Փետրվար 01, 2017 12:30 Asia/Yerevan

Բնական է, որ երբ դեռահասը տխուր է մեկ կամ երկու օր, և այդ վիճակը ձգվում է, ապա պետք է զգուշանալ: Երեխան կորցնում է հետաքրքրությունը նախկին սիրելի զբաղմունքների հանդեպ: Հաճախ պառկում է, փոխում է հեռուստաալիքները՝ չկենտրոնանալով մեկի վրա:

Միայն չափահասները չէ, որ տառապում են դեպրեսիայով: Երեխաները եւ դեռահասները նույնպես կարող են ունենալ դեպրեսիա, որը, ի դեպ, բուժվող հիվանդություն է: Դեպրեսիան մի հիվանդություն է, որի ժամանակ ընկճվածությունը համառում է եւ խախտում երեխայի կամ դեռահասի գործունեության ընդունակությունը:

Ցանկացած ժամանակահատվածում երեխաների եւ դեռահասների 5%-ը տառապում է դեպրեսիայով: Դեպրեսիայի հավանականությունն աճում է, եթե երեխան լարվածություն է ապրում, ասենք՝ կորստի դեպքում, կամ եթե առկա են ուշադրության, ուսման, հաղորդակցման կամ անհանգստության հետ կապված խանգարումներ: Բացի դրանից, դեպրեսիային ընտանեկան հիմքեր ունեցող խանգարում է:

Դեպրեսիայով տառապող երեխաների եւ դեռահասների վարքագիծը միանգամայն տարբեր է նույն հիվանդությունն ունեցող մեծահասակների վարքագծից: Մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին ուշադիր լինել՝ իրենց երեխաների մոտ դեպրեսիայի նշանները նկատելու համար:

Անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը, եթե Ձեր երեխան.

 

•          հաճախ տխրում է, լացակումած է կամ լաց է լինում

 

•          հուսահաստված է

 

•          քիչ է հետաքրքրվում իր առօրյա գործերով կամ այլեւս հաճույք չի ստանում նախկինում սիրված զբաղմունքից

 

•          անընդհատ ձանձրացած է, կորցրել է եռանդը

 

•          մեկուսացած է իր շրջապատից, վատ է հաղորդակցվում

 

•          ցածր է գնահատում իրեն, ունի մեղքի զգացում

 

•          չափազանց զգայուն է մերժման կամ անհաջողության նկատմամբ

 

•          չափազանց գրգռված է, բարկացկոտ կամ թշնաբար է տրամադրված

 

•          դժվարանում է հարաբերություններ հաստատելիս

 

•          հաճախ է բողոքում ֆիզիկական տկարությունից, գլխացավից, փորացավից եւ այլն

 

•          հաճախ է բացակայում դպրոցից կամ վատ առաջադիմություն ունի

 

•          դժվարությամբ է կենտրոնացնում ուշադրությունը

 

•          հաճախակի փսխում է, փոխում է իր սնվելու կամ քնելու ռեժիմը

 

•          փորձում է տնից փախչել կամ խոսում է այդ մասին

 

•          մտածում է ինքնասպանության մասին, փորձում է ինքնասպանություն գործել

 

 

 

Երեխան, որը հաճախ էր խաղում ընկերների հետ, հիմա կարող է ժամանակի մեծ մասն անցկացնել միայնակ եւ առանց հետաքրքրության: Այն բաները, որոնք նախկինում զվարճալի էին, հիմա քիչ հաճույք են պատճառում: Դեպրեսիայով տառապող երեխաներն ու դեռահասները կարող են ասել, որ կուզենային մահացած լինել, կամ կարող են խոսել ինքնասպանության մասին: Այսպիսի դեպքերում մեծ է ինքնասպանություն գործելու վտանգը: Դեպրեսիայով տառապող դեռահասները կարող են չարաշահել թմրադեղերն ՝ իրենց լավ զգալու նպատակով: Տանը եւ դպրոցում իրենց վատ պահող երեխաներն ու դեռահասներն իրականում կարող են դեպրեսիա ունենալ, սակայն չգիտակցել դա: Քանի որ երեխան միշտ չէ, որ տխուր տեսք ունի, ծնողներն ու ուսուցիչները կարող են չհասկանալ, որ այդպիսի վարքագիծը դեպրեսիայի նշան է: Երբ այսպիսի երեխաներին ուղիղ հարցնում են, նրանք երբեմն պնդում են, որ դժբախտ են կամ տխուր:

Դեպրեսիայով տառապող երեխաներին անհրաժեշտ է վաղ ախտորոշում ու բուժում: Սա իսկապես մի հիվանդություն է, որը մասնագետի օգնություն է պահանջում: Բուժումը կարող է լինել թե՛ անհատական, թե՛ ընտանեկան : Կարող են պահանջվել նաեւ հակադեպրեսանտ դեղամիջոցներ: Օգնություն ստանալու համար ծնողները պետք է խնդրեն իրենց բժշկին ուղարկել նրանց մանկապատանեկան հոգեբույժի մոտ, որը կարող է ախտորոշել եւ բուժել դեպրեսիան երեխաների եւ դեռահասների մոտ:

 

*********************

Ոմանց թվում է, թե դեռահասության տարիքն ու դեպրեսիան անհամատեղելի են: Կարծում են, որ դեպրեսիան հատուկ է միայն հասուն մարդկանց, ովքեր կյանքում ունեն տարբեր դժվարություններ: Իսկ ահա դեռահասի համար խնդիր կարող է լինել միայն դասերը սովորելը, հագուկապը և այլն:

Ցավոք, դեռահասության դեպրեսիան բավական տարածված է, ինչը երբեմն չափազանց ուշ  է նկատվում: Պատճառները բազմազան են, հետևանքները` նույնպես:

Դեպրեսիայի պատճառով ոմանք ուսման մեջ  թերանում են,  ծայրահեղ դեպքում էլ դիմում ինքնասպանության: Կան դեպքեր, երբ ծնողներն ինքնուրույն կարող են դուրս գալ իրավիճակից, սակայն երբեմն պետք է անպայման դիմել մասնագետի: Դեպրեսիայի առաջին փուլում դեռահասի վարքը համարյա թե չի փոխվում: Թույլ տեսակի դեպքում փոփոխություն է նկատվում խոսքի մեջ, փոխվում  է երեխայի երևակայությունը, հաճախակի մղձավանջային երազներ են տեսնում, խոսակցությունն ավելի տխուր է դառնում: Ուշադիր ծնողը շփման ընթացքում փոփոխություն է նկատում երեխայի խոսքում և վարքի մեջ: Դեռահասը դառնում է նյարդային այնպիսի թեմաների մասին խոսելիս, ինչպիսիք են մահը, վախը, հիվանդությունը, անհաջողությունը, դժբախտ պատահարները և այլն: Հայացքները դառնում են  հոռետեսական, սուր դիտողություններ է անում: Երեխան սկսում է կոպտել ծնողներին, ինչը նրա բնավորության մեջ նախկինում չէր նկատվում: Ավելի սուր դեպրեսիայի դեպքում դեռահասները լրիվությամբ կտրվում են շրջապատից. օրերով, անտարբեր առաստաղին նայելով, պառկում են բազմոցին, կորցնում են ախորժակն ու հետաքրքրությունը ամեն ինչի հանդեպ, դադարում են շփվել մարդկանց հետ:

Հաճախ  իրենց ծանր հոգեվիճակը նրանք փորձում են թաքցնել ձևական ժպիտի ներքո: Այս դիմակը  հագնում են, երբ գտնվում են  հատկապես հասակակիցների շրջանում: Բանն այն  է, որ դեռահասները որևէ մեկին թույլ չեն տալիս մտնել իրենց ներաշխարհ: Նրանց հետ շփվելը բավականին դժվար է: Հասկանալն՝ առավել ևս: Եվ քանի որ դեռահասը սիրում է ինքն իրեն իր տարիքից  հասուն ցույց տալը, չի դիմում մեծահասակների օգնությանը: Նա ծնողներին դիմում է ծայրահեղ դեպքերում: Ցավոք, երբեմն այս դեպքում էլ որոշ ծնողներ ուշադրություն չեն դարձնում, համարելով, որ երեխան չափազանցնում է: Արդյունքում երեխան օտարանում է ծնողից, դառնում ավելի ներամփոփ, կոպիտ ու ագրեսիվ: Խուսափելով դեռահասի մոտ դեպրեսիայի խորացումից, ծնողները պետք է ուշադիր հետևեն երեխային, դիտեն նրա վարքը, հատկապես այն ժամերին, երբ նա մենակ է ու վստահ է, որ ոչ ոք չի հետևում իրեն: Մենակության մեջ գտնվող դեպրեսիվ դեռահասի դեմքը տխուր է: Իսկ երբ նկատում է, որ իրեն հետևում են, միանգամից փոխում է դեմքը, ժպտում է: Եթե այսօրինակ վարքը ծնողը հաճախակի է նկատում, ուրեմն զգուշանալու կարիք կա:

Դեռահասության դեպրեսիայի ախտանիշներից են նաև ուշադրության շեղումն ու ցրվածությունը: Դրանք կարելի է նկատել դպրոցական տնային աշխատանքները կատարելիս: Երեխան հաճախակի շեղվում է թեմայից, հիշելու համար մի քանի անգամ նույն հատվածը կարդում, գրքերի կամ տետրերի տեղն է մոռանում: Այս դեպքում էլ նա նյարդայնանում է, ինքն իրեն անընդունակ համարում, մի խոսքով՝ իջնում է ինքնագնահատականը:

Դեռահասության դեպրեսիայի մյուս ախտանշանը տխրությունն է: Բնական է, որ երբ դեռահասը տխուր է մեկ կամ երկու օր, և այդ վիճակը ձգվում է, ապա պետք է զգուշանալ: Երեխան կորցնում է հետաքրքրությունը նախկին սիրելի զբաղմունքների հանդեպ: Հաճախ պառկում է, փոխում է հեռուստաալիքները՝ չկենտրոնանալով մեկի վրա:

Դեպրեսիայի ծայրահեղ փուլում ֆիզիկական ցավ է նկատվում, ինչն այնքան անտանելի է, որ երեխան ձգտում է ամեն ինչ անել՝ ազատվելու համար այդ վիճակից: Տղաները հակասոցիալական վարք են դրսևորում, կարծելով, թե կազատվեն այդ վիճակից: Աղջիկների մոտ էլ կարող է նկատվել նրանց բնավորությանն ու դաստիարակությանը ոչ հարիր վարքագիծ:

Եթե դեպրեսիան ժամանակին չբացահայտվի, ապա այս հիվանդությունը հետագայում լուրջ հետևանքներ կթողնի նրա հիշողության, ուշադրության, մտածողության զարգացման վրա: Հոգեկան գործընթացները զարգանալու փոխարեն լճացվում են` երեխային նետելով թուլամտության գիրկը: Նա չի կարողանում ուրիշների հետ վիճաբանությունների ժամանակ ասված տրամաբանական խոսքերը հասկանալ: Նա հետաքրքրությունն ապագայի հանդեպ կորցնում է: Այլևս չի հավատում մարդկանց, ովքեր փորձում են համոզել, որ իր այդ վիճակը ժամանակավոր է, և ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի: Նա ավելի շատ կենտրոնանում է իր մութ մտքերի վրա ու հավատում դրանց  ՙկանխատեսությանը՚: Այս տարիքի երեխաները ենթարկվում են տարաբնույթ ազդեցությունների: Այս առիթից կարող են օգտվել հասարակության ասոցիալ տարրերը՝ ներքաշելով նրանց անբարո միջավայր: 

Դեպրեսիայի պատճառները տարբեր են, որոնք հիմնականում բերում են նրան, որ երեխան այլևս կյանքի իմաստը չի հասկանում: Պատճառներից են տարաբնույթ հիվանդությունները, գերսթրեսները, հասակակիցների կամ ծնողների հետ հարաբերությունների մեջ լուրջ խնդիրները, անպատասխան սերը, ինքնագնահատականի կտրուկ անկումը և այլն: Եթե գումարվում են նաև ընտանեկան վեճերն ու ընդհարումները, կենցաղում տեղի ունեցող փոփոխությունները, այլ դպրոց կամ դասարան տեղափոխվելը, ապա թույլ նյարդային համակարգ ունեցող դեռահասն այլևս ի վիճակի չի լինում կառավարելու ինքն իրեն:

Այս դեպքում ծնողները կարող են օգնել երեխային՝ ցույց տալով նրա հանդեպ ունեցած իրենց  անսահման սերը. երեխան պետք է գիտակցի, որ իր կողմից թույլ տրված սխալներն ու թերացումները չեն կարող թուլացնել ծնողի սերն ու հարգանքն իր հանդեպ: Պետք է  ավելի շատ շփվել դեռահասի հետ` ծնողի հանդեպ վստահության աստիճանը բարձրացնելու համար: Բայց չպետք է մոռանալ, որ դա ընդամենը շփում է, այլ ոչ՝ բարոյախրատական դաս: Պետք է պատրաստ լինել ընդունելու և հասկանալու երեխայի կարծիքը, եթե անգամ դա ծնողի կարծիքին չի համապատասխանում: Պետք է խրախուսել ու մխիթարել երեխային: Սովորաբար ընտանիքում տեղի ունեցող ընդհարումների ժամանակ երեխան ինքն իրեն է մեղավոր համարում, անհրաժեշտ է նրան հասկացնել, որ դա իրականության հետ որևէ կապ չունի:

Դեռահասության տարիքում դեպրեսիայի առաջացման կարևոր պատճառներից է նաև պատանու հոգեֆիզիոլոգիական փոփոխությունը: Նա դեռ երեխա է, բայց, միևնույն ժամանակ, հասունություն է ապրում: Այս հանգամանքը, ինչպես նաև մեծահասակների ոչ համարժեք վերաբերմունքն իրենց հասունացման հետ կապված, առաջացնում   են ներհոգեկան կոնֆլիկտներ: Երեխան շատ դժվար է անցնում այս փուլը, ինչն էլ երբեմն դեպրեսիայի առաջացման պատճառ է դառնում: Ծնողները պետք է հասկանան, որ այս շրջանում երեխան հետաքրքրվում է կյանքի տարբեր ոլորտներով: Եթե ծնողը երեխայի հետ չի շփվում, չի բացատրում խրթին հարցերը, ապա երեխան ստիպված է լինում դրանց մասին տեղեկանալ ոչ  ցանկալի  աղբյուրներից: Իսկ ծնողների սերն ու ուշադրությունը կարող են շատ արագ ոտքի կանգնեցնել դեպրեսիայի ճիրանների մեջ հայտնված դեռահասին: