Մի գավաթ անդորր Վախեր և ֆոբիաներ
Ֆոբիան այն խանգարումն է, երբ մարդն ունենում է հիվանդագին վախ, որն իրեն ստիպում է խուսափել հարաբերական անվտանգ օբյեկտներից և երևույթներից: Հաղորդում հոգեբան, հոգեթերապևտ ՝ Արման Բեգոյանի մասնակցությամբ armanbegoyan.com
Գոյություն ունի վախերի բազմաթիվ դասակարգումներ: Ամենաընդհանուր ձևով վախերը կարելի է բաժանել իրավիճակային և անձային վախերի: Իրավիճակային վախը առաջանում է անսովոր, ծայրահեղ վտանգավոր իրադրությունում, օրինակ`բնական աղետ, շան հարձակում, խմբում խուճապի ժամանակ և այլն: Անձային վախերը պայմանավորված են մարդու բնույթով, օրինակ` նրա բարձր կասկածամտությամբ:
Վախը նաև լինում է իրական ու երևակայական, սուր և խրոնիկ: Ռեալ և սուր վախերը պայմանվորված են որոշակի իրադրությամբ, իսկ երևակայակնն ու խրոնիկը` անձի առանձնահատկություններով:
Չնայած որ վախը ինտենսիվ դրսևորվող հույզ է, պետք է տարբերակել դրա սովորական, բնական կամ տարքային և այլ մակարդակները: Սովորաբար վախը կարճատև է, վերանում է տարիքի հետ, չի դիպչում անձի խորքային արժեքների, չի ազդում նրա բնավորության, շրջապատի հետ հարաբերությունների վրա: Բացի այդ ունի նաև պաշտպանական նշանակություն, քանի որ թույլ է տալիս խուսափել վախի օբյեկտի հետ հանդիպումից: Բայց պաթոլոգիկ վախը վկայում է նրա ծայրահեղ, դրամատիկ դրսևորումների մասին, երբ բացակայում է գիտակցության կողմից դրա վերահսկումը, ինչը բերում է սոցիալական դեզադապտացիայի:
Մեկ այլ դասակարգման համաձայն վախերը լինում են իրական ու նևրոտիկ: Իրական վախը հասկանալի է յուրաքանչյուրին, քանի որ հանդիսանում է հակազդեցություն վտանգի ընկալմանը: Դա կարելի է դիտարկել որպես ինքնապահպանման բնազդի դրսևորում, որը բնորոշ է կենդանի էակներին: Նևրոտիկ վախերը կարող են դրսևորվել շուտ և շատ տպավորվող մարդկանց մոտ:
Վախի երկրորդ ձևը կապված է որոշակի իրադրությունների և օբյեկտների հետ: Դրանք վերը նշված ֆոբիաներ են, որոնց տեսակները շատ են: Հոգեմարմնական բժշկության մեջ հայտնի են ֆոբիաների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են ախտորոշման վախը, քաղցկեղով հիվանադլու վախը, վախը սրտի ինֆարկտի նկատմամբ, փակ տարածության վախը և այլն:
Առաջին հայացքից վախը մարդուն միայն բացասական հույզեր է պատճառում, սակայն ինչպես ամեն բան բնության մեջ, վախի հույզը ի սկզբանէ առաջացել է օրգանիզմի պաշտպանության համար: Այն արյան մեջ ադրենալինի արտազատման միջոցով կարող է կենտրոնացնել մարդու ուժերը ճգնաժամային իրավիճակներում: Բացի այդ վախը օգնում է վտանգավոր իրադրությունների լավ մտապահմանը: Սակայն ոչ միշտ են վախեցող իրավիճակները մնում գիտակցության մեջ: Դրանք հոգեբանական պաշտպանության դեպքերն են, երբ վախենալուց իրավիճակը անցնում է անգիտակցական և հուզական հիշողության փոխարեն տեղ է գտնում թվացյալ մոռացումը:
Ֆոբիան այն խանգարումն է, երբ մարդն ունենում է հիվանդագին վախ, որն իրեն ստիպում է խուսափել հարաբերական անվտանգ օբյեկտներից և երևույթներից: Բազմաբնույթ ֆոբիաները բաժանվում են երկու տիպի՝ հասարակ և սոցիալական: Հասարակ ֆոբիաներից է վախը որոշակի առարկաներից (կամ կենդանիներից): Սոցիալական ֆոբիաներին են դասվում որոշակի իրավիճակներում հայտնվելու վախը: Օրինակ, վախն ամբոխից, ուրիշների ներկայությամբ ուտելու վախը, ծիծաղի առարկա դառնալու վախը:
Վախ առաջացնող իրավիճակում հայտնվելու դեպքում մարդը խուճապի է մատնվում: Հետագայում՝ կանխազգալով նմանատիպ իրավիճակի կրկնումը նա ինքնաբերաբար վախ է զգում և խուսափում է դրանից: Վախի նոպաները կարող են ուղեկցվել կողմնորոշման խանգարումով, իրավիճակի և արտաքին աշխարհի անիրական լինելու զգացողությամբ: Հնարավոր են նաև ֆիզիկական զգացողություններ՝ գլխապտույտ, հավասարակշռության կորուստ, ուժեղ սրտխփոց, տեսողության, լսողության, կլման և շնչառության խանգարում: Առավել հազվադեպ նկատվում է՝ սրտխառնոց, որովայնացավ, միզարձակման և կղազատման խնդիրներ, մկանային լարվածություն, դող կամ համրություն:
Ֆոբիկ իրավիճակում վախն անկառավարելի ձևով աճում և ուժեղանում է այնպես, ինչպես երևակայության մեջ ահագնանում է վախը: Մարդն ավելի շատ է կենտրոնանում ֆոբիայով պայմանավորված դիսկոմֆորտի վրա՝ առավել քիչ կենտրոնանալով այն բանի վրա, ինչը կարող էր նրան հանգստացնել: Տպավորություն է ստեղծվում, որ հիմա տեղի կունենա մի ահավոր բան՝ մահ, սրտի կաթված, խելագարություն: Դա էլ հենց ահաբեկված իրավիճակն է: Այն այնքան տանջող է, որ մարդ սկսում է խուսափել ցանկացած իրավիճակից, կերպարից և հիշողությունից, որոնք կարող են առաջացնել ֆոբիա: Ֆոբիայի բուժումը նրանում է, որ պետք է հիվանդին սովորեցնել դիմակայել ֆոբիային և հայտնվել այդ իրավիճակում, նաև համոզել նրան, որ տվյալ իրավիճակը վտանգավոր չէ, ոչ թե ինտելեկտուալ, այլ անձնական փորձի մակարդակով: Անհատական, աստիճանաբար բարդացվող խնդիրների միջոցով հիվանդին փորձում են սովորեցնել ավելի ուժեղ հակազդել իրական հանգստացնող իրավիճակներին, և ավելի թույլ՝ երևակայական վտանգին:
Փաստեր վախերի եւ ֆոբիաների մասին. վտանգի ազդանշանները
Ֆոբիան անկառավարելի վախի դրսեւորում է, որը սրանում է համապատասխան իրավիճակներում, եւ մարդը հիվանդագին վախի զգացողություն է ունենում, որը եւ խանգարում է նրան լիարժեք վայելել կյանքը: Ֆոբիաների աջացման պատճառները մինչեւ վերջ պարզված չեն: Ամենից հաճախ ֆոբիաներ ունեցող մարդիկ ունեն վառ երեւակայություն եւ բարձր հուզականություն:
Անհանգստանալ, վախենալ լուրջ փորձությունից կամ իրական վտանգից լրիվ նորմալ է: Վախը դառնում է ֆոբիա, երբ իրավիճակի, էակի կամ էլ երեւույթի նկատմամբ արձագանքը ակնհայտ չափազանցված է կամ էլ անհիմն է: Ուտիճը բավական տհաճ տեսք ունի, բայց նա չի կարող մեզ վնաս պատճառել: Եթե դուք ինչ-որ մութ կետ տեսնելով կամ էլ երբ ձեզ ակնարկում են այդ միջատի մասին, եւ դուք սկսում եք խուճապի մեջ ընկնել, ապա դուք ակնհայտորեն ֆոբիա ունեք:
Ֆոբիայով տառապում է աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը: Եթե հավատանք վիճակագրությանը, ապա կանայք 4 անգամ ավելի հաճախ են բախվում նման իրավիճակին, քան տղամարդիկ:
Բոլոր վախերը ունեն ռացիոնալ հիմք: Մենք հենց այնպես չենք վախենում բարձրությունից, ինքնաթիռներից եւ օձերից: Արիությունը եւ անվախությունը կարող է ցավալի ավարտ ունենալ. ընկնել պատշգամբից, թունավորում ստանալ կամ էլ առողջությունը վտանգի ենթարկել: Այնպես-որ չարժե ձգտել այն բանին, որ զգաս ինչպես անխոցելի եւ անպարտելի գերհերոս:
Ֆոբիայի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ տրավմատիկ իրադրությունները, որոնք տեղի են ունեցել մանկական կամ էլ ավելի ուշ տարիքում, օրինակ՝ հարձակումը, ավտովթարը, միջատի կծածը կամ էլ մոտ մարդու կորուստը: Շատ ժամանակ երեխաներին է փոխանցվում իրենց ծնողների վախերը: Փոքրիկը տեսնում է, թե ինչպես է մայրը վախից ճչում եւ կրկնօրինակում է նրան:
Վախերի եւ ֆոբիաների տասնյակ տեսակների մեջ կա նաեւ սոցիոֆոբիան (շփումը ուրիշ մարդկանց հետ, հանրային ելույթները), ագորաֆոբիան (բաց տարածություններ, ամբոխ, առեւտրի կենտրոններ), ինչպես նաեւ մթությունից, բարձրությունից, սարդերից, օձերից, շներից, ատամնաբույժներից, ինքնաթիռներից եւ այլն վախենալը:
Հայտնի են նաեւ անսովոր ֆոբիաներ, օրինակ բիբլիոֆոբիան (գրքերից եւ գրադարաններից վախ) կամ էլ արիտմոֆոբիան (թվերից):
Ամենաարդյունավետ պայքարի մեթոդը այդ ֆոբիաների դեմ, դա աստիճանական մխրճումն է այդ վախեցնող իրադրության մեջ, բախվել այդ վախի հետ, ինչպես նաեւ տիրապետումը շնչառական վարժությունների եւ մկանների թուլացման տեխնիկային: Այդ մեթոդները ավելի լավ է օգտագործել համապարփակ ձեւով:
Խուճափի եւ վախի նոպա զգալով՝ մարդը սկսում է շնչել ավելի արագ, որը խախտում է թթվածնի եւ ածխաթթու գազի հավասարակշռությունը արյան մեջ: Հաճախակի եւ մակերեսորեն շնչառությունը բարձրացնում է նյարդային կենտրոնների գրգռվածությունը, առաջացնում է գլխապտույտ եւ թուլություն: Գիտակցաբար դանդաղեցնելով շնչառությունը՝ մենք ձերբազատվում ենք ավելորդ թթվածնից եւ սկսում մեզ ավելի հանգիստ զգալ:
Ֆոբիաների եւ վախերի բուժման վիճակագրությունը հուսադրող է եւ թույլ է տալիս լավ կանխագուշակումներ անել: Սիստեմատիկ պարապմունքների եւ թերապիաների ազդեցությունից դրանք ավելի հեշտ են անհետանում, քան այլ հոգեբանական խնդիրներ: Ֆոբիաների դեպքում անպայման դիմեք մասնագետների եւ աստիճանական մարզումների միջոցով ձերբազատվեք դրանցից: Ձեր համառությամբ դուք կհասնեք ամեն ինչի: Եվս մեկ հուսադրող հանգամանք. լրիվ անվախությունը նույնպես հիվանդություն է: