Մարտ 06, 2017 10:49 Asia/Yerevan

Մուսուլմանների անկումն սկսվեց այն ժամանակ, երբ Ղուրանի ու մարգարեի գերդաստանի միջև տարածություն ընկավ ու ժողովրդի մոտ տարածվեց այն կրոնական մտածողությունն ու հայացքը, թե «Աստծո գիրքը մեզ բավարար է»: Այն որ մարգարեն Ղուրանն ու իր գերդաստանը որպես երկու արժեքավոր ավանդ դրել է իրար կողքի վկայում է այն մասին, որ դրանց երկուսի ընթացքը նույն ուղղությամբ ու նույն նպատակին հասնելու համար է, որոնցից մեկը երկնային օրենքն ու Աստծո խոսքը, իսկ մյուսը՝ դրա մեկնաբանները, գործադրողներն ու պաշտպաններն են:

 «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարում շարունակելով իմամաթի թեման կանդրադառնանք իսլամի մարգարեի գերդաստանի զբաղեցրած դիրքին: Մարգարեի գերդաստանի միջոցով է սկիզբ առել Իմամաթի և մարգարեից հետո առաջնորդության լուսավոր ուղին:

Ինչպես ասացինք, արժեքավոր հեղինակություն՝ Իմամ Ալիի ու մարգարեի հարգարժան դստեր՝ Հազրաթ Ֆաթիմայի ամուսնությամբ պատմության ընթացքում եզակի ու օրինակելի ընտանիք է ձևավորվում: Այս գերդաստանում դաստիարակվել են այնպիսի մեծ մարդիկ, որոնք պատմության ընթացքում կարևոր իրադարձություններ են ծնունդ տվել: Նրանց վարքագիծը հիշեցնում է Աստծո մարգարեի ընթացքը: Քանի որ նրանք ամենամոտիկ անձնավորությունն են եղել մարգարեին ու շարունակ օգտվել են նրա իմաստնության ու գիտության անծայրածիր ծովից:

Մի քանի հաղորդումների ժամանակ անդրադարձանք Իմամ Ալիին: Արժեքավոր մի անձ, որ դարձավ իսլամի մեծ մարգարեի տեղակալն ու ժառանգորդը և Աստված այնպես կարգադրեց, որ իսլամի անաղարտ տնկին ոռոգվի ու գոյատևի Ալիի ու Ֆաթիմայի սերնդի միջոցով: Այդ պատճառով էլ մարգարեն տարբեր առիթներով մեծարել ու դրվատել է այս ընտանիքը:

«Ահզաբ» սուրայի 33-րդ այայում ակնարկ է կատարվում մարգարեի դիրքին: Աստված այս այայի մի բաժում ասում է. «Ահա Աստված ցանկանում է մեղքի գեշությունը հեռացնել ձեզանից ու ձեզ մաքուր ու անաղարտ դարձնել»:

«Թաթհիր» այան

 

Այս այայում անաղարտությունն ու գեշությունը կարող է մտքով, հավատքով, գործով ու բարոյականությամբ մեղավորության մեջ լինել: Հստակ է, որ այս այայում Աստված ոչ թե սովորական ու ընդհանրացած ձևով այլ յուրահատուկ միջոցով ցանկանում է այս գերդաստանը մեղքից անաղարտ դարձնել: Այդ պատճառով էլ այս այան հայտնի է դարձել «Թաթհիր» կամ «Մեղքից մաքրել» անունով: Իհարկե այստեղ «Թաթհիր»-ը մաքուր պահելու իմաստով է, ոչ թե նախկին մեղքերից մաքրելու, քանի որ նրանք միշտ մաքուր են ապրել ու երբևե մեղքով աղտոտված չեն եղել:

Հետևաբար այն ինչ նկատվում է այս այայում վեր է կանգնած սովորական ու ընդհանրացած փառաբանումից: Այս այան իրականության մեջ նկարագրում է մեծարժեք մարդկանց, որոնք հասել են մաքուր, անմեղության ու անաղարտության բարձր աստիճանի:

Հարց է ծագում թե այստեղ մարգարեի գերդաստանից ի՞նչ է հասկացվում: Ոմանք դա սահմանափակել են մարգարեի կանանցով: Նրանք հղում են կատարում այն կետին, որ այս այայից առաջ ու հետո եկած այաներում, այսինքն «Ահզաբ» սուրայի 28-ից 34-րդ այաներն ուղղված են մարգարեի կանանց և նրանց կապակցությամբ կարգադրություններ են կատարվել: Այս այայի սկիզբն էլ ակնարկում է մարգարեի կանանց: Սա պատճառ է դարձել, որ որոշ մեկնաբաններ մարգարեի կանանց դասեն նրա գերդաստանի շարքը: Ուսումնասիրելով «Թաթհիր» այան ու նաև դրանից առաջ ու հետո հայտնված այաները պարզ  է դառնում, որ երբ Ղուրանն ակնարկում է մարգարեի կանանց օգտագործում է հոգնակի իգական դերանուն մինչդեռ «Թաթհիր» այայում դերանունները բոլորն էլ արական ու հոգնակի են: Հետևաբար այայում ուղղության այս փոփոխությունը նպատակ է հետապնդում և դա անտեղի չէ: Սա ինքնին վկայում է այն մասին, որ այան ցանկանում է այլ կետի ակնարկել և դա ուղղված է մարգարեի կանանցից բացի այլ խմբի:

Հետևաբար մարգարեի մեծ ընտանիքը չի կարելի նրա գերդաստանը համարել: Այլ միայն նրանք ովքեր օժտված են անմեղության յուրահատկությամբ մարգարեի գերդաստան են համարվում: Այնպես որ նույն կապակցությամբ մարգարեին վկայակոչելով ասված է. «Ես ու իմ գերդաստանը զերծ ենք մեղքից»:

Մարգարեի գերդաստանը

 

Այստեղ հարց է ծագում, թե այդ այան ինչպես է հայտնվել մարգարեի կանանց վերաբերող այաների միջև և ներկայացնում է մի թեմա, որ մարգարեի կանանց չի առնչվում: Սա նման է նրան, որ խոսքի ընթացքում միջանկյալ մի այլ խոսք է ասվում ու ապա շարունակվում է նախկին թեման: Ղուրանի մեծ մեկնաբան Թաբարսին «Մաջմա-ալ-բայան» մեկնաբանության մեջ գրում է. «Դա առաջին անգամ չէ, որ Ղուրանում հանդիպում ենք այնպիսի այաների, որոնք եկել են իրար կողքի, սակայն տարբեր թեմաներ են ներկայացնում: Ղուրանում դրա օրինակները բազմաթիվ են»: Նա ասում է, որ արաբ գրողների ու հռետորների մոտ սովորություն է եղել սովորական խոսքերի արանքում նոր ու կարևոր խնդիրներ արծարծելը, որպեսզի դրա ազդեցությունն ավելի խիստ լինի:

«Ալ-Միզան» մեկնաբանության հեղինակ Ալամե Թաբաթաբային այն տեսակետն ունի, որ այայի այս բաժինը, որն ակնարկում է մարգարեի գերդաստանի անաղարտությանը, առանձին է հայտնվել, սակայն Ղուրանի այաների հավաքագրման ժամանակ տեղավորվել է մարգարեի կանանց վերաբերող այաների կողքին:

Իհարկե սա այլ պատճառ ևս ունի և դա այն որ Աստված մարգարեի կանանց կատարած տարբեր կարգադրությունների կողքին ցանկանում է նրանց հիշեցնել, որ դուք գտնվում եք մի ընտանիքում, որ որոշ անդամները զերծ են մեղքից: Բնականաբար նա ով նման մի ընտանիքում է հայտնվել առավել զգույշ պիտի լինի արարքների մասին:

Ինչպես ասվեց, այս այայում երբ խոսքը գնում է մարգարեի գերդաստանի մասին, դերանունները փոխվում ու արական հոգնակի են դառնում, որպեսզի պարզ դառնա, որ այայի նպատակը մարգարեի կանայք չեն: Բացի այս շիաների ու սունիների բազմաթիվ վկայություններում ասված է, որ այս այան վերաբերում է Ալիին, Ֆաֆեմեին, նրանց երկու որդիներին՝ Իմամ Հասանին ու Իմամ Հոսեյնին և չի վերաբերում մարգարեի կանանց, թեև նրանք էլ հարգանքի արժանի են:

Այդ վկայություններից մեկը Սաըլբին իր մեկնաբանության մեջ հիշատակել է հղում կատարելով մարգարեի կանանցից՝ Օմ-ե Սալամեին: Մարգարեն իր տանն էր, երբ Ֆաթիման նրա մոտ է բերում մի կտոր: Մարգարեն ասում է՝ կանչիր ամուսնուդ և երկու որդիներիդ՝ Հասանին ու Հոսեյնին: Նրանք ներկայանում ու միասին ճաշում են: Հետո մարգարեն նրանց ուսերին թիկնոց է գցում ու ասում է. «Տեր Աստած, սրանք իմ գերդաստանն են: Նրանց հեռու պահիր գեշությունից ու նրանց անաղարտ դարձրու ամեն տեսակ մեղքից»: Այդ պահին է հայտնվում այս այան: Օմ-ե Սալամեն հարցնում է. «Ով Աստծո մարգարե, արդյոք ես էլ ձեզ հետ եմ»: Մարգարեն ասում է. «Դու բարի ու մաքուր ես, բայց սրանց շարքը չես դասվում»:

«Թաթհիր» այան հայտնվելուց հետո մարգարեն ապացուցելու համար, որ իր գերդաստանը միայն սահմանափակվում է այդ քանիսով, առավոտյան աղոթքի պահին, երբ անցնելիս է լինում Հազրաթ Ֆաթիմայի տան մոտով, բարձրաձայն կանչում է. «Ով գերդաստանի անդամներ, աղոթքի պահն է: Աստված ցանկանում է ձեզ հեռացնել գեշությունից ու ձեզ անաղարտ դարձնել»: Այս հադիսը վկայել են Աբու Սաիդ Խեդրին ու բազմաթիվ այլ վկայողներ:

Մարգարեի գերդաստանը

 

Մարգարեն մի առ ժամանակ, որը ոմանք 6-ից 9 ամիս են հիշատակել, ամեն օր Ֆաթիմայի տան մոտով անցնելիս կրկնում է նույն նախադասությունը, որպեսզի բոլորի համար հստակ դառնա, որ այս այան միայն այս քանիսի համար է հայտնվել ու այդ կապակցությամբ որևէ կասկած չմնա: Հատկապես նրանից հետո երբ մարգարեն հրահանգում է փակվեն դեպի մզկիթ բացվող բոլոր տների դռները, միակ տունը, որի դուռը բացվում էր մարգարեի մզկիթի կողմը Ֆաթիմայի տունն էր: Հետևաբար մզկիթ գնալիս շատերը լսում էին մարգարեի այդ արտահայտությունը:

Մագարեի հայտնի աջակիցներից՝ Աբու Սաիդ Խեդրիից բազմաթիվ վկայություններ գոյություն ունեն, որոնք հաստատում են, որ այս այան միայն հինգ հոգու համար է ուղարկվել: Իսլամի շատ մեծ շիա ու սունի հոգևորականներ այդ այան սահմանափակում են հիշյալ հինգ անձերով: Հաքեմ Հասքանին էլ «Շավահեդ-ալ-թանզիլ» գրքում, որն ի դեպ սունիների հայտնի աղբյուրներից է համարվում, այս այայի մասին ավելի քան 130 տարբեր վկայություններ է ներկայացրել, որոնք բոլորն էլ ընդգծում են, թե այս այան սահմանափակ մարդկանց է վերաբերում:

Ընդհանուր առմամբ կարելի է եզրակացնել, որ վավերական աղբյուրների ու վկայությունների համաձայն «Թաթհիր» այան մասնավոր կերպով վերաբերում է հինգ անձերի, որոնք են Աստծո մեծ մարգարեն, Ալին, Ֆաթիման, Հասանն ու Հոսեյնը: Այս վկայություններն այնքան շատ են, որ դրանց իսկության մասին որևէ կասկած չի մնում:

Այս այայի կապակցությամբ վերջին հիշեցումն այն է, որ դա հստակ կերպով ակնարկում է մարգարեի գերդաստանի անդամների անաղարտությանը: Մարգարեների ու իմամների անաղարտության մասին նախորդ հաղորդումների ժամանակ մանրամասն զրույց ունեցանք: Այստեղ կրկին պիտի ընդգծել, որ անաղարտությունը բարեպաշտության յուրահատուկ մի իրավիճակ է, որ Արարչի օգնությամբ ստեղծվում է մարգարեներ ու իմամների մոտ: Նրանք մեղք գործելու հնարավորություն ու ուժ ունենալով հանդերձ երբևե դա չեն կատարում: Նրանք նման են այն գիտուն բժշկին, որ թունավոր նյութի վտանգներից տեղյակ լինելով հրաժարվում է դա խմելուց: Այս կանխարգելումն իրականության մեջ այն վիճակն է, որը ծավալուն գիտության ու աչալրջության պատճառով բխում է անհատի միջից ու նրան հրաժարեցնում է մեղք գործելուց: Մարգարեի գերդաստանի անդամներն էլ կամք ու ուժ ունեն, սակայն մեղքի վնասաբեր հետևանքների մասին նրանց տեղեկացված լինելը պատճառ է դառնում, որ դրանից հեռու մնան: