապված են ուղեղային կառույցների ախտաբանության, զանազան հոգեկան խանգարումների հետ։
Հոգեկան խանգարումների դեպքում ուսուցման խանգարումները դրսևորվում են երկու ձևով. խանգարումները բխում են անհատական ախտաբանական նախադրյալներից և ուսուցման գործընթացը ընթանում է հուզական անհարմարությունների հետ կապված խանգարումների տեսքով, երբ նպատակաուղղված ուսուցման շրջանակներում ցանկալի վարքը, հմտությունները, գիտելիքները յուրացվում են պահանջվող որակին անհամապատասխան։
Դիսլեքսիա, դա կարդալու դժվարությունն է՝ չնայած նրան, որ ինտելեկտի մակարդակն ընկած չէ։ Տարբեր անհատների մոտ տարբեր աստիճանի դժվարություններ են դիտվում։ Խնդիրները կարող են լինել բառերն արտաբերելու, ուղղագրության, արագ կարդալու, գրելու, բարձրաձայն կարդալիս ճիշտ արտաբերելու, կարդացածը հասկանալու դժվարությունների հետ։ Ամենից հաճախ այս խնդիրներն առաջին անգամ նկատվում են դպրոցում։ Դժվարություններն առաջանում են ակամա, կապված չեն սովորելու ունակությունների հետ։ Դիսլեքսիայի պատճառագիտության մեջ կարևորվում են ինչպես գենետիկ գործոնը, այնպես էլ շրջակա միջավայրի ազդեցությունը։ Որոշ դեպքեր ընտանեկան են։ Ավելի հաճախ է հանդիպում ուշադրության պակասի հիպերակտիվ համախտանիշ (ADHD) ունեցող երեխաների մոտ, ինչն ասոցացվում է նաև մաթեմատիկա առարկայից թուլության հետ։ Չափահասների մոտ այս խանգարումը կարող է առաջանալ գանգուղեղային վնասվածքից, գլխուղեղի կաթվածից, դեմենցիայից։ Հիմքում ընկած մեխանիզմն ընդգրկում է խնդիրներ լեզուն վերլուծելու գլխուղեղի ֆունկցիայի հետ։ Ախտորոշումը դրվում է անհատի հիշողությունը, ուղղագրությունը, տեսողական ֆունկցիան, կարդալու հմտություններն ստուգող թեստերի շարքով։ Դիսլեքսիան առանձնացնում ենք կարդալու դժվարություններից, որոնք կապված են թերի ուսուցման կամ տեսողական խնդիրենրի հետ։
Շատ հետազոտողներ դիսլեքսիայի ախտանիշ են համարում կարդալու ժամանակ տեսողական կամ օպտիկական սխալների առկայությունը (օպտիկական դիսլեքսիա):
Որոշ գիտնականներ գտնում են, որ այդ սխալները կարդալու ուսուցման սկզբնական փուլերում կամային ուշադրության փոխակերպման և բաշխման դժվարության արդյունք են, երբ հնչութային գործողությունները երեխայից պահանջում են առավելագույն կենտրոնացում: Մյուսները հակված են այն մտքին, որ տեսողական ֆունկցիայի խանգարումները բնորոշ են հիմնականում մտավոր հետամնաց երեխաներին և դիսլեքսիայի հետ միասին մտնում են նյարդահոգեկան խանգարումների մեջ:
Վերջին ժամանակներս ավելացել է դպրոցական ծրագիրը դժվարությամբ յուրացնող երեխաների թիվը: Դպրոցական դեզադապտացիայի պատճառներից մեկը գրավոր խոսքի խանգարումն է` դիսգրաֆիան, դիսլեքսիան և դիզօրֆոգրաֆիան: Գրելու և կարդալու խանգարումները շատ տարածված են ինչպես հատուկ, այնպես էլ հանրակրթական դպրոցներում սովորողների մեջ և խոչընդոտում են գիտելիքների լիարժեք յուրացմանը: Այդ է պատճառը, որ գրավոր խոսքի խանգարումների շտկման խնդիրները հետաքրքրում են թե′ գիտնականներին, թե′ տարրական դասարանների ուսուցիչներին:
Դիսգրաֆիան գրի գործընթացի մասնակի խանգարում է, որը դրսևորվում է կայուն կրկնվող սխալներով և պայմանավորված է գրի համար պատասխանատու բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ:
Դիսգրաֆիան գրելու պրոցեսի մասնակի յուրահատուկ խանգարում է: Գրավորն իրենից ներկայացնում է խոսքային գործունեության բարդ ձև, բազմամակարդակ պրոցես, որում մասնակից են տարբեր վերլուծիչներ` խոսքալսողական, խոսքաշարժողական, տեսողական, ընդհանուր շարժողական: Գրելու ընթացքում դրանց միջև հաստատվում է սերտ կապ և փոխպայմանավորվածություն: Այս պրոցեսի կառուցվածքը կախված է գրելու հմտությանը, խնդիրներին և բնույթին տիրապետելու փուլից: Գրավորը սերտորեն կապված է բանավոր խոսելու պրոցեսին և իրականանում է միայն դրա զարգացման բավականին բարձր մակարդակի հիմքի վրա:
Ռիսկի խումբը
Ովքեր կարող են ունենալ գրի ու ընթերցանության խանգարումներ
Ձախլիկները,որոնց սովորեցնում են կիրառել ձախի փոխարեն աջ ձեռքը
Խոսքի ընդհանուր թերզարգացումներով երեխաները
Մեկից ավելի լեզուներով հաղորդակցվող ընտանիքների երեխաները
Հնչունա-հնչույթային թերզարգացում ունեցող երեխաները
Երեխաները, ում ծնողները ձգտում են երեխաներին վաղ սովորեցնել կարդալ
Երեխաները, ում նյարդաբանները ախտորոշել են մինիմալ ուղեղային դիսֆունկիցիա, ուշադրության դեֆիցիտի կամ հիպերակտիվության սինդրոմ, հոգեկան զարգացման հապաղում
Խոսքային ախտանիշները
Տառերի գրության աղավաղում
Գրաֆիկորեն մոտ տառերի փոխարինումը միմյանցով
Հնչարտաբերությամբ մոտ հնչյունների փոխարինումը միմյանցով
Բառի հնչունա-տառային կառույցի աղավաղում( տառերի բացթողումներ, ավելացումներ, վանկերի ավելացումներ ու բացթողումներ)
Նախադասության կառույցի աղավաղում( բառերի մասերի առանձին գրում, բառերի միացում իրար)
Ագրամատիզմ
Հայելային գիր ու ընթերցանություն
Ընթերցում են շատ դանդաղ
Չեն հասկանում ընթերցածի իմաստը
Թռիչք են կատարում տողից տող
Խառնում են հոլովական վերջավորությունները
Փորձում են առաջին ընթերցած տառերից գուշակել բառը
Վանկերն առաջ ու հետ են կարդում, ավելացնում կամ բաց են թողնում
Բառը փոխարինում են այլ բառով
Մշտապես փոխարինում են հնչողությամբ մոտ տառերը
Բուժումը սովորաբար ընդգրկում է ուսուցման մեթոդների վերանայում, համապատասխանեցում անհատի պահանջներին։ Չնայած նրան, որ դա չի բարելավում հիմքում ընկած խանգարումը, դժվարությունները կարող են բարելավվել։ Դիսլեքսիան ամենատարածված սովորելու դժվարությունն է, դիտվում է մարդկանց 3-7 տոկոսի մոտ։ Չնայած նրան, որ ավելի հաճախ ախտորոշվում է արական սեռի անհատների մոտ, որոշ մասնագետներ կարծում են, որ իրականում արական և իգական սեռերի մոտ հանդիպում է հավասարաչափ։
Սովորելու դժվարություն ունեցող երեխաներ
Այս տերմինն օգտագօրծվում է առանձնահատուկ դժվարություններ ունեցող երեխաների համար:Սրա պատճառով երեխան կարող է սովորելու դժվարություններ ունենալ կամ անկարող լինել օգտագործել որոշակի հմտություններ`սովորաբար կարդալու, գրելու, լսելու, խոսելու, պատճառաբանելու կամ մաթեմատիկայի ժամանակ: Սովորելու դժվարությունները տարբեր երեխաների մոտ տարբեր են լինում:Մի երեխա կարող է ունենալ կարդալու և գրելու հետ կապված դժվարություններ, մեկ այլ երեխա կարող է դժվարությունների հանդիպել մաթեմատիկան հասկանալու մեջ:Մեկ ուրիշը կարող է դժվարություններ ունենալ վերը նշված բնագավառներում, ինչպես նաև չհասկանալ թե ինչ են խոսում մարդիկ:
Գիտնականները ենթադրում են, որ սովորելու դժվարությունները առաջանում են երեխայի ուղեղի աշխատանքի և ինֆորմացիան յուրացնելու առանձնահատկությունների հետևանքով:Այս երեխաները <ծույլ> կամ <բթամիտ> չեն:Պարզապես ինֆորմացիայի յուրացումը այս երեխաների մոտ տարբեր է մյուսներից:
Սովորելու դժվարությունները չեն <բուժվում>, բայց ճիշտ մոտեցման դեպքում երեխաները կարող են մեծ նվաճումներ ունենալ ուսման մեջ: Սովորելու դժվարություններ չեն համարվում այն պրոբլեմները, որոնց անմիջական պատճառը տեսողության, լսողության, հենաշարժական համակարգի խնդիրն է, մտավոր հետամանացությունը, հուզական խանգարումները, շրջակա կամ տնտեսական վիճակի պատճառով առաջացած դժվարությունները: Սովորելու դժվարություններ ունեցող երեխաների թիվը բավականին մեծ է:
Սովորելու դժվարություն ունեցող երեխան կարող է`
Դժվարություններ ունենալ այբուբենը յուրացնելիս կամ հնչյունները իրենց տառերին համապատասխանեցնելիս, հանգեր կազմելիս:
Շատ սխալներ ցույց տա բարձրաձայն կարդալիս, անընդհատ կրկնի կամ հաճախ ընդմիջումներ անի:
Չհասկանալ կարդացածը
Չկարողանա հեգել բառերը
Սարսափելի ձեռագիր ունենալ, կամ գրիչը տարօրինակ բռնել:
Գրավոր խոսքում միտքը դժվար շարադրել
Լեզու ուշ սովորել և խիստ սահմանափակ բառապաշար ունենալ:
Չհիշել տառերի համապատասխան հնչյունները
Չհասկանալ հումորն ու կատակը
Չհետևել ուսուցչի ցուցումներին
Սխալ արտասանել բառերը կամ դրանց փոխարեն նման հնչողությամբ այլ բառ
օգտագործել:
Միտքը հստակ ձևակերպելիս դժվարանա
Թվերը չիմանալ կամ շփոթել
Հեքիաթը պատմելիս շփոթել դեպքերի հաջորդականությունը
Հանձնարարությունը կատարելիս չիմանա որտեղից սկսել և ինչպես շարուբակել
Սովորելու դժվարությունները սովորաբար ի հայտ են գալիս դպրոցական հասակում, քանի որ այս ժամանակ են երեխաներին սպասվում բազմաթիվ նոր նյութեր ուսումնասիրել և հասկանալ:Շատ կարևոր է , որ ծնողն այս մասին շատ ինֆորմացիա ունենա և երեխային ճիշտ խրախուսի և հիմնվի նրա ուժեղ կողմի վրա: Կարևոր է, որ երեխայի ծնողը, ուսուցիչն ու մասնագետներն ունենան սերտ համագործակցություն, քանի, որ այս գործընթացը պահանջում է հետևողականություն և անընդհատություն: