Հունվար 03, 2017 16:34 Asia/Yerevan

Իսլամական գրեթե բոլոր դավանանքներն այն կարծիքի են, որ իմամի պաշտոնը ստանձնելու և մեծ մարգարեին փոխարինելու անհրաժեշտ պայմաններից մեկն այն է, որ իմամը մեծ մարգարեի նման ժողովրդին առաջնորդելու և ուղղություն ցույց տալու, նաև կրոնը ճիշտ մեկնաբանելու և իշխանությունն ու հասարակությունը կառավարելու համար անհատնում գիտության տեր լինի:

Ճանաչենք իսլամը

 

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի թեման կրկին Իմամաթն է: Եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ զրուցեցինք իմամի մեղքից զերծ լինելու մասին: Այսօր կշարունակենք այդ  մասին մեր զրույցը:

Նախորդ հաղորդման ժամանակ իմամի մեղքից զերծ լինելու կապակցությամբ որոշ կետերի անդրադարձանք: Ասացինք, որ մեղքից զերծ լինելը ներքին կանխարգելիչ ուժ է, որը մարդուն ապահովագրում է մեղք ու նեխածություն առաջացնող ազդակների դիմաց: Հիշեցրինք, որ իմամներն այլ մարդկանց նման բարի կամ չար գործեր կատարելու լիազորություն ունեն, այդուհանդերձ երբևէ չար կամ բարոյազուրկ արարքներ չեն կատարում:

Մաքրությունն ու մեղքից զերծ լինելը իմամաթի պաշտոնն ստանձնելու նախադրյալներից է: Քանի որ հասարակության մեջ իմամի պարտականությունը կրոնի պաշտպանությունն ու վարդապետության պարզաբանումն է: Հետևաբար մտային ու գործնական առումով իմամը չպիտի դույզն չափով շեղվի  կրոնի սկզբունքներից այլապես չի կարող ժողովրդի վստահելին լինել: Նրանց դեպքում մեղքի կամ սխալի հավանականությունը սասանելու է հավատքի հիմքերը և այդ դեպքում նրանք չեն կարող բոլորի համար արժանավոր դաստիարակ լինել: Իրականության մեջ այն ժամանակ կարող է իմամի խոսքն ու դիրքորոշումն ընդունելի լինել ժողովրդի համար և նրան որպես մարգարեին փոխարինող ընդունել, երբ նրա խոսքն ու գործն իսլամի ճշմարտության արտացոլիչը լինեն: Եթե իմամը սայթաքում ունենա ժողովրդին մոլորեցնելու է ու եթե իր ցանկությունների ու կրքերի հետևորդը լինի, ժողովրդի շահերը կարող է զոհել հանուն իր շահերի: Հետևաբար Աստծո մարգարեին փոխարինող և ժողովրդի առաջնորդության պատասխանատվությունը ստանձնած իմամը պիտի մեղքից զերծ լինելու հատկանիշով օժտված լինի: Իմամը կրոնական պատվիրանների պարզաբանման ու դրանց իրագործելու համար պիտի զերծ լինի ցանկացած սայթաքումից ու սխալից, որպեսզի մարդիկ նրան օրինակ ծառայեցնեն և հետևեն նրա գաղափարներին, ճամփին ու գործելաոճին:

Իմամի մյուս հատկություններից գիտությունն է: Ասացինք, որ մարգարեն կրոնի հիմնադիրը, իսկ իմամը դրա պաշտպանն ու պահապանը և կրոնը ճանաչելու համար ժողովրդի գլխավոր աղբյուրն է և երկուսն էլ նշանակվում են Աստծո կողմից: Այն տարբերությամբ, որ մարգարեն ստանում է աստվածային այաները, բայց իմամը այաներ կամ թույլատրելի ու արգելված արարքների մասին Աստծո կողմից հրաման չի ստանում: Իմամը ժառանգորդն է մարգարեին տրված գիտության ու ուսուցումների և լիովին տիրապետում է կրոնի տարբեր մանրամասնություններին: Քանի որ նա մանրամասնորեն տիրապետում է կրոնի պատվիրաններին, մարդկանց համար բացատրում է կրոնի էությունը և տարաձայնությունների ու վեճերի ժամանակ արդար կերպով դատում է մարդկանց :

Իմամաթի հարցի շուրջ ուսումնասիրությունը մեզ հանգեցնում է այն եզրակացության, որ նկատի առնելով բարդ ու դժվար պարտականություններն իմամաթն առանց գիտության ու իմաստնության հնարավոր չէ: Այնտեղ ուր Ղուրանն ու մարգարեից կատարված վկայությունները գործադրական ու հասարակական պատասխանատվությունների ստանձնումը պայմանավորում են գիտությամբ ու իմաստնությամբ և խիստ պախարակում են տգիտությունը, ինչպե՞ս կարելի է կասկածել իմամի գիտության պայմանի վրա և իմամին ընդունել առանց գիտության: Թե՛ տրամաբանական տեսակետից և թե Ղուրանի այաների ընդգծմամբ գիտունի պարագային տգետի իշխանությունն անտրամաբանական է համարվում և դեմ է Աստծո կողմից բոլոր արարածների ընդհանուր առաջնորդման սկզբունքին: Նա ով չի ճանաչում ճանապարհը և իրեն մոլորված է գտնում անհայտների մեջ չի կարող  մեծ թվով մարդկանց իմամն ու առաջնորդը լինել: Աստված «Յունես» սուրայի 35-րդ այաում ասում է. «Արդյոք պիտի հետևել նրան, ով դեպի Բարին է առաջնորդում, թե նրան, ով ինքն իրեն չի կարող գտնել առանց առաջնորդման»:

 

Անկասկած Աստծո մարգարեի ուսուցումները իմամների գիտության կենսական աղբյուրն են համարվում: Մարգարեն կրոնի վեհ ուսուցումները տրամադրել է իրեն հաջորդող իմամներին և նրանք մարգարեության գիտությունն ու Գաբրիելի միջոցով փոխանցված պատվիրաններն ստանում էին մարգարեից: Այսպիսով կրոնի ուսուցումները ճանաչելու հարցում իմամները մարգարեի հետևորդն ու գիտության ժառանգորդն են եղել: Այս գիտությունն ու իմաստնությունը, որպես մարգարեի թանկարժեք ժառանգությունը մեկ իմամից փոխանցվել է մյուսին: Հետևաբար այն ինչ իմամներն էին ասում ժառանգել էին Աստծո մարգարեից:

Ղուրանն իմամների համար գիտական հեղինակավոր փաստաթուղթ և հիմնական աղբյուր է եղել: Ղուրանը լեցուն է կրոնի գիտելիքներով ու պատվիրաններով: Իհարկե նկատի առնելով այն պարագան, որ գիրքն արտաքին ու ներքին կողմեր ունի, ամեն մարդ ունակ չէ ներթափանցել դրա խորքը: Բայց իմամները տեղյակ են եղել աստվածային այս գրքի գաղտնիքներից: Նրանք ծանոթ են եղել այաների մեկնաբանությանը, դրանց ներկայացման պատճառներին ու նաև Ղուրանի հետ կապված այլ մասնագիտական հարցերին: Նրանք Ղուրանից քաղում էին իսլամի օրենքներն ու պատվիրանները: Այդ պատճառով էլ մարգարեն «Սաղալեյն» հայտնի հադիսում, որին արդեն անդրադարձել ենք Ղուրանին զուգահեռ իր գերդաստանը ներկայացնում է որպես իր երկու ժառանգությունները և ասում է. «Ես երկու թանկարժեք բան եմ ձեզ մոտ ավանդ թողնում, որոնց կառչելով երբևէ չեք մոլորվի. Աստծո գիրքն ու իմ գերդաստանը»:

 

Աստծո մարգարեն ապա շարունակում է, որ այդ երկուսը՝ Ղուրանն ու մարգարեի գերդաստանը մինչև հավիտյան իրարից չեն բաժանվելու: Մարգարեն այս արտահայտությամբ հայտարարեց, որ իր գերդաստանի անդամների խոսքն ու արարքը Ղուրանի ուղղությամբ են ու հաստատեց նրանց ուղղության ճիշտ լինելը և այդպիսով նրանց ներկայացրեց, որպես իրեն հաջորդող շրջանում մուսուլմանների գիտական աղբյուրը: Այս հիման վրա բոլոր մուսուլմանները պարտականություն ունեն կրոնի ուսուցումներին ու ծրագրերին ծանոթանալու համար դիմել մարգարեի գերդաստանի անդամներին:

Այս կապակցությամբ Ալի էմիրապետն իմամների գիտական դիրքի մասին ակնարկում է հետաքրքիր կետերի: Նա ասում է. «Մարգարեի գաղտնիքը վստահվել է նրանց և ով նրանց ապավինի  Աստծո ճամփին հետևած կլինի: Նրանք մարգարեի գիտության գանձարանն են և ներկայացնում են նրա կրոնի պատվիրանները: Ղուրանն ու մարգարեի ավանդույթը նրանց մոտ ավանդ են դրված, սլացիկ լեռան նման պաշտպանում են կրոնը և իսլամը նրանց է ապավինում ու կանգուն մնում»:

Մյուս կետն այն է, որ մարդու երջանկության ու նրա կատարելագործման համար անհրաժեշտ բոլոր գիտությունների պարագային իմամն ամենից ավելի շատ տեղեկություն ունի և սա նրա գիտական առանձնահատկությունն է համարվում: Ուրեմն եթե որևէ մեկի գիտություն կրոնի որոշ պատվիրանների ու օրենքների մասին թերի լինի չի կարող իմամի պաշտոնն ստանձնելու արժանիք ունենալ: Այս կապակցությամբ Իմամ Սադեղն ասել է. «Իմամները ժառանգում են մարգարեի և բոլոր մարգարեների ու սրբերի գիտությունները և Աստված Երկրի վրա այնպիսի ներկայացուցիչ չի նշանակում, որ երբ նրանից մի բան հարցեն, պատասխանի թե՝ չի իմանում»:

Խաջե Նասիրեդդին Թուսին իմամաթի մասին աշխատության մեջ իմամի գիտության վերաբերյալ գրում է. «Իմամի յուրահատկություններից մեկը կրոնական ու աշխարհիկ գիտություններին տիրապետելն  է, որոնց կարիք ունի իմամի դերակատարության համար, դրանցից են կրոնական պատվիրնները, առաջնորդության, ինչպես նաև ընդդիմադիրներին վանելու քաղաքականություններն ու կարգը, քանի որ եթե դրանց չտիրապետի ժողովրդին առաջնորդելու հզորություն չի ունենա»:

Հետևաբար եթե իմամի տեղեկությունները սահմանափակվեն մարդկանց անհրաժեշտ մի քանի թեմաներով, մարգարեին փոխարինելու և նրա պատգամը փոխանցելու արժանավորությունը չի ունենա: Նման անձը չի կարող աշխարհի մարդկանց մոտ Աստծո ներկայացուցիչը լինել:

Ընդհանուր առմամբ իմամի կապակցությամբ ներկայացված բացատրությամբ կարելի է ասել, որ իմամը բառի իսկական իմաստով կրոնի փորձագետ է: Չափազանց հմուտ մի փորձագետ, որ համակողմանի ու կանոնակարգված տեղեկություններ ունի կրոնի մասին և տեղյակ է դրա բոլոր  նրբություններին: Իմամը մարդկանց երջանկության ու կրոնի շահերի հետ կապված բոլոր հարցերին տիրապետում է: Որևէ ազդակ նրան չի հրաժարեցնում սկզբունքներին հավատարիմ մնալուց և նրա անսահման գիտությունն ակունք է առնում աստվածային գիտությունից ու իմաստնությունից:

Իմամ Ռեզան իմամի գիտական յուրահատկությունների մասին ասում է. «Իմամն իր ժամանակի եզակին է, որի հետ չի կարող չափվել որևէ գիտնական: Աստված հաջողություն է պարգևում մարգարեներին ու իմամներին և գիտության ու իմաստնության գանձարանից նրանց շնորհում է այն՝ ինչը ուրիշներին չի տրվում: Նրա գիտությունը գերազանցում է իր ժամանակի բոլոր մարդկանց գիտությանը: Երբ Աստված մի ծառայի պարտականություն է տալիս վերահասու լինելու մյուս ծառաների խնդիրներին, բացում է նրա սիրտն ու այդտեղ պահ է դնում իմաստնության աղբյուրները: Նրանց ներշնչում է գիտություններ, որպեսզի կարողանան պատասխանեն բոլոր հարցերին ու բարի որևէ աշխատանքում չտատանվեն...Նա զերծ է սխալից ու սայթաքումից և Աստած միայն նրան է դա վստահում, որպեսզի ծառաների մոտ իր ներկայացուցիչը լինի»: