Ճանաչենք իսլամը (123)
Ողջույն թանկագին բարեկամներ: Այս թողարկման ընթացքում կշարունակենք Իմամաթ թեմայի քննարկումը: Եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Ղադիրի դեպքին և իսլամի մարգարեի կողմից Ալիի Իմամ լինելու մասին հայտարարությանը: Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշատակել մի քանի կետեր, որոնց կանդրադառնանք այս թողարկման ընթացքում:
Ինչպես ասացինք Աստծո հրամանի համաձայն մարգարեն պարտականություն է ստանում կարևոր ուղերձ փոխանցել ժողովրդին: Ղուրանն այդ կապակցությամբ ասում է. «Ով մարգարե, ժողովրդին փոխանցիր այն ինչ քեզ տրվել է Արարչի կողմից ու եթե դա չկատարես քո առաքելությունն ավարտին հասցրած չես լինի և Աստված քեզ կպաշտպանի մարդկանց չարիքից: Աստված չի առաջնորդում հավատուրացների խմբին»:
Այս այան հայտնվելուց հետո իսլամի մարգարեն Հաջի ուխտագնացությունից վերադարձի ճանապարհին հիջրեթի 10-րդ տարվա զիհաջա ամսվա 18-ին, Ղադիր Խոմ կոչվող վայրում Ալիին իրենից հետո ներկայացնում է, որպես մուսուլմանների առաջնորդն ու պատասխանատուն: Ղադիր Խոմի դեպքն ու մարգարեի կարևոր առաքելությունը, որ այդ օրը հաջողությամբ իրագործվեց իսլամի պատմության մեջ ծավալվող ալիք առաջացրեցին ու բացի նրանցից ովքեր պատված են մնում որոշ նախապաշարումներով, մնացյալ արդար պատմագիրները չեն կարողացել անտեսել կամ մերժել այս պատմական դեպքը:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Ղադիրի դեպքն ու Ալիի որպես մարգարեի տեղակալ նշանակվելը վկայվել է սուննի ավելի քան 350 գիտունների ու մոհադեսների միջոցով և դրան վերաբերող փաստերը հղում են կատարում մարգարեի 110 աջակիցներին, որոնք ներկա են եղել Ղադիր Խոմում: Իհարկե բազմաթիվ գիտնականներ ու բանասերներ իրենց աշխատություններում ու հոդածներում նկարագրել են այս դեպքը: Այսպիսով այս դեպքի մանրամասնությունների և մարգարեի կողմից նման ուղերձ հղվելու մասն որևէ կասկած գոյություն չունի: Տարաձայնությունները վերաբերում են փոխանցված ուղերձի մեկնաբանությանն ու վերլուծությանը: Այս տարաձայնությունը ծագում է այնտեղից, որ ոմանք հավակնում են Ղադիր դեպքի ժամանակ Ալիին ներկայացնելով մարգարեն փորձել է ընդգծել իր բարեկամությունը: Հարց է ծագում, թե արդյոք մարգարեի նպատակը իրապես դա է եղել, թե նա նպատակ է ունեցել Ալիին մուսուլմանների առաջնորդ ու Իմամ նշանակել:
Եթե ուշադրություն դարձնենք մարգարեին հայտնված այային, կնկատենք, որ մարգարեի փոխանցելիք ուղերձն այնքան կարևոր է, որ եթե չփոխանցվի, կնշանակի որ նրա առաքելությունն անկատար է մնացել: Այայից այնպես է հասկացվում, որ կարծես թե մարգարեն ինքն էլ այդ ուղերձը փոխանցելուց մտահոգ է եղել, այդ պատճառով էլ Աստված նրան գոտեպնդում ու ասում է. «Մենք քեզ կպաշտպանենք մարդկանց չարիքից»:
Եթե ոմանք այն համոզման լինեն, որ հարցը վերաբերում է Ալիի ու մարգարեի միջև բարեկամության ու համակրանքի հայտարարությանը և մարգարեն մտահոգ է եղել այդ բարեկամության մասին հայտարարելուց, դա ընդունելի տեսակետ չի կարող լինել: Քանի որ Ալիի հետ բարեկամությունը մյուս հավատացյալների հետ բարեկամության նման կրոնական ծրագիր է, որն իսլամի առաջին օրերից համարվել է իսլամական եղբայրակցության այբուբենը և որևէ մեկը դա հայտարարելու կապակցությամբ մտահոգություն չի ունեցել:
Հետևաբար ավելի կարևոր մի հարց է գոյություն ունեցել, որի հանրային բացահայտումը մտահոգել է մարգարեին: Այդ ժամանակ մարգարեն ժողովրդին նախապատրաստելով կարևոր մի լուր լսելու համար, նախքան Ալիի առաջնորդության մասին հայտարարելն, ասաց. «Արդյոք ես ձեր միջից ամենաարժանավորը չեմ»: Բազմությունը միաձայն դրական է պատասխանում: Մարգարեն այդ հանրաքվեի միջոցով ժողովրդի հաստատումն է ստանում այն մասին, որ ինքը նրանց առաջնորդն է: Անկասկած այս նախադասությունը համադրված է այն այայի հետ, որն ասում է. «Մարգարեն հավատացյալների մեջ ամենաարժանավորն է»:
Նրանից հետո երբ ժողովուրդը հաստատում է մարգարեի առաջնորդությունը, նա անմիջապես հայտարարում է. «Նա՝ ում առաջնորդը ես եմ, Ալին է նրա առաջնորդն է լինելու»: Այս երկու նախադասությունների հաջորդականությունն այն իմաստով է, որ «ձեր հանդեպ ունեցած իմ առաջնորդությունն ունի նաև Ալին ու ինձանից հետո նա է մուսուլմանների առաջնորդն ու պատասխանատուն և իմ տեղակալը»:
Ղադիրի դեպքի վերլուծության ժամանակ հարցի ընկալմանն օգնում է աշխատանքի ոճը: Այսինքն եթե ուշադրություն դարձնենք Ղադիրի դեպքին, մարգարեի արտահայտություններին ու նրա գործնական քայլերին, ճշմարտությունը մեզ համար պարզ կդառնա: Նկատում ենք, որ մարգարեն շուրջ 120 հազար հոգու հասնող բազմությանը միջօրեին պահում է կիզիչ արևի տակ որպեսզի նրանց կարևոր ուղերձ փոխանցի: Նրանց ովքեր առաջ են անցել հրամայում է վերադառնալ ու սպասել, որպեսզի ուշացածները տեղ հասնեն:
Թեև Ալիի բարեկամությունը կարևոր թեմա է, սակայն որևէ անհրաժեշտություն չկա դրա համար, որ մարգարեն Ալիի հետ իր բարեկամությունը պարզաբանելու համար նման մեծ բազմության, նման անակնկալ կերպով ի մի հավաքի անապատում ու նախապատրաստական նման քայլեր ձեռնարկի: Բացի այդ Ալիի հետ բարեկամությունը նորություն չէ և այդ ժամանակահատվածում այս մասին չհայտարարվելը, որևէ թերություն չի առաջացնելու կրոնում: Քանի որ Ղուրանն ավելի վաղ ժողովրդին կոչ էր արել սիրել մարգարեի գերդաստանին. «Ասա նրանց, որ իմ առաքելության դիմաց ես ձեզանից որևէ ակնկալիք չունեմ, բացի իմ գերդաստանի հետ բարեկամությունը»:
Մարգարեն Ղադիր Խոմում ընդարձակ քարոզ կարդալով անդրադառնում է միաստվածության, մարգարեության, մեռելների հարության ու հավատամքային այլ հարցերի: Դրանց հետ ժողովուրդն արդեն ծանոթ էր: Իրականության մեջ մարգարեի քարոզում նորությունն այն է, որ նրանց տեղեկացնում է իր մոտալուտ վախճանի մասին: Մարգարեն այդ լուրը հայտնելուց հետո հայտարարում է Ալիի առաջնորդության ու իր տեղակալը լինելու մասին: Մարգարեի վախճանմանը կատարված ակնարկից անմիջապես հետո Ալիի առաջնորդության մասին հայտարարությունն այն իմաստով է, որ մարգարեն նպատակ է ունեցել լրացնել իր բացակայությամբ հասարակության մեջ առաջանալիք բացը: Այլապես որևէ անհրաժեշտություն չէր նկատվում նրա համար, որ Ալիի բարեկամությունը ներկայացնելու համար նման ընդարձակ ու մանրամասն ծրագիր մշակի: Իր կյանքի վերջին ամիսներին մարգարեի վերցրած այս քայլը դրա համար էր, որ պարզի իրենից հետո ժողովրդի առաջնորդության հարցը: Քանի որ այդ կապակցությամբ ցանկացած թերացում կարող էր թերություն համարվել կրոնի համար և վնասել այն:
Մյուս կետն այն է, որ այս իրադարձությունից ու Ալիի առաջնորդ ընտրվելուց հետո մարգարեն պնդում է, որ ժողովուրդը շնորհավորի Ալիին: Հետևաբար մարգարեի աջակիցների մի մեծ խումբ մարգարեի քարոզն ավարտվելով մոտենում են Ալիին ու շնորհավորում են նրան: Աբուբաքրը, Օմարը, Օսմանը, Թալահեն ու Զոբայրը նրանց շարքին էին, ովքեր մոտենալով շնորհավորեցին Ալիի առաջնորդության կապակցությամբ: Որոշ աջակիցներ արտասանեցին հետևյալ նախադասությունը. «Շնորհավոր լինի քեզ Ալի, այսօր դու իմ և ցանկացած մուսուլման տղամարդու և կնոջ առաջնորդ դարձար»:
Պիտի հարցնել, որ արդյոք առաջնորդությունից բացի Ալին այդ օրը որևէ այլ պաշտոն ստացավ, որը նման շնորհավորանքի արժանի պիտի լիներ: Միթե մինչև այդ օրը Ալին որպես մի մուսուլման, որի բարեկամությունը բոլորի համար անհրաժեշտ էր, բոլորի համար ճանաչված չէր: Արդյոք Ալիին շնորհավորելու համար մարգարեի կատարած ընդգծումը միայն նրան սիրելու պատճառով էր: Դա ի տես այն բանի, որ բարեկամության հայտարարության համար ուխտակցության վերահաստատման, շնորհավորանքի ու նման քայլերի կարիք չէր զգացվում:
Բազմության մեջ գտնվող արաբ հայտնի բանաստեղծ Հեսսան Իբն Սաբեթը մի բանաստեղծության մեջ գրել է. «Մարգարեն նրան ասաց՝ Ով Ալի կանգնիր, իրավամբ ինձանից հետո քեզ եմ Իմամ ու առաջնորդ ճանաչում»: Բանաստեղծի վկայությունը հստակ կերպով պարզաբանում է, որ մարգարեի ուղերձում առաջնորդության մասին արտահայտությունը ընկալվել է, որպես Ալիի առաջնորդ ու Իմամ լինելը: Հետագա դարերի արաբ բանաստեղծների ու գրողների ստեղծագործություններն էլ հստակորեն վկայում են, որ Աստծո մարգարեի խոսքերն ակնարկել են Ալիի առաջնորդությանը:
Հայտնի պատմագիր, գրականագետ ու իսլամական օրենսգետ Իբն Խալքանը զիհաջա ամսի 18-ը հիշատակում է, որպես Ղադիրի տոն: Իրանցի հայտնի գիտնական Աբուռեյհան Բիրունին Ղադիրը դասում է իսլամական տոների շարքը: Իբն Թալահա Շաֆեին գրում է. «Ղադիր Խոմի օրը տոնական օր է ու պատմական հիշատակ, երբ Աստծո մարգարեն բացահայտ կերպով Ալիին իրենից հետո մուսուլմանների Իմամ ու առաջնորդ է ներկայացնում»:
Թարմազին իր «Սոնան» գրքում վկայել է, որ մարգարեն ասաց. «Ալին ինձանից է ու ես նրանից եմ ու Ալիից բացի ուրիշ մեկը չի կարող իմ անունից որևէ գործ կատարել»: Հաքեմ Նեյշաբուրին «Մոսթադրաք»-ում հղում է կատարել մարգարեին ով ասել է. «Ով հետևի Ալիին իրականության մեջ ինձ հետևած կլինի ու ով մերժի Ալիի հրամանը, ինձանից երես թեքած կլինի»:
Հետևաբար եթե նախապաշարումներից հեռու մնալով քննարկվի մարգարեի քարոզը պարզ կդառնա, որ Ղադիր Խոմի օրը մարգարեի արտասանած խոսքերը միայն մեկ իմաստ են պարունակում և դա մարգարեից հետո Ալիի Իմամ ու առաջնորդ լինելու փոխանցումն է:
Վերջում պիտի նշել, որ այս հայտարարությունը կատարվելուց հետո Աստծո կողմից հայտնվում է «Մաեդե» սուրայի 3-րդ այան, որն ասում է. «Այսօր Աստծո կրոնը կատարյալ դարձավ ու ավարտվեցին աստվածային շնորհները»: Այս այայից կարելի է այնպես հասկանալ, որ մարգարեի տեղակալի ընտրությամբ վերջանում են ժողովրդին տրված աստվածային շնորհները: Շիաների ու սուննիների բազմաթիվ հեղինակավոր գրքեր ու վկայություններ ընդգծում են այն կետը, որ այս այան մարգարեին հայտնվել է զիհաջա ամսվա 18-ին՝ նրանից հետո, երբ նա իրենից հետո ժողովրդի առաջնորդության ղեկը վստահեց Հազրաթ Ալիին: